Լեսեր Ուրի
Լեսեր Ուրի գերմ.՝ Lesser Ury | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Międzychód, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1931[1][2][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա և Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և genre painter |
Ոճ | Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոց |
Թեմաներ | գեղանկարչություն և գրաֆիկա[5] |
Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[6] |
Lesser Ury Վիքիպահեստում |
Լեսեր Ուրի (գերմ.՝ Lesser Ury, նոյեմբերի 7, 1861[1][2][3][…], Międzychód, Greater Poland Voivodeship, Լեհաստան - հոկտեմբերի 18, 1931[1][2][4][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի նկարիչ։ Գյուղական ու քաղաքային իր բնապատկերներով, նատյուրմորտներով մոտ է իմպրեսիոնիստներին։ Ուշ շրջանում ստեղծել է նաև մոնումենտալ գործեր` աստվածաշնչյան թեմաներով։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1861 թվականին Բիրնբաումում։ 1887 թվականից ապրել է Բեռլինում, 1920 թվականից մինչև իր մահը ստեղծագործել է բեռլինյան Շյոնեբերգ շրջանի Նոլենդորֆպլաց փողոցում գտնվող իր արվեստանոցում։ Մինչև Բեռլինում հաստատվելը Ուրին գեղանկարչություն է սովորել Դյուսելդորֆում և Բրյուսելում, մեծ փորձառություն է ստացել Փարիզում` աշակերտելով Ժյուլ Լեֆևրին, որոշ ժամանակ սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։
Լեսեր Ուրիի սիրած թեմաներն են եղել Բեռլինի փողոցներն ու Բրանդենբուրգի տեսարանները։ Հսկայական Բեռլինի նկատմամբ Ուրին մեծ համակրանք է տածել։ Քաղաքի նկատմամբ սերը իր վառ դրսևորումն է գտել նրա արվեստում։ Ուրին վարպետորեն է տիրապետել թե՛ յուղաներկին և թե՛ գունամատիտներին, ինչը հնարավորություն էր տալիս բնանկարներում արտացոլելու լույսի և օդի նրբերանգները։
Ուրին մենակյաց մարդ է եղել. իր ուղին արվեստում հարթել է միայնակ այն դեպքում, երբ իր ժամանակակիցներ Լիբերմանը, Սլեֆոգտը և Կորինտը իրենց նպատակներին հասնելու համար միավորվել են` ստեղծելով ստեղծագործական միություն։ Ամենայն հավանականությամբ, ակադեմիայի նախագահ, արվեստի ազդեցիկ գործիչ Մաքս Լիբերմանի համար օրեցօր ավելի մեծ հեղինակություն վայելող Ուրին մրցակից է եղել։ Լիբերմանը ամեն կերպ փորձել է խոչընդոտել նկարչի կարիերայի աճը։ Ուրին մասնակցել է Բեռլինի սեցեսիոնի ցուցահանդեսներին միայն այն բանից հետո, երբ Լիբերմանին քարտուղարի պաշտոնում փոխարինել է Լովիս Կորինտը։ 1921 թվականին նկարիչը դարձել է Սեցեսիոնի պատվավոր անդամ։ Այդ տասնամյակում Ուրին շատ է ճանապարհորդել, եղել է Լոնդոնում, Փարիզում և Գերմանիայի մի շարք քաղաքներում։ Ամեն ուղևորությունից հետո նկարիչը բերել է մեծ քանակությամբ նոր աշխատանքներ։
Փարիզի հերթական այցելությունից հետո 1928 թվականին Ուրիի առողջությունը կտրուկ վատանում է։ 1931 թվականին ազգային պատկերասրահն ու Սեցեսիոնը պլանավորել էին մեծ շուքով նշել նկարչի 70-ամյակը։ Սակայն նկարիչը մահանում է այդ կարևոր իրադարձությունից երեք շաբաթ առաջ։
Մեծ տարածում է գտել իրական հիմքից զուրկ այն լեգենդը, թե նկարչի աշխատանքների մի մասը կորել է պատերազմի ժամանակ ազգայնամոլների իշխանության օրոք։ Ուրիի մահից հետո նրա արվեստանոցում հայտնաբերվել են մեծ թվով նկարներ և 30.000 ռեյխսմարկա (Վայմարյան հանրապետության դրամական միավոր)։ Նկարների մեծ մասը վաճառվել է աճուրդում` հայտնվելով մասնավոր հավաքածուներում։ Ուրիի աշխատանքների վերջին ցուցահանդեսը կայացել է 1995 թվականին Կետե Կոլվիցի թանգարանում։ Ուրին թաղված է բեռլինյան Վայսենզե շրջանի հրեական գերեզմանոցում։
Նկարիչների բարեկամության պատմական անեկդոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ Լեսեր Ուրին Լիբերմանի արվեստանոցում քննադատում է նրա աշխատանքներից մեկը։ Ավելի ուշ նա հայտարարում է, որ Լիբերմանի վերջին գործը ավարտին է հասցվել իր շնորհիվ։ «Թող այդպես լինի,— ասել է Լիբերմանը և ավելացրել,— բայց եթե նա պնդի, որ իր նկարներից մեկը ես եմ ավարտել, ես նրան դատի կտամ»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆրիդրիխշտրասե կայարանում, 1888
-
Ունտեր դեն Լինդենը անձրևից հետո, 1888
-
Գիշերային լուսավորություն, 1889
-
Փողոց Լայպցիգում, 1889
-
«Բաուեր» սրճարանում, 1895
-
Երեկոն «Բաուեր» սրճարանում, 1898
-
Կառք նստած կինը, 1920
-
Կամուրջ Լանդվեր ջրանցքում, 1920
-
Բյուլովշտրասե ստորգետնյա անցումը, 1922
-
Ունտեր դեն Լինդեն, 1922
-
Բեռլինյան փողոց անձրևին, 1925
-
Մեծ տիրգարտենի ծառուղին` Հաղթանակի սյունով, 1925
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martin Buber: Lesser Ury. In: Ost und West, 2. Jg. 1901, Heft 2, Februar 1901 (Ditigalisat Արխիվացված 2007-09-28 Wayback Machine)
- A. Donath, Lesser Ury, 1921
- Hermann A. Schlögl, Karl Schwarz, Carl Hermann Ebbinghaus: Lesser Ury. Zauber des Lichts. Ausstellungskatalog, Käthe-Kollwitz-Museum Berlin. Gebr. Mann, Berlin 1995, ISBN 3-7861-1794-2
- Joachim Seyppel: Lesser Ury. Der Maler der alten City. Leben — Kunst — Wirkung. Eine Monographie. Gebr. Mann, Berlin 1987, ISBN 3-7861-1510-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսեր Ուրի» հոդվածին։ |
|