Անանիա Սանահնեցի
Անանիա Սանահնեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1070 |
Մասնագիտություն | մատենագիր և հեռուստամեկնաբան |
Անանիա Սանահնեցի (ծ. թ. անհտ – XI դ. 70-ական թթ.), մատենագիր, մեկնիչ, դավանաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Հաղպատ-Սանահնի միաբանության անդամ, աշակերտել Դիոսկորոս Սանահնեցուն։ Անանիա Սանահնեցու երկերը կարևոր դեր են կատարել հայ աստվածաբան-դավանաբանական մտքի զարգացման և մեկնողական գրականության մեջ։ «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» հակաճառական-դավանաբան. աշխատությունը հեղինակը շարադրել է Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ և ավարտել Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսի օրոք։ Դավանական ամենազանազան խնդիրներին նվիրված այս երկը բաղկացած է 14 ճառից, որոնց խորագրերն արտացոլում են դրանց բովանդակությունը («Սակս անխտիր հաղորդելոյ», «Վասն Մեծի Հինգշաբթին», «Առ ապականացու ասողան է զմարմինն Տեառն», «Վասն պատկերապաշտից», «Վասն բաժանմանն Վրաց» ևն)։ Երկը աստվածաբանականից զատ ունի աղբյուրագիտական նշանակություն։ Արժեքավոր են հատկապես Անանիա Նարեկացու «Հաւատարմատ»-ի, ինչպես նաև եկեղեցու հայրերի զանազան երկերի տարբեր հատվածները, որոնց ամբողջական բնագրերը մեզ չեն հասել։ Պետրոս Ա Գետադարձի պատվերով 1055 թվականին Անանիա Սանահնեցին շարադրել է Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունը («Մեկնութիւն չորքետասան թղթոցն Պօղոսի առաքելոյն»), որտեղ հեղինակն օգտվել է Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց համաբնույթ աշխատություններից։ Մեկնաբանական մյուս երկերը՝ «Մեկնութիւն Մատթէի» և «Մեկնութիւն Աւետարանին Յովհաննու», հեղինակը գրել է Դիոսկորոս Սանահնեցու պատվերով։ Անանիա Սանահնեցու այս երկերը հետագայում իբրև դասագիրք կիրառվել են վանական դըպրոցներում և վարդապետարաններում։ Անանիա Սանահնեցին գրել է նաև ճառագրական և ներբողական գործեր («Յաղագս Յովհաննու Մկըրտչի», «Ի խաչելութիւն Պետրոսի», «Ներբողեան ասացեալ ի սուրբ Կաթողիկէ եկեղեցի»)։ Հեղինակ է նաև տոմարական մի աշխատության, որի մի հատված պահպանվել է Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» դավանաբանական աշխատության մեջ։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 46-47 — 1076 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեր-Մինասյան Երուանդ, Հաղպատ և Սանահին վանքերը (967–1300),- «Արարատ», 1901, էջ 271–277, 338–344։
- Օրմանեան Մ., Ազգապատում, հտ. 1, Կ.Պոլիս, 1912։
- Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հտ. Ա, Երևան, 1959։
- Քյոսեյան Հ., Աստվածաբանական բնագրեր, Ուսումնասիրություններ, 1, Անանիա Սանահնեցի, Ս. Էջմիածին, 2000։
- Conybeare F. C., A Catalogue of the Armenian Manuscripts in the British Museum, L., 1913, p. 339.