Jump to content

Աբովյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբովյան (այլ կիրառումներ)
Աբովյան փողոց
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն1600 մետր
Լայնություն5 մետր
ՍկիզբՀանրապետության հրապարակ (Երևան)
ԱվարտԱբովյան պուրակ
Անվանվել է
ի պատիվ
Խաչատուր Աբովյան, Միխայիլ Աստաֆև և Երևանի բերդ
Աբովյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Աբովյան փողոց (Երևան)
Աբովյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Աբովյան փողոց (Երևան)

Աբովյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում[1]։

Փողոցը կառուցվել է համաձայն 1856 թվականի Վ․ Նազարևի գլխավոր հատակագծի։ Սկիզբ է առել Երևանի բերդի հյուսիսային դարպասներից ու Ղանթարի շուկայի հրապարակից ուղղվել է դեպի հյուսիս-արևելք՝ Նորք տանող ճանապարհի սկիզբ։ Այդ պատճառով ստացել է Կրեպոստնայա (Ամրոցային) անունը[2]։

1869 թվականին ներկայումս Հանրապետության ու Շահումյան հրապարակների միջև ընկած այգուց կամ բուլվարից հյուսիս ընկած տարածքը անվանափոխվել է ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի՝ կոչվելով Աստաֆևսակայա կամ Աստաֆյան։ Հարավային մասը շարունակել է կոչվել Կրեպոստնայա։

1920 թվականի ամռանը Աստաֆյան փողոցն անվանակոչվել է հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անվան, իսկ Կրեպոստնայա փողոցը՝ Խորհրդարանի փողոց։ Այս հատվածը 1921 թվականին կոչվել է Ստեփան Շահումյանի անվան։ Հետագայում նրան է կցվում նաև ներկայիս Գրիգոր Լուսավորիչ փողոցից հարավ՝ դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածը։ 1991 թվականին կրկին ստանում է Խորհրդարանի փողոց անունը[2], որն իր հերթին բաժանվում է երեք մասի․ հյուսիսային մասը Խորենացու փողոցից Հրապարակ կոչվում է Վազգեն Սարգսյանի փողոց, դրանից հարավ մինչև Գրիգոր Լուսավորիչ փողոց հատվածը կոչվում է Բեյրութի փողոց, իսկ դրանից հարավ մասը 2004 թվականին կոչվում է Արգիշտիի փողոց՝ ի պատիվ Էրեբունի ամրոցի հիմնադիր արքայի[3]։

Աստաֆյանը քաղաքի առաջին նախագծած փողոցներից էր։ Ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի՝ Աբովյան փողոցի վերին սահմանը մոտավոր ներկայիս Սայաթ-Նովայի պողոտայից երկարացվել է Շրջանային այգուց այն կողմ՝ դեպի այժմ Աբովյանի պուրակ անունը կրող տարածք, որտեղից սկսվում էին սարի լանջով դեպի Քանաքեռ գյուղ ու դեպի 1837 թվականին Երևանին միացված[4] Նորք թաղամաս տանող ճանապարհները։ Աբովյան փողոցի վերին սահմանը ժողովուրդը սկսել է կոչել Պլանի գլուխ։

Շենքեր և կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբովյան փողոցի տեղադրությունը Երևանի քարտեզի վրա

Փողոցի սկզբնամասի շենքի պատին Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ հարթաքանդակն է փակցված։

1927 թվականին Աբովյան փողոցի միջնամասում կառուցվեց Ստանիսլավսկու անվան թատրոնը, իսկ 1932 թվականին դրա հարևանությամբ Օլիմպիական կոմիտեի շենքը։1928 թվականին Աբովյան փողոցում կառուցվեց Երևան հյուրանոցի շենքը։ Մոտակա տարիներին դրան կից շենքերը քանդվեցին ու հիմնադրվեց ներկայիս Շառլ Ազնավուրի հրապարակը։ Այստեղ 1933 թվականին բացվեց Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ արձանը, որը դեռևս 1913 թվականին Փարիզում պատրաստել էր քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը։

Հրապարակի մի կողմում գտնվում էր քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից մեկը՝ Պողոս-Պետրոս եկեղեցին, իսկ ավելի վերև՝ Սայաթ-Նովա փողոցի անկյունում գտնվում էր Կաթողիկե եկեղեցին, որոնք դասվում էին Հայաստանի նյութական մշակույթի հնագույն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոսը հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ 1931 թվականին քանդված Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում 1937 թվականին կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, իսկ մյուս կողմում մինչ 1950-ականներ կանգուն մնաց Զալխանի մզկիթը, որի հիմքի վրա 1958 թվականին կառուցվեց Հայաստանի նկարիչների միության շենքը։

Փողոցի 27 շենքում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալությունը։ Դիմացը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն է, Ավետիք Իսահակյանի հուշարձանը։ Փողոցի աստղադիտարանի առջև կանգնեցվել է աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը։ Այստեղ հուշաքար է տեղադրված «Ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանում նահատակված հունգարական ռազմագերիների և Հունգարիայում զոհված հայ մարտիկների» (2004 թվականի օգոստոսի 28)։ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, ֆիլհարմոնիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (թիվ 9 շենքը) նույնպես գտնվում են Աբովյան փողոցում։ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, «Երևան» հյուրանոցը, Վլադմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամը, հյուրանոց «Ավիատրանս»-ը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը։ Աբովյան փողոցի շենքերում (հյուրանոցներ) տարբեր ժամանակներում բնակվել և ամրացված են հուշաքարեր՝

1906 թվականին Աբովյան փողոցով է անցել Երևանի ձիաքարշը, որը 1918 թվականին հասել է մինչև կայարան[2]։ 1933 թվականից քաղաքի առաջին տրամվայը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272, էջեր 272 — 272 էջ. — 300 հատ։
  2. 2,0 2,1 2,2 «Крепостная - Астафьевская улицы - Вазгена Саргсяна - Абовяна». iatp.am. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  3. «Մայրաքաղաքի Խորհրդարանի փողոցը վերանվանվել է Արգիշտի արքայի անունով». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  4. Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանի. Երևան: Մուղնի. էջեր 180. ISBN 99941-33-01-2.