Երևանի ձիաքարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի ձիաքարշ
Երևանի ձիաքարշը Աստաֆյան փողոցում
Երևանի ձիաքարշը Աստաֆյան փողոցում
Տեսակտրամվայի համակարգ
Երկիր Հայաստան
ՔաղաքԵրևան

Երևանի ձիաքարշ, կենդանու (հիմնականում՝ ձիու) միջոցով երկաթյա ռելսերով տեղաշարժվող ծածկակառք, որ կապում էր հին Երևանի մի քանի կենտրոնական փողոցները։ Ստեղծվել է 1907 թ. և գործել մինչև 1919 թ., որը դարձավ տրամվայի ու մետրոպոլիտենի նախահայրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև էլեկտրական էներգիայի կիրառումը արևմտյան երկրների մի շարք խոշոր քաղաքներում որպես քաղաքային հասարակական տրանսպորտի միջոց, օգտագործվում էին ձիաքարշը և, օմնիբուսը (հանրակառքը) (լատիներենից թարգմանաբար՝ «բոլորի համար»)։

Ցարական Ռուսաստանի քաղաքներում մինչև ձիաքարշի և օմնիբուսների ի հայտ գալը որպես փոխադրամիջոց օգտագործվում էր մարդատար ձիակառքը։ Սակայն այն ծառայում էր միայն ունևոր խավին։ Մարդատար կառքերը չէին ապահովում զարգացող քաղաքների պահանջները։

1840 թվականին առաջին անգամ Ռուսաստանում միտք հղացավ հիմնել մարդատար տրանսպորտային ընկերություն, որը այդպես էլ մնաց թղթի վրա, և միայն 1859-ին Պետրոգրադում ստեղծվեց հասարակայնության կառքային ընկերությունը, որն առաջարկեց քաղաքի համար ձեռք բերել 150-ից ավելի կառք։ Նման ընկերություն ստեղծվեց նաև Մոսկվայում[1]։

Արևելյան Հայաստանը, մասնավորապես Երևանն ու Ալեքսանդրապոլը, գտնվելով ցարական Ռուսաստանի տիրապետության տան, մնացել էին զարգացման ցածր մակարդակի վրա։

Երևանում ձիաքարշի կառուցումը պայմանավորված էր քաղաքի արդյունաբերական զարգացմամբ և բնակչության աճով։

Մինչև ձիաքարշի կառուցումը Երևանում քաղաքային տրանսպորտի դեր էին տանում բեռնակիրներն ու կառքերը, որոնք երթևեկում էին առանց հստակ երթուղու և բավականին թանկ էին։ Երևանում սայլերի ու կառքերի ընդհանուր թիվը չէր հասնում 100-ի[2]։

20-րդ դարի սկզբին Երևանի քաղաքայի խորհրդի անդամներն սկսեցին քննարկել Երևանում մասսայական փոխադրամիջոցի ստեղծման հարցը։

1895-1901 թվականներին մի շարք ընկերություններ ու անհատներ դիմեցին քաղաքային դումային՝ Երևանում ձիաքարշ կառուցելու առաջարկով։ 1900 թ. փետրվարի 25-ի նիստում քաղաքային վարչությունը քննարկեց այդ հարցը և որոշեց, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքային բյուջեի միջոցներով՝ քաղաքի ջրմուղու և սպանդանոցի խնդիրները լուծելուց հետո։

Այդ քննարկումները շարունակվեցին Երևանի քաղաքային դումայի վարչության՝ 1901 թ. մարտի 4-5-ի, 1902 թ. մարտի 14-15-ի և ապրիլի 8-ի նիստերում՝ ցարական Ռուսաստանի ներքին գործերի նախարարություններից համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով[1]։

Քաղաքային դումայի 1900 թ. մարտի 3-4-ի նիստում վարչությունը վերահաստատում է վերոնշյալ որոշումը։ Սակայն քաղաքային բյուջեն փոքր էր, ուստի դուման ու վարչությունը որոշեցին իրականացնել ջրմուղու կառուցման աշխատանքները, իսկ ձիաքարշի կառուցումը հանձնարարել մեկ անձի՝ կապալային հիմունքներով։ Այդ պայմանագրով նախատեսվում էր, որ կապալառուն պետք է 1.5 տարում ավարտին հասցներ ձիաքարշի ու հարակից կառույցների (տաղավարներ, կամուրջներ և այլն) շինարարությունը։ Ձիաքարշի շահագործումից ստացվող շահույթի 20%-ն ուղղվելու էր քաղաքային բյուջե, իսկ 80%-ը պատկանելու էր կապալառուին[2]։

1901 թ. հոկտեմբերի 4-ին ինժեներ-մեխանիկ Արշակ Բաբայանը քաղաքային վարչությանն է ներկայացնում Երևանում ձիաքարշի երկաթուղի կառուցելու պայմանագրի նախագծեր։

Ցարական Ռուսաստանի ներքին գործերի նախարարի և Երևանի նահանգապետի 1903 թ. ապրիլի 9-ի թիվ 128 գրության համաձայն՝ 1903 թ. մայիսի 2-ին, մի կողմից ինժեներ մեխանիկ Արշակ Բաբայանի, մյուս կողմից՝ Երևանի քաղաքային դումայի վարչության (Ի. Կ. Ադամյան), կնքվեց Երևանի ձիաքարշի կառուցման պայմանագիրը[1]։

Պայմանագրով Արշակ Բաբայանին հանձնարարվեց կառուցել 6 վերստ (6.36 կմ) երկարությամբ ձիաքարշի երթուղին, որը բաղկացած էր լինելու երկու գծամասից.

  1. Ղանթարի շուկայից մինչև երկաթուղու կայարան
  2. Ղանթարի շուկայից դեպի Աստաֆյան փողոցում գտնվող դատարանի շենքը (մինչև ներկայիս մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը)

Պայմանագիրը բաղկացած էր 43 հոդվածից, որում մանրամասն շարադրված էին ձիաքարշի երկաթուղու կառուցման և շահագործման ընթացքը[1]։

Շուտով, սակայն, Արշակ Բաբայանի կնքած պայմանագիրն առանց փոփոխության անցավ ինժեներ Մարիա Միրզոյանին, որի ներկայացուցչի՝ ինժեներ Վասիլի Միրզոյանի ջանքերով էլ ավարտին հասցվեցին Երևանի ձիաքարշի շինարարական աշխատանքները[3]։

Ձիաքարշի կառուցման աշխատանքների առաջին փուլը սկսվել է 1904 թ. հոկտեմբերի 25-ին և ավարտվել 1907 թ. սեպտեմբերի 20-ին։ Երկաթուղու՝ Աստաֆյանի հատվածը բացվել է 1906 թ. դեկտեմբերի 9-ին։ Նույն օրը Երևանի քաղաքային դուման միաձայն համաձայնություն է տվել Երևանում ձիաքարշի երթևեկության բացմանը։ Ձիաքարշի կառուցումն ամբողջությամբ արժեցել է ավելի քան 100.000 ռուբլի[3]։

1907 թ. սեպտեմբերի 17-ին սկսել են աշխատել բոլոր երթուղիները։

Երևանի ձիաքարշը գործել է մինչև 1919 թ., այնուհետև 1933 թ. գործել է էլեկտրական տրամվայ։ Ձիաքարշի չգործելուց հետո առաջարկվել էր էլեկտրական տրամվայ ունենալ, որը կփոխարիներ ձիաքարշին և կաշխատեր երկաթուղային կայարանից մինչև գլխավոր հրապարակն ընկած հատվածում։

Ձիաքարշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիաքարշը երկաթյա ռելսերով ընթացող ծածկված կառք էր՝ 5-6 շարք երկար նստարաններով։ Կառքի մուտքը կողքից էր։ Առջևում նստում էր կառապանը, հետևում՝ տոմսավաճառը։ Ձիաքարշի առջևից ու ետևից կախված էին նավթային լապտերներ ու զանգ, որը հնչում էր կանգառներում։ Ուղևորների առավելագույն թիվը սահմանափակված էր մինչև 28 մարդ, կենդանիների մուտքը արգելված էր[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, 2003 թ.
  2. 2,0 2,1 2,2 Երևանի ձիաքարշը
  3. 3,0 3,1 Քաղաքագրություն. Երևանի ձիաքարշը