Jump to content

Քյոշկ (Հայոց ձորի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քյոշք (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քոշք (այլ կիրառումներ)
Գյուղ
Քյոշկ
թուրքերեն՝ Köşkköy
Քյոկ գյուղը (հեռվում աջից), տեսարան Աղթամար կղզուց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթՆահանգՎանի նահանգ
ԳավառՀայոց ձորի գավառԷդրեմիտ
ՀամայնքԱրտամետ
Այլ անվանումներՔոշկ
Ազգային կազմՄինչև 1915թ.-ի ապրիլը՝ հայեր
1920-ական թթ.-ից հետո՝ քրդեր
Կրոնական կազմՄինչև 1915թ.-ի ապրիլը՝ հայ առաքելական
Ներկայում իսլամ
ՏեղաբնականունՔյոշկեցի (վերաբերում է հայ բնակիչներին)
Քյոշկ (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)##
Քյոշկ (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)

Քյոշկ (նաև՝ Քոշկ, Քյոշք[1], ներկայում պաշտոնապես՝ թուրքերեն՝ Köşkköy, Քյոշքքյոյ, նախկինում՝ թուրքերեն՝ Köşk), նախկին հայաբնակ, ներկայում քրդաբնակ գյուղ պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի արևմուտքում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Էդրեմիտ իլչեում (Արտամետ)՝ Վանա լճից 1 կմ արևելք, Աղթամար կղզու դիմաց[1][2]։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1650-1655 մ բարձրության վրա[2]։

Բնակավայրի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1651 թվականով։

1896 թվականին Համիդյան ջարդերի հետևանքով տուժել է նաև Քյոշկ գյուղը, որի կորուստների մասին առկա են մի շարք տեղեկություններ։ Համաձայն «Հնչակ» թերթի հրապարակման՝ ջարդերի հետևանքով Քյոքում սպանվում է 22 մարդ, իսկ 14-ը նետվում են գետը[2][3]։ Այլ տեղեկությունների համաձայն՝ սպանվում է գյուղի 20 բնակիչ, 14 մարդ բռնի կրոնափոխ լինում, 30 տուն թալանվում[2][4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի հայ ազգաբնակչության շրջանում անցկացված զորահավաքը բացառության կարգով շրջանցել է Քյոշկ գյուղը, քանի որ, ըստ գյուղի բնակիչ Սարգիս Կապուտիկյանի վկայության, բնակավայրը գտնվում էր հայտնի քուրդ կալվածատեր Մհե բեյի վերահսկողության ներքո[5]։ Այնուամենայնիվ, Քյոշկի բնակչությունից որպես պատերազմական տուրք բռնագրավվում են 70 ոչխար, 30 եզ, 20 լիտր յուղ, 10 չափ բլղուր, 40 զույգ ձեռնոց, 30 զույգ չարուխ, 20 զույգ ջվալ[5]։

Քյոշկ գյուղի բնակչության գերակշիռ մասը սպանվում է Հայոց ցեղասպանության շրջանակներում 1915 թվականի ապրիլին իրականացված կոտորածներին[5]։ Սպանվում են նույնիսկ իսլամ ընդունած հայերը։ Մասնավորապես, սպանվում է բռնի իսլամացած գյուղապետ Հովհաննես Մելքոնյանը, Մարտիրոս Հովհաննիսյանը, Թովմաս Հարությունյանը, նրանց ընտանիքի անդամները և այլք[5]։

Արտամետի գավառապետ Հովհաննեսը 1915 թվականի հուլիսի 10-ին Արամ Մանուկյանին հայտնում է, որ հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբ՝ շուրջ 15 օրվա ընթացքում 28 վիրավորից 8-ը մահացել էին[2][6][7]։

Քյոշկի մի շարք բնակիչներ մասնակցություն են ունեցել հայ-ազատագրական կռիվներին։ Այդպիսիններից էին Արմենակ Պետրոսյանը, Պոլկոն, Հովհաննեսը, Վահանը և այլք[2][8]։ Արմենակ Պետրոսյանը եղել է խմբապետ, ով մասնակցել է Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության համար մղված բազմաթիվ կռիվների։ Հայաստանի խորհրդայնացումից հետո տեղափոխվում է Թավրիզ, որտեղից 1923 թվականի ամռանը մեկնում Միջագետք։ 35 տարեկան հասակում հանկարծամահ է եղել գնացքում Բաղդադ-Բասրա ճանապարհորդության ժամանակ[2][8]։

Պատմական հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոշկ գյուղի տարածքում առկա պատմական հուշարձանների մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Գյուղում գործել է քարաշեն Սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որը հիշատակվում է 1651 թվականից[2][9]։ 19-րդ դարի 80-ական թվականներին այն կանգուն էր[2][10]։ Համիդյան ջարդերի ժամանակ՝ 1895-1896 թվականներին, եկեղեցին թալանվում է[2][11]։ Հայոց ցեղասպանության ժամանակ այն հրկիզվում և ավերվում է[2][5]։ Կարճ ժամանակ անց եկեղեցու հետքերն իսպառ անհետանում են[2]։

Գյուղի տարածքում եղել է նաև գերեզմանատուն, որն իր նպատակին է ծառայել մինչև 1915 թվականը։ 1920-ական թվականներից այն պարբերաբար ենթարկվել է գանձախույզների և վանդալների հարձակումների, ինչի հետևանքով հիմնովին ոչնչացվել է։ Գերեզմանոցի տարածքում տապանաքարերով ու խաչքարերով կառուցվել է անասնապահական համալիր, որի պատերին առկա քարերից մի քանիսի վրա դեռևս առկա են հայատառ գրություններ և փորագրված խաչեր[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 19-րդ դարի վիճակագրական տվյալների՝ Քյոշկը եղել է գավառի միջին վիճակագրական ցուցանիշից ավել սակավամարդ բնակավայրերից։ Գյուղը մինչև Հայոց ցեղասպանության հետևանքով 1915 թվականի հայաթափումը եղել է զուտ հայաբնակ[2]։ Հայտնի է, որ ցեղասպանությունից փրկված գյուղի 15 բնակիչ 1916 թվականի օգոստոսին բնակվում էր Արտաշատի և Էջմիածնի գյուղերում[2][5]։

1920-ական թվականներից սկսած գյուղում բնակություն են հաստատել քրդերը[2]։

Ստորև ներկայացված է Քյոշկ գյուղի բնակչության վիճակագրական տվյալները.

Տարեթիվ Տուն Բնակիչ Ազգություն Ծանոթագրություն
1855[2][12] 18 128 հայեր
1873[2][13] 10 հայեր
1883[2][10] 22 հայեր
1895[2][14] 50 հայեր
1909[2][15] 39 220 հայեր Այլ տվյալներով՝ 35 տուն (181 բնակիչ՝ 77 ար., 104 իգ.) հայեր[1][16]
1914[2][17][18][19] 40 232 հայեր
1915 (մինչև Մեծ եղեռն)[2][5] 25 240 հայեր
1916 (հոկտեմբերի 10-ի դրությամբ)[2][20] 40 հայեր 40 բնակչից 27-ը բնիկներ էին, 13-ը Գյավաշ գյուղի բռնագաղթածներ
1916 (հոկտեմբերի 15-ի դրությամբ)[2][21] 36 հայեր 22 տղամարդ (1 անաշխատունակ), 8 կին, 6 երեխա
1990[2] 365 քրդեր
2000[2] 475 քրդեր
2011[2] 515 քրդեր
2012[2] 501 քրդեր

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Հայոց ցեղասպանությունը Քյոշկի բնակիչները զբաղվում էին բնակարանաշինության համար նախատեսված շինանյութ։ Ձմռան ամիսներին, երբ գյուղի մոտ գտնվող եղեգնուտի ջրերը սառում են և վերածվում սառույցի, բնակիչները հավաքում էին մարդու հասակից երկար և բավականին հաստ եղեգները, որոնցից պատրաստում էին տների առաստաղների համար նախատեսված շինանյութ ու վաճառում[2][10]։

Գյուղի հայ ազգաբնակչությունը զբաղվում էր նաև անասնապահությամբ, ցորենի, գարու և այլ մշակաբույսերի աճեցմամբ։ Հայտնի է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը բնակիչներն ունեին 680 խոշոր և մանր եղջերավոր կենդանի, որից 420-ը՝ ոչխար։ Գյուղի տարեկան եկամուտը կազմում էր 950 չափ ցորեն, 540 չափ գարի և այլն[2][5]։

Քրդերից կազմված գյուղի ներկա բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ[2]։

1880 թվականից Քյոշկում սկսել է գործել դպրոց[22]։ Հայտնի է, որ 1883 թվականի ձմռանը դպրոցն ուներ 25-30, իսկ ամռանը՝ 12-14 աշակերտ[22]։ 1903 թվականին կրթօջախում դասավանդում էր 1 ուսուցիչ և սովորում էին 60 աշակերտներ (այդ թվում նաև Խորգոմ գյուղի աշակերտները)[23]։

Դպրոցում դասավանդել է նաև ուսուցիչ, բանասեր, քահանա, քանդակագործ, լուսանկարիչ վանեցի Խաչիկ Գռուզյանը[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 2001թ., էջ 402-403։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 204-207։
  3. «Հնչակ», 10.08.1896թ., N 16, էջ 123, Լօնդօն:
  4. Ա-Դո, «Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները», Երևան, 1912թ., էջ 370
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում, վերապրածների վկայություններ» Երևան, 2012թ., հ. 1, էջ 189-190։
  6. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 242, ց. 1, գ. 23, թ. 19:
  7. Արամ Մանուկյան, «Փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009թ., էջ 252։
  8. 8,0 8,1 Աճէմյան Հ., Յեղափոխական Վասպուրական 1880-1930, «Վասպուրական» ժողովածու, Վենետիկ, 1930թ., էջ 346։
  9. ԺԷԳ, էջ 451։
  10. 10,0 10,1 10,2 Միրախորեան Մ., «Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի», մասն Ա, Կ.Պօլիս, 1884թ., էջ 128
  11. «Արարատ», 1896, Բ, էջ 88:
  12. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  13. Տեվկանց Ե., «Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873)», Երևան, 1991թ., էջ 223։
  14. Աղթամարայ հանգուեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896թ., Ե, էջ 247:
  15. «Հորիզոն», 1913թ., N 12, 17 յունվար, էջ 3:
  16. Ա-Դո, «Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները», Երևան, 1912թ., էջ 47։
  17. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Доны, 1914 г., ст. 93.
  18. Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին», Երևան, , 1917թ., էջ 18։
  19. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228։
  20. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  21. «Աշխատանք», 1917, N 72, 14 յունուար, էջ 3։
  22. 22,0 22,1 Գռուզեան Խ., Վասպուրականի մտաւորական զարթօնքը, «Վասպուրական» ժողովածու, Վենետիկ, 1930 թ., էջ 202։
  23. [«Նոր-Դար», 1903, N 129, էջ 2-3:]
  24. Հուշագրական ժառանգություն, Երևան, 2011թ.: