Կովկասի ճակատամարտ (1942-1943)
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Կովկասի ճակատամարտ (հուլիսի 25, 1942 – հոկտեմբերի 9, 1943), Կովկասի վերահսկողության համար տարվող նացիստական Գերմանիայի, Ռումինիայի և Սլովակիայի զինված ուժերի ճակատամարտը ԽՍՀՄ դեմ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Ճակատամարտը բաժանվում է երկու փուլերի՝ գերմանական զորքերի հարձակումը (1942 թվականի հուլիսի 25 – դեկտեմբերի 31) և խորհրդային զորքերի հակագրոհը (1943 թվականի հունվարի 1 – հոկտեմբերի 9)։
1942 թվականի աշնանը գերմանական զորքերը գրավել են Կուբանի և Հյուսիսային Կովկասի մեծ մասը, սակայն Ստալինգրադի տակ կրած պարտությունից հետո շրջափակման մեջ ընկնելու վտանգի պատճառով ստիպված են եղել ետ նահանջել։
1943 թվականին խորհրդային հրամանատարությանը չհաջողվեց Կուբանի գերմանական զորամասերը ոչ փակել, ոչ էլ որոշիչ պարտության մատնել՝ վերմախտի տանկային զորամասերը (1-ին տանկային բանակը) դուրս են բերվել Կուբանից Ուկրաինա 1943 թվականի հունվարին, իսկ հետևակային (17-րդ բանակը) դուրս է բերվել Թամանյան թերակղզուց Ղրիմ՝ հոկտեմբերին։
1943-1944 թվականները կարաչայները, կալմիկները, չեչենները, ինգուշները և բալկարները մեղադրվեցին կոլլաբորացիոնիզմի մեջ և արտաքսվել Սիբիր և Ղազախստան։
Նախորդող իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանա-ֆաշիստական հրամանատարությունը նախատեսում էր շրջապատել և ջախջախել Հարավային ռազմաճակատի զորքերը Ռոստովից հարավ և հարավարևելյան, գրավել Հյուսիսային Կովկասը, ապա շրջանցել Կովկասյան գլխավոր լեռնաշղթան արևմուտքից (գրավելով Նովոռոսիյսկն ու Տուապսեն) և արևելքից (գրավելով Գրոզնու և Բաքվի նավթային շրջանները), միաժամանակ հաղթահարելով լեռնաշղթան կենտրոնական մասում (լեռնանցքներով)՝ դուրս գալ Անդրկովկաս, անմիջական կապ հաստատել խորհրդային սահմանում տեղաբաշխված թուրք բանակի (26 դիվիզիա) հետ և նախադրյալներ ստեղծել Մերձավոր ու Միջին Արևելք ներխուժելու համար։ հակառակորդն առանձնացրել էր բանակների «Ա» խումբը (167 հազար զինվոր, 1130 տանկ, 4540 հրանոթ և ականանետ, 1000 ինքնաթիռ), որը զգալիորեն գերազանցում էր այդ շրջանում կենտրոնացած խորհրդային զորքերին։ Վերջիններիս խնդիրն էր՝ կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, հյուծել նրան համառ պաշտպանական մարտերում և պայմաններ ստեղծել վճռական հակահարձակման համար։ Հարձակման սկզբում խորհրդային զորքերը հարկադրված նահանջում էին։ հակառակորդին դիմադրում էին Հարավային և Հյուսիսային կովկասյան միացյալ ռազմաճակատների զորքերը (հրամանատար Խորհրդային Միության մարշալ Ս. Բուդյոննին), Սևծովյան նավատորմը (հրամանատար փոխծովակալ Ֆ. Օկտյաբրսկին) և Ազովի ռազմական նավատորմիկը (հրամանատար՝ դերծովակալ Ս. Գորշկովը)։ Անդրկովկասյան ռազմաճակատը (հրամանատար՝ բանակի գեներալ Ի. Տյուլենևը) առաջադրանք ստացավ կազմակերպել պաշտպանությունը Թերեք գետի և Մեծ Կովկասի Ջրբաժանի լեռնաշղթան լեռնանցքների սահմանագծով։ Գերմանական զորքերի արագ առաջխաղացումն ու շրջապատման վտանգը խորհրդային հրամանատարությանը ստիպեցին զորքերը ետ քաշել դեպի Կուբան գետը, ապա Մեծ Կովկասի արևմտյան լեռնանցքներով անցնող սահմանագիծը։ Խորհրդային զորքերին հրաման տրվեց փակել Գրոզնու ուղղությունը։
1942 թ.-ի օգոստոս-դեկտեմբերի ընթացքում բարդ իրադրության մեջ խորհրդային զորքերը ժամանակավորապես թողեցին Հյուսիսային Կովկասի մի շարք շրջաններ։ Նոյեմբերին հակառակորդն անցավ պաշտպանության։ Կովկասի հերոս պաշտպանների դիմադրությունը ձախողեց թշնամու պլանները և մեծ կորուստներ պատճառեց նրան՝ հնարավորություն չտալով 1942 թ.-ի նոյեմբերին այդ ուժերը տեղափոխել Ստալինգրադի շրջանը, որտեղ սկսվել էր խորհրդային զորքերի հակահարձակումը։ Ստալինգրադի ճակատամարտում գերմանական զորքերի ջախջախումը և Հարավային ռազմաճակատի զորքերի ընդհանուր հարձակումը Ռոստովի ուղղությամբ հակառակորդին ստիպեցին հեռացնել իր ուժերը Մոզդոկի շրջանից։ 1943 թ.-ի հունվարի 3-ին Հյուսիսային կովկասյան ռազմաճակատի զորքերը հարձակման անցան և մինչև հունվարի 24-ը ազատագրեցին Մալգոբեկը, Պրոխլադնին, Միներալնիե վոդին, Պյատիգորսկը, Եսենտուկին, Կիսլովոդսկը, Ստավրոպոլը, Արմավիրը։ Ձախողվեցին Կուբան գետի սահմանագծում ամրանալու թշնամու պլանները, և 1943 թ.-ի հունվարի 30-ին ազատագրվեցին Կրոպոտկինը, Տիխորեցկը, փետրվարի 4-ին՝ Նեֆտեգորսկը, Մայկոպը, փետրվարի 12-ին՝ Կրասնոդարը։ Աշնանային հարձակման ընթացքում Հյուսիսային կովկասյան ռազմաճակատի զորքերը, Սևծովյան նավատորմի համագործակցությամբ, ազատագրեցին Նովոռոսիյսկը և Թամանի թերակղզին։ Այդ հաղթանակն ամրապնդեց խորհրդա-գերմանական ճակատի հարավային թևը, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին Ղրիմի ազատագրման համար։
Ազգային զորամասերի շարքում Կովկասի մարտերին ակտիվորեն մասնակցեցին նաև հայկական դիվիզիաները։ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Ս. Զաքյանը, ապա՝ գնդապետ Անդրոնիկ Սարգսյանը, Ա. Վասիլյանը, հետագայում՝ գեներալ-մայոր Ն. Սաֆարյանը) պաշտպանական դիրքեր գրավեց Գրոզնու շրջանում, մասնակցեց Մալգոբեկի պաշտպանությանը, նրա և Հյուսիսային Կովկասի մի շարք այլ բնակավայրերի ազատագրմանը, թշնամու թամանյան խմբավորման վերացմանը։ Դիվիզիան արժանացավ «Թամանյան» անվան, հարյուրավոր մարտիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով, երեքը (Հ. Ավետիսյան, Ջ. Կարախանյան, Ս. Առաքելյան) արժանացան խորհրդային Միության հերոսի կոչման։ 409-րդ հրաձգային դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Ա. Վասիլյան, Վասիլի Գլադկով, Միխայիլ Դոբրովոլսկի) իր մարտական ուղին սկսեց Մոզդոկի շրջանից, մասնակցեց Մոզդոկի, Գեորգիևսկի, Միներալնիե վոդիի, Ստավրոպոլի, Արմավիրի, Կրասնոդարի ազատագրմանը։ Անդրկովկասյան ռազմաճակատի սևծովյան խմբավորման 18-րդ բանակի կազմում գործում էր 408-րդ հայկական հրաձգային դիվիզիան (հրամանատարներ՝ գնդապետ Պ. Կիցուկ, քաղբաժնի պետ՝ Ս. Սարգսյան), որը երթից անմիջապես մտավ մարտի մեջ, նավատորմի առափնյա ուժերի աջակցությամբ պաշտպանեց Գելենջիկն ու նրա շրջակայքը, ապա մասնակցեց Աբինսկայա, Կաբարդինսկայա, Պերվոյե Գրեչեսկոյե, Երիվանսկի, Դոյթղ և մի շարք այլ բնակավայրերի համար մղված ծանր մարտերին։ Դիվիզիան 1942 թ.-ի հոկտեմբերին համառ մարտեր մղեց Տուապսեի շրջանում, որտեղ ծանր կորուստներ կրեց, հատուկ հրամանով վերակազմվեց 7-րդ հրաձգային բրիգադի և մասնակցեց Կովկասի այլ բնակավայրերի համար մարտերին։
Բազմաթիվ հայեր կային նաև Կովկասյան ռազմաճակատում գործող մյուս դիվիզիաների և բրիգադների կազմում։ Հայ ժողովրդի զավակները Կովկասի պաշտպանությանը մասնակցեցին նաև օդային և ծովային նավատորմներում, տանկային, հրետանային, հեծելազորային զորամասերում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակյա կազմակերպություններում։ Նովոռոսիյսկի, Տուապսեի և Սև ծովի կովկասյան մյուս նավահանգիստների պաշտպանությունը կազմակերպեց և ղեկավարեց ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը։ Հատուկ առաջադրանքով Կովկասի համար մղված մարտերին մասնակցել է նաև գրոհող օդաչու Նելսոն Ստեփանյանը։ Սևծովյան առափնյա պաշտպանության գծում աչքի ընկան ավագ Հ. Գասպարյանը, ծովային գումարտակի հետախույզ Կ. Նահապետյանը, պահակային կատերի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ. Սահակյանը և շատ ուրիշներ։ Հայ ծովայիններն անմահացան նաև «Սևաստոպոլ» գծանավի մղած մարտերում (Դ. Հակոբյանը, Մ. Պետրոսյանը, Մեզրիկյանը, Մանուկյանը, Սիմոնյանը, Խաչատրյանը, Եղիազարյանը, Առաքելյանը և ուրիշներ)։ Նովոռոսիյսկի դեսանտային գործողություններում, Մաչայա զեմլյայի պաշտպանության ժամանակ (տևեց 225 օր) մայոր Ց. Կունիկովի առաջին դեսանտայինների խմբում աչքի ընկան գումարտակի հրամանատար Դ. Շահբազովը, ջոկի հրամանատար Վ. Վարդանովը, հեռախոսավարուհի Վալենտինա Լիվյանը։ Մալայա զեմլյայի մարտերին մասնակցեց նաև Հայաստանում կազմավորված 111-րդ հրաձգային բրիգադը, որի անձնակազմի մի զգալի մասը հայեր էին։ Նովոռոսիյսկի դեսանտային գործողություններին մասնակցեց 318-րդ հրաձգային դիվիզիան, որի գնդի հրամանատար Դ. Բուլբուլյանը Նովոռոսիյսկի էլեկտրակայանը գրավելու և գրաված հենակետը պահելու մարտական գործողությունները հմտորեն ղեկավարելու համար արժանացավ Սուվորովի II աստիճանի շքանշանի։ Կովկասի ճակատամարտում օդային մարտերում սխրագործությունների համար կապիտան Ս. Մկրտումյանն արժանացավ ԽՍՀ հերոսի կոչման։ Կովկասում իրենց մարտական մկրտությունն ստացան Ա. Հայրյանը, փոխգնդապետ Վ. Օզանեսովը (հետագայում՝ Խորհրդային Միության հերոսներ)։ Քաջագործություններով աչքի ընկան կապիտան Վ. Վարդանյանը, լեյտենանտ Շ. Պողոսյանը, օդաչուներ Հ. Պողոսյանը, Ա. Օսմանցևան (Օսմանյան)։ Քաջի մահով ընկան Պ. Իսահակյանը, Ն. Սարգսյանը, Դ. Քացախյանը, Դ. Մարինոսյանը, Հ. Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 632)։ |