Նելսոն Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոն Գևորգի Ստեփանյան
Stepanyan.gif
28 մարտի 1913 - 14 դեկտեմբերի 1944
Ծննդավայր Շուշի,Ղարաբաղ
Մահվան վայր Լեպահա,ԼԽՍՀ
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Զորատեսակ ՌազմածովայինՈւժեր
Ծառայության տարիներ 1941 - 1944
Կոչում ավիացիայի փոխգնդապետ
Զորամաս Բալթյան նավատորմ
Հրամանատարն էր 47-րդ գրոհային ավիագունդ
Մարտեր/պատերազմներ Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան
Պաշտոնաթող զոհվել է
Nelson Stepanyan Վիքիպահեստում

Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (Մարտի 28, 1913 - Դեկտեմբերի 14, 1944) հայ օդաչու: Խորհրդային Միության կրկնակի հերոս: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր:

Մինչև պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում: Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում: Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ: Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում:

1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը: 1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու: 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում:

Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևծովյան նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ՝ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա: 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է Ил-2 կործանիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին: 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից:

Լենինգրադի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը: Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար: Լենինգրադի մատույցներում նա իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր:

Ղրիմի օպերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում "Թեոդոսիական") հրամանատար: Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում: Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին: 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 Ил-2 ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա: Մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը: Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում:

Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա:

Բալթյան ռազմաճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին: 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար:

1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լեպահայի նավահանգստի ռմբակոծմանը: Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից: Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը:

Հերոսի հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լեպահայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը ցավոք ավերվել է ազերիների կողմից: Լեպահայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ:

1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է ԽՍՀՄ կրկնակի հերոսի անունը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց

Փաստա-գեղարվեստական գրքեր Նելսոն Ստեփանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Իսակով, ՍՍՌՄ ռազմածովային նավատորմը Հայրենական պատերազմում, Երևան, 1946:
  • Իվան Իսակով, Հայ ծովայինները Հայրենական մեծ պատերազմում, Երևան, 1946:
  • Զ. Պողոսյան, Կապույտ անհունի բազեները, Երևան, 1967:
  • Ն. Վարդանյան, Այրվող հորիզոններ, Երևան, 1969:
  • Զորի Բալայան, Թռիչք, Երևան, 1988:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]