Նվեր Սաֆարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նվեր Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նվեր Սաֆարյան | |
---|---|
հոկտեմբերի 23, 1907 - սեպտեմբերի 28, 1982 (74 տարեկան) | |
Ծննդավայր | Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | 295th Motor Rifle Division? և 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ, Q4329634?, Սևաստոպոլի պաշտպանություն, Կովկասի ճակատամարտ, Battle of Rostov?, Դոնբասի ռազմական գործողություն, Novorossiysk landing operation?, Ղրիմի օպերացիա, Լվով-Սանդոմեժ օպերացիա, Պրահայի օպերացիա և Բեռլինի ճակատամարտ |
Պարգևներ |
Նվեր Գևորգի Սաֆարյան (հոկտեմբերի 23, 1907, Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ 1930 թվականից, ՀՍՍՀ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին) և նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվում է Էջմիածին, որտեղ և հիվանդությունից մահանում է 1919 թվականին։ Մոր մահից հետո Նվերը հայտնվում է Օշականի որբանոցում և 12 տարեկանից սկսած ստիպված էր իր մի կտոր հացը վաստակել սեփական քրտինքով։
Այնուհետ ընդունվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը և ավարտում այն 1927 թվականին, 1940 թվականին՝ Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927 թվականից եղել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, 1933 թվականից՝ վաշտի հրամանատար, 1940 թվականին նշանակվել է Կիևյան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվորնայա քաղաքի շրջանում։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետև մասնակցել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942 թվականի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։
Նվեր Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է հայկական 89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի հետ, որի հրամանատարությունը 1943 թվականի փետրվարի 13-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, 1944 թվականի ապրիլից՝ Կերչի և Սևաստոպոլի, այնուհետև՝ Լեհաստանի ազատագրմանը, 1945 թվականի ապրիլին՝ Ֆրանկֆուրտի, ապա նաև Բեռլինի գրավմանը։ Դիվիզիան հրատարակում էր իր «Կարմիր մարտիկ» հայալեզու թերթը։
Բեռլինի գրավումը դիվիզիան նշել է Ռայխստագի մատույցներում հայկական Քոչարի հաղթական պարով։
1949 թվականին վատառողջության պատճառով զորացրվել է։
Նրա անունով են կոչվում Երևանի թիվ 164 դպրոցը[1] և Երևանի Սաֆարյան փողոցը[2]։ Նվեր Սաֆարյանի անձնական իրերն ու զինվորական արտահագուստը ցուցադրված են ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմապատմական և Հայաստանի պատմության թանգարաններում։ 1975 թվականին նկարահանվել է «Նվեր Սաֆարյան» փաստավավերագրական ֆիլմը[3], որում ներկայացված են նրա անցած ուղին և կյանքի վերջին տարիների դրվագները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոց
Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցը հիմնադրվել է 1973 թ.: Հայրենական մեծ պատերազմի ականավոր զորավարի անունով կոչվել է 2005 թ.: Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում` 2-րդ զանգվածի Վահան Թոթովենցի 7 հասցեում։ - ↑ Սաֆարյան փողոց — am.geoview.info
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 3-րդ զանգվածների միջև։ Սկսվում է Գայի անվան պողոտայից և ունի 390 մ երկարություն։ - ↑ Նվեր Սաֆարյան, փաստավավերագրական ֆիլմ, ԵՓՖՍ, 1975 թ․ Արխիվացված 2014-02-06 Wayback Machine
Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ Նվեր Սաֆարյանի մասին։ Կյանքի վերջին նկարահանումները։ 1975 թ.։ Երևանի Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա, 10 րոպե (274 մ), սև/սպիտակ։ Սցենարի հեղինակ Վ. Բալայան, ռեժիսոր Ս. Փոշոտյան, օպերատոր Բ. Հովսեփյան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՍԱՖԱՐՅԱՆ Նվեր Գևորգի, ՀՍՀ, հատոր 10, Երևան, 1984, էջ 254
- Վ․ Զաքարյան, «Գեներալ Նվեր Սաֆարյան», Երևան, 1978։
- Ա․ Ղազարյան, «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 1, Երևան, 1979։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշատախտակ Նվեր Սաֆարյանի տան պատին
-
Նվեր Սաֆարյանի կիսանդրին նրա անվան Երևանի թիվ 164 դպրոցի բակում
-
89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատարներ Անդրանիկ Սարգսյան և Նվեր Սաֆարյան, 1995 թ․ Հայաստանի նամականիշ
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 1982 մահեր
- Արճեշ քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ