Նվեր Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նվեր Սաֆարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նվեր Գևորգի Սաֆարյան
շրջափակելless
շրջափակելless
Մայիս 15 1905 - Սեպտեմբեր 28 1982
Ծննդավայրք․ Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1927—1949
ԿոչումԽՍՀՄ Գեներալ-մայոր, 1943 թ․
Հրամանատարն էր89-րդ (Թամանյան) դիվիզիայի
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ Համաշխարհային Պատերազմ, Բեռլինի ճակատամարտ
Պաշտոնաթող1949 թ․
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան Կարմիր Դրոշի շքանշան
Կարմիր Դրոշի շքանշան Սուվորովի երկրորդ կարգի շքանաշան Կուտուզովի երկրորդ կարգի շքանաշան Կուտուզովի երկրորդ կարգի շքանաշան
Պատվո նշան

Նվեր Գևորգի Սաֆարյան (հոկտեմբերի 23, 1907(1907-10-23), Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 1982(1982-09-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ 1930 թվականից, ՀՍՍՀ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին) և նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվեր Սաֆարյան, ~1980 թ․

1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվում է Էջմիածին, որտեղ և հիվանդությունից մահանում է 1919 թվականին։ Մոր մահից հետո Նվերը հայտնվում է Օշականի որբանոցում և 12 տարեկանից սկսած ստիպված էր իր մի կտոր հացը վաստակել սեփական քրտինքով։

Այնուհետ ընդունվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը և ավարտում այն 1927 թվականին, 1940 թվականին՝ Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927 թվականից եղել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, 1933 թվականից՝ վաշտի հրամանատար, 1940 թվականին նշանակվել է Կիևյան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվորնայա քաղաքի շրջանում։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետև մասնակցել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942 թվականի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։

Նվեր Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է հայկական 89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի հետ, որի հրամանատարությունը 1943 թվականի փետրվարի 13-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, 1944 թվականի ապրիլից՝ Կերչի և Սևաստոպոլի, այնուհետև՝ Լեհաստանի ազատագրմանը, 1945 թվականի ապրիլին՝ Ֆրանկֆուրտի, ապա նաև Բեռլինի գրավմանը։ Դիվիզիան հրատարակում էր իր «Կարմիր մարտիկ» հայալեզու թերթը։

Բեռլինի գրավումը դիվիզիան նշել է Ռայխստագի մատույցներում հայկական Քոչարի հաղթական պարով։

1949 թվականին վատառողջության պատճառով զորացրվել է։

Նրա անունով են կոչվում Երևանի թիվ 164 դպրոցը[1] և Երևանի Սաֆարյան փողոցը[2]։ Նվեր Սաֆարյանի անձնական իրերն ու զինվորական արտահագուստը ցուցադրված են ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմապատմական և Հայաստանի պատմության թանգարաններում։ 1975 թվականին նկարահանվել է «Նվեր Սաֆարյան» փաստավավերագրական ֆիլմը[3], որում ներկայացված են նրա անցած ուղին և կյանքի վերջին տարիների դրվագները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոց
    Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցը հիմնադրվել է 1973 թ.: Հայրենական մեծ պատերազմի ականավոր զորավարի անունով կոչվել է 2005 թ.: Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում` 2-րդ զանգվածի Վահան Թոթովենցի 7 հասցեում։
  2. Սաֆարյան փողոց — am.geoview.info
    Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 3-րդ զանգվածների միջև։ Սկսվում է Գայի անվան պողոտայից և ունի 390 մ երկարություն։
  3. Նվեր Սաֆարյան, փաստավավերագրական ֆիլմ, ԵՓՖՍ, 1975 թ․ Արխիվացված 2014-02-06 Wayback Machine
    Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ Նվեր Սաֆարյանի մասին։ Կյանքի վերջին նկարահանումները։ 1975 թ.։ Երևանի Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա, 10 րոպե (274 մ), սև/սպիտակ։ Սցենարի հեղինակ Վ. Բալայան, ռեժիսոր Ս. Փոշոտյան, օպերատոր Բ. Հովսեփյան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՍԱՖԱՐՅԱՆ Նվեր Գևորգի, ՀՍՀ, հատոր 10, Երևան, 1984, էջ 254
  2. Վ․ Զաքարյան, «Գեներալ Նվեր Սաֆարյան», Երևան, 1978։
  3. Ա․ Ղազարյան, «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 1, Երևան, 1979։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]