Ղրիմի օպերացիա (1944)

Ղրիմի օպերացիա 1944, սովետական զորքերի (4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, Մերձծովային առանձին բանակ, Սև ծովյան նավատորմ, Ազովի ռազմական նավատորմիկ) հարձակողական գործողությունները 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ապրիլի 8-ից մայիսի 12-ը՝ Ղրիմը գերմանաֆաշիստական զորքերից ազատագրելու նպատակով։ Դեռևս 1943 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին սովետական զորքերը ճեղքեցին Տուրեցկի վալի ամրությունները Պերեկոպի պարանոցում և հենակետեր գրավեցին Սիվաշի հովտի ափին և Կերչի թերակղզում։ Սովետական հրամանատարությունը նախատեսում էր Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ ընդհանուր ուղղությամբ հզոր հարվածներ հասցնել և շրջապատել ու ոչնչացնել թշնամու խմբավորումը՝ թույլ չտալով նրան էվակուացվել Ղրիմից։ Օպերացիային մասնակցում էր 470 հազար մարդ, 5982 հրանոթ ու ականանետ, 559 տանկ և ինքնագնաց հրետանային սարքավորում, 1250 ինքնաթիռ։ Հարձակումը սկսեցին 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը (հրամանատար բանակի գեներալ Ֆ․ Տոլբուխին) ապրիլի 8-ին և նույն օրը, ճեղքելով թշնամու ամրությունները, գրավեցին Արմյանսկը։ Ապրիլի 11-ի գիշերը հարձակման անցան մերձծովյան առանձին բանակի զորքերը և 4-րդ օդային բանակի ու Սևծովյան նավատորմի ավիացիայի աջակցությամբ ազատագրեցին Կերչը։ Զարգացնելով հարձակումը սովետական զորքերը ապրիլի 15-16-ին դուրս եկան Սևաստոպոլ, մայիսի 5-ին սկսեցին նրա գրոհը և մայիսի 9-ին ազատագրեցին քաղաքը։ Մայիսի 12-ին թշնամու մնացած զորքերը անձնատուր եղան Խերսոնես հրվանդանում։ Ֆաշիստական խմբավորման ջախջախմանը մեծապես նպաստեցին Ղրիմի պարտիզանները։ Ղրիմի օպերացիան ավարտվեց Գերմանիայի 17-րդ բանակի լիակատար ջախջախմամբ (թշնամու կորուստները կազմեցին 140 հազար մարդ) վերացավ սովետական ճակատի հարավային թևին սպառնացող վտանգը, բարելավվեց Սևծովյան նավատորմի բազավորումը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 49)։ |