Կյանքի բովից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կյանքի բովից», հայ արձակագիր Ալեքսանդր Շիրվանզադեի կյանքի հուշագրությունը, որը յուրովի ներկայացնում է նրա մանկությունը, պատակենությունը, երիտասարդությունը, գրական-գեղարվեստական գործունեությունը` ծանոթացնելով գրողի դժվարին կյանքին։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Շիրվանզադեի կյանքն անցել է փորձությունների, խիզախ որոնումների ու մաքառման ճանապարհներով։ Դեռևս մանուկ հասակից կյանքը նրա համար խորթ մայր է եղել։ Նրա հայրը բարձրահասակ, խստադեմ, կապույտ աչքերով մի մարդ էր, իսկ և իսկ Բարխուդարը «Նամուս»-ի մեջ։ Նրա հայրը` այդ լռին և ինքնամփոփ մարդը, երբեք իր հայրական սերը չէր արտահայտում սովորական գորգուրանքով։ Զորեղ կամքի տեր, անողոք ու խիստ այդ մարդը մաքուր էր իր բարքի ու աշխատանքի մեջ և խիստ արդարամիտ, որի պատճառով էլ վայելում էր համաքաղաքացիների հարգանքը։ Սկզբում նա դերձակ էր, սակայն շուտով դեն նետեց ասեղը՝ միանալով շամախեցի բազմաթիվ տորոնչիների խմբին, որոնք կարմիր ներկի համար տորոն էին մատակարարում Մոսկվայի, Մարսելի ու Մանչեստրի մանուֆակտուրային ձեռնարկություններին և ֆաբրիկաներին։ Բավական շահավետ առևտրի շնորհիվ մի քանի տարի Մովսիսյանների ընտանիքը վարում էր բարվոք կյանք։ Տարվա զգալի մասը հայրն անց էր կացնում շրջակա գյուղերում ու քաղաքներում` տուն վերադառնալով գրեթե միայն ձմռան ամիսներին։

Երեխաները (Շիրվանզադեն ուներ 2 քույր` Խանումն ու Աննմանը, և մի եղբայր` Գաբրիելը, որը մահացել է 1872թ.) մեծանում էին տատի ու մոր խնամքի ներքո՝ մինչև իսկ գոհանալով, որ հեռու են գտնվում հոր խիստ և անողոք հսկողությունից։ Տատը, նույնպես խստադեմ, քաջասիրտ ու վիթխարի ուժի տեր մի կին, սիրած թոռնիկի՝ Ալեքսանդրի երևակայությունը վառ էր պահում հեքիաթներով, առասպելներով, հյուսիսային լեռնական մարդկանց գործած ու չգործած հերոսությունների պատմություններով։ «Պետք է ասեմ, որ իմ տատը իր մարմնավոր ուժով մի բացառիկ կին էր։ Նա բարձրահասակ էր, հաղթանդամ, թիկնավետ, ինչպես մի ըմբիշ։ Նրա կողքի վերքն ուներ իր պատմությունը։ Մի գիշեր լեզգի ավազակները հարձակվում են նրա աղջկա տան վրա` կողոպտելու նպատակով։ Այդ գիշեր պատահաբար տատաս իր աղջկա մոտ է լինում։ Աղմուկից զարթնելով, տատս աներկյուղ դիմադրում է ավազակներին։ Նրանցից երեքին մեկը մյուսի հետևից բռնում է և պատշգամբից վար գցում։ Չորրորդը կարողանում է դաշույնով վիրավորել նրան և փախչել։ Այդ դեպքից հետո ազգաբնակչությունը հերոսացնում է տատիս, անվանելով նրան ղաչաղների հոգեհան»,- գրում էր Շիրվանզադեն[1]։

Գրողը այնուամենայնիվ մեծ սիրով է հիշել տատին, բայց մանկության ամենագեղեցիկ և քնքուշ պատկերները կապել է մոր սրբազան պատկերի հետ։ Արտաքին ու հոգեկան գեղեցկություններով օժտված այդ կինը իր նահապետական բարքով, բնական խելքով, մեղմ ու զգայուն սրտով նվաճել է բոլորի անկեղծ հարգանքն ու համակրանքը։ «Մորս անունն Օվսաննա էր։ Դա մի միջահասակ, քնքուշ կազմվածքով կին էր, գեղեցիկ դեմքով և թանձր ու գանգուր մազերով։ Քաղաքում նրան անվանում էին սիրուն Սոնա։ Նա ոչ միայն դեմքով էր սիրուն, այլև հոգով, սրտով, վարք ու բարքով։ Շատ բարի ու զգայուն կին էր։ Հիշում եմ նրա դառն հառաչանքները, երբ տեսնում էր մարդկանց ցավն ու տանջանքները։ Հիշում եմ նրա մեղմ, դուրեկան ժպիտները և թույլ ծիծաղը, երբ ուրախ էր։ Նրա կինեմոնագույն խոշոր աչքերը նայում էին սիրով ու գուրգուրանքով ոչ միայն յուր զավակներին, այլև բոլոր, բոլոր երեխաներին։ Ես նրան պաշտում էի»[1]։ «Այդ անգրագետ կինը հալվում ու մաշվում էր ընտանեկան վեճերի ժամանակ, բայց ընդհանուր առումով նա խաղաղության հրեշտակ էր և մինչև կյանքի վերջը պահպանեց ընտանիքի միությունը»[2]

Նահապետական սրբազան հարաբերություններով ամրապնդված և նյութական բարվոք կյանք ունեցող այս ընտանիքը, սակայն, արդեն չուներ խաղաղություն ու անդորր։ Վաղ հասակից Ալեքսանդրի վրա ծանր տպավորություն են թողնում ընտանեկան դրամայի մռայլ պատկերները և թունավորում նրա անհոգ մանկության տարիները։ «Ա՜հ, բախտավոր չի եղել ոչ իմ մանկությունը և ոչ էլ պատանեկությունը։ Այն օրից, երբ սկսել եմ քայլել, ծծել եմ կյանքի դառնությունները։ Միջավայր, ուր ծնվել եմ, անթափանցելի խավար էր, ուր կարող էր խեղդամահ լինել նույնիսկ իմնից շատ պակաս զգայուն հոգին»[1]։

Մովսիսյանների ընտանիքում ծագել էր մի յուրատեսակ դրամա` ավանդական նամուսի շուրջը, ընտանեկան մի խռովություն, որի պատճառը Ալեքսանդրի կրտսեր հորեղբայրն էր` Հարությունը՝ նահապետական ընտանիքի չար ոգին։ Նա խափանել էր հարազատների հանգիստն ու ընտանեկան անդորրը։ «Որքան հայրս աշխատասեր էր, ժուժկալ, ամոթխած ու հավատարիմ նամուսի պահանջներին, նույնքան նրա կրտսեր եղբայրը խռովարար էր և ենթակա իր անձնական կրքերին։ Ատելով աշխատանքը` նա սիրում էր վայելել կյանքի հաճույքները, որ նրա համար ամփոփված էին թղթախաղի, հարբեցողության և իգամոլության մեջ»[1]։

Մանուկ Ալեքսանդրը գրեթե ամեն օր տեսնում էր հոր և հորեղբոր կռիվները, լսում վերջինիս հայհոյանքները ծնողների հասցեին։ Եվ պատահական չէ, որ հորեղբայրը «Չար ոգի»–ի նախատիպն է դարձել։

Վեց տարեկան հասակում նա ինքնակամ գնում է բողոքական Սարգիս վարպետի ուսումնարանը։ Երկու տարի այնտեղ սովորելուց հետո նա տեղափոխվում է կիսագրագետ Տեր Ավանեսի ուսումնարանը, որտեղ գարշապարների վրա զգում է ուսման «բարեկրթիչ» ազդեցությունը։

Մեկ-երկու տարի անց մայրը երեխային տեղափոխում է հայոց թեմական դպրոց, բայց այնտեղ էլ երկար չի մնում. հայրը նրան հորդորում է մտնել ռուսական գավառական երկդասյան դպրոց՝ պատճառաբանելով, թե «հայերենի մեջ հաց չկա», նպատակ ունենալով հետագայում որդուն ներգրավել իր առևտրական գործերի մեջ։

Դպրոցը, ուսուցիչների և երեխաների հոգեբանությունն ու միջավայրը նա պատկերել է «Վարդան Ահրումյան» վեպում։ 1872թ. ավարտում է դպրոցը, սակայն շուտով նրանց ընտանիքի ու ողջ քաղաքի գլխին բազմաթիվ դժբախտություններ են գալիս, որոնք ամբողջապես շրջում են նրա կանքի ուղին։ Նույն տարվա ընթացքում պարբերաբար կրկնվող երկրաշարժը կրկին ահարկու հարված է տալիս Շամախի քաղաքին։ Այդ աղետի նկարագիրը տրված է «Նամուս» և «Ցավագար» երկերում։

Գրեթե միաժամանակ Շամախու գլխին գալիս է մի նոր փորձանք՝ երկրաշարժից էլ անողոք։ Ապշերոնյան թերակղզու վրա գտնվող ճպռոտ, կեղտոտ ու անհրապույր Բաքու ավանը, որ ուներ միայն 450 տուն, արագորեն սկսում է մեծանալ՝ իր վրա հրավիրելով ողջ Ռուսաստանի ու աշխարհի ուշադրությունը։ Վերջնականապես ավերվում է գավառական քաղաքը, աղավաղվում են նահապետական բարքերը, մարդիկ ծնկի են գալիս փողի ուժի առաջ, աղքատությունն ու թշվառությունը ստեղծում են պորտաբույծների, անաշխատ ու պարապ մարդկանց լայն շրջան, գոյանում է կյանքի գռեհկության հատակը։

Ընդհանուր այս մռայլ պատկերին ավելանում է նաև սեփական ընտանիքի դժբախտությունը։ Հորեղբայրը մահանում է սրի հարվածից։ 1872թ. երկրաշարժը հիմահատակ ավերում է նրանց տունը, մի քանի ամիս անց մեռնում է տատը, այնուհետև՝ նրա չորս տարեկան եղբայրը, որին նա սիրում էր հոգու ամբողջ զորությամբ։ Թվում էր, թե ահա ամեն ինչ լավ կլինի, բայց վրա է հասնում ևս մի աղետ. բազմաթիվ տորոնավաճառների հետ ալիզարին էժանագին քիմիական ներկի գյուտից հետո անսպասելի սնանկանում է նաև ուստա Մինասը, և ընտանիքն ընկնում է կատարյալ չքավորության գիրկը։ Համառ հայրը մինչև մահ Ղուբայից չի վերադառնում ընտանիք։ Ձեռքն առնելով դերձակի ասեղը` որոշում է չվերադառնալ ընտանիքի գիրքը, մինչև որ կրկին չհարստանա։

Ընտանիքի հոգսը ծանրանում է Ալեքսանդրի ուսերին։ Խեղդելով իր մեջ ուսման ծարավը` պատանին ավերակ քաղաքում սկսում է որոնել աշխատանք։ Նա ընդունվում է աղի պահեստ իբրև կշռող, բայց առանց վարձ ստանալու դուրս է գալիս, մտնում տեղական ոստիկանություն` գրագիր դառնալու հեռանկարով։ 8-9 ամիս դարձյալ առանց ամսականի աշխատելով՝ հուսահատված թողնում է ոստիկանատունը։ Եվ ահա 1875թ. ծնողներն անսահման վշտով անհայտ երկիր են ճանապարհում իրենց միակ տղային՝ արցունքով ողողելով նրա ուղին։

Անիծյալ բախտը նրան նետում է օտար ափեր. «Ես գնում էի մի երկիր, ուր գնում էին շատ-շատերը։ Այնտեղ մարդկային մտքի ու ձեռքի աշխատանքը նոր միայն սկսել էր գնահատվել որպես շուկայի ապրանք և հարստահարվել։ Ես գնում էի ոչ բախտ որոնելու, ոչ հարստություն ձեռք բերելու և ոչ անուն վաստակելու, այլ մի կտոր հաց շահելու մորս և երկու քույրերիս համար։ Հորս անսպասելի սնանկությունը մեզ վերցրել էր թանկագին գորգերից և գցել չոր գետնի վրա»[1]։

Ահա ծերության օրերին Շիրվանզադեն թախիծով է հիշում իր ծնանդավայրը` ասելով. «Մնաս բարով, անգին ծննդավայր։ Այսօր ավելի քան կես դար քեզ չեմ տեսել, և, ով գիտե, կունենամ բախտ նորեն տեսնելու քո փաղաքուշ կերպարանքը, որ այնքան պայծառ է իմ հոգնած հիշողության մեջ և այնքան խեղճ, որքան խեղճ էր իմ մանկությունը»[1]։

Կյանքը Բաքվում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալականի վիթխարի ֆուրգոնը երեք օրվա տաժանակիր ճամփորդությունից հետո Շիրվանզադեին հասցնում է Բաքու։ Ինչպիսի հակադրություն Շամախու ծաղկածիծաղ բնության և այս մռայլ կոլորիտի միջև, երազի ու իրականության միջև։ Մորաքրոջ` Մարիամ Աբելյանի ընտանիքը դառնում է նրա երկրորդ օջախը և մեծ դեր խաղում նրա կյանքում։ Ամբողջ կյանքում Շիրվանզադեն երախտագիտությամբ է հիշել մորաքրոջը և գրել. «Անսահման բարի և զգայուն մորաքույրս պանդխտության մեջ եղավ ինձ համար երկրորդ մայր։ Հիշում եմ այն ջերմ գուրգուրանքը, որով նա, սեղմելով ինձ նիհար կրծքին, իր հինգ զավակներին ավելացրեց վեցերորդը։ Տասնյակ տարիներ հետո, երբ մի աշնանային օր այցելեցի նրա գերեզմանը, որ գտնվում էր մորս գերեզմանի քով, ինձ պաշարեց կրկնակի վիշտ։ Մարդիկ մի անգամ են զրկվում իրենց մորից, ես զրկվել եմ երկու անգամ»[3]։

Նրա կյանում քիչ դեր չի խաղացել նաև մորեղբայր Հակոբ Բաբախանյանը, մի հասարակ դերձակ, բայց հարգված, սիրված, լայն ծանոթությունների տեր մարդ։ Բայց Բաքուն հյուրընկալ քաղաք չէր, և ի դերև են լինում Ալեքսանդրի հույսերը։ Նա մի քանի ամիս մաշում է բարեկամների տան ճամփաները, շարունակում է որոնումները որևէ աշխատանք գտնելու հույսով։ Ամեն օր ժամերով նստում է բարի մորեղբոր արհեստանոցում և աշխատանքի համար դիմում անցորդներին։

Նա շատ հաճախ զգացել է կյանքի հակասությունները, ապրել է տագնապներ։ Մի անգամ տեսնելով ռեալական դպրոցի աշակերտներին անհոգ շրջելիս` հետագայում գրում է. «Բոլորն էլ իմ տարիքի պատանիներ էին, բոլորն ուրախ, իսկ ես նրանց հասակում արդեն կյանքի հոգսերով ծանրաբեռնված։ Սիրտս թնդաց, աչքերս լեցվեցին արցունքով, մի վայրկյան գլուխս պտտվեց, և գուցե ինձ ծովը նետեի, եթե լինեի բավականաչափ քաջ և հիմար»։ Արդյո՞ք, այս ապրումների արձագանքը չեն «Արտիստ»-ի էջերը աշխարհի խորթ զավակ-պատանու ողբերգական կյանքի մասին։

1875թ. վերջին նրան հաջողվում է տեղ գտնել Նահանգական վարչության դատաստանական ատյանում՝ գրագրի պաշտոնով։ Հաջորդ տարի դարձյալ նույն պաշտոնով տեղափոխում են Նահանգական վարչության շինարարական ատյան, որտեղ աշխատում է մինչև 1877թ. գարունը։

Ծառայության մեջ աստիճանաբար բացվում է նաև նրա մտավոր տեսողությունը. գրագրի բթացնող աշխատանքից դուրս նա գտնում է մի ուրիշ աշխարհ` գրքերի աշխարհը։ Մորաքրոջ զավակների ընթերցասիրությունը Ալեքսանդրի մեջ սեր է զարթնեցնում դեպի գիրքը։ Սկսվում է ինքնակրթության տաժանակիր շրջանը, սկսում է կարդալ այն, ինչ ընկնում է ձեռքի տակ և ընթերցանության միջոցով սովորում է հայոց և ռուսաց գրական լեզուն։

1877թ. գարնանը թողնելով Նահանգական վարչության ատյանը` նա հաշվապահ է դառնում նավթային մի ընկերությունում` 25 ռուբլի ամսականով։ Դրությունը մեղմանում է, մայրն ու փոքր քույրը, լսելով այդ ուրախալի լուրը, պատրաստվում են ճամփա ընկնել Բաքու, այնինչ մինչև նրանց տեղ հասնելը՝ Ալեքսանդրն արդեն անգործ էր և առանց կոպեկի։ Կյանքի բովում իր մերձավորների գոյության համար Ալեքսանդրը քաշում է բարոյական ու ֆիզիկական տառապանքներ, վիրավորանք ու վիշտ, բայց շուտով հաշվապահի աշխատանք է գտնում խոշոր գործարանատեր Սամվել Բաղիրյանի գրասենյակում։ Աշխատանքի հետ զուգահեռ կարդում էր շատ և ուշադիր հետևում «Մշակ» և «Մեղու Հայաստանի» լրագրերին, ընթերցում «Հյուսիսափայլ»-ի և «Կռունկ Հայաստան»-ի համարները։

Հայ գրականությունից հետո նա անցնում է ռուս գրականությանը։ «Ես հափշտակվեցի գեղեցիկ գրականությամբ և 1878-ից մինչև 1883-ը կարդացի ամբողջ ռուս գրականությունը»։

Շուտով Շիրվանզադեին բախտ է վիճակվում ամբողջովին նվիրվել ընթերցանությանը։ Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունը 1879թ. նվիրատվություններով հավաքում է 500 հատոր գիրք և ստեղծում գրադարան, որը 1881թ. ունենում է հասարակական ընթերցարան։ Գրապահը դառնում է Շիրվանզադեն ու սկսում է անհագորեն կարդալ եվրոպացի կլասիկներին` Շեքսպիրին, Բայրոնին, Վալտեր Սկոթին, Մոլիերին․ նրա սիրելի վիպասանները դառնում են Բալզակն ու Ֆլոբերը։ Բայց շատ շուտով ոստիկանությունը կասկածում է նրա բարեհուսությունը և հանում ընթերցարանից։

Այնուհետև կրկին աշխատանքի է անցնում նավթային գրասենյակում` հաշվապահի պաշտոնով։ Նավթարդյունաբերությունը բազմաթիվ երակներով ձգում ու բերում էր Անդրկովկասի բանող ու ստեղծող ուժը։ Եվ այս ամենը տեսնելով` ձիրքով օժտված պատանին չէր կարող չխոսել, աշխարհին չպատմել այդ գեհենի մասին, ուր տանջվում էին մարդիկ։

Սկսած 1878թ. նա թղթակցություններ էր գրում «Մեղու»–ին ու «Մշակ»–ին Բաքվի կյանքի մասին։ 1881թ. «Մշակ»-ում լույս տեսավ «Մշակների դրության առիթով» ծավալուն ակնարկը, որն ընթերցողի առաջ բացեց դժոխային աշխարհի պատկերը։ «Մշակ»-ում տպագրվող հոդվածներն ու ակնարկները արձագանք են գտնում ընթերցողների շրջանում, ռուսական մամուլը արտատպում է նրանցից մի քանիսը և քաղվածքներ բերում։ Շիրվանզադեն ճանաչվում է որպես օժտված գրող։ Մնում է միայն մի քայլ, մի համարձակ անցում դեպի գրական անաղարտ ժանրերը։ Այդ քայլը պատահեց 1883թ. Բաքու քաղաքում։ Շիրվանզադեն վեպի նյութը վերցրել է նավթագործարանների բանվորների կյանքից, որի ողբերգությունը բավական ուսումնասիրել էր։ Հազիվ շարադրել էր 50-60 էջ, երբ գրածը քննադատորեն կարդալով` պատռում է ու գցում վառարանը։ Դա «Հրդեհ նավթագործարանում»-ն էր, որը տպվեց «Մշակ» լրագրում, արժանացավ Գրիգոր Արծրունու գովեստին։

Չլսելով մոր հորդորները` պատրաստվում է մեկնել Թիֆլիս։ Մի պատճառ էլ դառնում է սիրային դրաման։ 1883թ. Շիրվանզադեն հրապուրվում է հեղափոխական ոգով տոգորված 19 տարեկան մի օրիորդով։ Նա Սոֆիա Ռակովսկայան էր։ Սերը փոխադարձ էր, բայց Սոֆիան գնում է իր փայփայած գաղափարների ճանապարհով, մեկնում է Մոսկվա. «Օրիորդ Ռակովսկայան ուղևորվեց Մոսկվա։ Բաքուն դատարկվեց ինձ համար»։

Պատանության և երիտասարդության տարիներին Շիրվանզադեն շատ բան տեսավ ու զգաց։ Նրա աչքի առաջ կործանվեց նահապետական գերդաստանը, գյուղական տնտեսությունը, քայքայվեց արհեստավորությունը։ Նրա աչքի առաջ գործարանների ծխից խտացավ Բաքվի երկնքի մառախուղը։ Նա առաջինը տեսավ հայ և ադրբեջանցի գյուղացուն բանվորական զգեստի մեջ, հայ, ադրբեջանցի և այլազգի կապիտալիստին, այդ միջնադարյան բռնակալին, որը քամում էր ժողովրդի արյունը։ Ժողովրդի զավակը տեսավ երկու աշխարհ` տիրողների և ստրուկների, գործարանատերերի ու բանվորության, երկրի գիշատիչների ու նրա իսկական զավակների աշխարհը, տեսավ ու ատեց մարդկության թշնամիներին… Ապագա գրողը շատ բան ուներ ասելու աշխարհին։

Կյանքը Թիֆլիսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսի գրական-կուլտուրական միջավայրը ամբողջովին կլանեց Շիրվանզադեին։ Այլևս ոչինչ երիտասարդ գրողին չէր կարող ետ պահել փայփայած երազներից։ Նա կոչված էր հայ գրականության համար և պատրաստ էր նահատակվել այդ ազնիվ ճանապարհին։ Թիֆլիսը գրողի համար մի իսկական դրախտ էր, ուր կարելի էր ապրել և անոթի։

Նրա տաղանդը ձևավորվեց հայ գրողների մեծ ոգորումների շրջանում, նրա ստեղծագործական կյանքի արշալույսը բոսորվեց այդ հայրենասիրական կրակով։ Թիֆլիս մտնելուն պես սկսում են ծանոթությունները մեկը մյուսից նշանավոր մարդկանց հետ։ Առաջինը Գրիգոր Արծրունին էր։ Փոքրամարմին էր, սապատով, բայց տգեղ չէր նման մարմնավոր թերություն ունեցողների պես։ Նա ավելի հրեայի տիպ էր, քան հայի։ Արծրունու և Րաֆֆու գժտության պատճառը Արծրունու կինն էր` Մարիամ Մելիք-Աղամալյանը։ Արծրունին Շիրվանզադեին թվացել էր ավելի զորեղ կամքի տեր մարդ, մինչդեռ նա կնոջ ազդեցության տակ էր, և դա վերին աստիճանի անախորժ էր։ Նա հիմար մարդ չէր, բայց թույլ էր, իր խելքը ծախել էր Մարոյի սիրուն, ահա այդ կինն էր, որ թունավորում էր նրա ուղեղը։

Շիրվանզադեն «Մշակ»-ի համար մեկ ամսվա ընթացքում գրում է «Գործակատարի հիշատակարանից»–ը և տանում խմբագրատուն։ Արծրունին էլ ոգևորված լրացնում է լրագրի` Րաֆիից հետո դատարկ մնացած բանասիրական բաժինը։ Ընդհանուր առմամբ Արծրունին արդարամիտ էր թե՛ հրապարակախոսության և թե՛ իր մասնավոր կյանքում, բայց, լինելով ծայր աստիճան դյուրագրգիռ և տաքարյուն, հաճախ ընկնում էր ինքնամոռացության մեջ և շեղվում արդարադատության շավղից։

Արծրունու բնույթը հավասարակշռությունից զուրկ էր, և դա նրա դժբախտությունն էր։ Նա ոչ միայն չափազանց ներվային էր, այլև մաղձոտ։ Սիրելով կյանքն անհունորեն` Արծրունին զգում էր, որ կյանքը ոչ սիրով, այլ կարեկցությամբ է նայում իրեն։ Սիրելով ընկերային միջավայրը` նա միևնույն ժամանակ չափազանց վատ էր իրեն զգում այդ միջավայրում և աշխատում էր կարելվույն չափ հեռու պահել իրեն ընկերական շրջաններից։ Այս ամենի հետ մեկտեղ Շիրվանզադեն ականատես եղավ նրա դժբախտությանը։ 1884թ. փակվեց «Մշակ»-ը, և Գր. Արծրունին, իր հսկայական միջոցները ծախսելով թերթի համար, պարտք մնաց վրաց բանկին։ Նա կատարելապես սնանկացավ և ընդհանուր անտարբերության պայմաններում մտածում էր ինքնասպանության մասին, իսկ ահա Շիրվանզադեն այն քչերից էր, որ փորձում էր մեղմել հրապարակախոսի վիշտը։

Ընդհանրացնելով Արծրունու գործունեությունը` Շիրվանզադեն հանգում է այն տեսակետին, որ նա, ըստ էության, խոշոր հրապարակախոս չէր, բայց և իր ժամանակին չուներ հավասար մրցակից։ Նա փայլեց, աղմկեց և լռեց ու չքացավ։ Շատ հաճախ Շիրվանզադեն համեմատել է Արծրունուն և Րաֆֆուն` գրելով. «Որպես հրապարակախոս Գրիգոր Արծրունին, իհարկե, իր ժամանակակիցներից շատ բարձր էր, բայց բարձրություն չէր ռուս և եվրոպացի հայտնի հրապարակախոսների համեմատությամբ։ Որպես իմաստասեր` նա չուներ Րաֆֆիի մտքի ոչ խորությունը և ոչ դիսցիպլինան։ Արծրունին նայում է դեպի դուրս, Րաֆֆին՝ դեպի ներս, մեկը կարծես ուզում է ձեզ հետ խոսել անմիջապես առանց երկար խորհելու, մյուսը, խորասուզված իր ներքին աշխարհը, կարծես մտածոււմ է` պետք է խոսել, թե ժամանակը չէ։ Եթե Րաֆֆին բավականանար սոսկ հրապարակախոսի կոչումով Արծրունուց շատ և շատ բարձր կլիներ։ Արծրունին ինքնասեր էր հիվանդության չափ»[1]։

Մեծատաղանդ Րաֆֆին` հայ առաջադիմական ռոմանտիզմի առաջնորդը, նոր ոճ ու աշխարհ տեսնելով շնորհալի երիտասարդ գրողի գործերում, մի առանձին համակրանքով նրան խրախուսում էր դեպի լայն ծավալի ու թափի ստեղծագործական աշխատանք։

Հենց առաջին իսկ հանդիպումից Շիրվանզադեն տպավորվում է Րաֆֆիով, երբ վերջինս նրան է նվիրում իր «Կայծեր»-ի առաջին հատորի մի օրինակ։ Դա Շիրվանզադեի առաջին լուրջ նվերն էր։ Հետաքրքրական էր Րաֆֆու տեսակը, նա իր անձնական պետքերի վերաբերմամբ խստապահանջ չէր, սակավապետ էր ծայր աստիճան, նրա շռայլությունները գիշերը անընդհատ թանձր թեյ խմելն էր և միշտ գրասեղանին թարմ ծաղիկներ ունենալը։ ԸՆկերության մեջ ամենից զուսպն էր, տխուր էր, թե ուրախ, միշտ ներփակված էր իր մեջ։

Ամենից հետաքրքիրն այն էր, որ Րաֆֆին շատ քիչ էր կարդում, առհասարակ նրա գրական-փիլիսոփայական զարգացումը շատ էլ բարձր մակարդակ չուներ, իսկ ահա դեպի արվեստը զարմանալիորեն անտարբեր էր։ Նրա մուսան իր հոգու մեջ էր, իսկական ստեղծագործող էր, որի անհանգիստ հոգին միշտ աշխատանք էր փնտրում։

Շիրվանզադեն գրում է. «Րաֆֆին է իսկական հիմնադիրը արևելյան աշխարհաբար գրական լեզվի…..Րաֆֆին էր, որ արձակ գրականության գեղեցիկ լեզվի հիմքը դրեց։ Բայց վիպասան էր ոչ թե այն իմաստով, որ ես եմ ընբռնում։ Եթե հայ գրականության մեջ կան խոշոր վեպեր, որ ես կարդացել եմ, առանց ձանձրույթի, դա «Վերք Հայաստանի»–ից հետո միայն և միմիայն Րաֆֆու գործերն են»[1]։

Ղազարոս Աղայանը` սկսնակ գրողների հովանավորն ու պաշտպանը, նույնպես խրախուսում է Շիրվանզադեին. «Երբ առաջին անգամ հանդիպեցինք, գրկեց ինձ իր հսկայական թևերով, համբուրեց և ասաց. «Ա՜յ տղա, դու որտեղից լույս ընկար, գրիր ու մի ծուլանար»։ Եվ ես հետևյալ օրն իսկ սկսեցի «Նամուսը» գրել»։ Ընկերական շրջանի նահապետն էր ու զարդը, ամենքի ցանկալի հյուրն էր, բարի էր թուլության չափ, բայց և գիտեր չարը հալածել անխնա, թշնամի էր կեղծիքին և փարիսեցիությանը։

Ինչպես գրում է Շիրվանզադեն, Ղազարոս Աղայանը Հովհաննես Թումանյանին ճանապարհ ցույց տվողն էր, որ ղեկավարեց նրան մինչև կատարյալ հասունություն ու ինքը հետ մնաց նրանից։ Իսկ ահա որպես գրող, նա իր ապրած տարիների համեմատ շատ քիչ արտադրեց։ Գրեց մանուկների համար սիրուն ոտանավորներ և զմայլելի հեքիաթներ ու դարձավ մատաղ սերնդի ամենասիրելի հեղինակը և կմնա այդպիսին երկար ու երկար տարիներ։

Հետաքրքրական էր ծանոթությունը Աբգար Հովհաննիսյանի հետ։ Նա հետք չթողեց ոչ գրական և ոչ էլ հասարակական կյանքում, քանի որ փարոս չէր ո՛չ իր ժամանակի սերնդի և ո՛չ էլ մանավանդ հաջորդ սերունդների համար, բայց որ ամենակարևորն է` նա պարծենում էր իր հայ լինելով։ Կարող ենք ասել, որ այդ ինտելիգենտ եվրոպացին եղել է «Նամուս»–ի Բարխուդարի նախատիպը։

Թիֆլիս գնալուն պես Շիրվանզադեն ծանոթացել է նաև Գամառ Քաթիպայի հետ։ Տարօրինակ մարդ էր նա, ինչպես և նրա արտաքինը։ Մեծամիտ չէր, բայց փոքրավորի դեմ մի տեսակ իշխանավորի կեցվածք ուներ։ Խոսում էր բարձր ձայնով, հրամայողական տոնով։ Ավելի ցարական գեներալի հովեր ուներ, քան բանաստեղծի հեզություն։ Անհանգիստ հոգի էր նա։ Շիրվանզադեն նշում է՝ չկար մի մարդ, որ նրա մասին լավ խոսեր։ Թիֆլիսում նրա միակ բարեկամը Գաբրիել Սունդուկյանն էր։ Րաֆֆին բացարձակապես ատում էր նրան, Արծրունին` էլ ավելի, Պերճ Պռոշյանը այդ անունը լսելիս հոնքերը կիտում էր։ Ահա սրանից էլ ելնելով` Շիրվանզադեն թեև հարգում էր նրան, այնուամենայնիվ համակրանքի առանձին զգացում երբեք չի ունեցել։

Հետաքրքիր անձնավորություն էր Պերճ Պռոշյանը։ Եկել էր գյուղից, գյուղացի էլ մնաց քաղաքում մինչև մահը։ Ժողովրդի հարազատ զավակն էր նա` հայ շինականի լավագույն հատկություններով։ Քաղաքը թեև նրա միտքը տաշեց, հղկեց, բայց երբեք նրա բարոյական աշխարհը չապականեց։ Նա խորապես հավատացյալ քրիստոնյա էր, ջերմ կրոնապաշտ։ Ավելի ընկերական մարդ էր, քան Րաֆֆին և անհամեմատ ավելի պարզ էր, այդ իսկ պատճառով էլ հայ գրողի նյութական անապահովությունը ամենից ավելի նրա վրա էր ծանրացած։

Շիրվանզադեն Պռոշյանի մասին գրել է. «Նա մեր գյուղացիական կյանքի, նրա վարքուբարքի ու ավանդությունների ամենախոշոր պատկերահանն էր ավելի մանրակրկիտ, քան տաղանդավոր։ Փույթ չէ, որ Պռոշյանի վեպերը կարդացվում են հոգնածությամբ, բայց ավարտելուց հետո, այնուամենայնիվ, ընթերցողի հիշողության մեջ մի բան մնում է` մի կենսական պատկեր, մի ճշգրիտ տեսարան, մի բարքագրություն։ Դեն գցենք նրա կրկնությունները, կոպիտ բառերը, բայց մնացյալը հետաքրքրական է հայ գյուղացու հագեբանությանը ծանոթանալու տեսակետից»[3]։

Ահա Շիրվանզադեի հիշողության մեջ բոլորովին առանձնակի կերպ է նկարված Գաբրիել Սունդուկյանի պատկերը թե՛ իբր գրող և թե՛ իբրև մարդ։ Շատերը նրան գեղեցիկ էին համարում, Շիրվանզադեն` ոչ։ Մեծարանքի սիրահար էր Սունդուկյանը, քայլում էր հպարտ՝ քիթը թեքած դեպի ձախ ուսը։ Շիրվանզադեն շատ հաճախ էր ափսոսում, որ այդ գլուխը, ըստ պաշտոնի, ստիպված է թեքվել մեծավորների առջև։

Սունդուկյանը մի առանձին համակրանք ուներ դեպի այն դասակարգը, որ կոչվում էր «կինտո» և որը տվել էր նրան Պեպոյի, Կակուլիի և Գրքոյի տիպերը։ Գրելու ժամանակ էլ ծայրաստիճան բծախնդիր էր, յուրաքանչյուր դարձվածք, բառ երկար ժամանակ քննում էր, չափում և հետո գրում, քանի որ գրական լեզուն լավ չէր ուսումնասիրել։ Նա ամենաերկարակյացն էր հայ գրողներից, որը թերևս իր նյութական ապահովության շնորհիվ էր։

Ընդհանրացնելով Շիրվանզադեն գրել է. «Նա մի սխալ գործեց և մեծ. գրական զբաղմունքը դարձրեց երկրորդական` առաջին տեղը տալով իր պաշտոնին և տիտղոսին։ Նա կարիք չուներ գեներալի ժապավենն իր կրծքին փաթաթելու, գերագույն ժապավենը նա ստացել էր Մելպոմենից։ Նա չուներ կարիք և ցարական դրամի։ Նա ուներ մի կալվածք, որ լիովին ապահովում էր նրա նյութականը։ Եվ այս կողմից նա միակ բացառությունն էր հայ գրողների մեջ»։

Մինչև «Արձագանք»-ում աշխատանքի անցնելը տպագրում է մի շարք գործեր։ 1884թ. լույս են տեսնում «Խնամատար» վիպակը և «Օրիորդ Լիզա» պատմվածքը։ 1886-1891թթ. Շիրվանզադեն պաշտոնավարում է «Արձագանք»-ում` իր վրա վերցնելով գրական-կազմակերպչական աշխատանքի ողջ ծանրությունը։ Նա լրագրի կենտրնական դեմքն էր, քարտուղարն ու թարգմանիչը, փաստական խմբագիրն ու սրբագրիչը, քննադատը, գեղարվեստական նյութերի մատակարարը։ Շիրվանզադեն «Արձագանք»-ում այնպիսի դեր կատարեց, ինչպիսին Րաֆֆին` «Մշակ»-ում։ Բայց 1891թ. Շիրվանզադեն թողնում է «Արձագանք»-ը։ Նրան դուր չի գալիս Աբգար Հովհաննիսյանի պահպանողական դիրքը հայ կյանքի մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ։

1885թ. վճռական տարի եղավ Շիրվանզադեի անձնական, գրական և հասարակական կյանքում։ Նախորդ տարվա աշնանը նա ծանոթացավ գնդապետ Զաքարիա Լորիս-Մելիքյանի դստեր` Նինայի հետ, որը հայտնի հարուստ Արտազյանի կինն էր եղել և բաժանվել էր ամուսնուց վերջինիս կասկածելի վարքի պատճառով։ Ծանոթությունը փոխվեց մտերմության և սիրո։ Արհամարհելով եկեղեցական օրենքներն ու ավանդները` Շիրվանզադեն քաղաքացիական կարգով ամուսնացավ Նինա Լորիս-Մելիքյանի հետ, որը եղավ նրա լավագույն ընկերն ու բարեկամը կյանքի դժվարին ճանապարհին։

Նույն տարվա օգոստոսին հրապարակվեց «Նամուս» վեպը, որը գերազանցեց հեղինակի սպասելիքները և մեծ հաջողություն գտավ։ Վեպն ընդունվեց ու տարածում գտավ` ամրապնդելով երիտասարդ հեղինակի տեղը հայրենի գրականության մեջ։ Այդ երկը երախտապարտ որդին նվիրեց մորը, որն այնքան զրկանքներ էր կրել կյանքում, համբերությամբ տարել նաև հայ գրողի բախտի ծանրությունը։ Մի քանի ամիս հետո` 1886թ., Շիրվանզադեն աշխատանքի անցավ «Արձագանք» շաբաթաթերթում` քարտուղարի պաշտոնով։

Շարունակվում է կյանքը Թիֆլիսում։ Ինքը` Շիրվանզադեն գրում է. «Երբ ամուրի էի, ինչ հոգ ոչ միայն վաղվա, այլև այսօրվա մասին։ Ես ունեի մի կտոր թուղթ ու գրիչ, այսքանը բավական էր պանիր-հացի հետ։ Եվ մի ուրիշ բան՝ կամքի ու ժամանակի ազատություն՝ ամենաանհրաժեշտը գրողի համար։ Նույնը չեղավ, երբ իմ սիրով ու ցանկությամբ դարձա ընտանետեր։ Ահա այդ ժամանակ էր, որ զգացի, թե ինչ անփոխարինելի գանձ է անհատի ազատությունը։ Գրականություն և ընտանիք՝ երկու տրամագծորեն հակադիր տարրեր, որոնց մեջ կեղեքվում էր իմ խեղճ հոգին, ինչպես երկու վագրերի բերանն ընկած մի գառնուկ։ Ստիպված ես հարազատներիդ զոհել ոչ միայն գրիչդ, այլև կյանքդ»[1]։ Ահա այս շրջանում էլ սկսում է գրել «Արսեն Դիմաքսյան» վեպը, և հենց այդ պատճառով էլ Թիֆլիսի քաղաքային վարչության իր աշխատանքը շուտով կորցնում է աշխատաժամերը պոչից-գլխից կրճատելու համար։ Վեպը տպագրելուց հետո նրան պարուրում է մի անսովոր անտարբերություն դեպի գրականությունը, և Շիրվանզադեն մի օր հանկարծ դառնում է հնչակյան։ Հենց դրանից հետո է, որ կուսակցությանը հարելու և գաղտնի գործունեություն ծավալելու մեղադրանքով նրան 1895թ. դեկտեմբերին բանտարկեցին։ Ազատ արձակվելուց հետո դեռ չէր անցել 2 տարի, երբ հայտնեցին նրան, որ ցարի հրամանով աքսորվում է Կովկաս` 2 տարի ժամանակով։ Աքսորման վայն ընտրելու հնարավորություն կար, և Շիրվանզադեն ընտրում է Օդեսա քաղաքը` հրապուրվելով ծովի հեռանկարներով։ Այսպես ավարտվում է Շիրվանզադեի հեղափոխական գործունեությունը։ Հենց այդտեղ էլ 1899թ. նա հանդիպում է «Արտիստ»-ի Լևոնին, բայց պատմվածքը գրում է 5 տարի հետո Բաքվում։

Իսկ ահա «Քաոս» վեպը գրվել է 1886-1897թթ.։ Վեպի գաղափարը հեղինակի մեջ հղացել էր դեռևս 15 տարի առաջ, այն ժամանակ, երբ նա դեռ Բաքվում էր ապրում։ Դա մի գերդաստանի ընտանեկան կյանքի խռովություն էր, որը նրա վրա թողել էր խոր տպավորություն։ Առհասարակ Շիրվանզադեն երևույթների անմիջական տպավորության տակ ոչինչ չի գրել։ Հենց այդպես է եղել նաև «Քաոս»-ի դեպքում։ Տարիներ անց էլ Բաքվի միջավայրը արտաքուստ փայլուն էր, ներքուստ` այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր։ Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը։ Այդտեղ էր, որ հեղինակը տեսնում է գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին բարեմակի դեմ, եղբորը եղբոր դեմ, որդուն հոր դեմ։ Դրսից դիտողին թվում էր, թե ընկել է մի տեսակ գազանանոց, ուր ամենքը անոթությունից կատաղել են և պատրաստ են իրար կոկորդը կրծոտել։

«Քաոս»-ից հետո Շիրվանզադեն նորից վճռում է փորձել իր ուժերը թատերագրության մեջ և ամառային 2 ամիսների ընթացքում գրում է «Եվգինե» դրաման։

Անցան տարիները, միջավայրը արդեն փոխվել էր։ Կյանքը հեղաշրջվում էր օր օրի։ Ռուսաստանում գրեթե հեղափոխություն էր, Կովկասում` ազգամիջյան ընդհարումներ և արյունահեղություն։ Շատերի պես նաև Շիրվանզադեն հոգնել էր հանրային տվայտանքներից, բացի դրանից նրա որդիները ավարտել էին միջնակարգ դպրոցը, հարկավոր էր հոգալ նրան ուսման շարունակության մասին։ Թիֆլիսը միևնույն ժամանակ արդեն ոչ մի հրապույր չուներ, և Շիրվանզադեն ձանձրանում էր։ Հենց այդ հանգամանքերից էլ դրդված՝ 1905թ. օգոստոսի վերջերին Շիրվանզադեն ընտանիքի հետ տեղափոխվում է արտասահման։

Երկրորդ մասում հեղինակը նկարագրում է Փարիզը։ Երեք երեխաները սովորում են։ Ստեղծագործել, սակայն, հեղինակին չի հաջողվում։ Ուսումնասիրում է թանգարանները, թատրոնները, Փարիզը գիշերը և Փարիզը առավոտյան։ Նա այցելում է զանազան վայրեր իրեն այցելած մի հարուստ ընկերոջ՝ Սոմիկոյի հետ, որին երկու անգամ խաբում և թալանում են ֆրանսիացի կանայք։ Հայերից հանդիպումներ է ունենում նշանավոր երգչուհի Նադեժդա Պապայանի, Արշակ Չոպանյանի, Մինաս Չերազի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Անդրանիկի և այլոց հետ։ Մի քանի անգամ ընտանիքով գնում են Շվեյցարիա։ Այնտեղ ծանոթանում է մի նկարչուհու՝ Ժաննետի հետ։ Հեղինակը նրա հետ ացկացրած զրույցների հիշողությունը համարում է իր լավագույն երազներից և առաջարկում է ընթերցողին կարդալ «Ալինա» վիպակի վերջին և միայն վերջին էջը, որտեղ նա անդրադարձել է այդ երազին։ Հիվանդանում է նրա փոքր տղան՝ Արմենը։ Իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է։ Աստիճանաբար հիվանդությունը բարդանում է, տղան բոլորովին կորցնում է սթափությունը։ Հոգեբուժարանում նրան չեն կարողանում օգնել, տանը այլևս հնարավոր չէ նրան պահել։ Վերջին անգամ են այցելում Շվեյցարիա։ Այնտեղ թունավորվում են Շիրվանզադեն, աղջիկը՝ Մարգարիտը և մյուս տղան՝ Ռուբենը։ Մի ամիս բժշկվելուց հետո կազդուրվում են և Շվեյցարիայից Իտալիայի վրայով 5 տարվա բացակայությունից հետո ուղևորվում են Կովկաս։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չկա այլևս մարդու համար անապական երջանկություն այն օրից, երբ նա բաժանվում է ծնողների գուրգուրանքից։
  • Աշխարհի տերը հիմա վաճառականն է. թագավորին ծառայելով` մինչև կյանքիդ վերջը ծառա է կմնաս, մեջքդ մեծերիդ մոտ ծռած։
  • Մարդիկ մի անգամ են զրկվում իրենց մորից, ես զրկվել եմ երկու անգամ։
  • Կյանքի պարգևներին արժանանալու համար պետք է մարդկանց սիրտը շահելու շնորհքն ունենալ։
  • Եթե շղթաներդ մեծազոր չեն մարդկային թուլությունների վերաբերմամբ, գոնե աշխատիր փականք դնել նրանց վրա, այլապես կտուժես։
  • Ինչն է մարդկանց աչքում մեզ համակրելի և սիրելի դարձնում, եթե ոչ մեր խունկ ծխելը նրանց չունեցած առաքինություններին։
  • Շողոքորթիր և կհաղթես, վասնզի չկա ավելի զորավոր զենք, քան քծինքը։
  • Քանի գրոշ արժե մեկի ինքնասիրությունը մի ուրիշի աչքում. այդ ապրանքը կյանքի շուկայում արժեք չունի։
  • Միայն հիվանդոտ մարմիններն են չծլած ծաղկում։ Ես առողջ էի։
  • Ինքնասպանները երբեք ոչ ոքի չեմ նախազգուշացնում։
  • Գրողը պարտավոր է գրել այն, ինչ որ ինքն է կամենում, և ոչ թե ուրիշների թելադրածը։
  • Իսկական հեղափոխականը առաջ ինքն է վերցնում զենքը, հետո ուրիշներին համոզում նույնն անել։
  • Ընթերցողը՝ ահա միակ դատավորը գրողի։
  • Վտանգ ասված բանը կարծվածի չափ սոսկալի չէ, երբ նա սպանում է անձնական կյանքիդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Շիրվանզադե, Ալեքսանդր (1986). Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 5. Երևան: Սովետական գրող. էջ 181.
  2. Տերտերյան, Արսեն (1959). Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը. Երևան. էջ 285.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Թամրազյան, Հրանտ (1978). Շիրվանզադե. Երևան: Երևանի համալսարանի տպարան. էջ 20.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Շիրվանզադե, Երկեր 5 հատորով, հատոր 5, Երևան, 1986։

Հրանտ Թամրազյան, Շիրվանզադե, Երևան, 1978։

Արսեն Տերտերյան, Շիրվանզադե, Թիֆլիս, 1911։

Արսեն Տերտերյան, Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը, Երևան, 1959։

Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4, Երևան, 1972։