Գործակատարի հիշատակարանից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործակատարի հիշատակարանից, Ալեքսանդր Շիրվանզադեի վիպակն է, որը գրել է 1883 թվականին[1]։

Գործակատարի հիշատակարանից
Ժանրվիպակ
Ձևարձակ
ՀեղինակԱլեքսանդր Շիրվանզադե
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1883
ԿերպարներՏեր-Վահակ, Խաչի, հայրը՝ կոշկակար Սարգիս, մայրը, մանրավաճառ Թորոսը, դարբին Մարութ, Մակար աղա Գուլումյանց, Գրիգոր, Թագուհի, Թամար, աղա Ստեփան, աղա Աբրահամ, Գալուստ, Աթոյանց, Համբարձում

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրվանզադեն թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը[2][3]։

Վիպակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորղա Խաչին դառնում է Խրիստաֆոր Սերգեևիչ աղա Առուշանով։ Նա խաբում է, գողանում, թալանում էր տերերին, խլում նրանց գեղեցիկ աղջկան ու հարստությունը։ Կործանվում է Գուլամյանների տունը, բայց դրա մեջ գրողը ողբերգություն չի տեսնում, քանի որ նրանք ևս հարստություն են կուտակել նույն ճանապարհով, ինչպիսի ճանապարհով բարձրացել է նրանց ծառան՝ Յորղա Խաչին[1]։ Շիրվանզադեն նկարագրել է ոչ միայն առևտրական կուտակումների արդյունաբերական ելքը, այլև արհեստի, համքարության քայքայումը։ Դա պարզապես նշված է «Գործակատարի հիշատակարանը» վիպակի մեջ, ուր ասված է, թե «Արհեստը բացի նրանից, որ նյութապես չի ապահովում մարդուս, մինչև անգամ բթացնում էլ է նրան»[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի դիպաշարը սկսվում է Խաչիի տեր-Վահակի ուսումնարանն ավարտելով և ընտանիք վերադառնալու նկարագրությամբ։ Այդ օրը Խաչիին ոչ ոք չէր նեղացնում, բոլորը նրան փայփայում էին։ Չնայած իրենց սոցիալական ծանր վիճակին, մայրը այդ օր երկու տեսակի կերակուր է պատրաստում, իսկ հայրը՝ ճաշկերույթ կազմակերպում։ Ճաշկերույթին հրավիրված էին տարբեր մասնագիտության մարդիկ, սակայն Խաչիի հիշողության մեջ դաջվում է հարևան մանրավաճառ Թորոսի խրատը։ Թորոսը նրան ասում է, որ ամեն կերպ մեծերի հավատարմությունը շահի և նրանց համար դառնա սիրելի, և տարիներ հետո Խաչին կբացահայտի վաճառականների գաղտնիքը։ Հետևելով Թորոսի խորհրդին՝ հայրը Խաչիին, որպես գործակատար, հաջորդ առավոտյան տանում է Գուլումյանցների խանութ։ Խաչին Մակար աղային խոստանում է լինել հավատարիմ և կատարել նրա բոլոր պահանջները։ Մակար աղան ուներ շքեղ բնակարան, և Խաչիի մեջ, բացի հարստությունից, նաև շքեղ տան համար հոգու խորքում սկսում է նախանձել աղային։ Չնայած Մակար աղայի փոքր աղջիկը՝ Թագուհին ավելի գեղեցիկ էր, սակայն նա սիրահարվում է մեծ աղջկան՝ Թամարին, ով գեղեցկությամբ զիջում էր քրոջը։ Խաչին տարիներ շարունակ աշխատում էր Մակար աղայի մոտ և ձեռք բերելով բավականին վստահություն, փորձում է ավելի ու ավելի բարձրանալ նրա աչքին։ Մի օր Խաչին Մակար աղային պատմում է, որ իր աշխատակիցներից շատերը չարախոսում են իր մասին։ Մակար աղան նրանց գործից ազատում է, և Խաչիին տալիս աշխատողներից մեկի պաշտոնը։ Այնուհետև Մակար աղան որոշում է ամուսնանալ մի գեղեցիկ աղջկա հետ, որի համար տեր-Վահակը միջնորդություն էր անում, սակայն այդ աղջիկը մահանում է, և Մակար աղան ամուսնանում է մի հարուստ դրամատիրոջ աղջկա հետ։ Այնուհետև Խաչին իմանալով, որ հնարավոր է Թամարին ամուսնացնեն, նա քաղաքում սուտ նորությունններ է տարածում, և դրանից հետո, ոչ ոք Թամարով չի հետաքրքրվում։ Մի օր Մակար աղան իր մոտ է կանչում Խաչիին և հարցուփորձ անում նրա ու Թամարի մասին, և որոշում է Խաչիին ուղարկել Բաքու, իր եղբոր՝ Աբրահամ աղայի մոտ աշխատելու։ Խաչին տարիներ շարունակ աշխատում է Բաքվում, Աբրահամ աղայից գումար է ստանում իր հագուստի և ընտանիքին ուղարկելու համար։ Մի օր, երբ Մակար աղան իր ընտանիքով գնում է Բաքու, Աբրահամ աղան կրկին Թամարից հեռացնելու համար Խաչիին ուղարկում է Ռուսաստան։ Մի որոշ ժամանակ անց նամակ է գալիս, որ աղան հիվանդ է և Խաչին վերադառնում է նրա մոտ, ստանում է գումար։ Մահանում է Աբրահամ աղան։ Այնուհետև Մակար աղան իր մոտ է կանչում Խաչիին, ով «յորղա Խաչինից» դարձել էր Խրիստաֆոր Սերգեյիչ, և նրան է հանձնում Թամարի ձեռքը և օժիտ։ Խաչին գիտեր, որ այս ընտանիքում աղջիկների կարծիքը հաշվի չեն առնում, դրա համար էլ տարիներ շարունակ Մակար աղայի սիրտն էր շահում, որպեսզի կարողանա ամուսնանա աղջկա հետ։ Վիպակի ավարտին Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովը՝ տեր- Վահակից նամակ է ստանում։ Տեր-Վահակը խնդրում է, որ եկեղեցու համար Ռուսաստանից զանգ բերի, նա ուրախությամբ ընդունում է խնդրանքը և մտածում, որ արդեն կարող է բարեգործություն անել[5]։

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գործակատարի հիշատակարանը» ստեղծագործությամբ Շիրվանզադեն ներկայացրել է արդյունաբերական քաղաքի ճշմարիտ պատկերը[6]։ Յորղա Խաչու տիպը նորություն չէր մեր գրականության մեջ։ Այդ տիպը շատ ավելի մեծ տաղանդով կերտված էր Գ. Սունդուկյանի, Րաֆֆու և Պ. Պռոշյանի կողմից (Զամբախով, Մասիսյան, Միկիտան Սաքո)։ Բայց կարևորն այն է, որ Շիրվանզադեն իր տեսած ու ճանաչած նյութի վրա է ստեղծել այդ կերպարը և հիմք դրել հայ նոր բուրժուազիայի քննադատությանը։ «Գործակատարի հիշատակարանիցը» ուշագրավ է նաև նրանով, որ Շիրվանզադեն ներկայացնում է գավառական քաղաքի կյանքի մյուս կողմը՝ ցուցադրելով հայ վաշխառուի ճանապարհը գավառից մինչև Բաքու[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Վահակ, Խաչի, հայրը՝ կոշկակար Սարգիս, մայրը, մանրավաճառ Թորոսը, դարբին Մարութ, Մակար աղա Գուլումյանց, Գրիգոր, Թագուհի, Թամար, աղա Ստեփան, աղա Աբրահամ, Գալուստ, Աթոյանց, Համբարձում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայ գրականության պատմություն, հ. 4. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. 1972. էջ 201.
  2. «Գործակատարի հիշատակարանից».
  3. «Ալեքսանդր Շիրվանզադե».
  4. Ա. Հ. Տերտերյան (1959). Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջ 27.
  5. 5,0 5,1 Ալեքսանդր, Շիրվանզադե (1986). Պատմվածքներ, վիպակներ, հատոր առաջին. Սովետական գրող. էջեր 38–90. ISBN 006455. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  6. Եվա, Մնացականյան (2011). Հայ գրականություն. Երևան: ՎՄՎ-ՊՐԻՆՏ. էջ 130.