Հրդեհ նավթագործարանում
Հրդեհ նավթագործարանում | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | արձակ և պատմվածք |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1883 |
Առաջին ներկայացում | 1883 |
Առաջին ներկայացման վայր | Բաքու |
Կերպարներ | Իվան Գրիգորիչ Մարությանց, Մեհրաբ, Գասպար, Սարգիս, Բեյբութ |
Վիքիդարան | Հրդեհ նավթագործարանում |
Հրդեհ նավթագործարանում, հայ գրող Շիրվանզադեի պատմվածքներից։ Առաջին անգամ տպագրվել է «Մշակում» 1883 թվականին։
Նավթարդյունաբերական կյանքը Շիրվանզադեի գրվածքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]1881-1882 թվականներին «Մշակում» տպագրվում է Շիրվանզադեի ընդարձակ հոդվածաշարը նավթային հարցի մասին։ Այդ հոդվածները հարուստ են նավթարդյունաբերության մեջ տեղի ունեցող աղետալի անցքերով։ Այդ հոդվածները ցույց են տալիս հեղինակի՝ արդյունաբերական մեծ քաղաքի տնտեսությանը և վիճակագրությանը քաջատեղյակ լինելը։ Հոդվածներում արտացոլված են նաև, թե ինչքան գրքեր և նյութեր է ուսումնասիրել հեղինակը, ինչպիսի մանրամասնությամբ է նկարագրել բանվորական կացարանները՝ կեղտոտ, խոնավ ու մրոտ, ինչպես նաև նավթահանքն ու գործարանը։ Կյանքի այս խորը իմացությունը և տարիների շփումը բանվոր դասակարգի հետ հեղինակի մոտ ծնում է բողոքի առաջին ձայնը։ Ծանոթ լինելով Բաքվի կյանքին՝ հեղինակը իր ակնարկներում ու հոդվածներում ընթերցողին ներկայացնում է նոր կյանքի ու աշխարհի մասին։ Նա հրապարակում է բազմաթիվ ողբերգական դրվագներ, որոնք էլ պատկերում են կապիտալիզմի բնածին արատներն ու ախտերը։ «Բանվորների դրության առթիվ» ակնարկում կան մի քանի պատմվածքների սյուժեներ, որտեղ երևում են երիտասարդ գրողի քաղաքացիական ակտիվությունը հասարակական խնդիրների նկատմամբ։ Այս ակնարկում Շիրվանզադեն նկարագրում է մի աշխարհ, ուր մարդկային աշխատանքը շահագործվում էր ամենագազանային եղանակներով։ Ժողովրդի զավակն այդպիսով կանգնում է հազարավոր աշխատավորների կողքին և առաջին անգամ մեր գրականության մեջ բարձրաձայնում այդ դասակարգի իրավունքների պաշտպանության հարցը՝ ընթերցողներին տանելով դեպի նավթային սև աշխարհը, գետնափոր խրճիթները, բանվորական կացարանները, նավթահանքերն ու գործարանները։ Այս մասին Շիրվանզադեն գրում է հետևյալը․
Տու՛ր ինձ ձեռքդ, սիրելի ընթերցող, հետևի՛ր ինձ և տես, թե այդ ինչպես է կատարվում, թե մինչև որ աստիճան մշակի մարդկային, նույնիսկ բնական իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռում․․․[1] |
Ուշադրության է արժանի այն կապը, որ կա Շիրվանզադեի՝ «Մշակում» գրած հոդվածների և «Հրդեհ նավթագործարանում»[2] պատմվածքի միջև։ Հոդվածների մեջ խոսում է նա որպես հրապարակախոս, տարբեր փաստեր է բերում, համատեղում միմյանց։ Նա աշխատում է համոզել գործարանատերերին, որ բարվոքեն բանվորների դրությունը։ Այս բոլորին նա տվել է գեղարվեստական ձև՝ գրելով պատմվածքը[3]։ Ընդհանրացնելով իր տեսածը՝ Շիրվանզադեն ստեղծեց մի ցնցող դրամա, սոցիալական ողբերգությանը բնորոշ պատկեր՝ հարուստ բովանդակությամբ լի[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այրվում է Իվան Գրիգորիչ Մարությանցի նավթագործարանը։ Չնայած իր արտաքին եվրոպականությանը, «սև հագուստին և սափրված երեսին»՝ նա նմանվում է մի հրեշի, երբ լսում է գործարանի հրդեհի մասին։ Նրան այդ մասին է հայտնում լրաբեր Մեհրաբը, ով, մոռանալով իր մերձավորներին, առաջին իսկ րոպեին վազում է տիրոջ մոտ։ Մարությանցը կառքով շտապում է դեպի գործարան՝ Մեհրաբին թողնելով հետ վերադառնալ ոտքով։ Գործարանատերը անդադար հայհոյում է բոլոր մշակներին նրան այս վիճակին հասցնելու համար․
Մշակն աստված չունի, նրա աստվածը փայտն է։ Եթե դուք աստված ունենայիք, մի տարվա մեջ իմ գործարանը երկու անգամ չէր այրվի։ Եթե դուք խիղճ և հոգի ունենայիք, ձեր կյանքը կզոհեիք և չէիք թողնի, որ ձեր աղին, ձեզ կերակրողին վնաս հասներ[4] ։ |
Նրա համար մշակի կյանքը գրոշի արժեք չուներ։ Այրվում են հայ և պարսիկ բանվորները, իսկ նա միայն մտածում է իր գործարանի մասին։ Թեև նա մշակներին էր մեղադրում հրդեհի համար, բայց բոլորին էլ արդեն հասկանալի էր, որ մեղավորը միայն իրենց աղան է։ Լինում են այնպիսիները, ովքեր մեղադրական խոսքեր են ուղղում աղա Մարությանցին, որ նա ժամանակին ձեռք չի բերել հակահրդեհային միջոցներ։ Աղան միայն հրդեհի պահին է դիմում Նոբելի գործարանին՝ նրանցից հրդեհամարիչներ խնդրելու։ Սակայն մոտակա գործարանատերերը մտածում էին ոչ թե մարդկանց կյանքերի, այլ դարձյալ գործարանների մասին, քանի որ հրդեհը կարող էր հասնել նաև իրենց գործարաններին։ Այն պահին, երբ աղա Մարությանցը մարդկանց կյանքերի դիմաց առևտուր է կազմակերպում, մեկ այլ տեղ այրվում են մարդիկ, կորչում ընտանիքներ։ Սոսկալի իրավիճակում էր նաև լրաբեր Մեհրաբը․ կորցրել էր իր եղբորը՝ Գասպարին, որդին՝ Սարգիսը, և եղբորորդին՝ Բեյբութը, ծանր այրվածքներ ստացել։ Այդ ցավի մեջ նա կատաղած գազանի նման պատրաստ էր հարձակվել «իր թշնամու վրա», բայց գիտակցությունը տեղն է գալիս։ Նրա մեջ բանվորի հոգեբանությունը հաղթում է մարդկային ցավին և կարծես մեխանիկորեն ասում է․
Հա․․․ ճշմարիտ է ասում աղան, պետք է նրա հրամանը կատարել, պետք է օգնել, ես պարտավոր եմ աշխատել[4]։ |
Գաղափարական բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրվանզադեի ստեղծագործություններում էականը սոցիալական հակասություններն են, որոնցից էլ ծնվում է մարդու ողբերգությունը։ Նա տեսել է միևնույն հասարակության մեջ բնակվող երկու տարբեր դասակարգ, երկու աշխարհ, որոնք իրենց շահերով և հոգեբանությամբ գտնվում էին հակադիր բևեռներում։ Հեղինակը, թեև չի կարողացել գտնել այս հակասությունների լուծման ուղիները, բայց արտացոլել է այս երկու աշխարհների հոգեբանությունը և անողոք սատիրայով ոչնչացրել կապիտալիստական աշխարհի հակամարդկային արատները։ Նա ցույց է տվել, որ այդ աշխարհի գոյությունը մարդկային չէ, որ այդ աշխարհը քաոս է՝ կործանման արժանի։ Գրողը այս հումանիստական գաղափարն է արտահայտել իր առաջին «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքում։ Այս փոքր պատմվածքը նոր խոսք էր գրականության մեջ։ Առաջին անգամ պատկերվում է արդյունաբերական մեծ քաղաքը, առաջին անգամ են ստեղծվում նաև հայ կապիտալիստի և բանվորների կերպարները։ Այս գործով Շիրվանզադեն հիմք է դնում կապիտալիստական հասարակության քննադատությանը, որը առավել մանրամասնորեն պատկերվեց նաև նրա հետագա գործերում, հատկապես հռչակավոր «Քաոս» վեպում։ Այս երկում արդեն իսկ երևում է ապագա մեծ գրողն իր ստեղծագործական սկզբունքների և աշխարհայացքի գրեթե բոլոր տարրերով, իհարկե, դեռևս սաղմնային վիճակում։ Շիրվանզադեն եղել է նկարագրվող աշխարհի կազմավորման ու ծննդի ահավոր պատմության առաջին ականատեսներից մեկը։ Այս պատմվածքի ներքին ընդհանրացումը և ընդգրկումը շատ ավելի լայն է։ Բանվորության ողբերգական վիճակը ընթերցողին տեղափոխում է գյուղեր ու գավառներ, որտեղ վաշխառուների ձեռքում խեղդվող բազմաթիվ ընտանիքներ սպասում են իրենց զավակներին ու հայրերին։ Հեղինակը ներկայացնում է մի թշվառ աշխարհ, գյուղից մինչև քաղաք, հարստահարվող մի ժողովուրդ։ Բանվոր դասակարգը դեռևս չունի կազմակերպված սոցիալական ինքնագիտակցություն, անլսելի է նրա բողոքի ձայնը՝ կապիտալիստական աշխարհի դեմ[5]։
Կերպարային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս ութսունական թվականների սկզբին Շիրվանզադեն նկատել էր Մարությանցների սոցիալական հոգեբանությունը և դրան ուղղել իր քննադատ ռեալիստի հայացքը։ Վիպասանը կարողացել է ցույց տալ՝ եվրոպացու շորեր հագած ասիացու կերպարով դասակարգային ընհանուր գիծը։ Նա այդպիսով նշել է կապիտալիզմի շահագործական բնույթը, մասնավոր սեփականության բարոյական դիմագիծը և հակամարդկայնությունը։ Հետամնաց գործարանատիրոջ շահամոլական դեմքը և բարոյական նկարագիրը երևում է պատմվածքի այն էջերում, երբ հրդեհի ժամանակ մտածում է միայն իր մասին, իր գրպանի և սեփականության մասին։ Ականջներին բամբակներ խրելով՝ խլացնում է աղետի ձայները, չի լսում զոհերի աղեկտուր հառաչանքները։ Բանվոր դասակարգի փոխարեն հանդես է գալիս Մեհրաբը։ Նա տարիքով մարդ է։ Աչքերի մեջ պահում է մի «անսովոր վշտի» արտահայտություն, որ նշան է նրա ծանր աշխատանքի, անմխիթար դրության և ամեն րոպե փողոց նետվելու և գործազուրկ մնալու վախի։ Մեհրաբը հավաքական կերպար է։ Այս կերպարի միջոցով Շիրվանզադեն ցույց է տալիս նաև անկազմակերպ բողոքի արտահայտությունը, որ լսվում է հրդեհը շրջապատող բանվորական բազմության մեջ։ Այդ զայրույթը մեկ օր պետք է դառնար կազմակերպված և ահարկու կերպարանք[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հրանտ Թամրազյան (1956). Ալեքսանդր Շիրվանզադե. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն. էջեր 74-77։.
- ↑ (PDF) http://www.armenianlanguage-am.armin.am/images/menus/413/shirvanzade1.pdf.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ 3,0 3,1 Արսեն Տերտերյան (1959). Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն. էջեր 71–73.
- ↑ 4,0 4,1 Ալեքսանդր Շիրվանզադե, Երկեր, երկու գրքով, գիրք առաջին (1971). Պատմվածքներ և վիպակներ. Երևան: Հայաստան. էջեր 5–17.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Հրանտ Թամրազյան (1956). Ալեքսանդր Շիրվանզադե. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն. էջեր 72–73.