Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անգլիայի թեմ (ՀԱԵ)ից)
Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցին

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է բրիտանահայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Լոնդոնի Սբ․ Սարգիս եկեղեցի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում կոչվել է Անգլիայի թեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմ։ Որպես Անգլիայի թեմը կազմավորվել է 1974 թ.-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Ներսես արք․ Պոզապալյանը (1974–1982)։

Բրիտանահայ համայնքը՝ որպես հոգևոր հովվություն, XIX դ․ վերջից մինչև 1965 թ.-ը եղել է Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում (տես Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն)։ 1965–1974 թթ.-ին, մնալով հոգևոր հովվություն, եղել է Մայր աթոռ Սբ․ Էջմիածնի ներկայացուցչություն Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Համայնքի առաջին հոգևոր հովիվն է եղել Կարապետ վրդ․ Շահնազարյանցը (1862–1866), որը 1863 թ.-ին Մանչեստրում վարձված անգլիական մատուռում Սբ․ Զատկի տոնին Պատարագ է մատուցել։ Նրա ջանքերով Մանչեստրում լույս է տեսել Անգլիայում հայերեն առաջին պարբերականը՝ «Երկրագունդը» (1863–1864)։ 1900–1901 թթ.-ին հրատարակվել է «Եկեղեցի Հայաստանյայց», 11 համարից հետո՝ «Հայոց եկեղեցի կրոնաաստվածաբանական հանդեսը» (խմբագիր՝ Թորոս քհն․ Իսահակյան)։

Անգլիայում առաջին հայկական՝ Սբ․ Երրորդություն եկեղեցին կառուցվել է Մանչեստրում, 1870 թ.-ին, հոգևոր հովիվ Խորեն վրդ․ Կյուրոյանի ջանքերով։ Եկեղեցին ունի առաջնորդարան, գրադարան, սրահներից մեկը տրամադրվել է Տիկնանց միությանը (հիմն․ 1908) և Հայկական կեդրոնին (հիմն․ 1988)։ Սբ․ Երրորդություն եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա վարժարան (1984 թ.-ից), որտեղ 130-ից ավելի աշակերտ ստանում է հայեցի դաստիարակություն։ 1975 թ.-ից Մանչեստրի Սբ․ Երրորդություն եկեղեցին չունի մնայուն հովիվ։ Եկեղեցու հոգևոր կարիքները հոգում է Լոնդոնից հրավիրված այցելու հովիվը։

Լոնդոնի առաջին հայկական մատուռը (վարձու) Եսայի վրդ․ Աստվածատրյանի նախաձեռնությամբ բացվել է 1885 թ.-ին և գործել մինչև 1901 թ.-ը։ 1922 թ.-ին Գալուստ Կյուլպենկյանի բարերարությամբ կառուցվել է Սբ․ Սարգիս եկեղեցին (օծվել է 1923 թ.-ի հունվ․, գտնվում է Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկում՝ Քենսինգթոնում)։

1975 թ.-ից Լոնդոնի հայերի վարձակալած Սբ․ Պետրոս եկեղեցին Վաչե Մանուկյանի բարերարությամբ 2000 թ.-ին գնվել է և վերանվանվել Սբ․ Եղիշե եկեղեցի (օծվել է 2001 թ.-ի հունիսի 11-ին՝ ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի)։ Կից գործում է կիրակնօրյա դպրոց (1978 թ.-ից)։ Սբ․ Եղիշե եկեղեցու հովիվն է Նշան քհն․ Ալավերտյանը (2018 թ.-ից)։ 1967–1978 թթ.-ին գործել է Սբ․ Սահակ-Մեսրոպ կիրակնօրյա ազգային վարժարանը։

Մինչեւ 1986 թ. բրիտանահայ գաղութի ներկայացուցչական մարմինը համայնքային եկեղեցական խորհուրդն է եղել։ Բաղկացած է եղել 23 անդամից, ունեցել է իր կանոնադրությունը՝ վավերացված 1989 թ.-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով։ Սակայն՝ 2015 թուկանից ձեւավորվել են երեք եկեղեցական ծուխեր՛ որոնք կազմում են թեմի կանոնագրության հիմնադիր համայնքները։ Թեմի առաջնորդը միաժամանակ Մայր աթոռ Սբ․ Էջմիածնի ներկայացուցիչն է Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Անգլիայի թեմի առաջնորդն է Հովակիմ եպս․ Մանուկյանը (2017 թ.-ից)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.