Նոր Հաճըն
| Քաղաք
Նոր Հաճըն
|
Նոր Հաճընը քաղաք է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։ Հիմնադրվել է 1953 թվականին և գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտովորապես 13.000 բնակիչ։ Ռ. Իսրաելյանի նախագծով 1973 թ. Նոր Հաճընում կանգնեցվում է Հաճըն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճընը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճընցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան:
Բովանդակություն |
[խմբագրել] Արդյունաբերություն
1945թ. ավարտվել էր երկրորդ համաշխարհային պատերազմը, բնականաբար ավարտվել էր նաև Հայրենական Մեծ պատերազմը, ու այդ հաղթանակում իր ուրույն տեղն ու դերն ուներ հայ ժողովուրդը։ Ու թեև Հայաստանը պատերազմի տարիներին ռազմական ավերածությունների չէր ենթարկվել, այնուամենայնիվ կատարում էր ռազմական պատվերներ, այսինքն ամբողջ արդյունաբերությունը ծառայում էր ռազմաճակատի կարիքների բավարարմանը, իսկ պատերազմից հետո հարկ էր լուծել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, քանզի պատերազմի ավարտից հետո պահանջվում էր արագորեն վերակառուցել հանրապետության ժողովրդական տնտեսությունը, այն համապատասխանեցնել խաղաղ ժամանակաշրջանի պահանջներին:
1948թ. հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքը 1940թ. մակարդակը գերազանցել էր 3 տոկոսով։ Հատուկ ուշադրություն դարձվեց հանրապետության էներգետիկ բազայի ընդլայնմանը։ 1949թ. շահագործման հանձնվեց Սևանի ստորերկրյա հիդրոէլեկտրակայանը։ Ավարտվեց Ձորագետի վերակառուցումը, և գործարկվեց նրա երկրորդ ագրեգատը, նոր հզորություններ ավելացվեցին Քանաքեռի հեէ-ում և սկսվեց Սևան-Հրազդան կասկադի խոշորագույն ՀԷԿ-ի` Գյումուշի շինարարությունը:
1955թ. Գյումուշի ՀՀԿ-ը կառուցելուց հետո հիմք դրվեց մի նոր շինարարության` Արզնիի ՀԷԿ-ին և հենց այդ ժամանակ էր, որ այսօրվա Նոր Հաճըն քաղաքի հարավային տարածքում հիմնվեց մի փոքրիկ ուժային հանգույց, որն անվանվում էր “Սիլովոյ ուզել”:
Ու երբ 1956թ. ավարտվեց Արզնիի ՀԷԿ-ի շինարարությունը մի խումբ շինարար ընկերներ Արզնի ձորից բարձրանալով սարավանդի վրա կառուցեցին Նոր Հաճընը, այն քաղաքն ու արդյունաբերական խոշոր համալիրը, որը մի մասն էր կազմում 1960-1980-ական թվականներին կառուցված քաղաքների` Չարենցավան, Աբովյան և արդյունաբերական մոտ 300 ձեռնարկությունների: 1958թ. նորավարտ ինժեներ Աշոտ Մկրտիչի Հարությունյանին ուղարկեցին այստեղ հիմնելու մեխանիկական արտադրամաս։ Այն ժամանակ Արզնիի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը նոր էր ավարտվել և փայտե տնակներով պատված բնակավայրը կոչվում էր Սիլավոյ։ Այն ոչ միայն անբարեկարգ էր, ցեխի ու քարի մեջ կորած, այլ չուներ կուլտուր – կենցաղային տարրական պայմաններ:
Արտադրությունում աշխատելու համար հանրապետության տարբեր վայրերից մարդիկ եկան, շատերը եկան ընտանիքներով։ Նրանք դժվարություններից չէին ընկրկում:
Հավատում էին, որ փոքրիկ արտադրամասը կվերածվի մեծ գործարանի, և նրա մասին շատ շատերը կիմանան։ Հավատում էին սպասվող լավ կյանքին և աշխատում էին համերաշխ, համառորեն նվիրումով։ Ու մարդիկ եռանդով գործի անցան, ձեռնամուխ եղան արտադրության և ավանի զարգացմանն ու վերափոխմանը:
Դա 1958 թվականի մայիսն էր, երբ ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ հիմնադրվեց Արզնու տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանը:
Գործարանի ստեղծումը պայմանավորված էր սարքաշինական արդյունաբերության բուռն աճով, որն անհրաժեշտ էր ապահովել արհեստական կորունդից պատրաստված զանազան առանցքակալներով ու կրնկալներով:
Նման գործարանի գոյության համար կարևոր նախադրյալ էր Կիրովականի քիմիական կոմբինատում ստեղծված արհեստական կորունդի նոր արտադրամասը, որը հումքով ապահովելու էր նորաստեղծ գործարանին, կարևոր նշանակություն ուներ նաև որ ապագա գործարանի արտադրանքը տեխնոլոգիապես աշխատատար էր, քիչ նյութատար և դրա կազմակերպումը Հայաստանի պայմաններում մասնավորապես երկաթգծից համեմատաբար հեռու բնակավայրում նպատակահարմար էր։ 1959թ.-ին գործարանը մտավ գործող ձեռնարկությունների շարքը և նույն թ.-ի հուլիսին գործարանը տվեց իր առաջին արտադրանքը` կորունդե ասեղներ ձայնապնակների համար, հետագա երկու-երեք տարիների ընթացքում յուրացվեց տարբեր սարքերում կիրառվող կորունդե առանցկակալների, հարթ, գնդային և կոնական կրնկակալների ողջ տեսականու զանգվածային արտադրությունը։ Ի միջիալյոց նշենք, որ արհեստական կորունդը բյուրեղային նյութ է, իր կարծրությամբ երկրորդը ալմաստից հետո, ունի բարձր ամրություն, միաժամանակ փխրուն է։ Այս հատկությունները թելադրում են դրա մեխանիկական մշակման բարդ յուրահատուկ տեխնոլոգիան, որում որպես կտրող գործիքներ օգտագործվում են ալմաստի փոշին և ալմաստից պատրաստված գործիքներ:
1960թ. սկսվեց գործարանի հիմնական մակերեսների կառուցումը և երեք - չորս տարիների ընթացքում շարք մտան կորունդե տեխնիկական քարերի, գործիքաշինական, հատուկ հաստոցաշինական, վարչակենցաղային մասնաշենքերը:Ամբողջ գործարանի արտադրական ընդհանուր մակերեսը ավելի քան քսանհինգ հազար քառակուսի մետր է, ունի 14 հիմնական արտադրամասեր:
Եթե 1960թ. գործարանը թողարկել է միայն մեկ տեսակի արտադրանք` 68.000 ռուբլու, ապա 1976թ. այն թողարկել է ավելի քան 60 տեսակի` 12.6 միլիոն ռուբլու:
Գործարանում իր ուրույն տեղն ուներ սարքաշինությունը: 1978-1980թթ. գործարանը թողարկում էր ավելի քան 80 տեսակ արտադրանք, սերտ կապերի մեջ էր նախկին ԽՍՀՄ-ի ավելի քան 250 գործարանների, իսկ գիտատեխնիկական խնդիրներով` 64 գիտահետազոտական ինստիտուտների հետ:
Արտադրանքն արտահանվում էր 14 երկիր, այդ թվում ԳՖՀ, Անգլիա, Իտալիա, Հնդկաստան և այլուր:
Այստեղ հարկ է նշել գործարանի տնօրեն` Ա. Հարությունյանի և գլխավոր ինժեներ Կ.Գալոյանի քրտնաջան աշխատանքը, որն էլ նպաստել է արտադրության զարգացմանը, որի շնորհիվ էլ գործարանն արժանացել էր ԽՍՀՄ բարձր պարգևին` “Պատվո նշան” շքանշանի (1971թ.):
[խմբագրել] Մշակույթի պալատ
Նոր Հաճընի մշակույթի պալատը կառուցվել է 1971 թվականին։ Առ այսօր չի հիմնանորոգվել։ Գտնվում է անմխիթար վիճակում:
Այժմ գործում է Գառնիկ Հունանյանի ղեկավարությամբ:
“Ալմաստ” համույթի սաներն են շենքում պարեր սովորում` պարուսույց Արմեն Կոստանդյանի ղեկավարությամբ:
Շենքի սենյակներից մեկն էլ ծառայում է որպես եկեղեցի. Հաճընի հոգևոր առաջնորդ քահանա Արսեն Տեր Համբարձումյանն այստեղ է անում կիրակնօրյա պատարագներն ու քարոզչությունը:
[խմբագրել] Արվեստի դպրոց
Նոր Հաճընի արվեստի դպրոցը հիմնադրվել է 1968-ին, որի նպատակն է հաճընցի երեխաների գեղագիտական դաստիարակությունն ապահովելը:
Ունի 26 ուսուցիչ և 193 աշակերտ` դաշնամուրային, լարային, ժողովրդական /քանոն, շվի, քամանչա, դուդուկ, դհոլ/ նվագարանների, վոկալի, գեղարվեստի և շախմատի /արդեն 5-րդ տարին է/ բաժիններում:
Դպրոցի երգչախումբն ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի` Հաճընի հերոսամարտի օրը ելույթ է ունենում:
Դպրոցում պարբերաբար կազմակերպվում են համերգներ:
Գեղարվեստի բաժնի երեխաները մրցութային ցուցահանդեսների են մասնակցում` թե’ տեղում, թե’ Հայաստանի տարբեր վայրերում և թե’ արտասահմանում:
Տասնյակ շրջանավարտներ են իրենց կրթությունը շարունակել և այժմ էլ ուսանում են Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում:
[խմբագրել] Թանգարան
Հաճընի 1920թ. հերոսամարտի նահատակների հիշատակը հավեժացնող և Հաճընի վերածնության խորհրդանիշ` հուշարձան-կոթողը կառուցվել է 1973թ. (հեղինակ` ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան)։ Կոթողի ներսում 1978թ. հիմնադրվել է “Կիլիկիայի հայերի պատմության” թանգարանը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հանգամանալից լուսաբանել է Կիլիկիայի հայկական թագավորության փառահեղ պատմությունը, Հաճընի հերոսական անցյալի դրվագները։ Թանգարանը Կիլիկիայի մշակութային ժառանգության միակ գիտամշակութային կենտրոնն է, ոչ միայն Նոր Հաճընի, այլև Կոտայքի մարզի ամենահայտնի մշակութային օջախներից է, սրբատեղի` սփյուռքահայության համար և կարևոր օղակ` Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդման համար: Թանգարանը նպաստել է` 1. Հաճընի 1920թ.-ի հերոսամարտի ամենամյա տարեդարձներին նվիրված միջոցառումերի անցկացմանը, 2. Սփյուռքահայ հաճընցիության հետ բարեկամական կամուրջներ ստեղծելուն, 3. Մշակույթի բնագավառում Նոր Հաճըն համայնքի և Սփյուռքի գործնական շփումների իրականացմանը, 4. Մշակութային զբոսաշրջիկության զարգացմանը, 5. “Հաճըն-Նոր Հաճըն” բուկլետի ստեղծմանը:
Թանգարանային հավաքածուն բաղկացած է 1882 (2006թ տվյալնների համաձայն) թանգարանային առարկաներից, պարունակում է հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր լուսանկարներ, տարեկան սպասարկում է 1200-1300 այցելուների, բարձրացնում է բնակչության մշակութային մակարդակը:
1998 թվականի մայիսի 15-ից թանգարանը հանձնվել է համայնքի տնօրինությանը, որը միջոցների սղության պատճառով չի կարողանում պահպանել եղած պատմամշակութային արժեքները և հարստացնել դրանց հավաքածուները:
Գնալով ավելի լայն հեռանկարներ են բացվում Սփյուռքի հաճընցիական գաղթօջախների հետ կապերի ընդլայնման և խորացման համար:
|
|
||
|---|---|---|
| Քաղաքներ | Հրազդան • Աբովյան • Բյուրեղավան • Եղվարդ • Ծաղկաձոր • Նոր Հաճն • Չարենցավան | |
| Գյուղեր | Ալափարս • Ակունք • Աղավնաձոր • Առինջ • Արագյուղ • Արամուս • Արգել • Արզական • Արզնի • Արտավազ (Արտվազ/Փյունիկ) • Բալահովիտ • Բջնի • Բուժական • Գառնի • Գեղադիր • Գեղաշեն • Գեղարդ • Գետամեջ • Գետարգել • Գողթ • Զառ • Զովաշեն • Զովունի • Զովք • Զորավան • Թեղենիք • Լեռնանիստ • Կաթնաղբյուր • Կամարիս • Կաչուտան • Կարենիս • Կոտայք • Հանքավան • Հատիս • Հացավան • Ձորաղբյուր • Մայակովսկի • Մարմարիկ • Մեծրաձոր (Մեծրաձոր/Գոռգոչ) • Միգաշեն • Նոր Արտամետ • Նոր Գեղի • Նոր գյուղ • Նոր Երզնկա • Նուռնուս • Ողջաբերդ • Պռոշյան • Պտղնի • Ջրաբեր • Ջրառատ • Ջրվեժ • Սարալանջ • Սոլակ • Սևաբերդ • Վերին Պտղնի • Քաղսի • Քանաքեռավան • Քասախ • Քարաշամբ • Ֆանտան | |
| Պորտալ:Հայաստան | ||
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք՝ Երևան Աբովյան | Ագարակ | Ալավերդի | Ախթալա | Աշտարակ | Ապարան | Արարատ | Արթիկ | Արմավիր | Արտաշատ | Բերդ | Բյուրեղավան | Գավառ | Գյումրի | Գորիս | Դաստակերտ | Դիլիջան | Եղեգնաձոր | Եղվարդ | Թալին | Թումանյան | Իջևան | Ծաղկաձոր | Կապան | Հրազդան | Ճամբարակ | Մարալիկ | Մարտունի | Մասիս | Մեծամոր | Մեղրի | Նոյեմբերյան | Նոր Հաճն | Շամլուղ | Չարենցավան | Ջերմուկ | Սիսիան | Սպիտակ | Ստեփանավան | Սևան | Վաղարշապատ | Վայք | Վանաձոր | Վարդենիս | Վեդի | Տաշիր | Քաջարան |
||
| Պորտալ:Հայաստան | ||