Հանքավան, բալնեոկլիմայական առողջավայր ՀՀ Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ հյուսիս։ Գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 1900 մ։ Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։ Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստ․ միջին ջերմաստիճանը՝ 16-18օ C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7օC), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 660 մմ։ Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքավանում գործում է «Հանքավան» առողջարանը (512 տեղանոց), ուր կիրառվում է ֆիզիոթերապիայի և բալնեոթերապիայի ժամանակակից բոլոր մեթոդները, մանկական առողջարանը, պանսիոնատները, հանքային ջրերի շշալցման գործարանը։ Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Հանքավանի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով զբաղվել են Ս․ Միրզոյանը, Ռ․ Գրիգորյանը, Ջ․ Շմավոնյանը, Բ․ Վարդազարյանը, Ա․ Մաշուրը, Է․ Մինասյանը, Լ․ Թումանյանը և ուրիշներ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |