Ուոլեսի հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլեսի հավաքածու
Տեսակպատմական շենք-թանգարան, պատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՎեստմինստեր
Կազմված էWallace Collection library and archives?
Ղեկավարության նստավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՀասցեHertford House, Manchester Square, Westminster W1U 3BN[2]Manchester Square?
Հիմնադրվել է1900
ՀիմնադիրSir Richard Wallace, 1st Baronet?[3] և Ջուլի Կաստելնաու[3]
Կայքwallacecollection.org(անգլ.) և wallacecollection.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի գլխավոր մուտքը, սեպտեմբեր, 2007 թվական
«Ուոլեսի շատրվանները» թանգարանի դիմաց, դեկտեմբեր, 2005 թվական
Ֆրանս Հալս Ծիծաղող ասպետը, 1624
Նիկոլա Պուսեն, Պար` ժամանակի երաժշտության տակ, մոտ. 1634-1636

Ուոլեսի հավաքածու (անգլ.՝ Wallace Collection), գեղարվեստական թանգարան, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում (Վեստմինստեր վարչական շրջան, Մարիլեբոն թանգարան)։ 14-19-րդ դարերի կերպարվեստի և դեկորատիվ արվեստի գործերի ռեկորդային հավաքածու ունեցող, համաշխարհային ճանաչման թանգարան է։ Այստեղ են պահվում 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության նշանակալի հավաքածուներ, Լուի XV-ի դարաշրջանի կահույք, եվրոպական ու արևելյան ծագման զենք ու զրահ, ոսկե զարդատուփեր, մանրանկարներ, քանդակներ, մայոլիկաներ, իրեր բրոնզից, ապակուց և «հին վարպետների» նկարներ (Տիցիան, Ռեմբրանդ վան Ռեյն, Պիտեր Պաուլ Ռուբենս, Անտոնիս վան Դեյք, Պիտեր դե Հոոխ, Դավիդ Կրտսեր Տենիրս, Ֆրանս Հալս, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո, Դիեգո Վելասկես, Դոմենիկինո, Չիմա դա Կոմելիանո, Բեռնարդո Դադի, Գվիդո Ռենի, Սալվատորե Ռոզա, Յան Ստեն, Ալբերտ Կյոյպ), ինչպես նաև` Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի, Ֆրանսուա Բուշեի, Թոմաս Գեյնսբորոյի, Ջոշուա Ռեյնոլդսի, Անտուան Վատտոյի, Նիկոլա Լանկրեի, Ֆրանչեսկո Գվարդիի ևա այլ նկարիչներ աշխատանքներ, որոնք տեղավորված են 20 պատկերասրահներում (ընդհանուր առմամբ` մոտ 5500 առարկա)։

Թանգարանի տեսաուղերձն ու ցուցադրությունը կարելի է դիտել թանգարանի ֆեյսբուքյան էջում[4], առանձին ներկայացված է նաև ժեստերի անգելերն լեզվով և ենթագրերով տեսահոլովակ` լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար[5]։

Հավաքածուի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլեսի հավաքածուն ընտանեկան օրիգինալ հավաքածու է, որի արվեստի գործերը հավաքվել են 1760-1880 թվականների ընթացքում, Սեյմուր Կոնվեյ ընտանիքի առաջին չորս մարկիզների և սըր Ռիչարդ Ուոլեսի կողմից` Մանչեսթր սքուերում գտնվող Հերթֆորդ հաուս առանձնատան համար։ 19-րդ դարում ընտանիքի ներկայացուցիչներն ապրել են Փարիզում և Լոնդոնում, ինչն որոշել է հավաքածուի եվրոպական բնույթը։

Ֆրենսիս Սեյմուր Կոնվեյը, Հերթֆորդի 1-ին մարկիզը (1718-1794), բրիտանացի պալատական էր ու քաղաքական գործիչ, Սոմերսեթի առաջին մարկիզ Էդուարդ 4-ի ուղղակի ժառանգը, ձեռք է բերել 8 նկար, որոնք այժմ ցուցադրված են Ուոլեսի հավաքածուում. դրանցից վեցը Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի (և նրա ստուդիայի) աշխատանքներն են, երկուսը` իր աղջիկների դիմանկարները, որոնք պատվիրվել էին Ջոշուա Ռեյնոլդսին։

Հերթֆորդի 2-րդ մարկիզը, Ֆրենսիս Ինգրամ Սեյմուր Կոնվեյը (1743-1822), առաջին մարկիզի որդին, հյուպատոս էր Բեռլինում և Վիեննայում և լորդ-սենեկապետ, ձեռք է բերել երկու սքանչելի դիմանկար. Ջոշուա Ռեյնոլդսի «Նելլի Օ'Բրայենը» և Ջորջ Ռոմնիի «Մերի Ռոբինսոնը»։ Նրան նվիրել են ընտանիքի ընկեր Մերի Ռոբինսոնի ևս մեկ դիմանկար, որը Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքն էր։ Նա ձեռք է բերել նաև ֆրանսիական կահույքի որոշ առարկաներ և սևրյան ճենապակուց պատրաստված իրեր։

Հերթֆորդի երրորդ մարկիզը, Ֆրենսիս Չարլզ Սեյմուր Կոնվեյը (1777-1842), երկրորդ մարկիզի որդին էր, բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ և կոլեկցիոներ, արքայազն-ռեգենտ, արդյունքում` Գեորգ IV արքայի ընկերը, որն արվեստի հայտնի գիտակ էր։ Նա ձեռք է բերել Տիցիանի «Պերսևսն ու Անդրոմեդան», 17-րդ դարի հոլանդական արվեստի գործեր, այնպիսիք, ինչպիսիք են Կասպար Նեշտերի «Ժանեկագործուհին» և Ռեմբրանդ վան Ռեյնի «Բարի սամարացին», ինչպես նաև` ֆրանսիական կահույք, բրոնզից և սևրյան մարմարից պատրաստված առարկաներ։

Ռիչարդ Սեյմուր Կոնվեյը, Հերթֆորդի 4-րդ մարկիզը (1800-1870), երրորդ մարկիզի որդին էր, ծնվել է Լոնդոնում, սակայն մեծացել է Փարիզում։ Կարճ ժամանակ նա եղել է Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ և հեծելազորի սպա, սակայն 1829 թվականին որոշել է հրաժարվել հանրային բոլոր պարտավորություններից և վերջանականապես հաստատվել Փարիզում։ Կյանքի վերջին 30 տարիները նվիրվել են արվեստի գործեր հավաքելուն։ Նա ձեռք է բելեր հոլանդական գեղանկարչության գործեր, «հին վարպետների» շատ հիանալի աշխատանքներ (այդ թվում` Նիկոլա Պուսենի, Անտոնիս վան Դեյքի, Դիեգո Վելասկեսի և Պիտեր Պաուլ Ռուբենսի գլուխգործոցներ) և թանգարանում պահվող 19-րդ դարի աշխատանքների մեծ մասը։ Ինչպես և իր հայրը, նա տարված էր 18-րդ դարի ֆրանսիական արվեստով, սակայն ձեռք է բերել շատ ավելի մեծ մասշտաբի և ավելի լայն շրջանակի առարկաներ։ Նա գնել է Անտուան Վատտոյի, Ժան Գրյոզի, Ֆրանսուա Բուշեի, Ժան Օնորե Ֆրագոնարի նկարներից, սևրական ճենապակու բավականին շատ պարագաներ, ֆրանսիացի լավագույն կահույքագործների կահույք, ինչպես նաև` մանրանկարներ, ոսկե զարդատուփեր, գոբելեն և քանդակներ։ Իր կյանքի վերջին տասնամյակում նա ձեռք է բելեր արևելյան զենք ու զրահի նշանակալի հավաքածու, ինչպես նաև` եվրոպական զենքի ներկայացուցչական օրինակներ։ Չորրորդ մարկիզը, որպես կանոն, աշխատանքները գնել է աճուրդում, գործակալների միջոցով` նախապատվությունը տալով բարձրակարգ ստեղծագործություններին, որոնք լավ վիճակում են եղել և հայտնի են եղել իրենց ծագմամբ։ Հենց նրա ճաշակն է առավելապես որոշել Ուոլեսի հավաքածուի այսօրվա բնույթը։

1870 թվականին առանձնատունն իր ամբողջ պարունակությամբ անցել է վերջին մարկիզի արտաամուսնական որդուն` սըր Ռիչարդ Ուոլեսին։ Նա գերված էր ռոկոկոյի դարաշրջանի ֆրանսիական մշակույթով և կյանքի մեծ մասն անց է կացրել Փարիզում` գնելով Բուշեի, Ֆրագոնարի և այլ վարպետների աշխատանքներ։ Ի նշան երախտագիտության` նա Փարիզ քաղաքին է նվիրել Ուոլեսի 50 շատրվան, որոնք դարձել են քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ 1872 թվականին Լոնդոն վերադառնալով` նա հավաքածուի մեծ մասը ցուցադրել է Լոնդոնի Մանկության թանգարանում, որտեղ այն դիտել են մի քանի հազար այցելուներ, իսկ ինքը` ցուցահանդեսը, սենսացիա է դարձել։ Հորից սկզբունքորեն տարբերվում էր նրա սերը միջնադարյան և Վերածննդի դարաշրջանի արվեստի հանդեպ։ Նա ձեռք է բերել եվրոպական զենք ու զրահի երկու խոշոր հավաքածու, իտալական վաղ շրջանի նկարներ և վիկոնտ դե Տոզյային պատկանող պատկերզարդ ձեռագրեր, ինչպես նաև` բազմաթիվ գեղեցիկ մանրանկարներ ու զարդատուփեր։ 1878 թվականի հուլիսի 26-ին Վիկտորյա թագուհու սիրելի վարչապետ Բենջամին Դիզրայելին այցելել է Հերթֆորդ հաուս և գրառել է այցելուների գրքում. «Այս պալատում հանճարեղություն է, երևակայություն և ճաշակ»[6]։ Կյանքի վերջում սըր Ռիչարդ Ուոլեսը քննարկել է հավաքածուն ազգին նվիրելու հնարավորությունը, սակայն կառավարությունից չի կարողացել երաշխիք ստանալ` շահագործման ծախսերի վերաբերյալ։ Կոլեկցիոները մահացել է 1890 թվականին և թաղվել է փարիզյան Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Յոթ տարի անց նրա այրին` տիկին Ուոլեսը, հավաքածուն կտակել է բրիտանական ազգին այն պայմանով, որ Հերթֆորդ հաուս առանձնատունը մշտապես անվճար բաց լինի բոլոր ցանկացողների համար, ինչն իրականացվել է 1900 թվականի հունիսի 22-ին։ Սա մեծագույն մասնավոր նվերն է, որ երբևէ ստացել է Մեծ Բրիտանիան։ Իր կամքն արտահայտելով` տիկին Ուոլեսնն, ամենայն հավանականությամբ, ցանկացել է հավերժացնել իր ամուսնու հիշատակը, միևնույն ժամանակ` նա նաև ընդգծել է հավաքածուի ձևավորման և պահպանման հարցում իր կարևոր դերը։ Կտակը նաև պարտադրում է, որ երբևէ որևէ իր չի կարող հեռացվել Հավաքածուից` անգամ ժամանակավոր ցուցադրություններում ցուցադրվելու համար։ Թանգարանը նաև իրավունք չունի ձեռք բերել կամ նվեր ստանալ որևէ առարկա։ Տիկին Ուոլեսը նաև հստակեցրել է, որ կառավարությունը պետք է թանգարանի նոր շենքի համար տարածք հատկացնի, և որ ամբողջ հավաքածուն պետք է պահվի նույն վայրում։ Հերթֆորդ հաուսի հավաքածուն նույնությամբ պահպանվում է նաև մեր օրերում. թանգարանը չի գործել միայն երկու համաշխարհային պատերազմների տարիներին։

Մահից առաջ տիկին Ուոլեսն իր կարողության մեծ մասը, այդ թվում և` Հերթֆորդ հաուսից դուրս գտնվող գեղարվեստական հավաքածուները ժառանգել է սըր Ջոն Մյուրէյ Սքոթին (1847-1912), որը սըր Ռիչարդ Ուոլեսի քարտուղարն էր և նրա այրու ամենամտերիմ ընկերն ու խորհրդատուն։ Մյուրէյ Սքոթն անսպասելիորեն դարձել է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը, Լաֆիտ փողոցում բնակարանի և Փարիզում` պալատի սեփականատեր, ինչպես նաև` նրան է հասել մեկ այլ անշարժ գույք Լոնդոնում, որտեղ գտնվում էին կահույքի հավաքածուներ, քանդակներ, գոբելեն և ճենապակի։ Նա դարձել է Ուոլեսի հավաքածուի առաջին խնամատարը։ Արդյունքում նա վաճառել է Փարիզի պալատը, իսկ իր մահից հետո Փարիզի բնակարանն ու արվեստի հավաքածուները ժառանգել է իր ընկերուհուն` բարոնուհի Սէքվիլին, որը հավաքածուն արագ վաճառել է արվեստի գործակալ Ժակ Սելիգմանին։ Վերջինս այն մաս-մաս վաճառել է հաջորդ մի քանի տարիների ընթացքում. «Ուոլեսի երկրորդ հավաքածուի» արվեստի գործերն այժմ կարելի է տեսնել Ամերիկայի և Եվրոպայի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։

Թանգարանի պահապաններ և տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1897-1911` սըր Կլոդ Ֆիլիպս
  • 1912-1924` Դուդալդ Սազրլէնդ Մաքոլ Сазэрлэнд Макколл]]
  • 1924-1936` Սեմուել Քեմփ
  • 1936-1962` սըր Ջեյմս Մանն
  • 1963-1974` սըր Ֆրենսիս Ուոթսոն
  • 1974-1978` Թերենս Հոջքինսոն
  • 1978-1992` Ջոն Ինգամելս
  • 1992-2011` տիկին Ռոզալինդ Սևիլ
  • 2011-2016` դոկտոր Քրիշտոֆ Մարտին Ֆոհտգյոր
  • 2016 թվականից` դոկտոր Քսավյե Բրեյ

Թանգարանի կարգավիճակ և այցելության պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլեսի հավաքածուն ունի Բրիտանիայի արտագերատեսչական հասարակական հաստատության և բարեգործական կազմակերպության կարգավիճակ, ղեկավարվում է 1992 թվականի Թանգարանների ու պատկերասրահների մասին ակտով։

Թանգարանի մուտքը, այդ թվում և` ժամանակավոր ցուցադրությունների համար, ազատ է։

Թանգարանն աշխատում է ամեն օր (բացի դեկտեմբերի 24-26), ժամը 10:00-17:00։ Հարկերի անվճար նախագիծը կարելի է ստանալ տեղեկատվական բյուրոյում, այնտեղ նաև փոքր վճարի դիմաց հասանելի են ցուցանմուշների` անգլերենով և ֆրանսերենով ձայնային բացատրություններ, ինչպես նաև` մուլտիմեդիա ուղեկցորդ` երեխաների համար։

Թանգարանում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` սահմանափակ հնարավորություններով այցելուների համար։ Կազմակերպվում են հատուկ միջոցառումներ երեխաների և ընտանեկան ժամանցի համար, թանգարանի տարածքում անցկացվում են համերգներ, դասախոսություններ, ստեղծագործական երեկոներ, գեղանկարչության դասեր, հետազոտողները կարող են աշխատել թանգարանի գրադարանում կամ արխիվում։

Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում թանգարանում ապահովվում է «Լուսավորականության դարաշրջանի արվեստը. նկար, տեքստ, օբյեկտ» դասընթացի անցկացումն ասպիրանտների համար[7]։

Թանգարանը ստեղծել է նաև տվյալների Wallace Live համացանցային բազա[8], որում կարելի է փնտրել թանգարանի պատկերներն ու դրանց մասին տեղեկատվություն։ YouTube-ում և փդքասթերում հասանելի են տեսանյութեր թանգարանի գանձերի մասին։

Թանգարանի խանութում կա ալբոմների, գրքերի, հուշանվերների և նվերների մեծ ընտրություն, որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են եղել թանգարանում առկա հավաքածուները։

Թանգարանի գլուխգործոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն իր գլուխգործոցներն է համարում.

  • Ֆրանս Հալսի «Ծիծաղող ասպետ» կտավը, Նիդերլանդներ, 1624, կտավ, յուղաներկ (մեծ պատկերասրահ),
  • «գլոբուսներով» գրասենյակային հավաքածուն, Ֆրանսիա, 1758-1759, Սևրյան ճենապակի, ոսկերիչ` Ժան Կլոդ Շամբելլան Դյուպլեսսի ավագ (մոտ` 1695-1774), քերովբեների պատկերի հեղինակը, հավանաբար, Շառլ Նիկոլյա Դոդենն է,
  • Լուի 15-րդի գրասեղանը, Ֆրանսիա, 1739, վարպետներն են` Անտուան Ռոբեր Գորդո (1682-1746), Ժակ Կաֆիերին (1678-1755), կաղին, կարմիր փայտե տուփեր,
  • տիկին դե Սերիի կիսանդրին, հեղինակ` Ժան Անտուան Հուդոն, Ֆրանսիա, 1782, մարմար,
  • ձիու զրահ, հավանաբար, Ուլրիխ Ռյոմբսի զինանոցից, Գերմանիա, Լանդսհուտ, մոտ. 1480 թվական,
  • Մարքիզուհի դե Պոմպադուրի դիմանկարը, Ֆրանսուա Բուշեի աշխատանքը, Ֆրանսիա, 1759 թվական, կտավ, յուղաներկ,
  • ոսկերիչ Ժան Դյուկրոլի պատրաստած ծխախոտամանը, Ֆրանսիա, Փարիզ, 1744, ոսկի, էմալ,
  • Պիտեր Պաուլ Ռուբենսի «Ծիածանով բնանկար» կտավը, Ֆլանդրիա, մոտ. 1636 թվական (մեծ պատկերասրահ),
  • Անդրե Շառլ Բուլի աշխատանքը համարվող զգեստապահարան, մոտ.` 1700, կաղին,
  • Ժան Օնորե Ֆրագոնարի «Ճոճանակ» կտավը, Ֆրանսիա, 1767, կտավ, յուղաներկ,
  • գինի սառեցնելու ջրաման, Ֆլամինիո Ֆոնտանայի արվեստանոցը, Իտալիա, Ուրբինո, 1574,
  • Անտուան Վատտոյի «Նրբակիրթ Առլեկինը և Կոլոմբինան» կտավը, Ֆրանսիա, մոտ. 1714-1717:

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլեսի հավաքածուն ցուցադրվում է «տնային միջավայրում»` Հերթֆորդ հաուսում, որը շինության նախկին սեփականատերեր Սըր Ռիչարդ Ուոլեսի և տիկին Ուոլեսի գլխավոր նստավայրն էր և գտնվում է Լոնդոնի կենտրոնում ու կառուցվել է որպես Մանչեսթեր Հաուս 18-րդ դարում։

Առանձնատունը կառուցվել էր ըստ ճարտարապետ Ջոշուա Բրաունի նախագծի, 1776-1788 թվականներին, Մանչեստրի 4-րդ հերցոգ Ջորջ Մոնտեքյուի կողմից, Պորտման ընտանիքին պատկանող վարձակալած հողի վրա։ Երեքհարկանի շենքը բաղկացած էր հինգ բաժիններից` հարավային ճակատում և ուներ մեծ վենետիկյան պատուհան։

1791-1795 թվականներին այն օգտագործվել է Իսպանիայի հյուպատոսության կողմից, 1797 թվականին շենքը վարձակալել է Ֆրենսիս Ինգրամ Սեյմուր-Կոնվեյը, Հերթֆորդի 2-րդ մարկիզը։ 1807 թվականին նա երկրորդ հարկի յուրաքանչյուր կողմում երկուական սենյակ է ավելացրել և ձմեռային այգի` գլխավոր մուտքի մոտ։ 2-րդ մարկիզը տունն օգտագործել է որպես իր հիմնական լոնդոնյան նստավայր` այնտեղ շատ ընդունելություններ ու երեկոներ կազմակերպելով, որոնցից ամենահայտնին 1814 թվականին Նապոլեոնի պարտությունից հետո կազմակերպած Դաշնակիցների գերիշխանների պարահանդեսն էր։ 1836-1851 թվականներին շենքում է տեղակայվել Ֆրանսիայի հյուպատոսությունը։

Ռիչարդ Սեյմուր-Կոնվեյը, Հերթֆորդի 4-րդ մարկիզը, հիմնականում ապրել է Փարիզում և Մանչեստր-հաուսը հիմնականում օգտագործվել է արվեստի աճող հավաքածուն պահելու համար։ Միայն 1871 թվականին Փարիզի կոմունայից հետոսըր Ռիչարդ Ուոլեսը, 4-րդ մարկիզի արտաամուսնական որդին, որոշել է վերադառնալ Լոնդոն` փարիզյան իր հավաքածու մեծ մասի հետ։ Մանչեստր հաուսի վարձակալական իրավունքները ձեռք բերելով Հերթֆորդի 5-րդ մարկիզ Ֆրենսիս Ջորջ Հյուգ Սեյմուրից` նա տունը վերանվանել է Հերթֆորդ հաուս։ Ճարտարապետ Թոմաս Էմբլերը սըր Ռիչարդի պատվերով վերակառուցել է շինությունը, հավելյալ շինություններ ու սենյակներ կառուցել։ 1897-1900 թվականներին շենքը դարձել է Հասարակական աշխատանքների գրասենյակ։

2000 թվականին թանգարանում 100-ամյակի նախագիծը ճարտարապետ Ռիկ Մազերի կողմից իրականացնելուց հետո թանգարանի տարածքն ավելացել է 30 տոկոսով. կառուցվել է ֆրանսիական ոճի ռեստորան[9]։

Թանգարանային տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին հարկ. նախասրահ (նորացվել է 1994 թվականին), ճաշարան, տոնակատարությունների դիմային սրահ, տոնակատարությունների ետնասրահ, 16-րդ դարի պատկերասրահ, ծխելու համար նախատեսված սենյակ, արևելյան զենքի սրահ, եվրոպական զենքի 1-ին սրահ, եվրոպական զենքի 2-րդ սրահ, եվրոպական զենքի 3-րդ սրահ, զենքի միջանցք։
  • Երկրորդ հարկ. նախասրահ, օվալաձև հյուրասենյակ, փոքր հյուրասենյակ, մեծ հյուրասենյակ, արևելյան հյուրասենյակ, արևելյան 1-ին պատկերասրահ, արևելյան 2-րդ պատկերասրահ, արևելյան 3-րդ պատկերասրահ, մեծ պատկերասրահ, գրասենյակ, արևմտյան սենյակ, արևմտյան 1-ին պատկերասրահ, արևմտյան 2-րդ պատկերասրահ, 19-րդ դարի պատկերասրահ։
  • Ցոկոլային սենյակ վերակառուցվել է 2000-ական թվականներին. ընդլայնվել և նորացվել է ծիրանաքարե բակի տարածքը, կառուցվել են Ջոն Ռիբլետի հավաքածուի պատկերասրահը, ցուցասրահներ, Գուդիսոնի դասախոսական թատրոնը, Մերի Վեսթոնի կրթական ստուդիան, Էրանդայի գրադարանը` այցելուների համար։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլեսի հավաքածուում ներկայացված են նկարների ու մանրանկաների, կերամիկայի, զենքի ու զրահի հավաքածուներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր, կահույք, քանդակներ։

Հավաքածուի արվեստի գործերը ներառում են[10]։

  • նկարներ, ջրանկարներ և գծանկարներ` 775;
  • կահույքի առարկաներ` 528;
  • կերամիկա` 510;
  • եվրոպական և արևելյան զենք ու զրահ` 2370;
  • քանդակներ` 466;
  • մանրանկարներ` 334;
  • միջնադարյան և Վերածննդի ժամանակաշրջանի դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր` 363;
  • ոսկերչական գործեր` 120.

Նկարներ և մանրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլեսի հավաքածուն ներառում է 14-19-րդ դարերում յուղաներկով պատկերված եվրոպական մեծաքանակ նկարներ, որն Անգլիայի թանգարաններից զիջում է միայն Լոնդոնի ազգային պատկերասրահին։

Հավաքածուի` «հին վարպետների» նկարները համաշխարհային գլուխգործոցներ են, որոնք ստեղծվել են ժամանակի առաջատար նկարիչների կողմից։ Ուոլեսի հավաքածուում հատկապես շատ են 17-րդ դարի հոլանդական ու ֆլամանդական գեղանկարչության գործեր, ցուցադրվում են նաև անգլիացի, իտալացի ու իսպանացի առաջատար նկարիչների աշխատանքներ։ Քանի որ Հերթֆորդի չորրորդ մարկիզը` Ռիչարդ Սեյմուչ Կոնվեյը, գրեթե մշտապես ապրում էր Փարիզում, զարմանալի չէ, որ հավաքածուի մեջ լիարժեքորեն ներկայացված են 18 և 19-րդ դարերի ֆրանսիացի աառաջատար նկարիչները. Վատտոն. Բուշեն, Ֆրագոնարը, Ալեքսանդր Գաբրիել Դեկանը, Մեյսոնիեն, որոնց կտավներից ուղղակի չկան Բրիտանական ազգային այլ հավաքածուներում։ Թանգարանի` 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության հավաքածուն աշխարհում լավագույններից է։

Ներկայացված են նաև 19-րդ դարի մի խումբ անգլիացի ու ֆրանսիացի գեղանկարիչներ, այդ թվում` Ռիչարդ Բոնինգտոնի, Ուիլյամ Թըրների, Թեոդոր Ժերիկոյի և Դեկանի աշխատանքներ, ինչպես նաև` 16-19-րդ դարերի ավելի քան 300 մանրանկարներ, որոնցից մեծամասնությունը ֆրանսիացի վարպետների աշխատանքներ են։ Թանգարանի նկարները, ջրանկարներն ու մանրանկարները եզակի հնարավորություն են տալիս մեր ժամանակներում տեսնել 19-րդ դարի կեսերի համար նորաձև հավաքածու, որը հավաքվել է Լոնդոնում և Փարիզում` բացառիկ ճաշակով ու գրեթե անսահմանափակ ռեսուրսներով։

Նկարների, ջրանկարների ու գծանկարների հավաքածուն ներկայացնում է եվրոպական բոլոր առաջատար դպրոցները.

  • Բրիտանական, գերմանական, իսպանական ու իտալական արվեստ` 151 նկար, 60 գծանկար[11]
  • 19-րդ դարի ֆրանսիական արվեստ` 134 նկար, 57 գծանկար[12]
  • Ֆրանսիական արվեստ` մինչև 1815 թվական` 144 նկար, 8 գծանկար և ջրանկար[13]
  • Հոլանդական արվեստ` 173 նկար, 2 գծանկար[14]
  • Ֆլամանդական արվեստ` 8 նկար[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. Mapping Museums — 2016.
  3. 3,0 3,1 https://www.oxfordartonline.com/page/wallace-collection-guide
  4. «Director's Introduction to the Wallace Collection».
  5. «Introduction to the Wallace Collection in BSL».
  6. The Wallace Collection : Guidebook : A Family Collection. A National Museum. An International Treasure House / Wallace Collection. — 8th ed. — [London]: Trustees of the Wallace Collection, 2013. — P. 4. — ISBN 978-0-900785-70-2.
  7. «The Art of the Enlightenment: Image, Text, Object».
  8. «Wallace Live».
  9. «The Wallace Collection: Cafe Bagatelle». Design Week. 2000 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  10. The Wallace Collection Annual Report and Accounts 2004-05 HC
  11. Ingamells, John The Wallace Collection: Catalogue of Pictures I. — London : Trustees of the Wallace Collection, 1985. — 464 p. — ISBN 0900785160.
  12. Ingamells, John The Wallace Collection: Catalogue of Pictures II. — London : Trustees of the Wallace Collection, 1986. — 326 p. — ISBN 0900785195.
  13. Ingamells, John The Wallace Collection: Catalogue of Pictures III. — London : Trustees of the Wallace Collection, 1989. — 410 p. — ISBN 0900785357.
  14. 14,0 14,1 Ingamells, John The Wallace Collection: Catalogue of Pictures IV. — London : Trustees of the Wallace Collection, 2006. — 464 p. — ISBN 0900785381.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кудрявцев Б. В. Художественные музеи Лондона: Галерея Тейт. ГалереяИнститута Курто. Коллекция Уоллес. Картинная галерея Далидж-Колледжа и Галерея Кенвуд-Хауса / Рецензент И. А. Кузнецова; Художник серии Н. И. Васильев. — М.: Искусство, 1994. — 224 с. — (Города и музеи мира). — 25 000 экз. — ISBN 5-210-02545-4 (в пер.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլեսի հավաքածու» հոդվածին։