Jump to content

Կենսական ցուցանիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենսական ցուցանիշներ
Ինտեգրված համակարգերով անզգայացնող սարք՝ մի քանի կենսական պարամետրերի մոնիտորինգի համար, ներառյալ արյան ճնշումը և սրտի աշխատանքը
Ենթադասկլինիկական նշան
MeSHE01.370.600.875
 Vital signs Վիքիպահեստում

Կենսական կարևոր ցուցանիշներ (անգլ.՝ Vital Signs), բժշկական ցուցանիշներ, որոնք արտացոլում են մարդու օրգանիզմում տեղի ունեցող կենսական ֆունկցիաների վիճակը։ Այս չափումները թույլ են տալիս պատկերացում կազմել անձի ընդհանուր առողջական վիճակի մասին, իսկ ցուցանիշների նորմայի սահմաններից շեղումները հուշում են հիվանդության հավանական առկայության մասին։ Ցուցանիշները կարևոր են նաև հիվանդության ապաքինման շրջանը գնահատելու և վերահսկելու համար։ Տարբեր անձանց մոտ կենսական ցուցանիշների նորմայի սահմանները կարող են տարբեր լինել՝ կախված տվյալ անձի տարիքից, քաշից, սեռից և այլ գործոններից[1][2]։

Կենսական ցուցանիշները դասակարգվում են համաձայն Միջազգային ստանդարտ կոդավորման համակարգի (LOINC)[3]։

Գումարելով անձի բոլոր կենսական ցուցանիշներին համապատասխան թվային արժեքները, ստացվում է մեկ ընդհանուր միավոր։ Ըստ ստացված միավորի գնահատվում է հիվանդի առողջական վիճակը՝ համաձայն միջազգային գնահատման սանդղակի։ Այս սանդղակը թույլ է տալիս ճիշտ գնահատել անհատի առողջական վիճակը և կյանքին սպառնացող իրավիճակների դեպքում կազմակերպել հիվանդի արագ տեղափոխումը վերակենդանացման բաժանմունք, որտեղ արագ արձագանքման թիմը կկարողանա կայունացնել հիվանդի վիճակը և կանխել անցանկալի ելքերի առաջացումը[4][5]։

Հիմնական կենսական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերանի խոռոչի (օրալ) ապակյա ջերմաչափ

Հիմնական կենսական ցուցանիշները չորսն են՝

  1. մարմնի ջերմաստիճան
  2. զարկերակային ճնշում
  3. անոթազարկ (սրտի զարկերի թիվ)
  4. շնչառական շարժումների թիվ[6]։

Հիմնական ցուցանիշների գնահատումից զատ բուժզննման ընթացքում հնարավոր է նաև այլ պարամետրերը գնահատելու անհրաժեշտություն առաջանալ․ հինգերորդ և վեցերորդ ցուցանիշները, որոնց կանդրադառնանք ստորև։

Մարմնի ջերմաստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի ջերմաստիճան ասելով հասկանում ենք մարմնի ներքին ջերմաստիճանը, որը նորմայում ենթարկվում է ջերմակարգավորման մեխանիզմներին։ Ջերմակարգավորումը օրգանիզմում ջերմագոյացման և ջերմահաղորդականության հավասարակշռումն է։

Մարմնի ջերմաստիճանը չափվում է տվյալ անհատի նորմալ ջերմաստիճանը որոշելու համար, իսկ հիվանդության կասկածի դեպքում սկզբնական ջերմաստիճանի որոշման և հիվանդության հետագա ընթացքը գնահատելու համար։

Մարմնի ջերմաստիճանը կարող է չափվել բերանի խոռոչից (օրալ ջերմաչափում), ուղիղ աղիքից (ռեկտալ ջերմաչափում), թևատակից (աքսիլար ջերմաչափում), ականջից կամ մաշկից։ Օրալ, ռեկտալ և աքսիլար ջերմաչափումները կարող են կատարվել և՛ ապակյա,և՛ էլեկտրոնային ջերմաչափերի օգնությամբ։ Հարկավոր է նշել,որ ռեկտալ(ուղիղ աղիքային) ջերմաստիճանը մոտավորապես 0.5 °C բարձր է, քան օրալ (բերանի) խոռոչի ջերմաստիճանը, իսկ աքսիլար (թևատակի) ջերմաստիճանը 0.5 °C ցածր է, քան օրալ ջերմաստիճանը[7]։

Թևատակի-Աքսիլար

ջերմաչափում

Ուղիղ աղիքային-Ռեկտալ

Ջերմաչափում

Բերանի խոռոչի-օրալ

Ջերմաչափում

Նորմալ ջերմաստիճան (°C) 36.0-37.0 °C 37-38.1 °C 36.5-37.5 °C
Նորմալ ջերմաստիճան (°F) 96.6-98.6 °F 98.6-100.6 °F 97.6-99.6 °F

Ի տարբերություն այս մեթոդների, ականջից և մաշկից ջերմաստիճանի չափման համար հարկավոր են հատուկ սարքավորումներ։

Մարմնի նորմալ ջերմաստիճան է համարվում մինչև 37 °C (98.6 °F), սակայն յուրաքանչյուր անհատի մոտ նորմալ ջերմաստիճանը կարող է լինել տարբեր։ Հիմնականում նորմալ ջերմաստիճանն ընկած է 36.0 °C-ից 37.5 °C (96.5-99.5 °F) սահմանում։

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում հիմնականում դիտվում է համակարգային ինֆեկցիաների կամ բորբոքման առկայության դեպքում է։ Տենդ կոչվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումը 37.8 °C-ից։ Ջերմաստիճանի բարձրացման այլ պատճառ է հիպերթերմիան,որը կապված է օրգանիզմում ջերմափոխանակության համակարգի անկանոնությունների հետ որպես ջերմագոյացման ավելացման հետևանք։

Ջերմաստիճանի իջեցում (հիպոթերմիա) նույնպես հանդիպում է և դրա առաջացման պատճառը պետք է պարզաբանել։ Հիպոթերմիա կոչվում է մարմնի ջերմաստիճանի իջեցումը 35 °C (95 °F) և ավելի վար։ Հիպոթերմիայի պատկեր կարող են առաջացնել գլխուղեղի տրավմաները,որոշ մետաբոլիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները և այլն[8]։

Խորհուրդ է տրվում գնահատել նաև ջերմաստիճանի տատանման ժամանակային կախումը։ Այն որոշ դեպքերում կարող է ունենալ ախտորոշիչ նշանակություն։ Որպես օրինակ՝ հեկտիկ տենդը, որին բնորոշ է կարճ ժամանակաշրջանում ջերմաստիճանի կտրուկ տատանման լայն միջակայքը, բնորոշ է հիմնականում թարախային բարդություններով ուղեկցվող հիվանդություններին՝ պիելոնեֆրիտին, աբսցեսներին, որոշ դեպքերում նաև տուբերկուլյոզին, լիմֆոմաներին և այլն[9]։

Բազկի միջային մակերեսին Բազկային զարկերակի շոշափում

Անոթազարկը (պուլս), մեկ րոպեում սրտի զարկերի թիվն է։ Սրտային հարվածի հետևանքով արյան մղումը դեպի մեծ շրջանառության զարկերակներ առաջացնում է զարկերակների պատի տատանում։ Ըստ այս տատանումների գնահատում են ռիթմի հաճախականությունը, զարկերի կանոնավորությունը և ուժգնությունը։ Անոթազարկը հաճախ ստուգում են դաստակի շրջանում, որտեղ անցնում է ճաճանչային զարկերակը։

Անոթազարկը կարող են ստուգել նաև՝

  • Բազկի շրջանում, որտեղ անցնում է բազկային զարկերակը (անգլ.՝ Brachial artery)
  • Պարանոցի շրջանում, որտեղ անցնում է քնային զարկերակը (անգլ.՝ Carotid artery)
  • Ծնկափոսի շրջանում, որտեղ անցնում է Ծնկափոսային զարկերակը (անգլ.՝ Popliteal artery )
  • Ոտնաթաթի շրջանում - մեջքային և հետին նրբոլոքային զարկերակները (անգլ.՝ Dorsalis pedis կամ Posterior tibial artery)

Անոթազարկը զգում են ցուցամատի և միջնամատի բարձիկների օգնությամբ՝ ճնշելով վերոնշյալ տեղամասերը։ Հաշվում են զարկերի թիվը մեկ րոպեի ընթացքում։ Ընդունված տարբերակ է նաև հաշվել զարկերի թիվը 30 վայրկյանների ընթացքում և բազմապատկել 2-ով։ Պուլսը կարող ենք հաշվել նաև ստետոսկոպի օգնությամբ՝ սրտի շրջանում լսման( աուսկուլտացիայի ) ժամանակ։ Կախված տարիքից, մարզվածության աստիճանից, էմոցիանոլ ֆոնից, ընդունած դեղամիջոցներից և առկա հարակից հիվանդություններից անոթազարկի նորմայի սահմանները կարող են տարբերվել։ Ըստ տարիքի նորմաները կարող ես տեսնել ստորև տեղադրված աղյուսակում։

Անոթազարկի շոշափման շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչառական շարժումների թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչառական շարժումների միջին թիվը տատանվում է կախված տարիքից։ 18-ից 65 տարեկան չափահասների շրջանում շնչառական շարժումների թիվը նորմայում 16-20 շնչառական ակտ է մեկ րոպեում[4]։ 16-ից ցածր շնչառական շարժումների դեպքում անվանում ենք հազվաշնչություն՝ բրադիպնոե, իսկ արագացումը 20 շ․շ․-ից ավելի կկոչվի հաճախաշնչություն՝ տախիպնոե։ Թվերի տատանումները կարող են խոսել և՛ ֆիզիոլոգիական, և՛ ախտաբանական գործընթացների մասին։ Ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում կդիտվի ֆիզիոլոգիական հաճախաշնչություն։ Այնպիսի ախտաբանական պրոցեսների դեպքում ինչպիսիք են սեպսիսը, դիաբետիկ կետոացիդոզը, թոքաբորբը, ասթման և այլ քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները կունենանք ախտաբանական հաճախաշնչություն՝ տախիպնոե[10]։

Զարկերակային ճնշում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստետոսկոպ և սֆիգմոմանոմետր

Արյան ճնշումը գրանցվում է 2 թվերի տեսքով։ Չափահասների շրջանում նորմալ ճնշում ընդունված է համարել 120/80 մմ․ս․ս․։ Բաժանարար գծից վեր նշվում է սիստոլիկ ճնշումը,որը գրանցվում է սրտի առավելագույն կծկման ժամանակ։ Գծից վար՝ դիաստոլիկ ճնշումը,որը սրտի թուլացման ընթացքում գրանցված ճնշումն է։ Սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումների տարբերությունը կոչվում է պուլսային ճնշում։

Սովորաբար արյան ճնշումը չափում են անվնաս ձախ վերին վերջույթից։ Վերջույթի վնասվածքի դեպքում՝ աջից։ Չափման միավորն է մմ սնդիկի սյունը։ Ոչ վաղ անցյալում ճնշումը չափելու համար օգտվում էին դասական սնդիկային ճնշաչափից, իսկ այժմ օգտագործում են առավել հարմար էլեկտրոնային ձեռքի ճնշաչափերը՝ սֆիգմոմանոմետրները։

Տարբերում ենք զարկերակային գերճնշում՝ հիպերտենզիա և թերճնշում՝ հիպոտենզիա։ Զարկերակային գերճնշում բնորոշվում է, երբ սիստոլիկ ճնշումը բարձրանում է 140, իսկ դիաստոլիկ ճնշումը 80 մմ ս․ս․-ից։ Ճնշման բարձրացումը հանդիսանում է մի շարք ախտաբանական վիճակների առաջացման ռիսկի գործոն ինչպիսիք են գլխուղեղի կաթվածը և սրտամկանի սուր ինֆարկտը։ Զարկերակային ճնշումը կարող է չափվել նաև վերջույթների այլ տեղամասերիում, որը կկոչվի սեգմենտար կամ տեղամասային զարկերակային ճնշում։ Այն օգտագործվում է զարկերակների խցանման հավանական տեղակայումը որոշելու համար՝ ըստ տվյալ հատվածի արյունամատակարարման ինտենսիվության։

Լրացուցիչ կենսական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հավելում վերոնշյալ 4 կետերին շատ մասնագետներ առաջարկում են ուշադրություն դարձնել նաև հետևյալ ցուցանիշներին՝ այցելուի հասակին, քաշին և մարմնի զանգվածի ինդեքսին[11]։ Ի տարբերություն այլ կենսական կարևոր ցուցանիշների, այս չափումները չեն կարող ակնթարթորեն փոփոխվել և խոսել օրգանիզմում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների մասին։ Սակայն այս նրանք օգտակար են երկարատև, քրոնիկ ընթացք ունեցող հիվանդությունների ընթացքին հետևելու համար։

Հինգերորդ և վեցերորդ ցուցանիշները հավաքական ցուցանիշներ են և իրենց մեջ ներառում են մի քանի պարամետրեր։

Հինգերորդ կենսական կարևոր ցուցանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ցավ, սուբյեկտիվ ցուցանիշ, հենվում է անձնական զգացողությունների վրա և հաճախ ճիշտ չի գնահատվում հիվանդի կողմից։ Ցավի ուժգնությունը չափվում է ըստ ցավի գնահատման սանդղակի 0-ից 10 միավորներով[12]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ցավի ուժգնության պարբերաբար գնահատումը կարևոր որոշիչ դեր չի խաղում հետագա հիվանդության հսկման համար[13][14][15]
  • Մենստրուալ ցիկլ[16][17]
  • Թթվածնի սատուրացիա, որը չափվում է պուլսօքիմետրի միջոցով[18][19][20]
  • Արյան մեջ գլյուկոզայի պարունակություն[21]։

Վեցերորդ կենսական կարևոր ցուցանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դելիրիում[22]
  • Հևոց[23]
  • Ֆունկցիոնալ ստատուս[24]
  • Կապնոգրաֆիա (EtCO2), ոչ ինվազիվ մեթոդ է առավելագույն արտաշնչված օդում ածխաթթու գազի պարցիալ ճնշումը կամ կոնցենտրացիան որոշելու համար[25]։

Ցուցանիշների տարիքային տարբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիք Նորմալ անոթազարկի

թիվը մեկ րոպեում

Նորմալ շնչառական շարժումների

թիվը մեկ րոպեում

Նորմայի սահմաններ Նորմայի սահմաններ
Նորածին 100-160 30-50 շ․շ․
0-5 Ամսական 90-150 25-40 շ․շ․
6-12 Ամսական 80-140 20-30 շ․շ․
1-3 տարեկան 80-130 20-30 շ․շ․
3-5 տարեկան 80-120 20-30 շ․շ․
6-10 տարեկան 70-110 15-30 շ․շ․
11-14 տարեկան 60-105 12-20շ․շ․
15-20 տարեկան 60-100 12-20 շ․շ․

Ըստ այս աղյուսակների տեսնում ենք,որ մանկահասակների մոտ ի տարբերություն չափահասների անոթազարկի և ճնշման ցուցանիշներն ավելի բարձր են, իսկ շնչառությունը ավելի հաճախ է։

Այս ամենը կրում է ֆիզիոլոգիական ադապտացիոն բնույթ։

Տարիք Սիստոլիկ ճնշում Դիաստոլիկ ճնշում
0-12 ամսական 75-100մմ ս․ս․ 50-70 մմ ս․ս․
1-4 տարեկան 80-110մմ ս․ս․ 50-80 մմ ս․ս․
3-5 տարեկան 80-110մմ ս․ս․ 50-80 մմ ս․ս․
6-13 տարեկան 85-120մմ ս․ս․ 55-80 մմ ս․ս․
13-18 տարեկան 95-140մմ ս․ս․ 60-90 մմ ս․ս․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Emergency Physicians Home». www.emergencyphysicians.org.
  2. «Vital Signs Table - ProHealthSys».
  3. «Home». LOINC.
  4. 4,0 4,1 National Early Warning Score Development and Implementation Group (NEWSDIG) (2012). National Early Warning Score (NEWS): standardising the assessment of acute-illness severity in the NHS. London: Royal College of Physicians. ISBN 978-1-86016-471-2.
  5. «Acute care toolkit 6: the medical patient at risk: recognition and care of the seriously ill or deteriorating medical patient» (PDF). Royal College of Physicians of London. 2013 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Vital Signs».
  7. https://www.microlife.com/magazine/fever/how-to-measure-body-temperature-correctly
  8. Hoffman, Matthew; MD. «The Thyroid (Human Anatomy): Picture, Function, Definition, Location in the Body, and More». WebMD (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  9. Dall, Lawrence; Stanford, James F. (1990). Walker, H. Kenneth; Hall, W. Dallas; Hurst, J. Willis (eds.). «Fever, Chills, and Night Sweats». Butterworths. PMID 21250166. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  10. Park, Sharon B.; Khattar, Divya (2021). «Tachypnea». StatPearls Publishing. PMID 31082106. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  11. «What should I include when I record vital signs of my patients for MU? - Providers & Professionals - HealthIT.gov». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  12. Lorenz, Karl A.; Sherbourne, Cathy D.; Shugarman, Lisa R.; Rubenstein, Lisa V.; Wen, Li; Cohen, Angela; Goebel, Joy R.; Hagenmeier, Emily; Simon, Barbara; Lanto, Andy; Asch, Steven M. (2009 թ․ մայիսի 1). «How Reliable is Pain as the Fifth Vital Sign?». J Am Board Fam Med. 22 (3): 291–298. doi:10.3122/jabfm.2009.03.080162. PMID 19429735.
  13. «Tips From Other Journals - American Family Physician».
  14. Mularski RA, White-Chu F, Overbay D, Miller L, Asch SM, Ganzini L (2006). «Measuring pain as the 5th vital sign does not improve quality of pain management». J Gen Intern Med. 21 (6): 607–12. doi:10.1111/j.1525-1497.2006.00415.x. PMC 1924634. PMID 16808744.
  15. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  16. American College of Obstetricians and Gynecologists. (2015). «Menstruation in girls and adolescents: using the menstrual cycle as a vital sign. Committee Opinion No. 651». Obstet Gynecol. 126: 143–6.
  17. American Academy of Pediatrics, Committee on Adolescence, American College of Obstetricians and Gynecologists, Committee on Adolescent Health Care. (2006). «Menstruation in Girls and Adolescents: Using the Menstrual Cycle as a Vital Sign». Pediatrics. 118 (5).{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Mower W, Myers G, Nicklin E, Kearin K, Baraff L, Sachs C (1998). «Pulse oximetry as a fifth vital sign in emergency geriatric assessment». Acad Emerg Med. 5 (9): 858–65. doi:10.1111/j.1553-2712.1998.tb02813.x. PMID 9754497.
  19. Mower W, Sachs C, Nicklin E, Baraff L (1997). «Pulse oximetry as a fifth pediatric vital sign». Pediatrics. 99 (5): 681–6. CiteSeerX 10.1.1.575.2200. doi:10.1542/peds.99.5.681. PMID 9113944.
  20. Neff T (1988). «Routine oximetry. A fifth vital sign?». Chest. 94 (2): 227. doi:10.1378/chest.94.2.227a. PMID 3396392.
  21. «Mining Vital Signs from Wearable Healthcare Device via Nonlinear Machine Learning». University of Hull. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  22. Bellelli, Giuseppe; Trabucchi, Marco (2008 թ․ մայիսի 1). «Delirium as the Sixth Vital Sign». Journal of the American Medical Directors Association. 9 (4): 279, author reply 279–80. doi:10.1016/j.jamda.2007.08.014. PMID 18457806 – via www.jamda.com.
  23. «Nursing care of dyspnea: the 6th vital sign in individuals with chronic obstructive pulmonary disease (COPD)». National Guideline Clearinghouse. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
  24. Bierman A (2001). «Functional Status: The Sixth Vital Sign». J Gen Intern Med. 16 (11): 785–6. doi:10.1111/j.1525-1497.2001.10918.x. PMC 1495293. PMID 11722694.
  25. «What Is End-Tidal Capnography? Purpose». MedicineNet (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսական ցուցանիշներ» հոդվածին։