Շնչառական շարժումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներշնչումը և արտաշնչումը
Թոքերի կառուցվածքը

Շնչառական շարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով դրա համարյա ամբողջ տարածքը։ Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր։ Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից։ Ընդ որում, արտաշնչման փուլն ավելի երկարատև է։ Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 միլիոն շնչառական շարժում։

Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների գործունեությամբ, կրծքավանդակի ծավալի փոփոխության շնորհիվ։ Միջկողային մկանների կծկումից կողոսկրերը բարձրանում են, կրծքավանդակի ծավալը մեծանում է դեպի կողքեր և առաջ։ Ստոծանու մկանների կծկումից դրա գմբեթները հարթվում են, իջնում ներքև, որից որովայնի օրգանները հրվում են ցած, և կրծքավանդակի ծավալը մեծանում է դեպի վար։ Այս պահին թոքամզային ճնշումն ավելի է փոքրանում մթնոլորտային ճնշման համեմատ։ Դրա հետևանքով թոքերն ինքնաբերաբար հետևելով կրծքավանդակի ծավալի մեծացմանը ձգվում են, և մթնոլորտային օդը շնչուղիներով թափանցում է թոքաբշտիկներ. կատարվում է ներշնչում։ Դրանից հետո միջկողային մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրությունից իջնում են ցած, իսկ ստոծանու մկանների թուլացումից ու որովայնի օրգանների ճնշումից ստոծանին բարձրանում է վեր, և կրծքավանդակի, հետևաբար նաև թոքերի ծավալները փոքրանում են։ Թոքաբշտիկներից օդը դուրս է մղվում և օդատար ուղիներով հեռացվում օրգանիզմից. կատարվում է արտաշնչում։ Ուժեղ արտաշնչմանը մասնակցում են նաև որովայնի խոռոչի և իրանի մկանները։

Թոքերի կենսական տարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմի տարբեր վիճակներում ներշնչվող և արտաշնչվող օդի քանակը փոխվում է։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ թոքերի օդափոխությունը մեծանում է, իսկ հանգիստ ժամանակ փոքրանում։ Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է 21100։ Բնականոն պայմաններում չափահաս մարդը հանգիստ ներշնչում և արտաշնչում է 500 սմ3 մթնոլորտային օդ։ Դա կոչվում է շնչառական ծավալ։ Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ3-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ3-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում։ Ամենախոր ներշնչումից հետո արտաշնչված օդի առավելագույն քանակը կոչվում է թոքերի կենսական տարողություն։ Բնականոն հանգիստ պայմաններում չափահաս մարդու թոքերի կենսական տարողությունը 3-5 լ (3000-5000 սմ3) է։ Այդ քանակը կարող է տատանվել կախված հասակից, սեռից, մարմնի դիրքից, մարզվածությունից։ Օրինակ, կանանցը 3-3,5 լ (3000-3500 սմ3) է, 6 տարեկան երեխայինը՝ 1200 սմ3, տղամարդկանցը՝ 4,5-5 լ (4500-5000 սմ3), մարզվածներինը՝ 6 լ, իսկ մարզիկներինը՝ մինչև 9 լ (9000 սմ3)։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է շնչաչափով։

Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ3, այսպես կոչված, մնացորդային օդ, որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը, որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։

Շնչառության կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչառությունը կարգավորվում է երկարավուն ուղեղում գտնվող շնչառական կենտրոնի և նյարդային համակարգի տարբեր բաժիններում գտնվող նեյրոնների միջոցով։ Շնչառական կենտրոնում տեղադրված են նեյրոններ, որոնք դրդվում են ներշնչման փուլում և կոչվում են ներշնչական նեյրոններ, իսկ արտաշնչման փուլում դրդվողներինը՝ արտաշնչական նեյրոններ։ Շնչառական կենտրոնից յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են ողնուղեղ, ապա կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն։ Դրա շնորհիվ մկանները կծկվում են, կրծքավանդակը լայնանում է, և տեղի է ունենում ներշնչում։ Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում։

Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում մեծ կիսագնդերի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները։ Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախությունը փոխվում է խոսելու ընթացքում։

Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանական ռեֆլեքսները՝ հազը և փռշտոցը։ Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչից, իսկ փռշտոցի դեպքում՝ քթի խոռոչից։ Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում։ Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում։ Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ՝ աղմկոտ և հաճախ։ Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է։

Արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ՝ 12։

Շնչառության հումորալ կարգավորումն իրականանում է արյան մեջ լուծված զանազան քիմիական նյութերով։ Մարմնի տարբեր օրգաններում և արյունատար անոթներում տեղադրված են զանազան քիմիաընկալիչներ, որոնց գրգռումից շնչառական կենտրոնին ազդակահոսք է հասնում արյան բաղադրության՝ թթվածնի, ածխաթթու գազի, ջրածնի իոնների պարունակության մասին և, համապատասխանաբար, կարգավորվում է շնչառությունը։ Ածխաթթու գազի շատացման դեպքում շնչառությունը խորանում է և այն արագ հեռացվում է օրգանիզմից։

Թոքերի օդամատակարարման մասին շնչառական կենտրոնին տեղեկացնում են օդատար ուղիներում և թոքաբշտիկներում տեղադրված ընկալիչները։ Օդում թթվածնի պակասը ռեֆլեքսորեն հաճախացնում է շնչառական շարժումները։

Ձայնը, հետևաբար խոսելը, երգելը առաջանում են արտաշնչելիս, սակայն այդ պահերին շնչառությունը չի փոխվում՝ շնչառությունը կարգավորող համակարգերի և շնչառական օրգանների համաձայնեցված աշխատանքի շնորհիվ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]