Հիպոթերմիա (հիպոթերմիան հուն. ὑποθερμία - ջերմություն), թերջերմություն, տաքարյուն կենդանիների և մարդու մարմնի ջերմության նվազումը, երբ ջերմատվության պրոցեսները գերազանցում են ջերմարտադրությանը։ Միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում մարդկանց և կենդանիներին հիպոթերմիայից պաշտպանում է ջերմամեկուսացումը (մարմնի ճարպաշերտը, մորթին, փետուրները, հագուստը), որի անբավարարության դեպքում առաջանում են ֆիզիոլոգիական ռեակցիաներ սառեցման հանդեպ (ջերմատվության սահմանափակումը մաշկով՝ արյունը մաշկից դեպի ներքին օրգանները ետ հոսելու շնորհիվ, մկաններում նյութափոխանակության կտրուկ բարձրացումը ն ջերմարտադրության մեծացումը շարժումների և աշխատանքի ընթացքում)։ Ցածր ջերմաստիճանի պայմաններում մարդկանց մոտ հիպոթերմիա կարող է առաջանալ միայն վերոհիշյալ մեխանիզմների ուժասպառումից հետո (հոգնածության հետևանքով քնելու, լրիվ անշարժության պայմաններում), սակայն շատ արագ կարող է զարգանալ ջերմակարգավորման խանգարումից (հարբածություն, շոկ, նարկոտիկ քուն, արյան կորուստ)։ Սառը ջրում ջերմատվությունը հասնում է հսկայական չափերի և չի փոխհատուցվում ջերմարտադրությամբ։ Եթե ջրի ջերմաստիճանը 0-4 °C է, հիպոթերմիայի հետևանքով մահը կարող է վրա հասնել 40-60 րոպեից։ Մարմնի ջերմաստիճանի իջեցումը մինչև 33-32 °C առաջացնում է քնկոտություն, գիտակցության մթագնում, 30 °C-ից ցածրի դեպքում՝ նյութափոխանակության արյան ճնշման հարաճուն իջեցում, սրտի աշխատանքի և շնչառության դանդաղում, 27- 26 °C-nւմ գիտակցության կորուստ, 23- 20 °C-ում՝ շնչառության, ապա սրտի կանգ։
Ֆիզիոլոգիական հիպոթերմիա նկատվում է որոշ կենդանիների մոտ ձմեռային քնի ընթացքում, որպես հարմարվողական ռեժիմ։ Մեռած հյուսվածքները (ուղեղի, սրտի), որոնց նյութափոխանակությունը հիպոթերմիաի դեպքում խիստ իջնում է, հեշտ են տանում թթվածնի անբավարարությունը ու երկար են դիմանում արյան շրջանառության ընդհատմանը։ Այս երևույթի վրա է հիմնված արհեստական հիպոթերմիայի կիրառումը ժամանակակից վիրաբուժության մեջ։
Հիպոթերմիա արհեստական՝ կանխարգելիչ և բուժիչ նպատակով տաքարյուն օրգանիզմի ընդհանուր սառեցումը ջերմակարգավորման կենտրոնական մեխանիզմների արգելակման ֆոնի վրա։ Մարդու օրգանիզմի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցության և այն բուժիչ նպատակով օգտագործելու առաջին հետազոտությունները կատարել է անգլիացի վիրաբույժ Դ. Լ. Կարին, 1798-ին, հետագա ուսումնասիրությունները 19–րդ դար և 20–րդ դար սկզբին կատարվել են կենդանիների վրա։ Կլինիկական պրակտիկայում հիպոթերմիա լայն կիրառում գտավ 1950-ից հետո, երբ կանադացի գիտնական Ու. Բիգելռուն կենդանիների վրա կատարած փորձերի շնորհիվ ապացուցեց սրտի անվտանգ անջատման հնարավորությունը և արյան շրջանառության դադարեցումը՝ 10-15 ր, 26-28 °C ջերմաստիճանի պայմաններում։ 1952 թվականին ամերիկացի բժիշկներ Ֆ. Լևին և Մ. Թաուֆիկը աշխարհում առաջին անգամ կատարեցին վիրահատություն բաց, «չոր» (արյան շրջանառությունից անպատված) սրտի վրա։ Հիպոթերմիայի պայմաններում սրտի վիրահատությունը մեծ կիրառություն է գտել առօրյա պրակտիկայում։ Հիպոթերմիայի հիմնական արդյունքը պայմանավորված է նյութափոխանակության պրոցեսների ինտենսիվության իջեցմամբ, թթվածնի հանդեպ օրգանների և հյուսվածքների պահանջի նվազմամբ։ Ջերմակարգավորման մեխանիզմների պաշարման դեպքում օրգանիզմի թթվածնային պահանջն իջնում է։ Հաստատված է, որ 26-27 °C-ում թթվածնի ընդհանուր պահանջն իջնում է 40%֊ով, սրտամկանինը՝ 50%-ով, ուղեղինը՝ 33%-ով։ Հիպոթերմիա կարելի է առաջացնել հիվանդին խորասուզելով սառը ջրով լոգնոցի մեջ, մարմինը սառույցով պատելով, հատուկ սավանների օգտագործմամբ (որոնց մեջ շրջանառվում է սառը ջուր), հիվանդին հատուկ սարքերում տեղավորելով, ուր ներմղվում է սառը օդ։ Օգտագործում են նաև օրգանիզմից դուրս արյան սառեցման տարբեր մեթոդներ՝ ջերմափոխանակիչներով։ Լայն տարածում է գտնում գանգուղեղային (կրանիոցերեբրալ) հիպոթերմիայի (ԿՑՀ) մեթոդը, որի հիմքում ընկած է գլխի սառեցումը, որն արդյունավետ է օրգանիզմի կենդանացման և առավել ծանր (սահմանային) վիճակների դեպքում։ Տաքարյուն կենդանիների համար հիպոթերմիան հանդիսանում է օրգանիզմի ախտաբանական վիճակ։ Հիպոթերմիայի ազդեցության ներքո փոխվում է սրտի աշխատանքը, բարձրանում նրա գրգռականությունը։ Նկատվում են երիկամների, լյարդի, անոթային տոնուսի անցողիկ փոփոխություններ։ Հիպոթերմիայի հանդեպ օրգանիզմի պատասխան ռեակցիան կանխելու լավագույն միջոց է մակերեսային նարկոզը՝ դեղաբանական հատուկ կոմպլեքս միջոցներով ու նյարդաէնդոկրին համակարգի արգելակումը հատուկ դեղամիջոցներով։ Սրտի վիրահատությունների ժամանակ առավել նպատակահարմար է 29-30 °C, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանը չափազանց վտանգավոր է սրտի գործունեության համար (սրտի թելիկախաղ՝ ֆիբրիսացիա)։ Այս պայմաններում սրտի անջատման թույլատրելի ժամկետը 10 րոպեից ոչ ավել է։ Բուժիչ նպատակներով հիպոթերմիան կիրառվում է հիպօքսիայի հետևանքների, գանգուղեղային ծանր վնասվածքների, բարձր ջերմության դեպքերում։ Հիպոթերմիա կարելի է կիրառել շատ օրերի ընթացքում։ Հիպոթերմիայի բուժիչ արդյունքը կախված է ժամանակին կիրառումից։
- Дарбинян Т. М. Совремменний наркоз и гипотермия в хирургии врожденны пороков сердца М. 1964,
- Вишнежский А. А. Регионарное искусственное хровообращение головного мозга и сердца в кардиохирургии, М․ 1968
Ի՞նչ է ջերմությունը և ե՞րբ դիմել բժշկի Արխիվացված 2014-09-19 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 420)։
|