Jump to content

Լապյերի պարադոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լապյերի պարադոքս, սոցիալական հոգեբանության ֆենոմեն, որի դեպքում նկատվում է մարդու դիրքորոշումների և իրական վարքագծի անհամապատասխանություն։ Երևույթը հայտնաբերել է Սթենֆորդի համալսարանի հոգեբան Ռիչարդ Լապյերը (անգլ.՝ Richard LaPiere) իր դասական գիտափորձի արդյունքում։

Նախորդող հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականների երկրորդ կեսին Ռիչարդ Լապյերը, մասնագիտացվելով ռասայական նախապաշարմունքների ոլորտում, հետազոտության ենթարկեց Անգլիայում և Ֆրանսիայում սևամորթների նկատմամբ վերաբերմունքը։ Հետազոտության նյութը հավաքվել է նախապես կազմված հարցերի արդյունքում, որոնք ներառվել են իբրև թե պատահական զրույցի մեջ և վերաբերում էին այդ երկրներում սպասարկման ոլորտին (այդ թվում՝ հյուրանոցներում)։ Վերլուծելով հարցերին հյուրանոցների տերերի տված պատասխանները՝ Լապյերը մեջբերել է Անգլիայում սովորող հնդիկ ուսանողին։ Վերջինիս խոսքերով ինքը երբեք այդ երկրում հյուրանոցային համար ստանալու հետ կապված դժվարություններ չի ունեցել։ Ըստ էության, այս հետազոտության արդյունքները հիմք են հանդիսացել 1930-ական թվականներին նոր հետազոտության անցկացման համար[1]։

Գիտափորձն անցկացվել է երկու փուլով[2].

  1. Առաջին փուլում Լապյերն իր ընկերների՝ չինացի ամուսնական զույգի հետ մի քանի տարի (1930-1933) ճամփորդել է ԱՄՆ-ում։ Նրանք այցելել են ամերիկյան 252 հաստատություն (68 հյուրանոց, 184 ռեստորան ու սրճարան), և գործնականում բոլոր տեղերում (բացառությամբ հյուրանոցներից մեկի) նրանք արժանանում էին ջերմ ընդունելության՝ բնակեցման հարցում չէին մերժում, անձնակազմը նրանց սիրալիր էր վերաբերվում, իսկ ռեստորաններում սպասարկումը համապատասխանում էր ընդունված չափանիշներին։
  2. Երկրորդ փուլն անցկացվել է ճամփորդության ավարտից 6 ամիս անց։ Լապյերը նամակներ է ուղարկել բոլոր այն հաստատություններին, ուր խումբը այցելել էր (67 հյուրանոց, 184 ռեստորան)՝ բացառությամբ այն մեկի, որտեղ նրանց չէին ընդունել՝ հիմք ընդունելով ռասայական նախապաշարմունքները։ Նամակում Լապյերը խնդրում էր պատասխանել՝ արդյոք ադմինիստրացիան պատրաստ է ընդունել չինացի հյուրերի։ Պատասխանել էր 128 հաստատություն. հյուրանոցների 92 %-ը և ռեստորանների ու սրճարանների 91 %-ը բացասական էին պատասխանել, մյուսներն օգտագործել էին խուսափողական ձևակերպումներ, և միայն մեկ հյուրանոց էր դրական պատասխան տվել։

Այդպիսով, Լապյերը հայտնաբերեց, որ հյուրանոցների անձնակազմի դիրքորոշումների և իրական վարքագծի միջև կա ակնհայտ անհամապատասխանություն։ Դա անդրադարձավ հոգեբանության բնագավառում դիրքորոշումների ուսումնասիրության կարգավիճակի վրա, քանի որ հարց առաջացավ, թե որքանով է նպատակահարմար ուսումնասիրել դիրքորոշումները, եթե դրանք, ինչպես պարզվեց, չեն անդրադառնում վարքագծի վրա[3]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գիտափորձի երկրորդ փուլում Լապյերի օգտագործած մեթոդները բավականին պարզունակ էին։ Հյուրանոցներին ուղարկված հարցարանում ներառված էին միայն պատասխանների երկու տարբերակ («այո» և «ոչ»)։ Ժամանակակից հոգեբանության մեջ այդպիսի հարցումները համարվում են ոչ հավաստի։
  • Պատասխան ստացվել է միայն հյուրանոցների կեսից. որոշ մասնագետներ ենթադրում են, որ եթե բոլոր հյուրանոցները պատասխանեին, ապա պատասխաններն այդքան միանշանակ չէին լինի։
  • Գիտափորձի երկու փուլերի անցկացման միջև եղել է 6 ամիս ժամանակ, և ոչ մի երաշխիք չկա, որ նամակներին պատասխանել են այն նույն աշխատակիցները, ովքեր հյուրանոցում դիմավորել են Լապյերին և նրա ընկերներին։ Հետևաբար արդյունքների արժանահավատությունը կարելի է կասկածի ենթարկել[3]։
  • Հնարավոր է, որ Լապյերի պարադոքսը կապված է խնդրի արդիականացման (ընկալման) հետ։ Քանի դեռ արդիականացում չէր եղել, ոչ ոք կենվորներին չէր դիտարկում իբրև որոշակի մաշկի գույնի կամ ազգության կրողներ։ Հետազոտությունը կառուցվել է խնդրի ոչ ճիշտ դիտարկմամբ։ Խնդրի դիտարկման օրինակ առանց արդիականացման. «Ինչպե՞ս եք վերաբերվում այլ ազգերի ներկայացուցիչներին»։ Խնդրի դիտարկման օրինակ արդիականացմամբ. «Արդյոք կցանկանաք, որ ձեր հարևանը լինի պակիստանցի փախստական (գնչու և այլն)»։ Երբ հարցը ձևակերպվում է այդ կերպ, պատասխանողը կենտրոնանում է ոչ թե անձի մասին իր սեփական տպավորության, այլ տվյալ ազգի ընկալման կարծրատիպերի վրա։

Ֆենոմենի բացատրության տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միլտոն Ռոկիչը նշել է, որ մարդը միաժամանակ ունի երկու վերաբերմունք (ատտիտյուդ). ժամանակի որոշակի պահի կարող է ակտիվանալ դրանցից միայն մեկը՝ ուղղված կամ օբյեկտի վրա, կամ իրադրության[4]։ Այս տեսության շրջանակներում դիտարկելիս նշվում է, որ այն ժամանակ, երբ Լապյերն ու նրա ընկերներն այցելել են հյուրանոց, ակտիվացել է իրադրության վրա ուղղված ատտիտյուդը, որը բացասական չի եղել։ Մինչդեռ օբյեկտին ուղղված ատտիտյուդը (վերաբերմունքը չինացիների նկատմամբ), որն ակտիվացել է նամակը կարդալիս, կտրուկ բացասական էր, ինչը և բացատրում է իրական վարքագծի և նամակի պատասխանի միջև ակնհայտ տարբերությունը։
  • Դեյվիդ Կացը և Էզրա Սթոթլենդը այս երևույթը բացատրում են ատտիտյուդների կառուցվածքի տեսանկյունից[5]։ Նրանց տեսության համաձայն՝ կախված իրադրությունից՝ առաջնային կարող է դառնալ դիրքորոշման ինչպես հուզական, այնպես էլ իմացական բաղադրիչը՝ այդ կերպ փոխելով վարքագիծը։
  • 1980-ական թվականներին հետազոտության խնդրի նկատմամբ հետաքրքրությունը կրկին թարմացավ[6]։ Էլիոթ Արոնսոնը փորձում էր վեր հանել այն գործոնները, որոնք պայմանավորում են վարքագծի վրա ատտիտյուդների ունեցած ազդեցությունը։ Նա առանձնացրել է այդ ներգործությանը խոչընդոտող կամ նպաստող գործոնները. ատտիտյուդի ուժը (ատիտյուդը կարելի է համարել ուժեղ, եթե գրգռիչին ի պատասխան անմիջապես առաջանում է ռեակցիա) և սպասելիությունը («ես այդպես էլ գիտեի»)[7]։ Այդ կերպ ատտիտյուդների կապը վարքագծի հետ որոշ առումով նորից հաստատվեց։
  • Մշակվել են նաև առանձին տեսություններ, որոնք բացատրում էին ատտիտյուդների և վարքագծի ավելի բարդ կապերը։ Իսահակ Այզենը և Մորիս Ֆիշբայնը առաջ են քաշել ատտիտյուդի տարրերի և վարքագծի «հստակ համընկնումը»՝ «համընդհանուր» ատտիտյուդը պետք է համեմատել ոչ թե առանձին դեպքի, այլ վարքագծային ակտերի ամբողջության հետ[8]։
  • Լոուրենս Ռայթսմանն առաջ է քաշել «մաքրող հոսքի» տեսությունը՝ նշելով մի խումբ հանգամանքներ, որոնք, նրա խոսքերով, «մաքրում» են վարքագծի վրա ատտիտյուդների ազդեցության ակնհայտությունը։

Վերոնշյալ բոլոր տարբերակները բխել են այն ենթադրությունից, որ ատտիտյուդները, այնուամենայնիվ, ազդում են վարքագծի վրա։ Որոշ գիտնականներ փնտրում էին խնդրի վերաբերյալ միանգամայն նոր մոտեցում։ Դարիլ Բեմը ենթադրում էր, որ ատտիտյուդների և վարքագծի միջև հարաբերությունը հակառակն է՝ հենց վարքագիծն է ազդում ատտիտյուդի վրա։ Բեմի համոզմամբ սկզբում մարդը ուսումնասիրում է իր վարքագիծը (օրինակ՝ չի կարդում դասական գրականություն), այնուհետև դրա հիման վրա ձևավորում է ատտիտյուդ (դասական գրականություն չսիրելը)[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lee, Raymond M. Commentary: LaPiere and methodological opportunism // International journal of epidemiology. — 2010. — Vol. 39. — № 1. — P. 16—17. — doi:10.1093/ije/dyp399
  2. La Piere R. Attitude versus action / (Eds.) Fishbein M., John N. Attitude Theory and Measurement. N.Y., 1967.
  3. 3,0 3,1 Андреева Г. М. Социальная психология: Учебник для высших учебных заведений. — 5-е изд., испр. и доп.. — М.: Аспект Пресс, 2008.
  4. Rokeach M. Belief, Attitudes, and Values: A Theory of Organization and Change. San Francisco: Jossey-Bass, Inc. 1968.
  5. Katz D., Stotland E. A preliminary statement to a theory of attitude structure and change. / Ed. S. Koch, Psychology: A study of a science (Vol. 3, pp. 423—475). New York: McGraw Hill.
  6. Андреева Г. М. Психология социального познания. М.: Аспект Пресс, 2000.
  7. Аронсон Э. Общественное животное. Введение в социальную психологию. — изд. 7. — М., 1998.
  8. Хьюстон М., Штребе В., Стефенсон Дж. Перспективы социальной психологии / Пер. с англ. М.: ЭКСМО, 2001.
  9. Bem D. J. Self-perception theory. / Ed. L. Berkowitz , Advances in experimental social psychology, Vol. 6. New York: Academic Press, 1972.