Բիարից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բիարից
ֆր.՝ Biarritz
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՇրջանՆոր Ակվիտանիա
ԴեպարտամենտԱտլանտյան Պիրենեյներ
ՀամայնքԲիարից
Մակերես11,66 կմ²
ԲԾՄ0—85 մ
Բնակչություն25 306 մարդ (2010)
Խտություն2170 մարդ/կմ²
Ագլոմերացիա213 969 մարդ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ559
Փոստային ինդեքս64200
Փոստային դասիչ64200[1]
64122
Պաշտոնական կայքbiarritz.fr
Բիարից (Ֆրանսիա)##
Բիարից (Ֆրանսիա)
Բիարից (Նոր Ակվիտանիա)##
Բիարից (Նոր Ակվիտանիա)

Բիարից (ֆր.՝ Biarritz), քաղաք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում (Նոր Աքվիտանիայի երկրամաս)։ Տեղակայված է Կոստա-Վասկայի երկայնքով։ Ֆրանսիայի «Արծաթե ափի» ծովափնյա շքեղ կլիմայական և հանքաջրաբուժական առողջավայր։ «Հրաշալի դարաշրջանում» եղել է արիստոկրատիայի և արքայական ընտանիքի երևելի անձանց, այսօր՝ նախագահների և այլ բարձր պաշտոնյաների հանգստավայրը։ Շնորհիվ Ատլանտյան օվկիանոսի հզոր ալիքների Բիարիցը համարվում է սերֆինգի համաշխարհային հռչակ ունեցող կենտրոն։

Քաղաքից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվում է օդանավակայանը, որը քաղաքը կապում է Ֆրանսիայի և Եվրոպայի բազմաթիվ քաղաքների հետ։ Քաղաքի կենտրոնից երեք կիլոմետր հեռավորության վրա տեղակայված է երկաթուղային կայարանը. ճեպընթաց TGV գնացքով Փարիզ հասնելը տևում է 5,5 ժամ։

Բիարիցը գտնվում է Բասկերի հողերի և Գասկոնի միջև եղած սահմանին։ Երկրամասի բոլոր վարչական շենքերի վրա Ֆրանսիայի և Եվրամիության դրոշների կողքին ծածանվում են նաև բասկերի կարմիր-կանաչ-սպիտակ դրոշները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսական նավահանգիստ, Բիարիցի կենտրոնական լողափը և փարոսը

Բիարիցը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքի ատլանտյան ծովափին, Բիսկայան ծոցի խորքում, իսպանա-ֆրանսիական սահմանին մոտ։ Սեն-Մարտեն հրվանդանը, որի վրա տեղադրված է Բիարիցի փարոսը, համարվում է Ֆրանսիայի Արծաթե ափի՝ հյուսիսից՝ Ժիրոնդից, սկսվող ավազե լողափերի և այստեղից հարավ՝ դեպի Բասկերի հողեր ձգվող զառիվայր ժայռոտ ափերի միջև սահմանը։ Բիարիցը կառուցված է ծովափին մոտ գտնվող մի քանի բլուրների վրա։ Քաղաքի թաղամասերը վերջանում են անմիջապես ծովախորշերով և մանրավազ լողափերով, այդ թվում՝ Գրան-Պլաժ կենտրոնական լողափով։

Բիարիցը տեղակայված է Բասկերի հողերի և Գասկոնի միջև եղած արևմտյան սահմանի մոտ գտնվող պատմական Լամբուրդան մարզի հողերի վրա։ Կոմունայի տարածքը գտնվում է գասկոնյան լեզվի տարածաբաշխման արեալի ծայր հարավում։

Ըստ Sandre-ի տվյալների բազայի՝ կոմունայի տարածքով հոսում է միայն Atxinetxe ջրանցքը, որը, անցնելով Անգլետով, Բայոնայի տարածքում թափվում է Ադուր գետը։

Նախկինում, մինչ քաղաքի ծաղկումն ու գետի հունի փոխվելը, բնակավայրը աչքի էր ընկնում բլրոտ տարածքով, մասամբ՝ քարափերով ու ժայռերով, մասամբ էլ՝ ճահճուտներով, առվակներով և աղբյուրներով։ Այդ առվակները լցվում էին Մարբելլա և Միլեդի լողափերի միջև գտնվող լճակի մեջ. այստեղ այսօր մաքրիչ կառույցներ են գտնվում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիարիցը բաց է ծովային քամիների առջև, քանի որ քաղաքն ասես ամֆիթատրոն լինի օվկիանոսի ափին։ Ձմեռներն այստեղ մեղմ են, իսկ ամռան շոգերը՝ բավականին տանելի։ Նման բարենպաստ կլիմայական իրավիճակի շնորհիվ 1912 թվականին Բիարիցը պաշտոնապես ճանաչվել է Ֆրանսիայի կլիմայաբուժության և ջրաբուժության առողջավայր։ Քամիների տեղական ռեժիմի վրա ազդեցություն են թողնում երեք գործոններ՝ Ատլանտյան օվկիանոսը, Պիրենեյան լեռնաշղթան և տեղական բրիզների համակարգը։ Գերակշռող են ծովային տաք քամիները, որոնք ամռանը խոնավություն և թարմություն են բերում, իսկ ձմռանը մեղմ եղանակ են ապահովում։ Հարավային ուղղության տաք քամիները ֆյոնի էֆեկտ են առաջացնում։ Իսկապես, Իսպանիայից ներթափանցող օդային զանգվածները, անցնելով Պիրենեյները և իջնելով բարձունքներից, շոգիանում են և կորցնում իրենց խոնավությունը։ Բիարիցում ձմռանը օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձր է, քան Ֆրանսիայի մյուս շրջաններում։ Բիարիցում օդի ջերմաստիճանի միջին ցուցանիշը ձմռանը 8 °C է, իսկ ամռանը մոտենում է 20 °C-ին։ Բասկերի ափին տևական տեղումները հազվադեպ են, իհարկե, բացառությամբ ձմեռային փոթորիկների։ Ավելի հաճախ դրանք լինում են կարճատև ամպրոպախառն անձրևների տեսքով։

  • Տարվա ընթացքում ձնառատ օրերի միջին թիվը՝ 3
  • Տարվա ընթացքում մառախլապատ օրերի միջին թիվը՝ 30
  • Տարվա ընթացքում ամպրոպախառն օրերի միջին քանակը՝ 34
  • Տարվա ընթացքում սառնամանիք օրերի միջին թիվը՝ 17
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բիարից
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 23,4 28,9 29,7 32,1 34,8 39,2 39,8 40,6 37,0 32,2 26,1 25,1 40,6
միջին առավելագույնը (°C) 11,6 12,6 13,8 15,3 18,3 20,9 23,5 23,7 22,9 19,7 14,7 12,0 17,4
միջին ջերմաստիճանը (°C) 8,1 9,0 10,0 11,7 14,6 17,3 19,8 19,9 18,6 15,6 11,0 8,5 13,7
միջին նվազագույնը (°C) 4,5 5,3 6,1 8,2 10,9 13,7 16,0 16,1 14,3 11,5 7,3 5,1 9,9
բացարձակ նվազագույնը (°C) −12,7 −11,5 −7,2 −1,3 3,3 5,3 9,2 8,6 5,3 −0,6 −5,7 −8,9 −12,7
տեղումների քանակը (մմ) 143,2 122,7 121,7 132,9 121,0 90,9 65,1 102,3 124,6 135,7 174,2 148,7 1482,9
Աղբյուր՝ Météo France[2].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1152 թվականին Աքվիտանիայի հերցոգուհի Ալիենորան ամուսնանում է Հենրի Պլանտագենետի հետ, ով և դառնում է Աքվիտանիայի դքսության ավատիշխանը։ Անգլիայի թագավոր Հենրի III-ի ավագ որդին՝ արքայազն Էդուարդը, ժառանգեց դքսությունը և ամուսնացավ Էլեանորա Կաստիլիացու հետ, ով ամուսնուն Գասկոնը տիրապետելու իրավունք բերեց։

Ժամանակակից Բիարիցի տարածքում, հանրահայտ հրվանդանի գագաթին, որը ծառայում էր որպես կետերին հետևելու վայր, անգլիացիները ամրոց-դղյակ են կառուցում՝ որպես հիմք օգտագործելով հին հռոմեական շինությունները։ Այս դղյակը, որն անվանվեց Ֆերագուս, ուներ կրկնակի ամրություններ, երկու մետր հաստությամբ պատեր, բարձրացող կամուրջ և չորս աշտարակներ։ Այս դղյակը հիշատակվում է դեռևս 1603 թվականից (Հենրի IV-ի արքայական հրովարտակներ)։ Հետագայում դղյակից մնացել է միայն մեկ աշտարակ, ուր 1739 թվականին Ֆրանսիայի ծովային մինիստրի որոշմամբ, որպես նավիգացիոն ուղեցույց, փարոս է կառուցվել։ Աշտարակը ավերվել է 1856 թվականին[3]:.

Առողջարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օթել-դյու-Պալե, կառուցված 1850-ական թվականներին կայսրուհի Եվգենիայի համար

XIX դարում լայն ճանաչում ձեռք բերած առողջարանային Բիարիցը կառուցվել է կետորսների մի փոքրիկ գյուղի տեղում (գոյություն է ունեցել XI դարում)։ Քաղաքը 1843 թվականին նկատել է գրող Վիկտոր Հյուգոն։ Նա կանխատեսել է, որ Բիարիցը ունի բոլոր հնարավորությունները՝ վերածվելու ծովափնյա քաղաքի։

Սկզբնապես գյուղն ունեցել է բնակելի երկու շրջաններ՝ Սեն-Մարտեն եկեղեցու շրջակայքի թաղամասը և ձկնորսական նավահանգստի (Port-Vieux) թաղամասը։ Բնակավայրի զինանշանի վրա պատկերված է կետորս բարկա (բեռնանավ), որն այսօր էլ համարվում է քաղաքի խորհրդանիշը։

Տեղի բնակչությունը վասկոնական ծագում ունի, սակայն դժվար է այստեղ բասկերի կամ գասկոնների արմատներ գտնել։ Վարչական առումով մինչ 1790 թվականը Բիարիցը համարվել է բասկյան Լաբուրդան շրջանի մասը։

Առաջին փարոսն այստեղ կառուցվել է 1650 թվականին։

XVIII դարի վերջին Ֆրանսիայում նորաձև են դառնում ծովային լոգանքները, և 1808 թվականին Բիարիցում ծովային վաննա է ընդունում Նապոլեոն I-ը։ Կայսրուհի Եվգենիան 1854 թվականին այստեղ երկու ամիս հանգստացել է, որից հետո կայսր Նապոլեոն III-ը հրամայել է այստեղ նստավայր կառուցել, ինչը սկզբնապես կոչվել է «Վիլլա Եվգենիա» (ֆր.՝ Villa Eugénie)[4] (այժմ՝ Օթել-դյու-Պալե)։ Այս իրողությունը Բիարիցի վրա հրավիրեց բազմաթիվ եվրոպական թագակիր անձանց ուշադրությունը, և առողջարանը հռչակվեց որպես «լողափերի արքա և արքաների լողափ»։ 1868 թվականի հոկտեմբերին Բիարիցի ռեգատայի արդյունքում Ֆրանսիայի արևմտյան ծովափի Chamois և Argus սուրհանդակ նավերի ֆլոտիլիայի անձնակազմերը պատիվ ունեցան հյուրընկալելու կայսրուհի Եվգենիային և նրա որդուն՝ կայսրության արքայազնին։ Հենց Բիարիցը 1865 թվականի սեպտեմբերին դարձավ «Երկաթյա կանցլեր» Բիսմարկի և կայսր Նապոլեոն III-ի հանդիպման վայրը, որտեղ առաջին կանցլերը ձգտում էր պրուսական քաղաքականության ոլորտում ձեռք բերել ֆրանսիական կայսրի աջակցությունը։ Բիարիցում պահպանվել են տեղանքին ոչ հարիր մի քանի շինություններ, որոնց թվում երկգմբեթ ուղղափառ եկեղեցին, որը վկայում է, որ մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը Բիարիցը ռուս արիստոկրատիայի շրջանակներում մեծ ժողովրդականություն է վայելել։

Հրաշալի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանուհի Նատալյա Պալեյը Լյուսիեն Լելոնգի հետ Բիարիցի լողափին, 1920-ական թվականների վերջ

Հրաշալի դարաշրջանի տարիներին Բիարիցում բացվեց աղային ջրաբուժարան։ Շինությունը նախագծել էր ճարտարապետ Լագարդը, առաջին հիմնաքարը դրել է Սերբիայի թագուհի Նատալյա Օբրենովիչը 1892 թվականի դեկտեմբերին, իսկ հանդիսավոր բացումը կայացել է 1893 թվականի հունիսին։ Բրիսկուսից (աղի պարունակությունն այստեղ տասն անգամ գերազանցում էր ծովի ջրի աղիությանը)[5] աղային լուծույթը Բիարից հասցնելու համար ավելի քան 20 կիլոմետր երկարություն ունեցող ստորգետնյա խողովակաշար է անցկացվել։ Այս ջրաբուժարանը փակվել է 1953 թվականին, իսկ 1968 թվականին քանդել են դրա շենքը։

Ֆրանսիացի քաղաքագետ կոմս Գաետան դե Լարոշֆուկոն Բիարիցում հիմնավորվել է 1873 թվականին[6]։ Նրա կալվածքում եղել են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում՝ 1889 թվականին թագուհի Վիկտորիան և 1893 թվականին՝ իշխանուհի Յուրևսկայան։ 1947 թվականին վիլլան վերածվել է ճեմարանին կից գիշերօթիկ դպրոցի։ Բիարիցի քաղաքապետարանի կողմից կալվածքը գնելուց հետո, այն քանդվել է՝ մեկ այլ շենք կառուցելու նպատակով։

1894 թվականին Բիարիցում բացվեց Biarritz Bonheur հանրախանութը, որը նորաձևության և շքեղության տաճար դարձավ։ Այն երկու անգամ ընդարձակվեց՝ 1911 և 1926 թվականներին։ 2013 թվականի դրությամբ այս շենքում տեղակայված է Galeries Lafayette ցանցի հանրախանութը։ XX դարի սկզբին հանրախանութի աշխատակիցների մեծագույն մասը տիրապետել է անգլերեն լեզվին [7]։ Բիարիցը սերտորեն կապված է նաև ֆրանսիական նորաձևության պատմության, մասնավորապես Chanel-ի նորաձևության տան հետ։ 1915 թվականին Կոկո Շանելը Բիարիցում՝ avenue Edouard VII պողոտայում, բացել է իր նորաձևության տան թվով երրորդ բուտիկը[8]։

Գերմանական օկուպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիները Բիարիցի ժայռերի զառիկողերը օգտագործեցին որպես իրենց Ատլանտյան պատնեշի մաս։ 1940 թվականի հունիսի 27-ին գերմանական զորքերը գրավեցին բասկերի ափը։ Ռազմանավերի միությունները քաղաք ժամանեցին նույն թվականի հուլիսին։ 1942 թվականի վերջին 3-րդ կարգի կապիտան Լյուդվիգը, ով գլխավորում էր ափամերձ հրետանու 286-րդ դիվիզիան, մտածեց և Թոդտի կազմակերպության հետ միասին Ռեգինա հյուրանոցի բազայի վրա ստեղծեց արտակարգ հրամանատարական հենակետ (կրել է BA 39-40 կոդային անունը)։ Այս «որջը» գիշեր ու զօր փորում էին 222-րդ համակենտրոնացման ճամբարի բանտարկյալները։

Բիարիցի՝ նախապես մտածված պաշտպանությունը պետք չեկավ գործի դնել, քանի որ դաշնակիցներն այստեղ դեսանտ չիջեցրեցին։

1944 թվականի մարտի 17-ին դաշնակիցների օդուժը ռմբակոծեց քաղաքը. հարձակման երկրորդ ալիքով ավերվեց Պարմ օդանավակայանը[5]. Քաղաքն ազատագրելուց հետո այստեղ մի քանի ամիս գործել է «Բիարիցի Ամերիկյան համալսարանը», ուր սովորում էին դաշնակից ուժերի զինվորները։

Սերֆինգի սկզբնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ամերիկացի սցենարիստ Պիտեր Վիրտելը, ապագա կնոջ՝ Դեբորա Քերրի հետ, «Եվ ծագում է արևը» վեպի էկրանավորման նպատակով նկարահանումների համար գտնվելով Բիարիցում, կանգնեց տախտակի վրա, որն ուղարկել էր իր ծանոթը Կալիֆորնիայից[9]։ Սա հիմք դարձավ Բիարիցում սերֆինգի սկզբնավորման համար։ Առաջին սեֆերները մրցում էին իրար հետ, շուտով այս զբաղմունքը Ատլանտյան ափի ալիքների որակի շնորհիվ դարձավ զանգվածային։ Այժմ քաղաքը համարվում է այս սպորտաձևի եվրոպական և համաշխարհային կենտրոններից մեկը։

Ռուսական առողջարան[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջից XX դարի սկզբին Բիարիցը հայտնի դարձավ ռուս ազնվականների շրջանում։ XIX դարում քաղաքում կառուցվել է Ալեքսանդր Նևսկու ուղղափառ տաճարը։

Բիարիցում գտնվող իր վիլլայում ապրել է Ֆեոդոր Շալյապինը։ 1897 թվականի սեպտեմբերին այստեղ՝ «Վիկտորիա» հյուրանոցում երկու շաբաթ անցկացրել է Ա. Պ. Չեխովը, ում խոսքերով. «Այստեղ ամենահետաքրքիրը օվկիանոսն է. այն աղմկում է անգամ ամենախաղաղ եղանակին»[10]։

Հաճախ իրենց որդի Վոլոդյային այստեղ էր բերում Նաբոկով զույգը:Աշխարհահռչակ գրող դարձած Վլադիմիր Նաբոկովը Բիարիցում անցկացրած ժամանակը համեմատում է դրախտում լինելու հետ։ Մեծ իշխան Դմիտրի Պավլովիչը Բիարիցում է ամուսնացել ամերիկուհի Օդրի Էմերիի հետ։

1913 թվականին բժիշկների խորհրդով գալով այստեղ՝ Ալեքսանդր Բլոկը առողջավայրի մասին թողել է ծայրահեղ տհաճ հիշողություններ.

Բիարիցը ողողված է ֆրանսիական մանր բուրժուազիայով, այնպես, որ նույնիսկ աչքերը հոգնում են տգեղ տղամարդկանց ու կանանց նայելուց…Իսկ առհասարակ, պետք է ասել, որ Ֆրանսիան ինձ ահավոր հոգնեցրել է, ցանկանում եմ վերադառնալ քաղաքակիրթ երկիր՝ Ռուսաստան, որտեղ լվերն ավելի քիչ են, ֆրանսուհիներ գրեթե չկան, ուտելիք (հաց և տավարի միս), խմելիք (թեյ և ջուր), անկողին (ոչ 15 արշին լայնությամբ), լվացարաններ (այստեղ թասեր են, որոնցից երբեք հնարավոր չի լինում ջուրն ամբողջությամբ դատարկել և կեղտը մնում է դրա հատակին)…[11]

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բիարիցում ապրել են Գեորգի Իվանովը և Իրինա Օդոևցևան։

Բիարիցում է ապրել ռուս գրող Վասիլի Աքսյոնովը, ինչպես նաև հեռուստահաղորդավար Ալեքսեյ Լուշնիկովը, ով Ալեքսանդր Նևսկու տաճարի և դրա վանահայր Գեորգիի մասին նկարահանել է «Դեսպանական եկեղեցին» վավերագրական ֆիլմը։

Կենտրոնական Գրան-Պլաժ լողափը

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն Պոր-Վյո նավահանգիստը

Բիարիցը միշտ ապրել է օվկիանոսով։ Սկզբնապես այն եղել է ձկնորսության և կետորսության վայր, բայց ավելի ուշ՝ XVIII դարի վերջերին, տեղի բուժիչ օդի և ջրի շնորհիվ բժիշկների խորհրդով այստեղ հայտնվել են առաջին հանգստացողներն ու բուժեկները։

Բիարիցը հարևան Անգլետ, Բայոնա, Բիդար և Բուկո քաղաքների հետ միասին մտնում է միացյալ ագլոմերացիայի մեջ, նրանք համատեղ կառավարում են Բիարից-Անգլետ-Բայոնա օդանավակայանը։

Տեղական տնտեսական գործունեությունը Բիարիցում հիմնականում կենտրոնացված է զբոսաշրջության, սպորտի (գոլֆ, սերֆինգ և ռեգբի), ծովաբուժության և արդյունաբերության վրա։

Բիարիցում աշխատում է ֆրանսիական խոշոր Dassault Aviation օդանավային ընկերության ձեռնարկությունը, որը կոմպոզիտային տարրեր է արտադրում և հավաքում է Falcon ինքնաթիռների ֆյուզելյաժները (կմախքը)։

Հանքային ջրերի աղբյուրների շնորհիվ (քաղաքին մատակարարվում է խողովակաշարով՝ Բրիսկուսից) Բիարիցը համարվում է նաև լիմֆատիզմի բուժմամբ մասնագիտացված ջերմուկաբուժության կենտրոն։

Քաղաքի տարածքը ներառված է Օսսո-Իրատի պանիրների արտադրության թույլատրված գոտու մեջ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմոբիլային տրանսպորը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիարիցը սպասարկվում է վճարովի A63 ավտոմայրուղով (Լանդեր-Բիրյատու հատված)։

Բիարիցի միջով անցնում է Փարիզը Անդային կապող նախկին ավտոճանապարհը, բայց այժմ այդ ճանապարհը փոխադրվել է դեպարտամենտական ճանապարհների կատեգորիա (810)։

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիարիցի երկաթուղային կայարանը գտնվում է Լա-Նեգրեսս թաղամասում, քաղաքի հարավարևմտյան հատվածում։ Բիարից ժամանում են TGV ճեպընթաց գնացքներ։

1888 թվականից մինչև 1948 թվականը Բիարիցը Բայոնի հետ կապված էր տարմվայի երեք երթուղիներով, որոնց համար կառուցվել է մետրանոց անվածիր։

Օդային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիարիցը սպասարկում է Բիարից-Անգլետ-Բայոնա օդանավակայանը, որը տեղակայված է Անգլետ և Բիարից կոմունաների տարածքում։

Քաղաքային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիարիցը սպասարկվում է Chronoplus ավտոբուսային ցանցի 10 երթուղիներով (որոշներն աշխատում են միայն գիշերը, որոշները՝ միայն ամռան ամիսներին), որոնք քաղաքը կապում են այլ ագլոմերացիաների կամունաների հետ՝ Անգլետ, Բայոնա, Բիդար, Բուկո, Սեն-Պյեր-դ,Իրյուբ և Տարնոս[12]։

2013 թվականից երեք անվճար մերձքաղաքային երթուղիներ սպասարկում են քաղաքի կենտրոնը, Սեն-Շարլ թաղամասը և Կոտ-դե-Բասկ լողափը։

Հանգստի և բուժման հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ-Էժենի (Սուրբ Եվգենիայի) եկեղեցին

Քաղաքը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցի փոքրիկ հարմարավետ ծովախորշի ափին։ Այս ծովախորշի՝ հատուկ ձևավորված հատակը նպաստում է շարունակական ալիքների առաջացմանը, որն էլ Բիարիցը առավել գրավիչ է դարձրել սերֆինգով զբաղվող մարդկանց համար։ Պատահական չէ, որ այստեղ՝ Բասկերի Ափին է անցկացվում սերֆինգի ամենամյա փառատոնը։ 2007 թվականի ամռանը այստեղ մեծ հոբելյանական տոնակատարություն է անցկացվել. եվրոպացի առաջին համարձակներն առաջին անգամ տախտակին ճոճվել են հենց Բիարիցում, 1957 թվականի ամռանը։

Բիարիցի կլիման պայմանավորվում է օվկիանոսով և Պիրենեյան լեռնաշղթայի մոտիկությամբ (ֆր.՝ Pyrénées): Գոլֆստրիմ տաք հոսանքը Բիարիցը դարձնում է գրավիչ նաև նրանց համար, ովքեր ծովափնյա հանգստի սիրահարներ են։ Եվ եթե Ֆրանսիայի ատլանտյան ամբողջ ափամերձ հատվածում ջրի ջերմաստիճանը (նույնիսկ շոգ ամռանը) չի գերազանցում +17°-ը, ապա Բիարիցում այն հասնում է մինչև +25°:

Բիարիցում հյուրանոցներին կից գործում են մի քանի շքեղ սպա-կենտրոններ։ Կլիման քաղաքում տաք է և կայուն խոնավ։ Տարեկան միջին ջերմաստիճանը +13,5° է, հարաբերական խոնավությունը՝ 68-75 %:

Բուժական հիմնական միջոցներն են՝ օվկիանոսային լողը, օդաթերապիան, ավազային և արևային լոգանքները։

Մշակույթ և պատմական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի թանգարանը

Ծովի թանգարանի շենքը, որն ար-դեկո ոճով է, կառուցվել է Ատալայ սարահարթում՝ ժայռին կիպ, անմիջապես ջրի ափին, 1933 թվականին։ Թանգարանի հավաքածուների մեջ ներկայացված են ծովային կենդանիներ և թռչուններ:Ծովի թանգարանի խորհրդանիշը համարվում է սպիտակ ութոտանին։ Բիարիցի Պատմության թանգարանը գտնվում է հին անգլիական Սեն-Անդրե եկեղեցում, որը գնվել է քաղաքապետարանի կողմից 1980-ական թվականներին։

Բիարիցում կարելի է այցելել նաև շոկոլադի թանգարան և Ասիական թանգարան, ուր 800 քմ տարածքի վրա ներկայացված են Հնդկաստանի, Տիբեթի, Նեպալի և Չինաստանի մշակութային ստեղծագործությունները։

Ճարտարապետական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Կույսի ժայռը
  • Սուրբ Կույսի ժայռ՝ Բիարիցի ավանդական խորհրդանիշը։ Այս վայրում ժայռը նավահանգիստ-ապաստարան կառուցելու նպատակով կոտրվել է Նապոլեոն III-ի հրամանով։ 1865 թվականին այստեղ տեղադրվել է հարևան Բայոնայում տեղի ունեցած ֆրանս-իսպանական ցուցահանդեսում ձեռք բերված Սուրբ Կույսի արձանը։ Դեպի ժայռ տանող հնագույն փայտե կամրջակն ավերվել է 1887 թվականին, նրա տեղում հայտնվել է կամրջակ՝ Էյֆելի արվեստանոցի աշխատանքը, որով հնարավոր էր ժայռ հասնել նույնիսկ վատ եղանակին։ Գտնվելով այս ժայռում՝ հնարավոր է տեսնել Բիարիցի ողջ ծովափը։
  • Եվգենիայի Վիլլա։ 1854 թվականին Կայսր Նապոլեոն III-ը պատվիրեց կառուցել Օթել-դյու-Պալեն, որը որպես նվեր նախատեսվել էր նրա կնոջ՝ Էժենի դե Մոնտիխոյի համար։ Ի սկզբանե լինելով կայսրուհու հանգստյան վայրը՝ այս պալատը հյուրընկալել է այդ ժամանակաշրջանի բազմաթիվ արիստոկրատ և հայտնի անձանց։ 1905 թվականին պալատը վերակառուցվել է հյուրանոցի, ուր իջևանել են Ուինսթոն Չերչիլը, Վլադիմիր Պուտինը, Կոկո Շանելը և Ֆրենկ Սինատրան։
  • Հրուշակեղենի խանութ Miremont. տեղակայված է place Clémenceau հրապարակի վրա, բացվել է 1872 թվականին։ Խանութն իր ինտերիերով Ֆրանսիայում համարվում է պատմական հուշարձան[13]։ Այստեղ սիրել են այցելել Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ը և Պորտուգալիայի թագուհի Ամելիա Օրլեանցին։ Ըստ ֆրանսիացի դրամատուրգ Մորիս Ռոստանի՝ «արդեն ժամը հինգին մոտ (այստեղ մնում էին) թագուհիներից ավելի քիչ կարկանդակներ և մեծ հերցոգներից քիչ՝ ռոմ»[14]։
  • Հյուրանոց Անգլետեր. Rue Mazagran փողոցում գտնվող վեհաշուք շենքում նախապես գտնվել է 1870 թվականին բացված Անգլետեր հյուրանոցը։ Նրա դարպասների ցանցավանդակը պատմական հուշարձանների ցանկում է։
  • Հյուրանոց Պլազա (ֆր.՝ hôtel Plazza). ար-դեկո ոճի շինություն Avenue Édouard VII պողոտայի վրա (տուն 7, այժմ Barclays բանկի մասնաճյուղ), պատմական հուշարձան է։ Նրա հենասյուները զարդարված են Օգյուստ Լաբուրի խճանկարներով[14]։
  • Քաղաքային խաղատուն. կառուցվել է ար-դեկո ոճով, գտնվում է քաղաքի ուղիղ կենտրոնում, կենտրոնական Գրան-Պլաժ լողափին անմիջապես կից։ Այն վերանորոգել են 1990-ական թվականներին[15]։
  • Բիարիցի Փարոս. կառուցվել է 1834 թվականին Սեն-Մարտեն հրվանդանի վրա, որը ծովից ամենալավը տեսանելի է Բիսկայան ծոցի այս հատվածում։
Վիլլա Բելզա
  • Վիլլա Բելզա. կառուցվել է 1880 և 1895 թվականների միջակայքում, Կաշու ժայռի վրա, ճարտարապետ Ալֆոնս Բերտրանի նախագծով՝ Մարիա-Բելզա Դյուբրյոյի համար։ «Ոսկյա քսանականներին» այստեղ եղել են առանձնատներ, կաբարե և ռուսական ռեստորան, որը բացել էր Իգոր Ստրավինսկու փեսան[14]։ Այս ընթացքում վիլլան «անուղղելի քեֆչիների վերջին ապաստանի» համբավ ուներ։
  • Ֆրանսոնի կալվածք (ֆր.՝ domaine de Françon). կառուցումը սկսվել է 1880 թվականից մեծահարուստ նավատեր Ջոն Պենինգթոն Մելլորի հրամանով։ Այժմ այն համարվում է պատմական հուշարձան և հանգստի անփոխարինելի վայր։

Կրոնական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայսրական ժամատուն՝ կառուցվել է Բիարիցում 1863 թվականին Մեքսիկայում ֆրանսիացիների տարած հաղթանակի պատվին։
  • Սեն-Մերտեն եկեղեցին ուշագրավ վերնաճակատ ունի՝ զանգակատնով, որը յուրաքանչյուր տարի ղողանջում էր՝ որպես ձկնորսների նավիգացիոն կողմնորոշիչ[14]։ Եկեղեցին վերակառուցվել է մոտավորապես 1450 թվականին, իսկ հետո՝ 1541 թվականին վերանորոգվել է գոթական ոճով[3]։ Մինչհեղափոխական Ֆրանսիայի ժամանակաշրջանում եկեղեցում հավաքներ են անցկացվել, որոնց մասնակցել են քաղաքապետ-աբբա և քաղաքային կառավարման անդամները։
  • Սուրբ Եվգենիի եկեղեցի՝ կառուցվել է 1898 թվականից մինչև 1903 թվականը հին Notre-Dame-de-Pitié ժամատան տեղում։ Եկեղեցու ինտերիերում օգտագործվել են Լյուկ-Օլիվյե-Մերսոնի գեղեցիկ վիտրաժները։
  • Ռուսական եկեղեցի Ալեքսանդր Նևսկու եկեղեցի՝ տեղակայված է avenue de l’Impératrice պողոտայի վրա։ Տաճարի կառուցման որոշումը կայացվել է 1879 թվականին։ Այժմ այն Արևմտյան Եվրոպայի ռուս ուղղափառ եկեղեցիների արքեպիսկոպոսության գործող ուղղափառ տաճարն է։

Բնական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիարիցի ժայռոտ զառիթափ ափ[16]. XX դարի սկզբից ի վեր ենթարկվել է մշտական էրոզիայի՝ ամեն տարի փոքրանալով 70 սմ-ով։ Չնայած քաղաքապետարանի գործադրած ջանքերի՝ այս միտումը կասեցնել դեռևս չի հաջողվում։
  • Լողափեր` Բիարիցի տարածքում կան մի շարք հրաշալի լողափեր[17]։ լողափ Միրամար, Գրան-Պլյաժ, պոր-Վյո, Կոտ-դե-Բասկ, լողափ Մարբելլա և լողափ Միլեդի
  • Բնական գոտիներ` Քաղաքապետարանը իրականացնում է 120 հա մակերեսով անտառային հատվածի, ինչպես նաև՝ երկու լճերի՝ lac Marion և lac Mouriscot խնամքը։ Քաղաքային այգին հիմնադրվել է 1903 թվականին քաղաքի կենտրոնում՝ Արևմտյան կայարանին հանդիպակաց, որն այսօր վերածված է քաղաքային Մշակույթի Կենտրոնի։ Կոմունայի տարածքում է գտնվում նաև parc Mazon զբոսայգին և jardin Lahouze այգին:

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. Météo France(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Michel Fabre Petite histoire de Biarritz. — Princi Negue, 2007. — 161 p. — ISBN 2846184992
  4. «Биарриц». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 Philippe Salquain Autrefois Biarritz. — Биарриц: Éditions Atlantica, 2000. — ISBN 2 84394 265 9
  6. Monique Beaufils Rues de Biarritz, dictionnaire historique. — Atlantica, 2005. — ISBN 2-84394-766-9
  7. Chauvirey, 1994
  8. Бутик Chanel в Биаррице. Фотографии братьев Зеебергер
  9. См. рассказ о первых опытах Արխիվացված 2009-01-26 Wayback Machine на сайте Жоэля де Росне, ещё одного пионера сёрфинга в Биаррице.
  10. Антон Павлович Чехов, Николай Бельчиков Письма: Июнь 1897 — декабрь 1898. — М.: Наука, 1979. — Vol. 7. — P. 52.
  11. Бекетова М. А. Александр Блок. Биографический очерк — Литературный журнал геосимволистов «Мой берег». Библиотека «Символика»
  12. «Схема маршрутов сети Chronoplus» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  13. Карточка объекта в базе Мериме
  14. 14,0 14,1 14,2 14,3 Alexandre de la Cerda Couleurs de Biarritz. — Sud Ouest, 2006. — ISBN 2-87901-739-4
  15. «НАСТОЯЩАЯ ИГРА» (ռուսերեն). Коммерсант. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. «Прибрежные утёсы Биаррица». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  17. «Пляжи Биаррица на сайте мэрии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար լեզուներով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիարից» հոդվածին։