Jump to content

Բաբկեն Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբկեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Բաբկեն Հարությունյան
Դիմանկար
պատմաբան, պատմաաշխարհագրագետ,
պատմական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ
Ծնվել էմարտի 4, 1941(1941-03-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 26, 2013(2013-02-26) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
Պարգևներ և
մրցանակներ

Բաբկեն Հարությունի Հարությունյան (մարտի 4, 1941(1941-03-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 2013(2013-02-26), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2009)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Հարությունի Հարությունյանը ծնվել է 1941 թ. Երևանում՝ Մեծ եղեռնի ժամանակ սպանդից հրաշքով մազապուրծ վանեցիների ավանդապահ և ուսումնասեր ընտանիքում։ 1958 թ. Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը, որն ավարտել է ժամկետից շուտ՝ 1962 թ., գերազանցության դիպլոմով։ 1963-1966 թթ. ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում։ 1968 թ. պաշտպանել է թեկանածուական ատենախոսություն՝ «Վայոց ձորը հնագույն ժամանակներից մինչև 1045 թվականը» խորագրով։ Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ 1972-1977 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը։ Տարիների գիտահետազոտական տքնաջան պրպտումների արգասիք «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի (արևմտյան և հարավային աշխարհներ)» դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1993 թ.։ 2005 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ։ 1969 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1993-1994 թթ. դասախոսել է նաև Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, 1995-1996 թթ.` ԱՄՆՄիչիգանի Դիզբորն համալսարանում։ 1970-1971 թթ. եղել է ԵՊՀ արտասահմանյան ուսանողների հետ աշխատանքների գծով դեկան, 1983-1985 թթ՝ նույն բուհի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1985-1988 թթ՝ «Երևանի համալսարան» հրատարակչության տնօրեն, 1993-2004 թթ.՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, համատեղությամբ՝ 1997-2000 թթ.՝ ԵՊՀ Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ։ 2003 թվականին ընտրվել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, 2007-2008 թթ. համատեղությամբ վարել է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը։ Տարիներ շարունակ եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհրդի փոխնախագահը։

Պատմաբան Հարությունյանին բնորոշ է ինչպես թեմատիկ, այնպես էլ ժամանակագրական առումով գիտական հետաքրքրությունների ընդգրկուն շրջանակ։ Գիտնականի շուրջ կեսդարյա գիտահետազոտական տքնաջան որոնումների արգասիք են նրա հեղինակած ավելի քան 500 աշխատությունները (մենագրություններ, հոդվածներ, քարտեզներ, զեկուցումների թեզիսներ, գրախոսություններ)։ Դրանք նվիրված են հայոց, ինչպես նաև տարածաշրջանի առավելապես հին և միջնադարյան պատմության ու պատմական աշխարհագրության տարաբնույթ հիմնահարցերին։

Գիտահետազոտական գործունեության սկզբնական փուլում Հարությունյանը մեծ ուշադրություն է դարձրել Սյունյաց համապարփակ պատմության քննությանը։ Հետագայում գիտնականն ընդլայնել է իր գիտահետազոտական աշխատանքների շրջանակը։ Վաղ միջնադարյան երկու կարևոր վավերագրերի՝ «Գահնամակի» ու «Զորանամակի» հյուսկեն քննությամբ նա ապացուցել է, որ դրանցից առաջինը ստեղծվել է ոչ թե Սահակ Պարթևի, ինչպես մինչ այդ ընդունված էր, այլ՝ Խոսրով Գ-ի կողմից։ «Զորանամակի» նորովի քննությունը Հարությունյանին թույլ է տվել ճշտելու հայոց արքունի ու նախարարական զինուժի հարաբերակցությունը։ Իր բազմաթիվ աշխատություններում գիտնականը նորովի է քննել Արշակունյաց և վաղ Մարզպանական Հայաստանի վարչաքաղաքական կացությանն ու կառուցվածքին, նախարարական համակարգին, արքունի գործակալություններին, հայ եկեղեցու թեմական բաժանմանը և այլնին նվիրված հարցեր։ Արդյունքում շատ ընդունված դրույթներ կամ հիմնավոր փաստարկվել են կամ էլ լուսաբանվել ու սրբագրվել արդի հայագիտությանը պատշաճ մակարդակով։ Հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության ասպարեզում լուրջ ներդրում են Բ. Հարությունյանի «Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ (Քա VII-VI դարեր)», (1998), «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը» (1997), «Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի» (մասն Ա, 2001) մենագրություններն ու այլ ուսումնասիրություններ։

Հարությունյանը նպատակասլաց ու արդյունավետ զբաղվել է նաև պատմաաշխարհագրական խնդիրներով։ Այդ ասպարեզում նրա անխոնջ պրպտումների արդյունքներն ամփոփվել են բազմաթիվ աշխատություններում, այդ թվում՝ հարյուրավոր պատմական քարտեզներում՝ ներառելով մեր ժողովրդի ու երկրի պատմության բոլոր շրջաններն ու կարևորագույն իրադարձությունները։ Նրա հեղինակությամբ է լույս տեսել այնպիսի նախօրինակը չունեցող գործ, ինչպիսին «Հայաստանի պատմության ատլաս»-ն է (Ա-Բ մաս, Երևան, 2003, 2008)։ Հայաստանի պատմական աշխարհագրության ճանաչված առաջատարի խմբագրությամբ ու հեղինակցությամբ է ստեղծվել կոթողային «Հայաստանի ազգային ատլաս»-ի Բ հատորը (2008)։ Դրանում զետեղված հարյուրավոր պատմական քարտեզների 43%-ի, առաջաբանի և քարտեզներին ուղեկցող նյութերի հեղինակը Բ. Հարությունյանն է։ Նա նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եռալեզու ատլասի (2009) հեղինակներից է։

Պատմաբանի գիտական պրպտումների առանցքը եղել է հայ պատմաաշխարհագրական մտքի եզակի հուշարձան «Աշխարհացոյց»-ը։ Դրա շահեկան քննությունը գիտնականը կատարել է բազմալեզու աղբյուրագիտական հենքի վրա։ Պատմաքննական համադիր հետազոտությամբ նրան հաջողվել է ապացուցել, որ «Աշխարհացոյց»-ը թվագրվում է V դարով և որ նրա հեղինակը Մովսես Խորենացին է։ Բացի այդ, Բ. Հարությունյանը ճշտել է Տիգրանակերտի տեղադրությունը, Նփրկերտի հունարեն արձանագրության թվականը, Մեծ Հայքի թագավորության I-IV դդ վարչատարածքային բաժանումներն ու վարչաքաղաքական բաժանման համակարգը և այլն։ Բացահայտվել է Մեծ Հայքի վարչաքաղաքական համակարգի վրա ավատատիրական հարաբերությունների ու քաղաքական գործոնների ազդեցությունը։
Վերջին տարիներին գիտնականը շոշափելի ավանդ է ներդրել հայոց պատմությունը մատաղ սերնդին ճշմարտացի ու մատչելի հասցնելու գործում։ Դա են վկայում նրա խմբագրությամբ ու հեղինակցությամբ լույս տեսած դպրոցական բազում դասագրքեր։

Գիտնականն արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ու Ֆուլբրայթի հիմնադրամի թոշակներին, ինչպես նաև ընտրվել Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Europäische Akademie der Wissenschaften und Künste ակադեմիայի և «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ։

Մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
  • Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ /մ.թ.ա. 7-6-րդ դդ./, Երևան, 1998։
  • Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Մաս Ա, Երևան, 2001, 404 էջ (մեծադիր քարտեզով), - http://www.historyofarmenia.am/images/menus/1067/mets_hayqi.pdf
  • Հայաստանի պատմության ատլաս, Ա մաս, Երևան, 2004, 2005։
  • Հայաստանի պատմության ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  • Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլաս, Ստեփանակերտ, 2009։
  • Атлас Нагорно-Карабахской Республики, Степанакерт, 2009։
  • Atlas of the Nagorno-Katabagh Republic, Stepanakert, 2010։
  • Արծրունյաց իշխանական ընտանիքը հայոց պատմության մեջ, Մեկնարկ, 2016, 303 էջ[3]։
  • Հայոց Արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր։ Հոդվածների ժողովածու, ԵՊՀ հրատարակչություն, 2016, 346 էջ[4]։

Ուսումնա-մեթոդական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ ժողովրդի պատմության դասընթացի գործնական պարապմունքների պլաններ, Երևան, 1986, Շ. Թորոսյան, Լ. Խուրշուդյան, Պ. Հովհաննիսյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Մելիքսեթյան։
  • Հայոց պատմություն. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան, 2000, Մ. Կատվալյան, Պ. Հովհաննիսյան, Լ. Մկրտչյան, Հ. Գրիգորյան և այլք։
  • Ծրագիր Հայոց պատմության, Երևան, 2000, Լ. Խուրշուդյան, Հ. Ավետիսյան, Պ. Ավետիսյան, Հ. Գրիգորյան, Վ. Դիլոյան և այլք։
  • Պատմություն, դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար, Եր., 2001, գլուխ 1, 9, 10, 12։
  • Հայոց պատմություն, CD, անիմացիոն դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար, Երևան, 2006, Հ. Գ.Ավետիսյան, Յու. Լ. Հովսեփյան։
  • Դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Երևան, 2007, Հ. Ավետիսյան, Բ. Հարությունյան, Ա. Մովսիսյան, Պ. Հովհաննիսյան, Հ. Մարգարյան
  • Դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար, Երևան, 2008
  • Դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար, Երևան, 2009, Հ. Ավետիսյան, Բ. Հարությունյան, Ա. Մովսիսյան, Պ. Հովհաննիսյան, Հ. Մարգարյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաբկեն Հարությունյանը ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Հարությունյան, Բաբկեն Հ (2016). Արծրունյաց իշխանական ընտանիքը հայոց պատմության մեջ. Meknark. ISBN 9789939914206.
  4. Հարությունյան, Բաբկեն Հ (2016). Հայոց Արեվելից կողմերի եվ Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր։ հոդվածների ժողովածու. EPH hratarakchʻutʻyun. ISBN 9785808420823.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբկեն Հարությունյան» հոդվածին։