Ստեփան Զատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Զատիկյան
Դիմանկար
Ծնվել է1946 հունիսի 20
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է29 հունվարի 1979(1979-01-29) (տարիքը 32)
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԱզգությունՀայաստան Հայ
ԳործունեությունՀասարակական գործիչ, այլախոհ
ԱմուսինՍոնա Զատիկյան
ԵրեխաներՎրեժ Զատիկյան
Հասմիկ Զատիկյան

Ստեփան Սեղբոսի Զատիկյան (հունիսի 20, 1946(1946-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 1979(1979-01-29), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային այլախոհ, Ազգային միացյալ կուսակցություն (ԱՄԿ) ընդհատակյան կազմակերպության համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի հունիսի 20-ին Երևանում, արհեստավորի ընտանիքում[1]։ Ծնողները ներգաղթել են Արևմտյան Հայաստանից։ 1963 թվականին ոսկե մեդալով ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը[2]։ Նույն տարի ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ[1]։

Ազգային միացյալ կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 50-ամյա տարելիցին նվիրված ցույցերին, որը, որպես այդպիսին, ԽՍՀՄ պատմության առաջին համաժողովրդական ընդվզումն էր[3]։ Մեկ օր անց, ներշնչվելով ցույցի գաղափարախոսությամբ, Զատիկյանը գնում է Երևանի քաղաքային պանթեոն, որպեսզի ծաղիկներ դնի Կոմիտասի գերեզմանին, որտեղ էլ ձերբակալվում է ոստիկանության (միլիցիա) կողմից և 15 օր պահվում նախնական կալանքի տակ։ Կալանավայրում Զատիկյանը ծանոթանում է նույն արարքի համար բանտարկված Հայկազն Խաչատրյանի հետ[1]։ Զատիկյանը և Խաչատրյանը որոշում են համագործակցել ընդհանուր գաղափարի շուրջ։ Որոշ ժամանակ անց նրանց է միանում նաև ուսանող Շահեն Հարությունյանը, և 1966 թվականի ապրիլի 24-ին եռյակը հիմնադրում է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ)։ Որոշ ժամանակ անց, ԱՄԿ-ն իր շուրջն է համախմբում մինչ այդ առանձին հանդես եկող մի շարք ընդհատակյա երիտասարդական կազմակերպությունների։ Որպես տարիքով ամենամեծը՝ կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Հայկազ Խաչատրյանը[1]։ Կուսակցության ղեկավար մարմնի՝ Գլխավոր խորհրդի անդամ է ընտրվում Զատիկյանը։ Կազմակերպության մշակած կանոնադրության և գործողության պլանի տեքստերի հեղինակը հենց Զատիկյանն էր[1]։ ԱՄԿ-ում ընդգրկված նոր անդամները պարտավորվում էին կուսակցության գաղափարներին հավատարիմ մնալու երդում տալ (Ազգային Սուրբ երդում) Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և անվերապահորեն հետևել կուսակցության՝ «հանուն Ազգի և Հայրենիքի» կոչվող ծրագրին[1][4]։

Զատիկյանը հանդիսանում էր նաև «Փարոս» ընդհատակյա թերթի առաջին համարի (ապրիլի 24, 1967) խմբագիրը։ Եղել է նաև բազմաթիվ այլ նյութերի հեղինակ («Այլևս չի կարելի լռել», «Լենինը՝ հայ ժողովրդի դահիճ» և այլն)[1]։ Մի քանի հարյուր օրինակով թերթը տարածվեց քաղաքի կենտրոնում։ Գրեթե նույնքան օրինակ էլ հայտնվեց հայ մտավորականության ներկայացուցիչների փոստարկղերում։ «Փարոս» թերթը հայտնի դարձավ նաև Խորհրդային Միության սահմաններից դուրս։ Շուտով թերթի գործունեությունն արգելվեց և այն ճանաչվեց հակասովետական, ընդ որում՝ խորհրդային իշխանությունները հալածանքների էին ենթարկում ոչ միայն հեղինակներին այլև ընթերցողներին[1][2]։ Ընդհանուր առմամբ, հաջողվել էր ընդամենը հրատարակել երկու համար[5][6]։

Կուսակցությունն իր կառուցվածքում ուներ նաև երիտասարդական թև, որը կոչվում էր «Շանթ»։ Խաչատրյանն ու Զատիկյանը երիտասարդական թևի ղեկավարությունը որոշեցին վստահել 17-ամյա Պարույր Հայրիկյանին[7]։ ԱՄԿ բազամթիվ անդամներ հետագայում առավել լայն ճանաչման արժանացան ժողովրդի շրջանում։ Այդպիսիններից էին Մովսես Գորգիսյանը, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ազատ Արշակյանը և այլք[8]։

Առաջին ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄԿ ղեկավարների ձերբակալությունները սկսվեցին 1968 թվականի հուլիսի 9-ին։ Բոլորը մեղադրվեցին «Հակախորհրդային» գործունեության մեջ։ Այդ ժամանակ Զատիկյանը սովորում էր համալսարանի հինգերորդ կուրսում։ Հուլիսի 10 -ին Զատիկյանը քննիչին հայտնեց, որ հացադուլ է սկսել և վկայակոչելով Մարդու իրավունքների դեկլարացիան, որտեղ նաև Խորհրդային Միության ներկայացուցչի ստորագրությունը կա, պնդեց որ ոչինչ հակախորհրդային չէր արել[5]։

Զատիկյանին մեղադրանք է առաջադրվում է ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 65.1 և 67 հոդվածներով (համապատասխանաբար՝ «հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա» և «առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեություն, ինչպես նաև մասնակցություն հակասովետական կազմակերպությանը»[5])։ ՀԽՍՀ Գերագույն դատարանը Զատիկյանին դատապարտում է 4 տարվա ազատազրկման և ուղղարկում ուղղիչ աշխատանքային գաղութ[1][5]։

Պատժի առաջին տարիները Զատիկյանն անցկացնում է Մորդովիայի քաղաքական ճամբարում[1]։ Այնուամենայնիվ, նա չի դադարում քաղաքական գործունեությամբ զբաղվել։ 1970 թվական հուլիսի սկզբին Զատիկյանը 20 երիտասարդ քաղբանտարկյալների հետ մասնակցում է խստացված ռեժիմի դեմ 6-օրյա հացադուլին, ինչի համար մի քանի համախոհների հետ (Վ. Կուլինին, Ն. Դրագոշ, Ն. Տարնովսկի) ուղարկվում է Վլադիմիրի կենտրոնական բանտ։ Այդ առիթով բողոքի հացադուլ է սկսվում երկու կալանավայրերում, որտեղ ընթերցվում է նրանց տեղափոխման մասին հրամանը[1][9]։ 1971 թվականի նոյեմբերին Զատիկյանը մի շարք այլ քաղբանտարկյալների հետ կրկին հացադուլ է սկսում։ Հացադուլի մասնակիցները հակադրվում էին Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ)՝ քաղբանտարկյալների մասին տեղեկություններ տրամադրողներին հավաքագրելու գործելակերպի, ինչպես նաև բանտարկյալների հայտարարությունները պետական մարմիններում որպես հակախորհրդային փաստաթղթեր ներկայացնելու, դրանք քրեականացնելու և շանտաժի դեմ[9]։

1972 թվականի հուլիսին Զատիկյանն ազատվում է և վերադառնում Երևան։ Ազատ արձակվելուց հետո գտնվում է ոստիկանության անմիջական վերահսկողության տակ։ Շուրջ երկու տարի Զատիկյանին արգելվում էր երեկոյան ժամը 5:00-ից հետո տանից բացակայել[1]։ Զատիկյանին այդպես էլ թույլ չի տրվում ավարտել համալսարանը՝ ուսանողության շրջանում նրա ներկայությունը բացառելու համար, ուստի ստիպված աշխատանքի է անցնում Կիսահաղորդիչների և մետաղակերամիկայի գործարանում։ Ի վերջո, Զատիկյանին հաջողվում է կապ հաստատել ԱՄԿ-ի համախոհների հետ։ 1975 թվականին հրաժարվում է քաղաքացիությունից և ԽՍՀՄ-ից հեռանալու և ոչ սոցիալիստական երկրում հաստատվելու հայտ ներկայացնում, սակայն իշխանությունները նրան մերժում են[1]։ Հայտի մեջ Զատիկյանը դրել էր նաև իր անձնագիրը, որը ուղարկվում է ԿԳԲ-ի ներկայացուցչությանը[6]։

«Մետրոյի գործ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանավորված Զատիկյանի լուսանկարը

1977 թվականի հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցավ պայթյունների շարք, որի հետևանքով զոհվեց 7 մարդ, ևս 38-ը վիրավորվեցին (տուժածների քանակը հայտնի դարձավ միայն դատավճռից հետո)[9][10]։ Դեպքի հաջորդ օրը նշանավոր խորհրդային ակադեմիկոս, քաղաքական գործիչ և այլախոհ Անդրեյ Սախարովը կասկածներ հայտնեց, որ պայթյունները կազմակերպվել են հենց ԿԳԲ-ի կողմից և օգտագործվել այլախոհական շարժման մասնակիցների դեմ[2]։

1977 թվականի հոկտեմբերի 28-ին Ստեփան Զատիկյանը, ԱՄԿ գործուն անդամ Հակոբ Ստեփանյանը և նկարիչ Զավեն Բաղդասարյանը ձերբակալվեցին պայթյունն իրականացնելու մեղադրանքով։ Որպես գրոհի կազմակերպիչ ներկայացվեց Ստեփան Զատիկյանը։ Նախաքննությունն ու դատաքննությունն անցկացվեցին խիստ գաղտնի պայմաններում, և նույնիսկ ամբաստանյալների հարազատները ներկա չէին դատավճռին։ Հարցաքննություններից ենթադրվում էր, որ նախաքննությունը ձգտում էր իրար կապել ԱՄԿ-ն, Հայաստանի հելսինկյան խումբը և պայթյունների մասին գործը («Մետրոյի գործ»)[1]։ Նախաքննությունը ձգվում է ավելի քան երկու տարի, և այդ ամբողջ ժամանակահատվածում մեղադրյալները գտնվում էին Մոսկվայում[1]։ Զատիկյանը հրաժարվում է ցուցմունք տալուց[1]։ Սկզբնապես նա հրաժարվում է նաև փաստաբանից։ Դատն իրականացվում է 1979 թվականի հունվարին՝ գաղտնի պայմաններում, ինչի պատճառով էլ ստույգ օրը հայտնի չէ (ենթադրվում է՝ հունվարի 20-ին)[1]։ Դատավարությունը նկարահանվում էր տեսախցիկով։ Դատավճիռը կայացվում է 1979 թվականի հունվարի 24-ին, և Զատիկյանը, Ստեփանյանն ու Բաղդասարյանը դատապարտվում են մահապատժի։ Դատավճռի մասին հարազատները տեղեկանում են միայն դատից հետո կայացած հանդիպման ընթացքում՝ հունվարի 27-ին։ Հանդիպման ժամանակ, երբ Զատիկյանի եղբայրը նրան մի կողմ է տանում և հարցնում, թե իսկապե՞ս մասնակցություն ունեցել էր հանցագործությանը, նա պատասխանում է հետևյալ կերպ․

Իմ միակ մեղքն այն է, որ ես այս աշխարհում երկու երեխա եմ թողել։ Այլ մեղք ես չունեմ[11]

Դատավճռի կայացումից 5 օր անց՝ 1979 թվականի հունվարի 29-ին մեղադրյալները հապշտապ կերպով ենթարկվում են մահապատժի[9]։ Կասկածների տեղիք է տալիս նաև դատավճռի իրականացման շտապողականությունը։

1979 թվականի նոյեմբերի 30-ին, դեռևս տեղյակ չլինելով մահապատժի կատարման մասին, Անդրեյ Սախարովը ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին ուղղված նամակում պահանջում է հրաժարվել դատավճռից՝ մինչև նոր դատաքննության իրականացումը, սակայն սուր քննադատությունների է ենթարկվում գործով տուժածների հարազատների կողմից[12]։

1979 թվականի փետրվարի 1-ին Մոսկվայի հելսինկյան խումբն իր Թիվ 81 փաստաթուղթի մեջ կասկածի տակ էր առնում դատավճռի օրինականությունն ու անաչառությունը` հանրության բացակայության պատճառով[9]

Համացանցում առկա են դատավարության ընթացքում ամբաստանյալների ելույթների տեսագրության փոքր հատվածներ (ամբողջականը մինչ օրս գաղտնի է պահվում)[13], որոնցից մեկում Զատիկյանն ասում է․

Արտաքին տեսաֆայլեր
Հատվածներ Ստեփան Զատիկյանի ելույթից
Ես արդեն քանիցս հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ձեր դատ-ֆարսից և ոչ մի փաստաբանի կարիք չեմ զգում։ Ես ինքս եմ մեղադրողը, ոչ թե` մեղադրյալը։ Դուք ինձ դատելու իշխանություն չունեք, քանի որ ջհուդառուսական կայսրությունն իրավական պետություն չէ։ Սա պետք է ամուր հիշել[14]

Իր խոսքը Զատիկյանն ավարտում է հայերենով․

Ես ցանկանում եմ մի քանի խոսք ընկերներիս ասել։ Տղե՛ք, մնաք բարով։ Մարդկանց ասեք, որ սրանք Ստեփանի վերջին խոսքերն էին՝ վրեժ վրե՜ժ, նորեն վրե՜ժ[14]

«Մետրոյի գործին» վերաբերող մանրամասները մինչ օրս գաղտնազերծված չեն և պահվում են ԿԳԲ արխիվներում[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Զատիկյանն ամուսնացել է Պարույր Հայրիկյանի քրոջ՝ Սոնայի հետ։ Նրանք ունեին երկու զավակ՝ Հասմիկ և Վրեժ։ Զատիկյանների ընտանիքն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում։

Խորհրդային Միության կազմալուծումից և Հայաստանի անկախացումից հետո էլ Զատիկյանը, մինչ օրս չի արդարացվել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 «Դիսիդենտական Հայաստան. Ստեփան Զատիկյան». mediamax.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 «ДЕЛО О ВЗРЫВЕ В МЕТРО». 2009 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Lindy, Jacob D. (2001). Beyond invisible walls: the psychological legacy of Soviet trauma, East European therapists and their patients. Նյու Յորք: Brunner-Routledge. էջ 192. ISBN 9781583913185.(անգլ.)
  4. Հակոբյան, Թաթուլ (2017 թ․ հոկտեմբերի 3). «Ազգային միացյալ կուսակցության ծրագիրը (1966). Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում». Aniarc. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «ԱՄԿ հիմնադիրների ձերբակալությունը և դատավարությունը. "Փարոս" թռուցիկը և "Փարոս" թերթը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  6. 6,0 6,1 «Армянское национальное движение». old.memo.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  7. «Хейфец М.Р. - Украинские силуэты». 2007 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  8. «1915թ., ապրիլի 24». CIVILNET. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «The Case of the Explosion on the [Moscow] Underground, March 1979 (52.1)». A Chronicle of Current Events (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  10. «WWW.SAMARA.RU | Бомба в московском метро». 2009 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  11. «Воспоминания Гл.2-26». www.sakharov-archive.ru. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  12. «Центр загрузки файлов». www.ras.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  13. Передача ДТВ о серии террористических актов в Москве 1977 года
  14. 14,0 14,1 Հարությունյան, Վարդան. «Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր-անդամ Ստեփան Զատիկյան». Hetq.am. Հետք.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]