Վիգեն Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգեն Բաբայան
Ծնվել էնոյեմբերի 12, 1940(1940-11-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 16, 2004(2004-12-16) (64 տարեկան)
Վախճանի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1963)

Վիգեն Ասատուրի Բաբայան (նոյեմբերի 12, 1940(1940-11-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 2004(2004-12-16), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայ բանաստեղծ, հրապարակախոս։ Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ։ Հայ երիտասարդների միություն ընդահատակյա կազմակերպության հիմնադիր-ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Բաբայանը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 12-ին, Երևանում, «Հանուն Հայրենիքի» խմբի գործով 1969 թվականին դատապարտված Ասատուր Բաբայանի ընտանիքում։ 1941 թվականին Ասատուր Բաբայանը զորակոչվել է Խորհրդային բանակ։ Վիգենին մեծացրել է մայրը։ Հայրը բանակից վերադարձել է 1953 թվականին՝ հայկական դիվիզիայի լուծարումից հետո։ 1957 թվականին Վիգեն Բաբայանն ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 17 միջնակարգ դպրոցը, 1963 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին մի խումբ երիտասարդների հետ ստեղծել է «Հայ երիտասարդաց միություն» կազմակերպությունը, որի առաջնահերթ խնդիրը եղել է Մեծ եղեռնի 50-րդ տարելիցին՝ 1965 թվականի ապրիլի 24-ին, բազմահազարանոց ցույցի կազմակերպումը Երևանում, ռուսական կրթության վերացումը Հայաստանի դպրոցներում, գրաբարի ուսուցանման ներմուծումը։ Կազմակերպիչներից 7-ը, այդ թվում 23-ամյա Բաբայանը, ձերբակալվել են, դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Բաբայանը պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում[1][2]։

Վիգեն Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմը, որ գաղտնի կերպով արևմուտք էր ուղարկվել, տպագրվել է «Սփյուռք» շաբաթաթերթում և Փարիզում հրատարակվող «Հայաստան» թերթում։ Այս հանգամանքը հետագայում հիմք է ծառայել նրան ներկայացված մեղադրանքների համար։ Դատարանի դահլիճում Բաբայանը հայտարարել է, որ այդ պոեմը իր հայացքների արտահայտումն է, որոնցից նա հրաժարվել չի պատրաստվում։

1960-ականների սկզբին «Հայ երիտասարդաց միություն» կազմակերպությունն իր ծրագրում կետեր է մտցնում Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանի հետ վերամիավորելու, Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու մասին։ 1968 թվականին կազմավորված «Հանուն Հայրենիքի» խմբի տպագրած 38 էջանոց ամսագրի համար որպես բնաբան էր ընտրել Վիգեն Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմից մի քառատող։ 1968 թվականին Բաբայանն ազատվել է կալանքից, վերադարձել Հայաստան։ Աշխատել է «Ծիածան» ռադիոկայանում։ 1979 թվականին Պարույր Սևակի ծննդյան տարեդարձին նվիրված հեռուստահաղորդման համար հեռացվել է աշխատանքից[3]։

Մինչև այս գործով դատապարտվելը, Վիգեն Բաբայանը 1957 թվականին 17 տարեկանում ևս մեկ անգամ 2 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել էր։ Պատճառն անզգույշ սպանությունն էր։ Ընկերներով տանը, պատանեկական հետաքրքրությունից դրդված, ուսումնասիրել էին Բաբայանի հորը պատկանող ատրճանակը, որից պատահաբար արձակված կրակոցից սպանվել էր դասընկերը։

1970-ական թվականների վերջում Բաբայանը կարողացել է Խորհրդային Հայաստանում բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու հրապարակել։ 1980 թվականին ՊԱԿ-ի «հորդորով» ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ` մշտական բնակության։

Վախճանվել է քաղցկեղից 2004 թվականի դեկտեմբերի 16-ին, Վաշինգտոնում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում՝ խմբագիր, ապա փոխտնօրեն։ Բանաստեղծությունների ժողովածուների ու թարգմանությունների հեղինակ է։ Շատ թարգմանություններ ունի ռուս բանաստեղծներից, այդ թվում՝ Ժուկովսկուց, Լերմոնտովից, Պյոտր Վյազեմսկուց, Ալեքսանդր Բլոկից, անգլիալեզու հեղինակներից թարգմանել է Թոմաս Գրեյ, Ուիլյամ Բլեյք, Ուոլթ Ուիթմեն, Թոմաս Էլիոթ, Էդգար Պո և այլն։ Վիգեն Բաբայանի թարգմանությամբ Էդգար Պոյի «Ագռավը» հրապարակվել է «Գարուն» ամսագրում։

Լույս են տեսել Բաբայանի «Նվագներ» (1979), «Հայրենանվագ» (2001), «Բանտանվագ» (2002), «Աքսորանվագ» (2005), «Անվերնագիր» (2004) գրքերը, «Բազմանվագ» (2003 թարգմանությունների (համաշխարհային պոեզիայից) հատորը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նվագարան։ 3 հատորով։ Հատոր 3, Բաբայան Վիգեն, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2005[4]։
  • Նվագարան։ 3 հատորով։ Հատոր 2, Բաբայան Վիգեն, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2005[5]։
  • Նվագարան։ 3 հատորով։ Հատոր 1, Բաբայան Վիգեն, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2004[6]։
  • Անվերնագիր, Բաբայան Վիգեն, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2004[7]։
  • Անվերնագիր, Բաբայան Վիգե, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2003[8]։
  • Բազմանվագ։ Թարգմանություններ և փոխադրություններ։ Ժողովածուն ընդգրկում է ռուսերեն, անգլերեն և այլազգի հեղինակ բանաստեղծների թարգմանություններ, Բաբայան Վիգեն, Երևան, «Սահակ Պարթև», 2003[9]։
  • Անվերնագիր, Բաբայան Վիգեն Ասատուրի, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2002[10]։
  • Նվագարան։ 3 հատորով, Բաբայան Վիգեն, Խանումյան Ս., Երևան, «Սահակ Պարթև», 2001[11]։
  • Պոեմներ, Բաբայան Վիգեն, Երևան, «Սահակ Պարթև», 2000[12]։
  • Նվագներ, Բաբայան Վիգեն Ասատուրի, Դուրյան Լյուդվիգ Ծերունի, Երևան, «Սովետական գրող», 1979[13]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բախչինյան Ֆ. Բ., Մեկնանվագ. Վիգեն Բաբայան, Երևան, 2003։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 705։
  2. «Դիսիդենտական Հայաստան. Վիգեն Բաբայան». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  3. «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Վիգեն Բաբայան». Hetq.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. Բաբայան, Վիգեն (2005). Խանումյան, Սվետլանա (ed.). Նվագարան: 3 հատորով. Հատոր 3. Երևան: Սահակ Պարթև. ISBN 9789993082866.
  5. Բաբայան, Վիգեն (2005). Խանումյան, Սվետլանա (ed.). Նվագարան: 3 հատորով. Հատոր 2. Երևան: Սահակ Պարթև. ISBN 9789993082866.
  6. Բաբայան, Վիգեն (2004). Խանումյան, Սվետլանա (ed.). Նվագարան: 3 հատորով. Հատոր 1. Երևան: Սահակ Պարթև. ISBN 9789993082866.
  7. Բաբայան, Վիգեն (2004). Խանումյան, Սվետլանա (ed.). Անվերնագիր. Երևան: Սահակ Պարթև. ISBN 9789993093831.
  8. Բաբայան, Վիգեն (2003). Խանումյան, Սվետլանա (ed.). Անվերնագիր. Երևան: Սահակ Պարթև. ISBN 9789993093831.
  9. Բազմանվագ: Թարգմանություններ և փոխադրություններ։ Ժող. ընդգրկում է ռուս., անգլ. և այլազգի հեղ. բանաստեղծ. թարգմ. Translated by Բաբայան, Վիգեն. Երևան: Սահակ Պարթև. 2003. ISBN 9789993093886.
  10. Բաբայան, Վիգեն Ասատուրի (2002). Խանումյան, Սվետլանա (ed.). Անվերնագիր. Երևան: Սահակ Պարթև. ISBN 9789993093831.
  11. Բաբայան, Վիգեն (2001). Խանումյան, Ս (ed.). Նվագարան: 3 հատորով. Երևան: Սահակ Պարթև. ISBN 9789993082866.
  12. Բաբայան, Վիգեն (2000). Պոեմներ. Երևան: Սահակ Պարթև. ISBN 9789993082859.
  13. Բաբայան, Վիգեն Ասատուրի (1979). Դուրյան, Լյուդվիգ Ծերունի (ed.). Նվագներ. Երևան: Սովետական գրող.