Ազատ Արշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազատ Արշակյան
Ծնվել էօգոստոսի 13, 1950(1950-08-13) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԾնողներԼևոն Արշակյան
Քնարիկ Հովհաննիսյան
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
ԵրեխաներՏարոն Արշակյան

Ազատ Լևոնի (Լևիկի) Արշակյան (օգոստոսի 13, 1950(1950-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1967-1972 թվականներին, Ազատ Արշակյանը սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության ինստիտուտում՝ ձեռք բերելով տնտեսագետ-շինարարի մասնագիտություն։ Պատանեկության տարիներին զբաղվել է բռնցքամարտով։

Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 15-16 տարեկանից համակրել ու համագործակցել է Հայաստանում ընդհատակյա գործող այլախոհների հետ։ Օդաչու դառնալու նպատակով (ԱՄԿ-ի հանձնարարությամբ) դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Խաբարովսկ՝ օդաչուական ինստիտուտ ընդունվելու և ըստ ընդունված կարգի՝ նախ աշխատանքի է անցել տեղի օդանավակայանում։ Կարճ ժամանակ անց, սակայն, ՊԱԿ-ի միջամտությամբ պատանուն վերադարձրեցին Երևան, աննպատակահարմար գտնելով նրա գտնվելը Խաբարոսկի օդանավակայանում և մեկընդմիշտ փակելով դռները օդաչուական կրթության առաջ։ 1966-1967 թվականներին անդամակցել է «Հայ երիտասարդական միություն» (ՀԵՄ), ապա՝ «Շանթ» կազմակերպություններին, այնուհետև՝ Ազգային միացյալ կուսակցությանը՝ (ԱՄԿ), որը հիմնել էին Հայկազն Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը և Ստեփան Զատիկյանը. ըստ էության այն Հայաստանում առաջին ընդհատակյա կուսակցությունն էր, իսկ «Շանթ»-ը՝ Պարույր Հայրիկյանի, Ազատ Արշակյանի և Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությունն էր, որ ծագել էր որպես ԱՄԿ-ի հատված։ 1967-ին ապրիլի 24-ին «Շանթ»-ական հայրենասեր պատանիները ինքնաշեն ռադիոհանգույցով Զանգվի ձորից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպեցին ռադիոթողարկում, այդպես էլ անորսալի մնալով ՊԱԿ-ի համար։ 1970 թվականին ԱՄԿ անդամների դատավարության ժամանակ Ազատ Արշակյանը ներգրավված է եղել որպես վկա։ Խորհրդային բանակում ծառայելուց և զորացրվելուց հետո կրկին անցել է քաղաքական բուռն գործունեության։ 1973 թվականին ԱՄԿ գործողությունների ակտիվ մասնակից է եղել, կազմակերպել մասնաճյուղեր։ Մասնակցել է թռուցիկների տպագրման և տարածման աշխատանքներին։ Եղել է Լենինի (Հանրապետության) հրապարակում տեղադրված Լենինի մեծադիր նկարն այրելու կազմակերպիչներից մեկը (որպեսզի ՊԱԿ-ը չկարողանա հայտնաբերել Լենինի նկարն այրող երկրորդ մասնակցին՝ Սմբատ Ավագյանին, նախաքննության ժամանակ հայտարերել է, որ Ռազմիկ Զոհրաբյանի հետ նկարն այրող երկրորդ մասնակիցն ինքն է եղել)։ 1974 թվականին մարտի 5-ին դատապարտվել է ՀԽՍՀ քր.օր.-ի 207 հոդվածով (միլիցիայի աշխատողին կամ ժողովրդական դրուժիննիկին բռնություն գործադրելու սպառնալիքով դիմադրություն ցույց տալը)։ Նույն թվականի հոկտեմբերին կալանավորվել է՝ մեղադրվելով ՀԽՍՀ քր.օր.-ի 65 1-ին մասով (հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա), 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաև հակախորհրդային կազմակերպությանը մասնակցելը), 96 հոդվածի 2-րդ մասով (ազգային և ռասայական իրավահավասարությունը խախտելը) և 231 հոդվածով (անչափահասներին հանցավոր գործունեության, հարբեցողության, մոլախաղերի մեջ ներգրավելը)։ Դատապաարտվել է 7 տարի ազատազրկման և 3 տարի աքսորի։ Նշված պատժի մեջ կլանվել է 1974-ի մարտի 5-ի դատավճռով նշանակված 2 տարվա ազատազրկումը։ Որպես ծանր հանցանք դատավճռում նշված է. «Երևան քաղաքում ստեղծել է հակախորհրդային ուղղվածություն ունեցող «Շանթ» անունը կրող գաղտնի խմբակ, որի նպատակն է եղել վերամիավորել Հայաստանը և պայքար ծավալել անկախ Հայաստան ստեղծելու համար»: Պատիժը կրել է Մորդովայի՝ քաղբանտարկյալների համար նախատեսված կալանավայրում։ Խորհրդային այն այլախոհներից է, ով 1974 թ. հոկտեմբերի 30-ին մորդովյան և պերմյան ճամբարներում գտնվող այլախոհների հետ միասին մոմավառությամբ հարգելով բռնաճնշումների բոլոր անմեղ զոհերի հիշատակը՝ այդ օրն հետո հռչակվեց Քաղբանտարկյալների օր։

1977-ին վաղաժամ ազատ է արձակվել. Չիլիի կոմունիստական շարժման առաջնորդ Լուիս Կորվալանի հետ խորհրդային այլախոհ Վլադիմիր Բուկովսկու հետ փոխանակումից հետո ստեղծված իրավիճակում շատերի հետ ազատ արձակվեցին նաև Ազատ Արշակյանը և Աշոտ Նավասարդյանը։ Սակայն երեք տարի անց՝ 1981 թվականին, հակախորհրդային գործունեության համար երկրորդ անգամ է կալանավորվել։ Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 2-րդ մասով և 67 հոդվածով։ Ճանաչվել է որպես հատուկ վտանգավոր պետական կրկնահանցագործ (ռեցիդիվիստ)՝ դատապարտվելով 8 տարի ազատազրկման և 3 տարի աքսորի։ Գորբաչովյան «Պերոստրոյկա»-ի (Վերակառուցման) շնորհիվ՝ 1987-ին վաղաժամ ազատ է արձակվել։ Խորհրդային կիսա-ազատության պայմաններում նրան արգելվեց բնակվել Երևանում, այդ պատճառով Ազատ Արշակյանը աշխատանքի անցավ Նուբարաշենի թռչնաֆաբրիկայում՝ նախ որպես բանվոր, իսկ հետագայում՝ Անկախության տարիներին՝ որպես տնօրեն։

Ազատ Արշակյանը և Աշոտ Նավասարդյանը միակ հայ քաղբանտարկյալներն են, որոնք ճանաչվել են հատկապես վտանգավոր պետական կրկնահանցագործներ։ 1989-ին ակտիվորեն մասնակցել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին։ «Ազգային ինքնորոշամ միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ակտիվ մասնակցել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության (1989) գործունեությանը։

Մասնակցել է Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությանը։

1990-ին հիմնադրել է Հայաստանի Քրիստոնեա-դեմակրատական միություն կուսակցությունը։

1990-ի օգոստոսի 27-ին Հայաստանի Գերագույն դատարանի նախագահության նիստում խորհրդային քաղբանտարկյալ Ազատ Արշակյանին ամբողջովին արդարացվեց. «Նկատի ունենալով արդի քաղաքական կուրսը, հրապարակայնության, դեմոկրատիայի զարգացման պայմանները, երբ բազմակարծության հարցը բարձրացվում և լուծվում է պետական մակարդակով, ինչպես նաև այն, որ ԽՍՀՄ գլավլիտի 1990 10-ի հրամանով վերացվել է նախկինում արգելված գրականության և առանձին գրողների գրքերը արգելելու մասին բոլոր հրամանները, ուստի Ա. Արշակյանի արարքներում բացակայում են ՀԽՍՀ քր. օր.–ի 65 հոդ. 1-ին և 2 –րդ մասերով և 67 հոդ. հանցակազմերը: Ղեկավարվելով ՀԽՍՀ քր. օր.-ի 375 հոդվածով, նախագահությունը որոշեց բեկանել Ազատ Լևիկի Արշակյանի վերաբերյալ Լենինյան շրջանի ժողդատարանի 1974-ի մարտի 5–ի, ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 1974-ի հոկտեմբերի 23-ի և 1981-ի սեպտեմբերի 18-ի դատավճիռները ՀԽՍՀ քր.օր.-ի 207 հոդ., 65 հոդ. 1-ին և 2- րդ , 67 հոդ., 96 հոդ. 2-րդ մասով և 231 հոդ. և նրա մասով այդ գործերը կարճել հանցակազմի բացակայության պատճառով»:

Քաղաքական գործունեությունը անկախության տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, անդամակցելով ազգային անվտանգության ապահովման կոնցեպցիայի մշակման հանձնաժողովին (նախագահ՝ Վազգեն Սարգսյան)։ Հաջորդ ընտրություններում՝ 1995-ին, թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական ընտրական համակարգով ընտրել է Առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ներքին գործերի, պաշտպանության և արտաքին կապերի գծով մշտական հանձնաժողովի փոխնախագահը, համալրել է «Հանրապետություն» խմբակցության շարքերը։

Առջևում այլախոհության համար դժվար ժամանակներ էին՝ ՀՀ երկրորդ նախագահի իշխանության տարիները բնորոշվում են խոսքի ազատության սահմանափակման, մամուլի արգելափակման, առանձին քաղաքական և հասարակական գործիչների դեմ տարատեսակ հետապնդումների ձևերով։ Խորհրդային կալանավայրերում շուրջ 10 տարի անցկացրած նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանին վիճակված էր քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում, որի անկախության համար պայքարին նվիրել էր իր լավագույն տարիները. 2001 թ. սեպտեմբերի 13-ին Ազատ Արշակյանին Անկախության բանակի ժամանակներից զենք-զինամթերք պահելու շինծու մեղադրանքով ձերբակալեցին և դատապարտեցին 2 տարվա ազատազրկման։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14. 11. 2001. դատավճիռը (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) անհեթեթությամբ չի զիջում խորհրդային դատավճիռներին. դատարանը հաստատված էր համարել, որ Արցախյան պատերազմի սկզբում Ա. Արշակյանը «ապօրինի կերպով, առանց համապատասխան թույլտվության ձեռք է բերել զենք-զինամթերք», և ՀՀ քր.օր.-ի 232 1-ին մասով դատապարտել 2 տարի ժամանակով և կիրառելով ՀՀ որ.օր.-ի 41 հոդվածը, պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել փորձաշրջան 2 տարի ժամանակով։ Ազատ Արշակյանը անազատության մեջ մնաց 2 ամիս, և դրանք քոչարյանական ռեժիմի ամոթի 2 ամիսներից են։

ՀՀ Գլխավոր դատախազության 2011 թ. օգոստոսի 4-ի տեղեկանքում նշված է. «Ազատ Լևիկի Արշակյանը դատապարտվել է անհիմն, համարվում է բռնադատված. այնուհետև արդարացված»:

Ա. Արշակյանը 1999-ին խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց՝ համարելով, որ ասպարեզը պետք է թողնել նոր սերնդին, սակայն միշտ մնաց քաղաքական հարթակում՝ երկրի համար բոլոր վճռորոշ հարցերում դրսևորելով իր սկզբունքային դիրքորոշումը և հստակ քաղաքացիական կեցվածքը։

Դեմ է արտահայտվել 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը, միանալով քաղաքական այն ուժերին, որոնք Հայաստանի պետական անվտանգության երաշխիքները և առաջընթացը տեսնում են ԵՏՄ-ից դուրս՝ պետական ինստիտուտների զարգացմանը զուգահեռ՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցության խորացման մեջ։ 2015-ին դեկտեմբերի 6-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ ակտիվորեն մասնակցել է փոփոխությունները մերժող «Ոչ»-ի քարոզարշավին, այդ թվում՝ «Ա1+»-ի ուղիղ եթերով հեռարձակված «Այո»-ի և «Ոչ»-ի ռեալիթի-շոուին։

Չանդամակցելով որևէ կուսակցության՝ շարունակում է ակտիվ գործել ՀՀ քաղաքական դաշտում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի այլախոհները» կենսագրական բառարանի «Հայաստան» գլխի ներածական հոդվածից ("Մեմորիալ" ԳՀԿ, (Մոսկվա); "Կարտա" կենտրոն (Վարշավա)), 2003 թ.:
  • Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004:
  • «Ո՞վ Ո՞վ է. Հայեր» կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:
  • Պարույր Հայրիկյան, Լույսի ճանապարհին, Երևան, 2004:
  • Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում, Երևան, 2014 թ.: