Աշոտ Նավասարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Նավասարդյան
Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ
Ծնվել է մարտի 28, 1950թ
Ծննդավայր Երևան
Մահացել է նոյեմբերի 3, 1997
Մահվան վայր Երևան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայաստանի հանրապետական կուսակցություն

Աշոտ Ցոլակի Նավասարդյան (մարտի 28, 1950, Երևան - նոյեմբերի 3, 1997, Երևան), հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահը՝ 1990-ից։[1][2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը` տնտեսագետի որակավորմամբ, աշխատել է «Լիցք» կոոպերատիվում՝ էլեկտրամոնտաժող[3]:

Եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարայային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։[1] Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի[1][3], այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։ 1987–ին ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, 1989-1990 թթ. եղել է ԱԻՄ Խորհրդի անդամ։ 1990 թ․–ի օգոստոսին Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է, հանցակազմի բացակայության պատճառով։[1] «Ազգային ինքնորոշամ միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989)[4], որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին[5] Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։ Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թվականին հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և եղել նրա առաջին ղեկավարը։[2] 1990-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի,[6] 1995-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։[7] 1990-1995-ին եղել է ՀՀ ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և Սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997-ին՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին, ստացել է ռազմավարի որակավորում։ Հանկարծամահ է եղել 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png