Միլգրեմի գիտափորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Միլգրեմի փորձարարական հոգեբանության գիտաֆորձի հրապարակային հայտարարության ֆաքսիմիլեն

Միլգրեմի գիտափորձ կամ Միլգրեմի էֆեկտ (1961 թվականի հուլիս, ԱՄՆ, Կալիֆոռնիա, Նյու Հեյվեն, Եյլի համալսարան)[1], հեղինակություններին ենթարկվելու սոցիալական հոգեբանական վարքի պատճառներն ուսումնասիրող փորձարարական հոգեբանության գիտափորձ, պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեվերլուծական ուսումնասիրություն, հոգեբան Սթենլի Միլգրեմին (անգլ.՝ Stanley Milgram 1933-1984) համաշխարհային ճանաչում բերած[2] հայտնի վիճահարույց գիտափորձը: Նպատակն էր հասկանալ, թե մարդն ինչու, ինչպես և որքան է պատրաստ ցավ պատճառել, եթե դա իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում։ Միլգրեմի գիտափորձի ուսումնասիրությունները Զիգմունդ Ֆրոյդի ուսումնասիրությունների նման հանգեցրին մարդկային բնույթի մասին ընդունված տեսակետների հիմնովին վերանայման[2]:

Գիտափորձի ուսումնասիրության առարկան «ուսուցիչն» էր, որը հետևելով գիտափորձի ղեկավարի հրահանգներին, պատժում էր էլեկտրական աթոռ հիշեցնող նստարանին նստած «աշակերտին» յուրաքանչյուր սխալի համար հոսանքահարելով, չնայելով, որ իր գործողություններով ակնհայտ անտանելի ցավ է պատճառում։ Փորձարկվող «ուսուցիչները» քայլ առ քայլ կատարում էին ղեկավարի ցուցումները, անտեսելով իրենց իսկ բարոյական նորմերը, ներքին պայքարը, հակադրվելով իրենց իսկ խղճին: Գիտափորձն անսպասելի բացահայտում էր. հեղինակություններին հնազանդվելն այնպես խորն է արմատավորվել մեզանում, որ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է հնազանդվել հակադրվելով իր կամքին, նույնիսկ գիտակցելով անտեսել, որ իր գործողություններով լուրջ վնասվածք և տառապանք է պատճառում բացարձակապես անմեղ մեկին[3]: Դաժանության պատճառները հասկանալու համար իրականացվել է այս գիտափորձի որոշ փոփոխություններով բազմաթիվ այլ տարբերակներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր երկրներում[4]:

Այս հետազոտությունն առաջին անգամ նկարագրվել է 1963 թվականին «Անոմալ և սոցիալական հոգեբանություն ամսագրում» (Journal of Abnormal and Social Psychology) Եյլի համալսարանի հոգեբան Սթենլի Միլգրեմի «Հնազանդության վարքագծային ուսումնասիրություն»[5] (անգլ.՝ Behavioral Study of Obedience) հոդվածում: 1974 թվականին «Հնազանդվել հեղինակությանը. փորձարարական դիտում»[3] (անգլ.՝ Obedience to Authority: An Experimental View) գրքում Միլգրեմը ներկայացրել է իր առավել մանրակրկիտ եզրակացությունները։

Պատմական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձը իրականացվել է 1961 թվականի հուլիսին, գեստապոյի ղեկավարներից ռազմական հանցագործ, հրեաների մասսայական ոչնչացման անմիջական պատասխանատու, Ադոլֆ Էյխմանի[6] Երուսաղեմում իրականացված դատավարությունից երեք ամիս անց[7]: Էյխմանի պաշտպանությունը մյուս նացիստական հանցագործների նման հենվում էր միևնույն վկայության վրա.

Aquote1.png Ես միայն հրամաններ եմ կատարել:
I was only following orders.
Aquote2.png

Բոլոր հոգեբույժները միևնույն կարծիքին էին.

Aquote1.png Էյխմանը մյուս նացիստական հանցագործներից շատերի նման էր, որոնք ոչ այլասերված էին, ոչ սադիստներ և եղել են և կան ահավոր և սարսափելիորեն նորմալ մարդիկ[8]: Aquote2.png

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլգրեմը մշակել էր հոգեբանական ուսումնասիրություն, որը պետք է պատասխաներ համաժողովրդական դարձած հարցին.

Aquote1.png Հնարավոր է, որ Էյխմանը և Հոլոքոստ իրականացնող միլիոնավորները պարզապես հրաման էին կատարում: Կարո՞ղ ենք նրանց բոլորին անվանել մեղսակիցներ: Aquote2.png

Սթենլի Միլգրեմի նպատակն էր բացատրել Հոլոքոստի իրականացման սոցիալական պատճառները։ Որպես հրեա նա անձնական հետաքրքրություն ուներ այդ ուսումնասիրության նկատմամբ։ Սակայն իրական նպատակն էր պարզել «գերմանացիները տարբերվում են» (The Germans-are different) որոշ պատմաբանների (մասնավորապես Ուիլիամ Շիրերի, William Shirer) վարկածի[9][10] իսկությունը, հասկանալ թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նացիստական Գերմանիայի շարքային քաղաքացիներն ինչպես կարող էին մասնակցել համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր անմեղ մարդկանց ոչնչացմանը։ ԱՄՆ-ում իր փորձերի հաջող ընթացքից հետո Միլգրեմը պատրաստվում էր փորձարկման մասնակիցների հետ մեկնել Գերմանիա, որի բնակիչները, ինչպես նախապես ենթադրում էր, հակված են ենթարկվելու[10]: Սակայն Նյու Հեյվենում (Կոնեկտիկուտ նահանգ) կատարած առաջին գիտափորձից պարզ դարձավ, որ Գերմանիա գնալու կարիք չկա և կարելի է հենց տեղում իրականացնել գիտական հետազոտությունը։

Aquote1.png Ես այնքան հնազանդության հանդիպեցի, որ անհրաժեշտություն չեմ տեսնում այն Գերմանիայում շարունակելու[10]: Aquote2.png

Հետագայում նման գիտափորձ իրականացվել է Հոլանդիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ավստրիայում և Հորդանանում: Արդյունքները նույնն էին, ինչ որ ԱՄՆ-ում[3][11]:

Գիտափորձի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի սխեմա․ փորձարարը (E) պահանջում է «ուսուցչից» (T) «աշակերտին» (L) տալ պարզ խնդիրներ հիշելու համար և «աշակերտի» յուրաքանչյուր սխալի դեպքում սեղմել կոճակը, այդպիսով պատժել աշակերտին հոսանքահարմամբ (իրականում աշակերտի փոխարեն դերասան է, որը միայն ձևացնում է, թե հոսանքահարվում է)։ Սկսելով 15 Վոլտից «ուսուցիչը» յուրաքանչյուր սխալից հետո պետք է ավելացներ լարումը 15 Վ մինչև 450 Վ։

Հիմնական պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձի հիմնական տարբերակի անդամները երեքն էին. փորձարար, փորձարկվող («ուսուցիչ») և մեկ այլ փորձարկվողի դերակատար («աշակերտ»)։ Փորձարարի հրահանգով աշակերտը պետք է սովորեր և զույգ-զույգ հիշեր տրված բառերի երկար ցանկը, իսկ «ուսուցիչը» պետք է աշակերտի հիշողությունը ստուգեր և պատժեր՝ յուրաքանչյուր սխալի համար ավելի ու ավելի ուժեղ էլեկտրական լիցք հաղորդելով։

Համոզիչ պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձը մասնակիցներին ներկայացվում էր որպես հիշողության վրա ցավի ազդեցության ուսումնասիրություն: «Խաղը» սկսելուց առաջ թղթերի ընտրությամբ, որոնցից մեկի վրա գրված էր աշակերտ, իսկ մյուսի վրա՝ ուսուցիչ, «վիճակահանություն» էր կատարվում։ Սակայն մտածված էր այնպես, որ ուսուցիչը լիներ փորձարկվողը, իսկ աշակերտը՝ դերասանը։ Վիճակահանությունից հետո ուսուցչի ներկայությամբ աշակերտը նստում է էլեկտրական աթոռ հիշեցնեղ բազկաթոռին, նրան կապում են այդ բազկաթոռին։ Հոսանքի հարվածը զգացնել տալու նպատակով ուսուցչին ցուցադրաբար հոսանքահարում են, որից հետո ուսուցիչը մտնում է մեկ այլ սենյակ, որտեղ նստում է գեներատորի դիմաց։

Գեներատորի կառուցվածք և աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներատորը արտաքինից իրական սարքի տեսք ուներ։ Դա մի արկղ էր, որի վահանակի վրա կար 30 անջատիչ, որոնցից յուրաքանչյուրի լարումը հաջորդի նկատմամբ 15-ական Վ բարձր էր (նվազագոյնը 15 Վ - առավելագույնը 450 Վ)։ Փորձարարը բացատրում էր ուսուցչին, որ անջատիչի ամեն մի սեղմումից աշակերտին համապատասխան լարում է փոխանցվում, իսկ անջատիչը բաց թողնելիս հոսանքի ազդեցությունը դադարում է։ Որպեսզի ուսուցիչը չշփոթեր անջատիչները, արդեն սեղմած անջատիչը ներքևի դիրքում էր մնում, որով պարզ երևում էր, թե ո՞ր անջատիչն էր արդեն միացվել։ Բացի այդ, յուրաքանչյուր անջատիչի տակ գրված էր իրեն համապատասխան լարումը և պարզաբանող արտահայտություններ.

  • «Թույլ հարված» (Slight Shock)
  • «Չափավոր հարված» (Moderate Shock)
  • «Ուժեղ հարված» (Strong Shock)
  • «Շատ ուժեղ հարված» (Very Strong Shock)
  • «Ինտենսիվ հարված» (Intense Shock)
  • «Ծայրահեղ ինտենսիվ հարված» (Extreme Intensity Shock)
  • «Վտանգ. դաժան հարված» (Danger: Severe Shock).

Վերջին երկու անջատիչները պիտակավորված էին «X X X»:

Գեներատորի վահանակը բարձրորակ էր՝ սարքի նշանակության[12] և արտադրողի[13] մասին գրառումներով։ Վահանակի վրա տեղադրված էր սլաքային վոլտմետր: Անջատիչը միացնելիս համապատասխան լամպը լուսավորվում էր, նաև լսվում էր ռելեի «բզզոցն ու ճտտոցը»: Այլ կերպ ասած սարքը իրապես լուրջ տպավորություն էր թողնում կասկած չհարուցելով գիտափորձի իսկության մեջ։

Գիտափորձի սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանակիցների հետ ճեպազրույցից հետո ազդարարվում է գիտափորձի սկիզբը. ուսուցիչը կարդում է ասոցիատիվ բառազույգեր, որոնք պետք է հիշեր աշակերտը։ Որից հետո ուսուցիչը կարդում է զույգ բառերից մեկը և պատասխանի չորս տարբերակ։ Աշակերտը պետք է սեղմեր չորս կոճակներից այն մեկը, որը համապատասխանում է ճիշտ տարբերակին։ Աշակերտի պատասխանը երևում է ուսուցչի դիմաց դրված լուսատախտակի վրա։ Սխալի դեպքում ուսուցիչը հայտնում է, որ պատասխանը սխալ է և թե ինչ լարմամբ է պատժվում աշակերտը, սեղմում է հոսանքահարման համապատասխան կոճակը, որից հետո հնչեցնում է ճիշտ պատասխանը։ 15 վոլտ լարումից սկսելով ամեն սխալի համար ուսուցիչը աշակերտին պատժում է ամեն անգամ լարումն ավելացնելով 15 վոլտով, մինչև 450 վոլտ։ Այս սահմամային լարումից հետո փորձարարը պնդում է, որ ուսուցիչը պետք է կրկին սեղմի վերջին կոճակը (450 վոլտ)։ Գիտափորձն ավարտված է համարվում վերջին կոճակից երեք անգամ օգտվելուց հետո միայն։

Իրականում դերասանը, որը աշակերտի դերն էր կատարում, միայն ձևացնում էր, թե շոկային հարվածներ է ստանում։ Աշակերտի պատասխանները պլանավորված էին. յուրաքանչյուր ճիշտ պատասխանին հաջորդում էր երեք սխալը, այսինքն, երբ ուսուցիչը առաջին թերթի բառերի ավարտին էր հասնում, աշակերտի հարվածի չափը 105 վոլտ էր, որից հետո ուսուցիչը վերցնում էր բառերի ցանկի երկրորդ թերթը, իսկ փորձարարը պահանջում էր նորից սկսել 15 վոլտից, և առաջին թերթի բառերն այնքան կարդալ, մինչև աշակերտը կսովորի բոլոր զույգերը։ Այսպես ուսուցիչը աստիճանաբար մտնում էր իր դերի մեջ, վարժվում էր իր պարտականություններին։ Բացի այդ բացահայտ ցույց էր տրվում, որ գիտափորձը չի ավարտվելու հարցերի ցուցակը ավարտելուց հետո։ Եթե փորձարկվող ուսուցիչը տատանվում էր, ապա փորձարարը պահանջում էր հերթականությամբ արտաբերելով նախապես որոշված արտահայտություններից մեկը[14].

  1. «Շարունակեք խնդրեմ» (Please continue/Please go on)
  2. «Գիտափորձը պահանջում է, որ դուք շարունակեք» (Experiment requires that you continue)
  3. «Վստահաբար պետք է, որ դուք շարունակեք» (It is absolutely essential that you continue)
  4. «Մենք ընտրություն չունենք, դուք պետք է շարունակեք» (You have no other choice, you must go on)։

Եթե ուսուցիչը հրաժարվում էր շարունակել գիտափորձը, ապա արտաբերվում էր առաջին արտահայտությունը, եթե միևնուն է հրաժարվում էր, արտաբերվում էր երկրորդը, եթե կրկին հրաժարվում էր, ապա՝ հաջորդը և այլն։ Գիտափորձն ընդհատվում էր միայն վերջին արտահայտությունը հնչեցնելուց հետո հրաժարվելու դեպքում։ Սրանից բացի կար ևս երկու հատուկ արտահայտություն այն դեպքերի համար, եթե ուսուցիչը հարցնում էր, թե հարվածն արդյոք չի՞ վնասի աշակերտին, փորձարարը պատասխանում էր.

  • «Չնայած հոսանքահարումը ցավոտ կարող է լինել, բայց հյուսվածքների երկարատև վնաս չի պատճառի» (Although the shock may be painful, there is no permanent tissue damage)։

Եթե փորձարկվողը նկատում էր, որ աշակերտը հրաժարվում է շարունակել, փորձարարը պատասխանում էր.

  • «Անկախ աշակերտին դուր է գալիս, թե՝ ոչ, Դուք պետք է շարունակեք մինչև նա ճիշտ սովորի բոլոր բառերի զույգերը» (Whether the learner likes it or not, you must go on until he has learned all the word pairs correctly)։

Գիտափորձի ֆիլմը դիտելիս երևում է, որ գիտափորձի ընթացքից ելնելով փորձարարն ըստ անհրաժեշտության օգտագործում էր նաև այլ արտահայտություններ։ Օրինակ, որ ինքն է պատասխանատվություն կրում, եթե աշակերտի հետ որևէ բան կատարվի։ Միաժամանակ, Միլգրեմը ոչ մի կերպ չէր վախեցնում տարակուսող ուսուցիչներին։

Մասնակիցները ստանում էին 4,5 դոլլար դրամական փոխհատուցում գիտափորձին մասնակցելու համար։ Սակայն գիտափորձը սկսելուց առաջ փորձարարը զգուշացնում էր, որ գումարը վճարվում է լաբորատորիա գալու համար։ Այն անկախ փորձի ընթացքից նրանց է մնալու։ Հետագայում անցկացված 43 հետազոտվողներ, որոնք առանց փոխհատուցման էին մասնակցել գիտափորձին, բայց Եյլի համալսարանի ուսանողներ էին, նույն արդյունքներն են ցույց տվել[14]:

Կանխագուշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձը սկսելուց մի քանի օր առաջ Միլգրեմն իր գործընկեներին (Եյլի համալսարանի հոգեբանության ոլորտում մասնագիտացված ուսանողներ, շրջանավարտներ) խնդրել էր ծանոթանալ հետազոտության պլանին և փորձել կանխագուշակել, թե փորձարկվող-ուսուցիչներից քանիսն անկախ ամեն ինչից կշարունակեն լարումն ավելացնել մինչև փորձարարի կանգնեցննելը (450 Վ)։

  • Հոգեբանների մեծ մասը ենթադրել էր, որ այդպես կվարվեն ընդհանուր թվի 1-2 %-ը միայն
  • Ըստ 39 հոգեբույժների փորձարկվողների 20 %-ից ոչ ավելը կշարունակեն գիտափորձը հասնելով գիտափորձի կեսին (225 Վ) և միայն հազարից մեկը կհասնի սահմանային լարմանը։

Հետևաբար անսպասել էին արդյունքները։ Կանխագուշակումներին հակառակ փորձարկվողների մեծ մասը ենթարկվելով փորձարարի հրահանգներին շարունակել են պատժել աշակերտին նույնիսկ այն ժամանակ, երբ նա բղավում և ոտքով հարվածում էր պատին։ Գիտափորձը ստիպեց վերանայել մարդկային բնույթի մասին տեսակետները։ Այս հետազոտությունը մարդկանց ստիպում է մտածել.

Aquote1.png Արդյոք ես կկարողանայի՞ չսեղմել հոսանքահարող անջատիչը[2]: Aquote2.png


Գիտափորձի հիմնական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի առաջին տարբերակում, որը նկարագրված է «Behavioral Study of Obedience» հոդվածում[14], «աշակերտը» գտնվում էր «ուսուցչի» հարևան ձայնամեկուսացված սենյակում։ «Ուսուցիչը» չէր լսում «աշակերտի» ձայնը, սակայն 300 Վ-ի դեպքում աշակերտը սկսում էր ծեծել ուսուցչի պատը։ Որից հետո աշակերտը դադարում էր վահանակի միջոցով պատասխանել ուսուցչի հարցերին։ Փորձարարը պահանջում էր 5—10 վրկ պատասխանների բացակայությունը մեկնաբանել որպես սխալ պատասխան և անցնել հաջորդ հարվածին։ Հաջորդ հոսանքահարումից հետո (315 Վ) աշակերտը, առանց վահանակի միջոցով պատասխանելու, թակում էր պատը։ Հետագայում ո՛չ պատասխան էր հնչում, ո՛չ էլ թակոց։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլգրեմի գիտափորձի գրաֆիկական պատկեր

Հիմնական տարբերակի փորձերից մեկում 40 փորձարկվողներից 26-ը զոհին խղճալու և ինքնուրույն դադարեցնելու փոխարեն շարունակել են ավելացնել լարումը (մինչև 450 Վ), քանի դեռ չի հնչել գիտափորձի ավարտի մասին փորձարարի հրահանգը։ Փորձարկվողներից միայն հինգն (12,5 %) են կանգ առել 300 Վ-ի ժամանակ, երբ զոհն սկսել է արտահայտել իր առաջին դժգոհության նշանները (պատը թակել) և պատասխաններ չտալ։ Եվս չորսը (10 %) կանգ են առել 315 Վ լարման վրա, երբ զոհը երկրորդ անգամ է պատը թակել, պատասխան չտալով։ Երկուսը (5 %) հրաժարվել են շարունակել 330 Վ մակարդակի դեպքում, երբ զոհը դադարել է պատասխանել և պատը թակել։ Մեկական մարդ դադարել է կոճակները սեղմել հաջորդ երեք մակարդակներում (345, 360 և 375 Վ)։ 40 հոգուց 26-ը հասել են վահանակի մինչև վերջին նշանին։

Տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցաբերված դաժանությունը ստացել է մի քանի մեկնաբանություն.

  • Փորձարկվողներին հիպնոսացրել էր Եյլի համալսարանի հեղինակությունը
  • Բոլոր փորձարկվողները տղամարդիկ էին, այդ պատճառով կենսաբանական հակում ունեին ագրեսիվ գործողությունների
  • Փորձարկվողները չէին հասկանում, թե նման հզոր էլեկտրական լիցքերը ցավից բացի որքան մեծ վնաս կարող էին պատճառել աշակերտներին։
  • Փորձարկվողները սադիստական հակումներ ունեին և բավականություն էին ստանում տառապանքներ պատճառելու հնարավորությունից
  • Մասնակցել էին միայն այն մարդիկ, որոնք հեղինակությանը հնազանդվելու և տառապանքներ պատճառելու հակում ունեին, քանի որ մյուսները պարզապես հրաժարվել էին մասնակցել կամ անմիջապես, կամ էլ մանրամասներին ծանոթանալուց հետո, այդպիսով որևէ հոսանքահարում չկատարելով։ Հետևաբար, մասնակցելուց հրաժարվողները վիճակագրության մեջ չեն ներառվել։

Այս տեսակետներին պատասխանելու նպատակով Միլգրեմը մեկ տարվա ընթացքւմ 19 գիտափորձ է իրականացրել (որոշ փոփոխություններով)։ Արդյունքում այդ տեսակետներից և ոչ մեկը չի հաստատվել[1]:

Համալսարանի հեղինակությունից կախվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եյլի համալսարանի հեղինակության ազդեցությունը պարզելու նպատակով Միլգրեմը կրկնել է գիտափորձը Բրիջպորտում (Կոնեկտիկուտ նահանգ) «Բրիջպորտի հետազոտական ասոցիացիա» կոմերցիոն կազմակերպություն ցուցանակի ներքո՝ բացառելով Եյլի համալսարանի մասին որևէ հիշատակում։ Արդյունքներն առանձնապես չեն տարբերվել. փորձին մինչև վերջ մաասնակցել են փորձարկվողների 48 % -ը։

Սեռից կախվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի մեկ այլ օրինակով Միլգրեմը ցույց է տվել, որ սեռը էական ազդեցություն չի ունեցել փորձարկման արդյունքների վրա։ Կին-ուսուցիչները ճիշտ նույն վարքագիծն են ցուցաբերել, ինչ որ Միլգրեմի առաջին փորձի մասնակից տղամարդիկ։ Այդպիսով հերքվել է կանանց փափկասրտության մասին լեգենդը։

Էլեկտրական հոսանքի վտանգավորության չգիտակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական հարվածի վտանգավորությունը գիտակցելու գործոնը պարզելու նպատակով Միլգրեմն իրականացրել է լրացուցիչ գիտափորձ։ Այդ նպատակով աշակերտին ուղեցույց էր տրվել սրտի խնդիրների մասին հայտնել և զգուշացնել, որ չի դիմանա ուժեղ հոսանքահարմանը։ Գիտափորձի ընթացքում աշակերտը բղավել է․ «Վերջ։ Բաց թողեք ինձ այստեղից։ Ես Ձեզ ասում էի, որ իմ սիրտը հիվանդ է։ Սիրտս լավ չի։ Ես հրաժարվում եմ շարունակել։ Բաց փողեք ինձ։»։ Սակայն ուսուցչի վարքն անփոփոխ է մնացել. փորձարկվողները (65 %) բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները՝ լարումն առավելագույնի հասցնելով։

Հոգեկան խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրությունը, թե փորձարկվողները հոգեկան խանգարումներով մարդիկ են եղել (կամ հնազանդվելու հատուկ հակվածություն ունեին) նույնպես անհիմն է եղել։ Փորձարկվողներն ըստ տարիքային, մասնագիտական և կրթական մակարդակի միջին վիճակագրական քաղաքացիներ են եղել։ Առավել ևս փորձարկվողները հատուկ թեստեր են անցել, որոնց պատասխաննրով հնարավոր էր բնութագրել նրանց անհատականությունը։ Այդ թեստերը ցույց են տվել, որ մասնակիցները լիովին նորմալ և բավական կայուն հոգեկերտվածք ունեցող մարդիկ են եղել։ Փաստացի նրանք ոչնչով չեն տարբերվել սովորական մարդկանցից և, Միլգրեմի խոսքերով, «նրանք հենց մենք ենք»։

Սադիստական հակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ենթադրությունը, թե փորձարկվողները բավականություն էին ստանում զոհի տառապանքներից, այսինքն սադիստներ են եղել, հերքելու նպատակով ևս մի քանի գիտափորձեր են կատարվել։

  • Երբ փորձարարը գնում էր, իսկ սենյակում մնում էր նրա ասիստենտը, ապա միայն 20 % -ն էր համաձայնվում շարունակել փորձը
  • Երբ փորձարկվողին լարումն ընտրելու հնարավորություն էր ընձեռնվում, ապա 95 % -ը 150 Վ - ի սահմաններում էին մնում։
  • Երբ ցուցումները տրվում էին հեռախոսով, հնազանդության մակարդակը բավական փոքրանում էր (մինչև 20 %)։ Ընդ որում այդ ընթացքում փորձարկվողներից շատերը ձևացնում էին, թե շարունակում են գիտափորձը։
  • Եթե փորձարկվողը երկու փորձարկվողների միջև էր հայտնվում, որոնցից մեկը պահանջում էր դադարեցնել, իսկ մյուսը՝ շարունակել, ապա փորձարկվողը դադարեցնում էր գիտափորձը։

Միլգրեմի եզրակացություն: Հնազանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Միլգրեմը իրավացի էր և գիտափորձի մասնակիցները մեզ նման մարդիկ են եղել, ապա «Ի՞նչն է ստիպում մարդկանց նման կերպ վարվել» հարցը ձեռք է բերում անձնական բնույթ․ «Ի՞նչն է ստիպում մեզ նման կերպ վարվել»։

Aquote1.png Դուք կարող եք ասել, որ մենք խամաճիկներ ենք: Բայց ես հավատում եմ, որ մենք ընկալումով, գիտակից խամաճիկներ ենք: Երբեմն մենք կարող ենք տեսնել տողեր: Եվ, թերևս, մեր գիտակցությունը առաջին քայլն է մեր ազատագրման մեջ:
- Սթենլի Միլգրեմ
Aquote2.png
Aquote1.png You could say we are puppets. But I believe that we are puppets with perception, with awareness. Sometimes we can see the strings. And perhaps our awareness is the first step in our liberation.
- Stanley Milgram
Aquote2.png

Միլգրեմը վստահ էր, որ մեզանում խորապես արմատավորվել է հեղինակություններին հնազանդվելու անհրաժեշտության գիտակցությունը։ Նրա կարծիքով էական դեր է կատարել «ղեկավարին» բացահայտորեն հակադրվելու փորձարկվողների անկարողությունը։

Aquote1.png Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նորմալ հասուն մարդիկ ընդունակ են արտառոց ընդգծված պատրաստակամությամբ հետևել հեղինակությունների ցուցումներին և հայտնի չէ որքան հեռու գնալ: Aquote2.png

Միլգրեմը հիմնավորումներ է բերել, որոնք հաստատել են իր եզրակացությունները։ Նրա համար ակնհայտ էր, որ եթե հետազոտողը չպահանջեր գիտափորձը շարունակել, ապա փորձարկվողները արագորեն դուրս կգային խաղից։ Նրանք չէին ցանկանում կատարել հանձնարարությունը և տանջվում էին, տեսնելով իրենց զոհի տառապանքները։ Փորձարկվողները աղերսում էին փորձարարին թույլ տալ դադարեցնել, սակայն երբ դա նրանց թույլ չէր տրվում, ապա նրանք շարունակում էին սեղմել կոճակները։ Միաժամանակ այդ ընթացքում փորձարկվողները դողում էին, քրտնում, բողոքի խոսքեր էին փնթփնթում և կրկին աղերսում էին զոհին ազատել, բռնում էին գլուխները, բռունցքներն այնպես ամուր էին սեղմում, որ եղունգները խրվում էին ափի մեջ, շրթունքներն այնպես էին կծում, որ արյունոտում էին, իսկ ոմանք սկսում էին նյարդայնորեն քրքջալ։

Միլգրեմը լրացուցիչ գիտափորձերի միջոցով ստացել է իր ենթադրությունների իրավացիությունը վկայող առավել համոզիչ տվյալներ։

Հնազանդությունը մեղմող հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասարազորի հրահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլգրեմը գիտափորձի սցենարում էական փոփոխություններ կատարելով փորձել է համոզվել հեղինակություններին ենթարկվելու մարդկանց հակվածության իր նախնական եզրակացության մեջ։ Սցենարներից մեկում հետազոտողը ուսուցչին հանձնարարում էր կանգնեցնել գիտափորձը, իսկ այդ ընթացքում աշակերտը համարձակորեն պնդում էր շարունակել։ Արդյունքն ավելին, քան խոսուն էր. եթե շարունակել պահանջում էր իր նման փորձարկվողը, ապա դեպքերց 100 %-ում փորձարկվողները հրաժարվում էին թեկուզ մեկ լրացուցիչ էլեկտրական լիցք հաղորդել։ Մեկ այլ դեպքում հետազոտողը և երկրորդ փորձարկվողը դերերով փոխվում էին այնպես, որ աթոռին կապվում էր փորձարարը։ Ընդ որում երկրորդ փորձարկվողը ուսուցչին հրամայում էր շարունակել, այն դեպքում, երբ հետազոտողը համառորեն բողոքում էր։ Այս դեպքում նույնպես որևէ մեկը կոճակ չի սեղնել։

Հեղինակությունների տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի սցենարներից մեկում ուսուցիչը հանդիպում է երկու հետազոտողների տարաձայնությանը. նրանցից մեկը ուսուցչին հրամայում էր կանգ առնել, երբ զոհը աղերսում է ազատել իրեն, իսկ մյուսը պնդում էր շարունակել գիտափորձը։ Հրահանգների հակասությունից շփոթված փորձարկվողները հայացքը մի հետազոտողից մյուսին տեղափոխելով խնդրել են համաձայնեցված գործել և մեկ հրահանգ տալ, որ հնարավոր լինի կատարել առանց երկմտելու։ Երբ հետազոտողները շարունակել են «վիճել», ապա «ուսուցիչները» փորձել են հասկանալ, թե նրանցից ո՞րն է գլխավորը։ Արդյունքում, հեղինակության հարցում կողմնորոշվելու հնարավորությունից զրկված ուսուցիչներից յուրաքանչյուրը գործել է ելնելով իր անձնական համոզմունքներից և դադարեցրել է «պատժել» աշակերտին։

Զոհի հեռավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գիտափորձերի այն տարբերակներում, երբ աշակերտը ուսուցչի հետ միևնույն սենյակում է գտնվել, հնազանդության մակարդակը ցածրացել է։

Միևնույն սենյակում կատարված Միլգրեմի գիտափորձերից մեկում աշակերտը հարվածը ստանում էր մետաղական թիթեղին ձեռքով դիպչելու դեպքում։ 150 վ լարման դեպքում, երբ աշակերտը հրաժարվում էր ձեռքը թիթեղին մոտեցնել, փորձարարը ուսուցչից պահանջում էր բռնել աշակերտի ձեռքը և ստիպողաբար դնել մետաղական թիթեղի վրա։ Այդ դեպքում հնազանդության մակարդակն է՛լ ավելի ցածր է եղել։ Այսինքն, զոհի հետ անմիջական շփումը հակազդում է հնազանդությանը։

Մեծամասնության ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի տարբերակների այլ սցենարներում մասնակցում էին ևս մեկ կամ երկու լրացուցիչ ուսուցիչներ, որոնց դերը կատարում էին դերասաններ։ Այն տարբերակում, երբ դերասան-ուսուցիչը պնդել է շարունակել, ապա 40 փորձարկվողներից միայն 3-ն են դադարեցրել գիտափորձը։ Մեկ այլ տարբերակում, երբ երկու դերասան-ուսուցիչներն են հրաժարվել գիտափորձը շարունակել, ապա 40 փորձարկվողներից 36-ը նույնպես հրաժարվել են։

Լրացուցիչ գիտափորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Թոմաս Բլասը Մերիլենդի համալսարանից «Psychology Today» ամսագրում հրատարակել է Միլգրեմի գիտափորձերի բոլոր կրկնությունների արդյունքները, որոնք կատարվել էին ԱՄՆ-ում (61 % արդյունք) և այլ երկրներում (66 % արդյունք)։ Նվազագույն արդյունքը 28 % էր, իսկ առավելագույնը՝ 91 %։ Գիտափորձի իրականացման արդյունքների լուրջ տարբերություններ չեն գրանցվել իրականացման տարեթվից կախված։

Հագարդի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Լոնդոնի համալսարանական քոլեջից Պատրիկ Հագարդը Բրյուսելի Ազատ համալսարանի գործընկերների հետ միասին իրականացրել է նոր ուսումնասիրություն, որում գիտափորձը էլ ավելի բարդացրել են։ Այդ գիտափորձի ընթացքում, որը ներառում էր ЭЭГ (էլեկտրոէնցեֆալոգրամա), պարզվել է, որ մարդն իրենից հեռացնում է պատասխանատվությունը անկախ հրամանի բնույթից։ «Կատարելով ուրիշի հրամանները մարդիկ իրենց համարում են ուրիշի կամքը կատարող կամազուրկ կատարողներ»[15]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ԱՄՆ էկրաններ է բարձրացել Սթենլի Միլգրեմի մասին Մայքլ Ալմերեյդի ամերիկյան կենսագրական «Experimenter» ֆիլմը։ Այն լայն արձագանք է ստացել և Rotten Tomatoes կայքում 90 % վարկանիշ է ունեցել[16][17][18]:
  • Միլգրեմի նկարահանած «Հնազանդություն» («Obedience») վավերագրական սև-սպիտակ ֆիլմում[19], որը գիտափորձի ընթացքն է նկարագրում, ներկայացված է վերամշակված տարբերակը։ Այդ տարբերակում «աշակերտը» գիտափորձը սկսելուց առաջ նախազգուշացնում է, որ նախկինում սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Բացի այդ աշակերտը ուսուցչից ձայնամեկուսացված չէ, այսինքն ուսուցչին ընձեռնված է հոսանքի հարվածի հետևանքով աշակերտի աղաղակները լսելու հնարավորություն։ 150 Վ-ի ժամանակ դերասան-աշակերտը պահանջում է գիտափորձը դադարեցնել և բողոքում է սրտից։ Սակայն փորձարարը ուսուցչին ասում է․ «Գիտափորձը անհրաժեշտ է շարունակել։ Շարունակեք, խնդրեմ»։ Լարումն ավելացնելուն զուգընթաց դերասանը ձևացնում է ավելի մեծ տհաճութուն, հետո ուժեղ ցավ, և վերջապես բղավում է պահանջելով գիտափորձը դադարեցնել։ 300 Վ դեպքում հայտարարում է, որ հրաժարվում է շարումնակել գիտափորձին մասնակցությունը և ասում է, որ չի պատասխանելու հարցերին, սակայն շարունակում է անտանելիորեն բղավել հոսանքահարումից։ 345 Վ-ից սկսած աշակերտը դադարում է բղավել և ձայնային ազդանշաններ արձակել։ Միլգրեմի ֆիլմում աշակերտը պահանջելով իրեն ազատել և գիտափորձը դադարեցնել, բողոքելով սրտից և հրաժարվելով պատասխանել, միևնույն ժամանակ ուսուցչին կամ փորձարարին չի պարսավում, չի սպառնում վրեժ լուծել կամ դատի տալ, նույնիսկ խոսքերն ուղղակիորեն չի ուղղում ուսուցչին։
  • 1976 թվականին CBS ամերիկյան հեռուստառադիոցանցը թողարկել է «Տասներորդ մակարդակ» («The Tenth Level») հեռուստատեսային ֆիլմը[2][20], գլխավոր դերերում Ուիլյամ Շաթներ (William Shatner), Օսի Դևիս (Ossie Davis) և Ջոն Տրավոլտա:
  • 1979 թվականին Անրի Վեռնոյի «Եվ ...ինչպես Իկարը» դավադրության մասին ֆրանսիական մարտաֆիլմը[21], որտեղ նախագահի նկատմամբ կատարված մահափորձի հետաքննող իրավաբանի դերում Իվ Մոնտանն է։ Ֆիլմի հիմքում Ջոն Քենեդիի սպանությունն է և դրան հաջորդած «Ուորենի հանձնախմբի» աշխատանքը։ Լի Հարվեյ Օսվալդի հոգեբանությունը փորփրելով իրավաբանը գտնում է, որ «հրաձգի խայծը» Միլգրեմի գիտափորձի մասնակցությունն է։
  • 1980 թվականին Ռիչարդ Թ. Հեֆրոնի «Foolin' Around» ամերիկյան կատակերգական ֆիլմում[22] գլխավոր դերակատարները ծանոթանում են Միլգրեմի գիտափորձի ժամանակ։
  • 1986 թվականին բրիտանացի ռոք-երաժիշտ Փիթեր Գաբրիելն իր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պլատինե սկավառակի և բազմաթիվ այլ մրցանակների արժանացած «So» ալբոմի[23] «We Do What We're Told (Milgram's 37)» երգում[24] անդրադարձել է Միլգրեմի 18-րդ գիտափորձին, որի ընթացքում 40 մասնակիցներից 37-ը կիրառել էր էլեկտրական հարվածի ամենաբարձր մակարդակը։
  • 1988-1989 թվականներին Ալան Մուռի գրած և 2005 թվականին նաև էկրանավորում ստացած համանուն «V for Vendetta»[25] (V նշանակում է վենդետա) գրաֆիկական նովելում[26] գիտափորձը հիշատակվում է որպես պատճառ, թե ինչու է դոկտոր Սուրիջը կորցրել հավատը մարդկության նկատմամբ։
  • 2006 թվականին Ալեքս Գիբնեյը «The Human Behavior Experiments» (Մարդկային վարքագծի գիտափորձեր) վավերագրական ֆիլմում վերլուծում է սոցիալական հոգեբանության երեք հայտնի ուսումնասիրությունները (հնազանդություն (Սթենլի Միլգրեմ, Եյլի համալսարան, 1961), դիֆուզիոն պատասխանատվություն (Ջոն Դարլի և Բիբ Լաթան, Կոլումբիայի համալսարան, 1968), Սթենֆորդի բանտային գիտափորձ (Ֆիլիպ Զիմբարդո, Սթենֆորդի համալսարան, 1971))[27] հասկանալու համար, թե ինչու են մարդիկ էթիկայի նորմերին հակառակ վարքագիծ դրսևորում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Zimbardo, Philip. «When Good People Do Evil.» Yale Alumni Magazine. Yale Alumni Publications, Inc.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Blass, Thomas (Mar–Apr 2002). The Man Who Shocked the World. Psychology Today 35 (2).
  3. 3,0 3,1 3,2 Stanley Milgram. Obedience to authority: an experimental view. 1974. Harpercollins. ISBN 0-06-131983-X.
  4. Blass, Thomas (1991). «Understanding behavior in the Milgram obedience experiment: The role of personality, situations, and their interactions» (PDF). Journal of Personality and Social Psychology 60 (3): 398–413. doi:10.1037/0022-3514.60.3.398.
  5. STANLEY MILCRAM. BEHAVIORAL STUDY OF OBEDIENCE Reprinted from THE JOURNAL OF ABNORMAL AND SOCIAL PSYCHOLOGY, Vol. 67, No. 4, 1963 Copyright, 1963, American Psychologicnl Association. 371–8. doi:10.1037/h0040525. PMID 14049516. as PDF
  6. Эйхмана процесс «Հրեաների էլեկտրոնային հանրագիտարան»
  7. Arendt, Hannah (1994) [1963].Eichmann in Jerusalem: A Report on the Banality of Evil. New York: Penguin. ISBN 0-14-018765-0.
  8. Uncovering the Architect of the Holocaust: The CIA Names File on Adolf Eichmann National Security Archive, George Washington University
  9. Уильям Ширер ВЗЛЕТ И ПАДЕНИЕ ТРЕТЬЕГО РЕЙХА անգլերենից ռուսերեն թարգմանություն 1991.
  10. 10,0 10,1 10,2 Philip Meyer if Hitler asked You to Electrocute a Stranger would you? Originally published in Esquire, February 1970.
  11. Meeus W. H. J., Raaijmakers Q. A. W. (1986). [Administrative obedience: Carrying out orders to use psychological-administrative violence. http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/ejsp.2420160402/abstract] European Journal of Social Psychology, 16, էջ 311—324
  12. 15—450 V գեներատոր
  13. Type ZLB, Dyson Instrument Company, Waltham, Mass.
  14. 14,0 14,1 14,2 Milgram, Stanley BEHAVIORAL STUDY OF OBEDIENCE // Journal of Abnormal and Social Psychology — 1963. — № 67. — С. 376. (ռուս.)
  15. Стасевич К. Почему мы убиваем по приказу. №03 март 2016 Наука и жизнь, 21 февраля 2016
  16. Experimenter
  17. On Demand, on iTunes and in Theatres October 16
  18. Փորձարարը (2015) ֆիլմի պաշտոնական կայք Magnolia Pictures
  19. The Stanley Milgram Films on Social Psychology by Alexander Street Press.
  20. The Tenth Level (1976)
  21. I as in Icarus (1979) I... comme Icare (original title)
  22. Foolin' Around (1980)
  23. So (ալբոմ) Last.fm կայքում
  24. We Do What We're Told (Milgram's 37) Last.fm կայքում
  25. «V նշանակում է Վենդետա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում 8.2/10 stars
  26. V – значит вендетта. amphora.ru.
  27. The Human Behavior Experiments

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]