Լռության պարույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լռության պարույր
ՏեսակԿոգնիտիվ աղավաղում և տեսություն
ՀայտնաբերողԷլիզաբեթ Նոել-Նոյման

Լռության պարույր (գերմ.՝ Schweigespirale), հայեցակարգ քաղաքագիտության և զանգվածային հաղորդակցության մեջ, որն առաջարկել է գերմանացի քաղաքագետ Էլիզաբեթ Նոել-Նոյմանը։ Ըստ որի, քիչ հավանական է, որ մարդն իր կարծիքը կբարձրաձայնի, եթե զգում է, որ կհայտնվի փոքրամասնության մեջ, քանի որ վախենում է հատուցումից կամ մեկուսացումից (արհամարհանք, օստրակիզմ, բոյկոտ)[1]։ Էլիզաբեթ Նոել-Նոյմանը «լռության պարույրը» համարում է հասարակական կարծիքի դրսևորման անքակտելի հատկանիշ. «Հասարակական կարծիքի բոլոր դրսևորումները միավորված են անհատի համար մեկուսացման սպառնալիքի հետ իրենց կապով։ Այնտեղ, որտեղ անհատը չի կարող ազատորեն արտահայտվել կամ գործել իր հայեցողությամբ, այլ պետք է հաշվի առնի իր շրջապատի տեսակետները, որպեսզի չհայտնվի մեկուսացման մեջ, մենք միշտ գործ ունենք հասարակական կարծիքի դրսևորումների հետ»[2]։

Համաձայն լռության պարույրի տեսության՝ մարդը գերադասում է զուսպ լինել և լռել, քան թե արտահայտել իր տեսակետը, եթե նկատում է, որ այն պոպուլյար չէ տվյալ միջավայրում։

Aquote1.png Ինքն իրեն չմեկուսացնելը մարդու համար ավելի կարևոր է, քան սեփական կարծիքը[3]։
- Էլիզաբեթ Նոել-Նոյման, «Ալեկոծությունները կարծիքի մթնոլորտում. լռության պարույրի տեսության մեթոդաբանական կիրառությունները»
Aquote2.png


Սա ինքնարտահայտման ակտ է, որը կարող է փոխել «կարծիքի գլոբալ միջավայրը»՝ փոխելով ուրիշների ընկալումը և մարդկանց՝ սեփական կարծիքն արտահայտելու պատրաստակամությունը[4]։

Տեսության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լռության պարույրի» ֆենոմենը, որպես այդպիսին, վաղուց է հայտնի։ Արդեն 1856 թվականին Ալեքսիս դը Տոկվիլի հրատարակած «Ֆրանսիական հեղափոխության պատմության» մեջ կարելի է գտնել «լռության պարույրի» ազդեցության դինամիկայի ճշգրիտ նկարագրությունը. «նախկին հավատքին հավատարիմ մարդիկ վախենում էին լինել իրենց կրոնին նվիրվածների փոքրամասնության մեջ։ Իսկ քանի որ մեկուսացումը նրանց ավելի էր սարսափեցնում, քան սխալները, նրանք միանում էին մեծամասնությանը՝ չփոխելով իրենց մտքերը։ Ազգի ընդամենը մի մասի հայացքները, թվում էր, բոլորինն էր, և այդ պատճառով նրանք անխուսափելի մոլորության մեջ էին ներքաշում հենց նրանց, ովքեր այս պատրանքի պատճառն էին»[5]։

Ինքնին «լռության պարույրի» առկայության մատնանշում կարելի է գտնել նաև անտիկ հեղինակներից Հոմերոսի, Պլատոնի («Պետություն»), Դեկարտի մոտ, իսկ ավելի ուշ՝ Ժ․-Ժ․ Ռուսսոն և Դ. Հյումը, Ջ. Լոքը, Մ. Լյութերը, Մաքիավելին, Յան Հուսը, Հեգելը, Է․ Բյորկը և այլ գրական, քաղաքական գործիչներ, փիլիսոփաներ ուսումնասիրել են մարդու սոցիալական բնույթի և լռության պարույրի միջև կապը[2]։ Այնուամենայնիվ, այս երևույթն իր անունը ստացել է միայն 20-րդ դարի 60-ական թվականներին Ալենսբախի Սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի փիլիսոփայության և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էլիզաբեթ Նոել-Նոյմանի կողմից, «Հասարակական կարծիք. Լռության պարույրի բացում» մենագրությունում։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ «լռության պարույրի» դրսևորման հիմնական պատճառը հասարակական կարծիքի ֆենոմենն է, տեսության նախադրյալները բացատրվում են այն ըմբռնմամբ, թե ինչպես է ստեղծվում հասարակական կարծիքը։ Հասարակության մեջ կան հանրային կարծիք ստեղծող երկու աղբյուրներ։ Առաջինը միջավայրն ուշադիր դիտելով հետևություն անել և գնահատել, թե արդյոք հավանության արժանանում են այս կամ այն գործողությունները, երևույթները, հայտարարությունները և այլն։ Երկրորդ աղբյուրը զանգվածային հաղորդակցության միջոցներն են։ Դրանցից առաջանում է, այսպես կոչված, «ժամանակի ոգի» (գերմ.՝ Zeitgeist - [ˈtsaɪtɡaɪst])՝ մեկ այլ հասկացություն, որը ծառայում է հասարակական կարծիքում տևականորեն պահպանվող թեմատիկան բնութագրելիս։ Այս «ոգին» ազդում է անհատի նպատակային ուղղվածության՝ դիրքորոշման և վարքի վրա։

Հասարակական կարծիքը ձևավորվում է նպատակային կարգավորումների (установка) շնորհիվ, որոնց նպատակը դեռ 1922 թվականին շեշտել է ամերիկացի լրագրող-սոցիոլոգ Լիփմանը իր «Հասարակական կարծիք» գրքում[6]։ Լիփմանը համարում էր, որ յուրաքանչյուր մարդ ղեկավարվում, կողմնորոշվում է այնպիսի կարգավորումներով, որոնք որոշում են, թե ինչ է նա տեսնում, լսում, ինչպես է մեկնաբանում իր միջավայրը[7]։ Այսպես, օրինակ, ԶԼՄ-ները պետք է ունենան լրագրողական բազմազանություն, այսինքն՝ տարբեր տեսակետներ և կարծիքներ ներկայացնելու հնարավորություն ընձեռեն «աշխարհին»։ Ի վերջո, լրատվամիջոցները մեծ դեր ունեն գերիշխող կարծիք ձևավորելու գործում, քանի որ մարդկանց անմիջական դիտարկման հնարավորությունները սահմանափակվում են բնակչության փոքր տոկոսով։ Զանգվածային լրատվամիջոցները հսկայական ազդեցություն ունեն հանրային կարծիքի դրսևորման վրա և կարող են մեծապես ազդել անհատի կողմից հասարակական կարծիքի ընկալման վրա՝ անկախ նրանից, թե նկարագրությունը ճիշտ է, թե ոչ[8]։ Այսպիսով, «լռության պարույրի» էֆեկտ առաջանլու հավանականությունը կախված է լինում նրանից, թե ինչպես է մարդն ընկալում հասարակական կարծիքը։

Ընդհանուր պատկերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսության նկարագրության համար օգտագործվում է պարուրաձև անալոգիա՝ այն տեսողականորեն ցույց տալու համար։ Պարույրի վերջում մարդիկ են, ովքեր իրենց կարծիքը հրապարակավ չեն արտահայտում՝ վախենալով մեկուսացումից։ Որքան ավելի քիչ է մարդու կարծիքը համընկնում ընդհանուր ընդունվածի հետ, այնքան ցածր է մարդու դիրքը այս պարույրի մեջ[9]։ Մեկուսանալու վախը ծառայում է որպես պարույրի մեկնարկային կետ, որը յուրաքանչյուր նոր պտույտի հետ մեծացնում է իր տրամագիծը՝ այդպիսով ազդելով մեծամասնության կարծիքների վրա։ Նոել-Նոյմանը լռության պարույրը նկարագրում է որպես դինամիկ գործընթաց, որի ժամանակ հանրային կարծիքի մասին կանխատեսումները դառնում են փաստ, քանի որ մեծամասնության տեսակետի լուսաբանումը լրատվամիջոցներում դառնում է ստատուս քվո, և ավելի քիչ հավանական է դառնում, որ փոքրամասնությունը կբարձրաձայնի իր կարծիքը[8]։

Նոել-Նոյմանի հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մարդ ձևավորում է իր սեփական պատկերացումը հանրային կարծիքի մասին, բայց սահմանափակվում է իր հայտարարություններում՝ վախենալով հակադրվել հասարակական գերիշխող կարծիքի հետ, քանի որ դա կարող է հավանության չարժանանալ իր շրջապատում և, որպես հետևանք, մեկուսացում առաջացնել։

Այսպիսով, կարծիքի կրողը (որը շատ դեպքերում հենց ինքն է համարում ոչ հանրաճանաչ) կամ լռում է, թաքցնում է այն, կամ նույնիսկ միանում է հակառակ տեսակետ ունեցող կողմին՝ կողմնորոշվելով հաղթողների, գերիշխող կարծիքի ներկայացուցիչների վրա՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով իր սոցիալական ռիսկերը։ Այս փուլում «պարույրը» կատարում է իր առաջին գալարը և շարունակում է ոլորումը, այն առումով, որ հասարակության մյուս անդամների «սոցիալական մաշկը» կընկալի հասարակական կարծիքը՝ հիմնվելով նաև կոնֆորմալ դիրք գրաված առաջին կրողի տրամադրած տեղեկատվության վրա։ Այս էֆեկտը շարունակվում է՝ ոլորելով պարույրը մի շարք դեպքերում, մինչև իրական մեծամասնությունը լռության դիրքորոշում որդեգրի[10]։

Տեսության հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարդիկ վախենում են իրենց սոցիալական միջավայրի մարդկանց կողմից մերժվելուց, ինչը կոչվում է «մեկուսացման վախ»։
  2. Մարդիկ մշտապես հետևում են ուրիշների վարքագծին, իրենք իրենց համար նշում են, թե ինչն է հավանության արժանանում, իսկ ինչը՝ ոչ։
  3. Մարդիկ անգիտակցաբար հնչեցնում են մեկուսացման իրենց սպառնալիքները՝ ցույց տալով խրախուսական և ոչ խրախուսական ազդանշաններ։
  4. Մեկուսացման սպառնալիքներից խուսափում են այն մարդիկ, ովքեր հակված են զերծ մնալ որևէ բան ասելուց, եթե կարծում են, որ հնարավոր է հակադրությունների հանդիպեն։
  5. Մարդիկ ավելի հակված են հրապարակայնորեն հայտարարել այն, ինչն իրենց կարծիքով դրական կընդունվի։
  6. Պարույրային էֆեկտը սկսվում է, երբ մարդը խոսում է վստահ, ընդդիմությունն էլ ավելի է վախենում մեկուսացումից և ավելի է համոզվում, որ պետք է լռել, քանի որ փոքրամասնություն է։ Այս զգացողությունները երկու կողմի համար էլ ինտենսիվորեն՝ երկրաչափական պրոգրեսիայով աճում են։
  7. Պարույրը շարժման մեջ դնելու համար խնդիրը պետք է շոշափելի բարոյական բաղադրիչ ունենա։
  8. Եթե հասարակական կոնսենսուս լինի, պարույրը չի ակտիվանա։ Պետք է լինեն երկու հակադիր կողմեր։
  9. Լրատվամիջոցները մեծ ազդեցություն ունեն այս գործընթացի վրա։
  10. Վախը և մեկուսացման սպառնալիքը ենթագիտակցական գործընթացներ են։
  11. Լռության պարույրը միայն կարճատև է ազդում հանրության վրա։
  12. Եթե որևէ թեմա ակտիվացնում է լռության պարույրը, դա նշանակում է, որ այս հարցը մեծ վտանգ է ներկայացնում հանրային համաձայնության համար[8]։
  13. Լռության պարույրի հիման վրա հնարավոր է դառնում Աբիլինի պարադոքսը։

«Լռության պարույրի» դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լռության պարույրի իրավիճակ է, երբ ընտրողը վերջին պահին փոխում է իր կարծիքը հօգուտ որոշակի կուսակցության՝ հասարակական կարծիքի ազդեցության տակ, անվանում են «Վերջին րոպեի տեղաշարժ», «ուղեկիցների էֆեկտ վերջին րոպեում» («сдвиг последней минуты», «эффект попутчиков в последнюю минуту»)։

«Մեկ սայլի էֆեկտը» իրավիճակ է, երբ անհատը փորձում է իրեն ներկայացնել որպես հաղթող կուսակցության կողմնակից, նույնիսկ եթե նա իրականում այլ կերպ է քվեարկել։ Այն նաև անվանում են «հաջողության էֆեկտ»։ Հարցումների արդյունքները, որոնք լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներում, ուղղակիորեն ազդում են նախընտրական քարոզարշավի բնույթի և բովանդակության վրա՝ ստիպելով թեկնածուներին համապատասխան ճշգրտումներ կատարել իրենց դիրքորոշումներում։ «Հաջողության էֆեկտի» էությունն այն է, որ մարդիկ հակված են զբաղեցնելու այն դիրքերը, որոնք, իրենց կարծիքով, կիսում են ավելի մեծ թվով մարդիկ։ Դիտորդները հետևում են ընտրողների՝ առաջատար թեկնածուի կողմն անցնելու միտումին։ Մրցակիցը, ով առավելության է հասնում իր մրցակիցների նկատմամբ, հանկարծ աճում է ժողովրդականությունը բնակչության շրջանում։ Լրատվամիջոցները նրան շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան մյուս թեկնածուներին, և նա ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում։ Ի վերջո, «հաջողությունը հաջողություն է ծնում»։

Համացանցում և նոր լրատվամիջոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական մեկուսացման (որն ազդում է լռության պարույրի պտույտի վրա) կամ անհատի գործողությունները հավանության չարժանացնելու որևէ այլ ձև իրականացնելու համար անհրաժեշտ է ճշգրիտ բացահայտել «դերասանին» (ֆր․՝ acteur - դերասան բառից), ով ներկայացրել է հավանության չարժանացնող տեսակետը կամ ամբողջությամբ ոչնչացրել է նրա անհատականությունը։ Այս առումով դիտարկվում է ինտերնետի միջոցով միջնորդավորված հաղորդակցության մեջ անձնական տեղեկատվության բացահայտման երեք գլոբալ մակարդակ[10]։

  1. Ամբողջական անանունություն։ Ենթադրում է օգտատիրոջ մասին որևէ տեղեկատվության բացակայություն կամ դրա նվազագույն, սահմանափակ տեղեկատվություն՝ չֆիքսված կեղծանունով։ Ինչպիսիք են հյուրատետրերը, նորությունների մեկնաբանությունները և որոշ առցանց զրույցները։ Ընդհանուր առմամբ, անանունության այս մակարդակը համապատասխանում է զանգվածային հաղորդակցության ամենավաղ ձևերին։ Եթե «լռության պարույրի» հիմնական պատճառը սոցիալական մեկուսացման վախն է, ապա տվյալ դեպքում անհատի մոտ նման վախի բացակայության շնորհիվ պարույրը չպետք է աշխատի, այսինքն՝ արտահայտվողն իր մտքերը կշարադրի առանց հաշվի առնելու խմբում գերիշխող կարծիքը։ Այս տիպի անանունությունը իդեալական պայմաններ է ապահովում բազմակարծիք հասարակական դաշտի համար։ Սակայն իրականում անանության չափը շատ աննշան է․ որպես կանոն, ինտերնետ ծառայությունները պահանջում են թույլտվություն և ուղղված են համայնքների ստեղծմանը։
  2. «Իրական» կյանքի անանունություն։ Մյուս օգտատերերն օգտատիրոջը ճանաչում են միայն որպես իրենց վիրտուալ համայնքի անդամ, բայց ոչ որպես կոնկրետ անձ, նրա ֆիզիկական գտնվելու վայրը և «իրական» կարգավիճակը։ Այս մակարդակում արժեվորվում է վիրտուալ համայնքում ունեցսած դիրքը։ Այսպիսով, ձևավորվում են նոր սոցիալական կապեր, որոնք հենվում են ոչ թե օգտատիրոջ հետ անձնական ծանոթության վրա, այլ օգտատերը հետաքրքրություն է ներկայացնում որպես համայնքի անդամ։ Մասնակի անանունությունը ենթադրում է, որ որոշ չափով սոցիալական մեկուսացում հնարավոր է, և օգտատիրոջ վրա, թեկուզ սահմանափակ, բայց ճնշում գործադրվում է։ Սահմանափակող գործոնը համայնքի սուբյեկտիվ նշանակությունն է օգտատիրոջ համար, քանի որ նրա նկատմամբ սահմանափակումն անհնար է կիրառել «իրական աշխարհում», և օգտատիրոջ վախի միակ պատճառը կարող է լինել միայն նրա իմիջը համայնքում՝ այլ օգտատերերի բացասական կամ դրական վերաբերմունքը։ Վիրտուալ համայնքների նշանակությունն ու կայունությունը շատ դեպքերում ավելի ցածր է, քան իրական միաջավայրում, քանի որ այդ խմբերը չեն փոխազդում արտաքին միջավայրում[11]։ Այսպիսով, ոչ պոպուլյար կարծիք արտահայտելուց առաջացած կորուստներն այնքան մեծ չեն, որքան իրական սոցիալական միջավայրի դեպքում, որի փոփոխությունը դժվարություն է ներկայացնում։ Այսպիսով, անհատն իր կարծիքը թաքցնելու ավելի քիչ պատճառ ունի, և «պարույրն» ավելի քիչ թափ է հավաքում։
  3. Անանունության բացակայություն։ Օգտատերն իր մասին տեղեկատվություն է տրամադրում՝ բացահայտում է իր իրական ինքնությունը։ Այս դեպքում կարելի է խոսել հասարակության «իրական» կյանքին բնորոշ բազմաթիվ կապերի վերստեղծման մասին համացանցում։ Նման դրսևորումները հատկապես բնորոշ են սոցիալական ցանցերին և ողջ Web 2.0-ին։ Սոցիալական ցանցերի և Web 2.0-ի առանցքային առանձնահատկությունն իրական սոցիալական կապերի փոխանցումն է ինտերնետ տարածք։ Այսպիսով, օգտատերը ձեռք է բերում այն նույն սահմանափակումները, որոնք օֆլայն հասարակությունն է դնում իր վրա։ Սոցիալական ցանցում ոչ հանրաճանաչ կարծիք արտահայտելով՝ օգտատերը վտանգում է ոչ միայն վտարվել համացանցային համայնքում, այլև «իրական կյանքում» սոցիալական ճնշում զգալ, ինչը նրա առջև պատնեշ է դնում, որը չափազանց նման է «լռության պարույրի» դասական դեպքերին։

Տեսության քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քննադատներ պնդում են, որ նացիստների իշխանության գալու փաստը ճիշտ չէր լինի բացատրել «լռության պարույրով»։ Դա պայմանավորված է նրանով, որ սկզբում նացիստները փոքրամասնություն էին կազմում, և նրանց հայացքները ցնցեցին բնակչության մեծամասնությանը։ Մյուս քննադատները վկայակոչում են այլ փաստեր՝ Վայմարյան հանրապետության գերմանական հասարակությունում հոգևոր մթնոլորտը թելադրում էին ոչ թե ձախերը, այլ աջերը, որոնք բավական ազատորեն բարձրաձայնում էին իրենց տեսակետները և ունեին լավ մեկնարկային դիրքեր։

Ն. Մանսուրովը Էլիզաբեթ Նոել-Նոյմանի գրքի անոտացիայի մեջ պնդում է, որ «լռության պարույր» հասկացությունն ունիվերսալ չէ և չի կարող բացատրել հասարակական կյանքի բոլոր դեպքերը[12]։ Մեկուսացման վախը հասարակական կարծիքի ձևավորումը պայմանավորող պատճառների համակարգի պահերից միայն մեկն է, քանի որ որոշ դեպքերում հասարակական կարծիքը գործում է որպես հետևանք, այլ ոչ թե որպես պատճառ։

«Լռության պարույրի» տեսության քննադատները պնդում են, որ մարդիկ ենթարկվում են բազմաթիվ գործոնների, որոնց ազդեցությամբ նրանք կարող են իրենց կարծիքը բացահայտ արտահայտել, կամ ոչ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի նեղ սոցիալական շրջանակներում մեկուսացված լինելու վախը շատ ավելի մեծ է, քան ամբողջ հասարակության մեջ մեկուսացված լինելու վախը[13]։ Մարդը շատ ավելի է վախենում մեկուսացումից իր մերձավոր շրջապատում, քանի որ ամբողջ երկրում մարդն ավելի հավանական է, որ կգտնի իր շահերը կիսող մարդկանց խումբ։

Բացի այդ, գիտնականներն ասում են, որ ինչպես անհատի անձնային գործոնները, այնպես էլ տարբեր սոցիալական խմբերի մշակութային տարբերությունները կազդեն անձի կողմից իր կարծիքը բացահայտ արտահայտելու հավանականության վրա։ Այնպես որ, եթե մարդն ունի բարձր ինքնագնահատական և չի ամաչում, ապա նա կկարողանա բարձրաձայնել՝ անկախ նրանից, թե ինչպես է ընկալում հասարակական կարծիքի տրամադրությունը[14]։ Ինչ վերաբերում է մշակույթին, ապա որոշ մշակույթներում սեփական գաղափարների բացահայտ արտահայտումը ողջունելի չէ[14]։ Այսպիսով, ինդիվիդուալիստական մշակույթները խրախուսում են անհատական կարծիքի արտահայտումը, նույնիսկ անհամաձայնության և առճակատման ուղղակի արտահայտումը, մինչդեռ կոլեկտիվիստական մշակույթներում առաջնային են մեծամասնության՝ կոլեկտիվի կարծիքներն ու կարիքները։ Մշակութային գործոն կարելի է համարել նաև անձի սեռային պատկանելությունը։ Որոշ մշակույթներում կանայք կամ ձայնազուրկ են, կամ մասնակի սահմանափակ իրավունքներ ունեն[14]։ Այսպիսով, «լռության պարույրի» տեսությունն ապացուցելիս պետք է հաշվի առնել ոչ միայն անձի կողմից հասարակական կարծիքի անհատական ընկալումը, այլև մշակութային գործոնները[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (2007), «Opinion climates, spirals of silence, and biotechnology: Public opinion as a heuristic for scientific decision making», in Brossard, D; Shanahan, J; Nesbit, TC, The public, the media, and agricultural biotechnology: An international casebook, Cambridge, MA: Oxford University Press, pp. 231-41.
  2. 2,0 2,1 Ноэль-Нойман Э. Общественное мнение. Открытие спирали молчания: Пер. с нем. / Общ. ред. и предисл. Мансурова Н. С. — М.: Прогресс-Академия, Весь Мир, 1996. — 352 с.
  3. NOELLE-NEUMANN ELISABETH (1977-01-01)։ «Turbulences in the Climate of Opinion: Methodological Applications of the Spiral of Silence Theory»։ էջեր 40, 143–158։ doi:10.1086/268371։ Վերցված է 2022-02-17 
  4. Taylor D. Garth (1982)։ «Pluralistic Ignorance and the Spiral of Silence: A Formal Analysis»։ Public Opinion Quarterly 46 (3): 311։ ISSN 0033-362X։ doi:10.1086/268729 
  5. Tocqueville A. de. L’Ancien regime et la revolution. — Oeuvres completes, vol. 2. Paris, 1952. Цит. по нем. изд.: Das alteStaatswesen und die Revolution. Leipzig, 1857, S. 182.
  6. Lippmann W (1992) [Originally published: New York: Macmillan, 1922]։ Public opinion։ Transaction Publishers։ back cover։ ISBN 1-56000-999-3։ LCCN 97-28875 
  7. Липпман, У. Общественное мнение / Пер. с англ. Т. В. Барчуновой; Редакторы перевода К. А. Левинсон, К. В. Петренко. — М.: Институт Фонда «Общественное мнение», 2004. — 384 с.
  8. 8,0 8,1 8,2 Зосименко И. А. Социология массовых коммуникаций: Учебник. — Ульяновск: УлГТУ, 2013. — 357 с.
  9. ——— (1984)։ The spiral of silence: Public opinion, our social skin։ Chicago: University of Chicago Press։ ISBN 9780226589329 
  10. 10,0 10,1 Лукашевич Д. А. Применимость теории «спирали молчания» к сети Интернет и новым медиа. — 2013.
  11. Нестеров В. Ю. К вопросу о динамике сетевых сообществ
  12. Мансуров Н. С. Плюрализм в исследовании общественного мнения // Общественное мнение. Открытие спирали молчания: — М., 1996. С. 5—26.
  13. Moy, P; Domke, D; Stamm, K (2001), «The spiral of silence and public opinion on affirmative action», Journalism and Mass Communication Quarterly, 78 (1): 7-25
  14. 14,0 14,1 14,2 Ross, C (2007), Considering and communicating more world views: New directions for the spiral of silence (conference papers), 1, National Communication Association
  15. Scheufle DA, Moy P (2000-03-01)։ «Twenty-Five Years of the Spiral of Silence: A Conceptual Review and Empirical Outlook»։ International Journal of Public Opinion Research 12 (1): 3–28։ ISSN 1471-6909։ doi:10.1093/ijpor/12.1.3 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Noelle-Neumann, E. (1984). The Spiral of Silence։ Public Opinion — Our Social Skin. Chicago։ University of Chicago. — ISBN 0-226-58936-6 (2nd edition, 1993)
  • Noelle-Neumann, E. (1991). The Theory of Public Opinion։ The Concept of the Spiral of Silence. In J. A. Anderson (Ed.), Communication Yearbook 14, 256—287. Newbury Park, CA։ Sage.
  • Spiral of Silence — Elizabeth Noelle-Nuemann — chapter 29 of A First Look at Communication Theory, Em Griffin, pp. 372–382.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]