Հեղինակության վկայակոչում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեղինակության վկայակոչումը (լատ.՝ Argumentum ad verecundiam - «փաստարկ ուղղված համեստությանը»), տրամաբանական փաստարկի սխալ տեսակ։ Որոշ փաստարկների ճիշտ համարելը, միայն այն պատճառով , որ այն պնդվել է մի աղբյուրի կողմից, որը համարվում է հեղինակավոր։

Տրամաբանական սխալը նրանում է, որ արտահայտվածի ճիշտ կամ սխալ լինելը կարող է կախված չլինել օգտագործված հեղինակավոր աղբյուրից։ Բացի այդ հեղինակավոր աղբյուրը կարող է սխալվել իր եզրակացություններում, անգամ եթե հենվում է ճիշտ նախադրյալների վրա։[1].

Մյուս կողմից հեղինակությանը դիմելը ոչ ֆորմալ տրամաբանության կարևոր մասն է։ Քանի որ հնարավոր չէ գիտակ լինել ժամանակակից գիտելիքի բոլոր ասպարեզներում, հաճախ ստիպված վստահում ենք տարբեր ասպարեզներում հեղինակությունների կարծիքին։ Պնդումը, թե հեղինակության տվյալ միտքը ճիշտ է՝ տրամաբանորեն սխալ չէ։ Սակայն այդ սխալը ծագում է, եթե փորձենք պնդել, թե հեղինակավոր կարծիքը սկզբունքորեն միշտ ճիշտ է և հետևաբար քննադատության ենթակա չէ։ Այսպիսի սխալ ծագում է նաև այն ժամանակ, երբ գերադասվում է հեղինակավոր կարծիքը, եթե անգամ նա տվյալ ասպարեզի՝ որին վերաբերվում է փաստարկը, գիտակը չէ։

«Argumentum ad verecundiam» արտահայտությունը առաջին անգամ օգտագործել է անգլիացի իմաստասեր Ջոն Լոքը իր «Փորձ մարդկային ըմբռնողության մասին» գրքում (անգլ.՝ Essay Concerning Human Understanding). Լատիներեն «verecundia» նշանակում է համեստություն «Argumentum ad verecundiam», բառացի «փաստարկ ուղղված համեստությանը»։ Լոքը իր առաջարկած եզրը բացատրում էր այսպես, «Երբ որոշ մարդիկ հասնում են բարձր դիրքի, ապա ուրիշները անհամեստություն են համարում նրանց արժանապատվությունը թերագնահատել և կասկածի տակ առնել հեղինակությունը։»[2]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  1. The Nizkor Project. Appeal to Authority (անգլերեն)
  2. John Locke, Essay Concerning Human Understanding 1690, գիրք IV, մաս XVII (անգլերեն)