Սթենֆորդի բանտային գիտափորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սթենֆորդի բանտային գիտափորձի» իրական մասնակիցները, «բանտարկյալի» գլխին թղթե տոպրակ է, կողքին «բանտապանն» է

Սթենֆորդի բանտային գիտափորձ (անգլ.՝ Stanford prison experiment (SPE), 1971 թվականի օգոստոսի 14–20), հոգեբանական գիտափորձ, սահմանափակ ազատությունների, բանտային պայմանների և պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեբանական, հոգեվերլուծական ուսումնասիրություն, իրականացվել է ամերիկյան հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի կողմից։ Այս գիտափորձը սովորական մարդկանց վրա իրավիճակային «դերակատարման» ազդեցության ուժգնությունը ցուցադրող, «չարության առաջացման» դասական օրինակ է, որը ներառված է սոցիալական հոգեբանության գրեթե բոլոր դասագրքերում և որը Ֆիլիպ Զիմբարդոյին համաշխարհային ճանաչում է բերել։

Այս գիտափորձը նախատեսվածից շուտ ընդհատվեց, քանի որ չափազանց արագ զարգացում ունեցավ՝ «գերազանցելով բոլոր սպասելիքները»[1]։ Կամավորության սկզբունքով ընտրված, «բանտարկյալի» և «բանտապանի» դերեր վիճակահանությամբ ստանձնած ուսանողները երկու շաբաթ պետք է մնային քոլեջի հոգեբանության ֆակուլտետի նկուղում հարմարացված պայմանական «բանտում»։ Ուսանողներն արագ յուրացրեցին իրենց դերերը և անսպասելիորեն սկսեցին առաջանալ իրոք վտանգավոր իրավիճակներ։ Յուրաքանչյուր երրորդ բանտապան սկսեց ցուցաբերել սադիստական հակումներ, իսկ բանտարկյալներն ուժեղ հոգեկան և բարոյական ցնցումների ենթարկվելով գիտափորձից դուրս մնացին ժամկետից երկու անգամ շուտ։ Ի վերջո գիտափորձը դադարեցվեց նախատեսվածից շուտ՝ մասնակիցներին հետագա հոգեբանական տրավմայի չենթարկելու նպատակով։

Էթիկայի տեսանկյունից գիտափորձը հաճախ համեմատվում է Միլգրեմի գիտափորձի հետ, որն իրականացվել է Յեյլի համալսարանում, 20-րդ դարի հանրաճանաչ հոգեբան Սթենլի Միլգրեմի կողմից, որը եղել է Ֆիլիպ Զիմբարդոյի դպրոցական ընկերը։

Գիտափորձի ղեկավար Ֆիլիպ Զիմբարդոն Վարշավայում, 2009

Նպատակներ և միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի պատվիրատուն ԱՄՆ ռազմածովային նավատորմն էր[2], որի նպատակն էր պարզել, թե ինչից են ծագում ռազմածովային նավատորմի քրեակատարողական հիմնարկների և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի անձնակազմի հակասությունները։ Թերթում տրված հայտարարությանը արձագանքած 75 մարդանցից Զիմբարդոն և իր թիմը ընտրել են 24 հոգի, որոնք չունեին հանցավոր անցյալ, հոգեկան հիվանդություններ և ակնհայտ բժշկական խնդիրներ։ Նրանց առաջարկվել է օրական 15 դոլլարի դիմաց (ըստ գնաճի 2006 թվականի 76 դոլլարին համարժեք գումար) մասնակցել երկու շաբաթ տևողությամբ «բանտի սիմուլյացիա» (նմանակում) գիտափորձին։

Մասնակիցներն ընտրվել էին առավելապես սպիտակամորթ տղամարդիկ, որոնք պատկանում էին միջին դասին։ Քսանչորս երիտասարդներից բաղկացած խումբը պատահականության սկզբունքով բաժանել էին երկու խմբի՝ «բանտարկյալներ» և «բանտապաններ»։ Հետագայում բանտարկյալները կարծիք են հայտնել, թե ընտրությունը կատարվել էր ըստ հասակի. բարձրահասակները բանտապան սկզբունքով։ Սակայն իրականում մետաղադրամ նետելով վիճակ էին գցել, և երկու խմբերի միջև ֆիզիկական հնարավորությունների որևէ օբյեկտիվ տարբերություն չի եղել։

«Բանտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանական բանտը Սթենֆորդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի բազայի վրա էր կառուցված։ Բարձր կուրսեցի լաբորանտներից մեկը նշանակված էր բանտապետ, իսկ Զիմբարդոն ինքը՝ բանտի կառավարիչ։

Զիմբարդոն մասնակիցների համար ստեղծել էր մի շարք առանձնահատուկ պայմաններ, որոնք պետք է նպաստեին ապակողմնորոշմանը և իրականության զգացողության ու ինքնանույնականացման կորստին։

Բանտախցերը երեքն էին, չափերը՝ վեցը իննի ոտնաչափ, յուրաքանչյուրում երեք բանտարյալ, մեկ փոքր մեկուսարան էր նախատեսված, բանտի բակ։ Բանտապանները երեքն էին։ Նկարահանումը իրականացվելու էր թաքնված տեսախցիներով և բարձրախոսներով։

«Բանտապաններ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտապաններին բաժանել էին փայտե մահակներ և խակի գույնի զինվորական համազգեստներ, որոնք խանութում հենց իրենք էին ընտրել։ Նաև հայացքը թաքցնելու նպատակով նրանց բաժանել էին հայելային արևային ակնոցներ։ Ի տարբերություն բանտարկյալների, նրանք աշխատելու էին ութժամյա հերթափոխով, որից հետո, ինչպես նաև հանգստյան օրերին տուն պետք է վերադառնային, չնայած արդյունքում նրանցից շատերը մասնակցել են չվճարվող արտաժամյա հերթապահություններին։ Հետաքրքրական է, որ գիտափորձի ողջ ընթացում որևէ պատճառով բացակայություն, ուշացում կամ գիտափորձից հրաժարման ցանկություն չի գրանցվել։

Գիտափորձից մեկ օր առաջ բանտապաններին ուղղորդելու համար կազմակերպվել էր կարճատև նիստ, որտեղ ցանկացած ֆիզիկական բռնություն կիրառելու անթույլատրելիությունից բացի որևէ ցուցում չէր տրվել։ Նրանց ասվել էր, որ իրենց պարտականությունն է բանտում շրջայց կատարելը, որը նրանք կարող էին կատարել ըստ իրենց հայեցողության։ Զիմբարդոն նիստի ժամանակ կատարել էր հետևյալ հայտարարությունը[3].

Բանտարկյալների համար ստեղծեք տխրության, վախի զգացում, կամայականությունների զգացողություն, որ իրենց կյանքը լիովին ղեկավարվում է մեր կողմից՝ համակարգի, ձեր, իմ կողմից և որ նրանք չունեն որևէ անձնական տարածք... Մենք տարբեր միջոցներով կխլենք նրանց անհատականությունը։ Այս ամենն ընդհանուր առմամբ նրանց մոտ կստեղծի անզորության զգացում։ Հետևաբար այդ իրավիճակում մեր ձեռքում կլինի ամբողջ իշխանությունը, իսկ իրենց ձեռքում՝ ոչինչ։

«Բանտարկյալներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկյալները սպասում էին տանը մինչև կիրակի օրը «կանչվելը», որը տեղի ունեցավ առանց որևէ նախազգուշացման, զարմացած հարևանների և ազգականների աչքի առաջ. նրանց մեղադրեցին զինված հափշտակության մեջ, և նրանք ձերբակալվեցին Պալո Ալտո ոստիկանական ստորաբաժանման կողմից, որը ներգրավվել էր գիտափորձի այդ փուլում։

Ձերբակալվածներն անցան ոստիկանական ստուգման ողջ ընթացակարգը, ներառյալ մատնահետքեր վերցնելը, ֆոտոնկարը և նրանց իրավունքները կարդալը։ Պայմանական բանտ տանելուց հետո հրամայվեց ամբողջովին մերկանալ, իրականացվեց նրանց զննումը, «ոջիլներից մաքրումը» և համարների հանձնումը։

Բանտարկյալներին բաժանել էին իրենց չափերին ոչ համապատասխան չթե խալաթներ (դա արվել էր միտումնավոր), որոնք նրանք պետք է կրեին առանց ներքնազգեստի, և ռետինե չստեր։ Զիմբարդոն պնդում էր, որ նման հագուստով նրանք մարմնի ոչ սովորական դիրք կընդունեն և անհարմարավետություն (դիսկոմֆորտ) կզգան, որը կնպաստեր նրանց ապակողմնորոշմանը։ Բանտարկյալներին դիմում էին ոչ թե իրենց անուններով, այլ՝ միայն այն համարներով, որոնք կարված էին նրանց համազգեստի վրա։ Բանտարկյալները պարտադրված էին գլխներին կրել ամուր նստող կանացի զուգագուլպաներ, որպեսզի նախնական զինվորական պատրաստության գնացող սափրված գլուխներով զինակոչիկների նմանվեին։ Դեռ ավելին, նրանց ոտնաթաթերին փոքրիկ շղթաներ էին ամրացված՝ ի նշան իրենց ազատազրկման և ընկճվածության։

Ընթացք և արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձը մեծ արագությամբ դուրս եկավ վերահսկողությունից։ Բանտարկյալները բանտապանների կողմից ենթարկվում էին սադիստական և նվաստացնող վերաբերմունքի։ Արդյունքն եղավ այն, որ գիտափորձի ավարտին բանտարկյալներից շատերն ունեին խիստ հուզական խանգարումներ։

Առաջին օրը համեմատաբար հանգիստ էր, բայց երկրորդ օրը խռովություն բռնկվեց։ Բանտապանները կամովին դուրս եկան արտաժամյա աշխատանքի և առանց գիտափորձի ղեկավարության ցուցումների սկսեցին ճնշել ընդվզումը։ Ընդ որում կրակմարիչներով հարձակվեցին բանտարկյալների վրա։ Այդ միջադեպից հետո բանտապանները փորձեցին բաժանություն մտցնել բանտարկյալների միջև։ Նրանց միմյանց դեմ լարելով, «լավ» և «վատ» բանտախցերի բաժանելով ստիպեցին բանտարկյալներին մտածել, որ իրենց շարքերում «մատնիչներ» կան։ Այդ միջոցները էական արդյունք տվեցին և հետագայում խոշոր խռովություններ չեղան։ Զիմբարդոյի խորհրդատուների (նախկինում իրական դատապարտվածներ) կարծիքով այդ տակտիկան նման էր ամերիկյան իրական բանտերում տեղի ունեցող տակտիկային։

Բանտարկյալների հաշվառումները, որոնք ի սկզբանե մտածված էին իրենց նույնականացման համարներին հարմարվելու համար, վերածվեցին մեկժամյա փորձության, որի ընթացքում բանտապանները հունից հանում էին բանտարկյալներին, ֆիզիկական պատիժների ենթարկելով, մասնավորապես, ստիպելով երկարատև ֆիզիկական վարժություններ կատարել։

Բանտն արագ վերածվեց կեղտոտ և մռայլ վայրի։ Բանտապանները կոպիտ էին և անգամ ոչ մարդկային, հիմնականում թշնամական և ագրեսիվ։ Լվացվելու իրավունքը արտոնություն դարձավ, որից որպես կանոն զրկում էին։ Որոշ բանտարկյալների ստիպում էին զուգարանները լվանալ մերկ ձեռքերով։ «Վատ» բանտախցերից հանեցին ներքնակները և բանտարկյալները ստիպված էին քնել մերկ հատակի վրա։ Որպես պատիժ հաճախ զրկում էին սննդից։ Զիմբարդոն ղեկավարում էր և ակտիվորեն մասնակցում էր գիտափորձին և որպես բանտի տնօրեն անտեսում էր բանտապանների կոպտությունը։ Նա խոստովանում է իր հետզհետե աճող կլանվածության մասին։ «Լյուցիֆերի էֆեկտը» գրքում գրում է.

Այդ իրավիճակն արագորեն և անողոքաբար իրեն ենթարկեց գիտահետազոտական նավի գրեթե բոլոր ուղևորներին։ Քչերը կարողացան դիմակայել ստեղծված իրավիճակում իշխելու գայթակղությանը և չենթարկվեցին «գիտափորձ» անվան տակ քողարկված անմարդկային իշխանությանը։ Ակնհայտորեն ես այդ պարկեշտ փոքրամասնությանը չէի պատկանում[4]։
- Ֆիլիպ Զիմբարդո Լյուցիֆերի էֆեկտ. ինչու լավ մարդիկ չարագործների են վերածվում

Չորրորդ օրը փախուստի դիմելու դավադրության մասին լսելով, նա և հսկիչները փորձեցին գիտափորձն ամբողջությամբ տեղափոխել իսկական բանտ՝ տեղական ոստիկանության չօգտագործվող բանտային մասնաշենք՝ որպես առավել «հուսալի» վայր։ Ոստիկանական բաժանմունքը մերժեց անվտանգության նկատառումներով։ Եվ ինչպես Զիմբարդոն է ասում, նա «խիստ բարկացած էր և հիասթափված, որ ոստիկանության քրեակատարողական համակարգի և իր միջև փոխհամաձայնությունը բացակայում է»։

Գիտափորձի ընթացքում որոշ բանտապաններ ավելի ու ավելի էին վերածվում սադիստների, հատկապես գիշերները, երբ նրանց կարծիքով տեսախցիկներն անջատված էին։ Փորձարարները վստահեցնում էին, որ գրեթե յուրաքանչյուր երրորդ հսկիչ սադիստական հակումներ էր ցույց տալիս։ Շատերը վրդովված էին, երբ գիտափորձը ժամկետից շուտ դադարեցվեց։ Արդյունքում, երբ բանտարկյալներին առաջարկեցին բանտից ազատել, եթե «ազնիվ խոսք տան», որ կհրաժարվեն խոստացված վճարից, մեծ մասը համաձայնվեցին։ Զիմբարդոն այս փաստն օգտագործում է, որ ցույց տա, թե որքան էին ներգրավվել մասնակիցներն այդ փորձի մեջ։ Սակայն բանտարկյալներին մերժեցին ազատ արձակել, ոչ ոք չլքեց գիտափորձը։

Մասնակիցներից մեկը ամբողջ մարմնով մեկ հոգեսոմատիկ ցան ունեցավ, երբ իմացավ, որ բանտից դուրս գալու ազնիվ խոսքով իր խնդրանքը մերժվել է (Զիմբարդոն մերժել էր, քանի որ չէր հավատացել, որ իրոք վատառողջ է)։ Խառնաշփոթ մտածողությունը և արցունքները առօրէական էին դարձել բանտարկյալների համար։ Նրանցից երկուսը այնպիսի ուժգին շոկ ապրեցին, որ նրանց հանեցին գիտափորձից և փոխարինեցին ուրիշներով։

№ 416-ին փոխարինելու եկած բանտարկյալներից մեկը սարսափեց տեսնելով բանտապանների վերաբերմունքը և հացադուլ հայտարարեց։ Նրան երեք ժամով փակեցին նեղ խորդանոցում, որը նախատեսված էր որպես մեկուսարան։ Այդ ընթացքում բանտապանները նրան ստիպում էին ձեռքին պահել այն նրբերշիկը, որը նա հրաժարվում էր ուտել։ Մյուս բանտարկյալները նրան անվանում էին խուլիգան։ Այդ զգացմունքները շահարկելու նպատակով բանտապանները մյուս բանտարկյալներին ընտրություն առաջաարկեցին. կամ հրաժարվել ծածկոցներից կամ № 416-ը կանցկացնի մեկուսարանում ամբողջ գիշեր։ Բանտարկյալները գերադասեցին ծածկոցով քնել։ Զիմբարդոն ավելի ուշ միջամտեց և բաց թողեց № 416-ին։

Սթափ հայացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայի ուսանողուհի Կրիստինա Մասլաչը Զիմբարդոյի հարսնացուն էր։ Նա գիտափորձից անտեղյակ լինելով հարցազրույց վարելու նպատակով հաճախում է բանտ, սակայն տեսնելով անմարդկային վերաբերմունքն ու ահասարսուռ պայմանները խորապես ցնցվում է։ Կրիստինա Մասլաչը Զիմբարդոյի հետ երկար ու բուռն վիճաբանություն է ունենում՝ պահանջելով դադարեցնել գիտափորձը։ Զիմբարդոն նշում է, որ 50 ականատեսներից միայն նա էթիկայի և գիտափորձը շարունակելու անբարոյականության հարցը բարձրացրեց։ Չնայած գիտափորձը երկու շաբաթ էր նախատեսված, սակայն հինգերորդ օրը ուշ գիշերով Զիմբարդոն որոշում կայացրեց, և վեցերորդ օրը այն դադարեցվեց[5]։

Առավոտյան այդ մասին լուրը բանտարկյալներն աննկարագրելի ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցին, հաշված ժամերի ընթացքում նրանց ապատիան անհետացավ։ Միաժամանակ, բանտապաններն ակնհայտորեն դժգոհ էին, որ ամեն ինչ այդքան արագ ավարտվեց[6]։

Հետագայում Կրիստինա Մասլաչը, գիտափորձին մասնագիտական տեսանկյունով նայելով, անկեղծորեն խոստովանել է, որ համոզված է, եթե չլիներ իր զբաղվածությունը, ինքն էլ կներգրավվեր այդ գործում և բացառված չէ, որ Զիմբարդոյի և մյուսների նման աստիճանաբար այդ ամենին միայն փորձի նպատակների տեսանկյունով նայեր։ Սակայն այդ օրը նա ականատես եղավ արդեն թափ առած իրադարձություններին և մարդկայնորեն խորին շոկ ապրեց։ «Այդտեղ չուներ որևէ «դեր» և չուներ անձնական շահագրգրռվածություն գիտափորձի արդյունքների նկատմամբ» և այդ էր պատճառը, որ կարողացավ հարցականի տակ դնել ստեղծված իրավիճակը[1]։ Նա մեծ ջանքերի գնով Ֆիլիպ Զիմբարոյին ստիպեց իր աչքերով նայել իրավիճակին։ Գիտափորձից մեկ տարի անց նրանք ամուսնացան։

2009 թվականին լույս է տեսել «Լյուցիֆերի էֆեկտ» գիտահանրամատչելի գիրքը, որում Զիմբարդոն մանրամասն նկարագրում է գիտափորձի ընթացքը և արդյունքները։

Արդյունքների կիրառությունը Աբու-Գրեյբում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտին, երբ Իրաքի Աբու-Գրեյբ ամերիկյան զինվորական բանտում բանտարկյալներին խոշտանգումների և ծաղր ու ծանակի ենթարկելու մասինսկանդալ բռնկվեց, շատ փորձագետներ նմանեցրին Սթենֆորդի բանտային գիտափորձին։ Նրանց թվում էր Ֆիլիպ Զիմբարդոն, որին հետաքրքրեցին մանրամասները և անհանգստացավ, որ կատարվածը համակարգի պաշտոնապես սահմանված ռազմական քրեակատարողական համակարգային խնդիրներում փնտրելու փոխարեն մի քանի «անպետք ոչխարների» (բանտապանների) վրա են ուզում բարդել մեղադրանքը։ Նա իրավաբանների խմբի մեջ էր։ Նրան հասանելի էին բոլոր հետաքննական փաստաթղթերը և սահմանափակ մատչելիության փաստաթղթերը։ Զիմբարդոն այդ գործով մեղադրվող բանտապաններից մեկի՝ Ֆրեդերիկի դատապաշտպան և ռազմական տրիբունալի փորձագետ-վկա հանդես եկավ (2004 թվականի հոկտեմբեր

Այս մասին Զիմբարդոն գրել է «Լյուցիֆերի էֆեկտ։ Ինչու լավ մարդիկ չարագործների են վերածվում» գիրքը, որում վստահեցնում է, որ Սթենֆորդի բանտային գիտափորձի և Աբու-Գրեյբի բանտում կատարված չարաշահումների մեջ շատ ընդհանուր գծեր կան[7]։

Եզրակացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի արդյունքները ցույց տվեցին մարդկանց խոցելիությունը և հնազանդությունը, երբ առկա է իրենց գործողություններն արդարացնող գաղափարախոսություն, որին աջակցում է հասարակությունը և պետությունը։ Ինչպես նաև այն օգտագործվել է որպես դիդակտիկ օրինակ Ճանաչողական դիսոնանսի (լատին․՝ cognitiо dissonantia, ճանաչողական աններդաշնակություն) տեսության և իշխող հեղինակությունների ազդեցությունը ցուցադրելու համար։

Հոգեբանության մեջ գիտափորձի արդյունքները կիրառվում են մարդու վարքագծի իրավիճակային գործոնները անձնային գործոնների հետ հակադրության մեջ ցուցադրելու համար։ Այլ կերպ ասած, իրավիճակն ավելի ազդեցիկ գործոն է մարդու վարքի համար, քան անհատի ներքին առանձնահատկությունները. իրավիճակից ելնելով մարդու անձնային իմաստները փոխվում են։

Պասսիվ ագրեսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև գիտափորձը և գիտափորձից հետո բանտարկյալների հոգեբանական վիճակի մասին եզրակացությունն այն է, որ ազատությունների սահմանափակումը հանգեցնում է պասսիվ ագրեսիայի կամ պասիվ-ագրեսիվ վարքի։ Փորձը ցույց տվեց, որ պասսիվ անհատները ավելի հեշտ են ադապտացիայի ենթարկվում, քան ինքնուրույն, նախաձեռնող, անկախ, ստեղծագործական միտք ունեցողները։ Անկառավարելի իրավիճակում որևէ իշխանությունից զրկված բանտարկյալները անօգնականության զգացողությունից դառնում են ծայրահեղ պասսիվ, նրանք վերածվում են «անլեզու կատարող զոմբիների»[8]։

Փորձի մասնակիցները բոլորն էլ տարբեր հետաքրքրություններ ունեցող երիտասարդներ էին, սակայն զարմանալիորեն նրանց խոսակցությունների 90%-ը բանտին էր վերաբերվում։ Ամբողջ ընթացքում նրանք գրեթե ոչինչ չիմացան իրար մասին։ Այն պահերին, երբ նրանք կարող էին խոսել իրենց անցյալի և ապագա պլանների մասին, նրանք շարունակում էին իրավիճակի ազդեցության տակ մնալ՝ խոսելով միայն սննդի, հսկիչների, ստուգումների, այլոց վարքագծի և իրավիճակի հետ կապված այլ բաների մասին։ Այսինքն ոչ մի կերպ չէր ընդհատվում գիտափորձի մասնակիցների որպես բանտարկյալ ինքնընկալումը[6]։

Միևնույն ժամանակ, չնայած բանտարկյալները արտաքուստ ապատիկ և ծույլ տեսք ունեին, առանձնահատուկ ակտիվությամբ աչքի ընկնող հսկիչների համեմատ, սակայն թեստավորումը ցույց տվեց, որ ներքուստ նրանք երկու անգամ ավելի գրգռված էին և ներքին հոգեվիճակն ամենևին էլ հանգիստ չէր:

Գիտափորձի ավարտից մի քանի ժամ անց նրանց էմոցիոնալ վիճակը կարգավորվեց և հետագա բացասական հետևանքներ չունեցավ։ Նրանցից երկուսը վերանայեցին ապագայի վերաբերյալ իրենց պլանները. մեկը դարձավ բանտարկյալների գործերի իրավաբան, մյուսը՝ բանտային հոգեբան։

Գիտափորձի հիմնական եզրակացությունն այն է, որ մարդկանց մասին հնարավոր չէ դատել նրանց անձնային տվյալներից ելնելով, մինչև մարդը չհայտնվի այս կամ այն բարենպաստ կամ անբարենպաստ իրավիճակում, անհնար է կանխագուշակել նրա վարքը[6]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտության ավարտը զուգադիպեց ԱՄՆ բանտերում (Սան Քուենթինի և Ատիկա[9]) տեղի ունեցած արյունոտ խռովությունների հետ, և Զիմբարդոն ԱՄՆ Արդարադատության նախարարությանը զեկուցեց գիտափորձի վերաբերյալ կուտակված նյութերը[10]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Զիմբարդոյի գիտափորձը քննադատել են Թոմաս Կարնահանը (Thomas Carnahan) եւ Սեմ Մակֆերլանդը (Sam MacFarland) Արեւմտյան Կենտուկիի համալսարանից։ Նրանց կարծիքով, սխալը սկսվում է հենց մասնակիցների ընտրություն կատարելու մասին ոչ կոռեկտ կազմած հայտարարությունից, քանի որ այնտեղ ուղիղ տեքստով հայտարարվել է, որ այդ փորձը նվիրված է լինելու բանտային կյանքին։ Կարնահանը և Մակֆերլանդը ուսումնասիրել են մասնակիցների երկու խմբեր, ովքեր արձագանքել են նմանատիպ հայտարարությանը, եւ պարզվել է, որ նրանք, ովքեր ներգրավվել են «բանտային կյանքի» հետազոտությունում, ավելի ագրեսիվ են եղել, աչքի են ընկել ավտորիտար հայացքներով, ինչպես նաեւ էմպաթիայի և ալտրուիզմի ավելի ցածր ցուցանիշներով, քան նրանք, ովքեր ներգրավվել են «հոգեբանական գիտափորձի» մասին հայտարարությամբ հետազոտություններում։ Զիմբարդոն եւ նրա գործընկերները չեն ստուգել մասնակիցների վարքագծային առանձնահատկությունները, հետևաբար չի կարելի ասել, որ «բանտապանների» վարքի վրա ազդել են հատկապես փոփոխված պայմանները, այլ ոչ թե նրանց անհատական բնութագրերը[11]։

Սթենֆորդի բանտային գիտափորձի վերաբերյալ քննադատությունը պայմանավորված է նրանով, որ Զիմբարդոն հստակորեն չի ասել, որ այն մասնավոր դեպք է կամ գոնե պիլոտային հետազոտություն է։ Այլ ճիշտ հակառակը, ստացված արդյունքները կիրառել է որպես դոգմա, որով բացատրվում են մարդու վարքի բոլոր անկատարությունները, որոնք բացահայտվում են փոխված արտաքին ազդեցությունների պայմաններում։ Այդ գիտափորձի արդյունքները իրական կյանքի պայմանների վրա տարածելը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր. եզրակացությունները հետագայում կարող են օգտագործվել արդարացնելու համար բոլորովին այլ դրդապատճառներով պայմանավորված վարքը, իսկ սխալ մեթոդաբանության դեպքում նվազեցնում է այն գիտափորձերի նշանակությունը, որոնք հնարավոր է, որ ավելի մանրամասն մտածված, ռանդոմիզացված և ստուգված են։ Հետևաբար շատ հետազոտողներ զգուշանում են Սթենֆորդի բանտային գիտափորձը մարդկային վարքագծի էտալոն ընդունել[12]

Թեև Զիմբարդոն քննադատությունների հետ համաձայն չէ և համարում է, որ «առ այսօր իր գիտափորձն հոգեբանական ամենանշանակալից ուսումնասիրությունն է», այնուամենայնիվ, Psychology: Perspectives and Connections[13] հոգեբանության դասագրքի (որի մեջ ներառված է այս գիտափորձը) հեղինակներից մեկը` Գրիգորի Ֆեիստը (Gregory Feist) պլանավորում է հետագա հրատարակություններից բացառել Զիմբարդոյի անունն ու նրա գիտափորձը, քանի որ համարում է, որ «այդ ամենը սուտ է»[12]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին իտալացի գրող Մարիո Ջորդանոն գրել է «Սև արկղ» վեպը։ Ստեղծագործությունը էկրանավորվել է երեք ֆիլմերում.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ЛЕГЕНДЫ ПСИХОЛОГИИ. ПРОФЕССОР ФИЛИПП ДЖ. ЗИМБАРДО Психологическая газета 21.09.2006
  2. «FAQ on official site». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Սթենֆորդի բանտի» տեսաձայնագրությունից
  4. Philip Zimbardo. «The Lucifer Effect: Understanding How Good People Turn Evil» Արխիվացված 2015-12-11 Wayback Machine / Филип Зимардо. «Эффект Люцифера. Почему хорошие люди превращаются в злодеев». Перевод с английского Анны Стативки.
  5. Professor Emerita Christina Maslach recalls famous prison study, now a movie. Where does it most diverge?
  6. 6,0 6,1 6,2 Ф. Зимбардо. Стэнфордский тюремный эксперимент. Добавлено Psychology OnLine.Net 05.12.2006 (Правка 27.09.2010)
  7. The Lucifer effect
  8. Նման երևույթ դիտվել է նացիստական ճամբարների այն բանտարկյալների շրջանում, որոնք ճամբարներում էին հայտնվել մինչև Հոլոքոստը, մինչև այն, երբ համակենտրոնացման ճամբարները մահվան ճամբարներ դարձան։ Բրունո Բետլհեյմը հիշում է, որ որոշ բանտարկյալներ գոյատևելու պայքարից հրաժարվում էին և վերածվում զոմբիների։ Bettelheim B. Surviving and Other Essays. New York: Alfred A. Knopf, 1979.
  9. Attica Prison Riot 1971 թվականի սեպտեմբերի 9 անգլ.՝
  10. Haney, C., Banks, W.C. & Zimbardo, P.G. A study of prisoners and guards in a simulated prison. Naval Research Review, 30, 4-17. (1973) Հաշվետվություն անգլ.՝
  11. Carnahan, Thomas; Sam McFarland (2007). «Revisiting the Stanford prison experiment: could participant self-selection have led to the cruelty?» (PDF). Personality and Social Psychology Bulletin. 33 (5): 603–14. doi:10.1177/0146167206292689. PMID 17440210.
  12. 12,0 12,1 «Это все ложь»: о реальной подоплеке Стэнфордского тюремного эксперимента.
  13. Gregory Feist and Erika Rosenberg Psychology: Perspectives and Connections Արխիվացված 2018-07-11 Wayback Machine 3rd Edition Copyright: 2015
  14. անգլ.՝ The Experiment Internet Movie Database կայքում
  15. The Experiment Internet Movie Database կայքում
  16. [1]
  17. The Stanford Prison Experiment Trailer. Metacritic
  18. Feature Film - The Stanford Prison Experiment (Documentary)
  19. Psychology: The Stanford Prison Experiment BBC Documentary. 2015 թվական փետրվարի 20

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]