Սթենլի Միլգրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Միլգրեմ
անգլ.՝ Stanley Milgram
Ծնվել էօգոստոսի 15, 1933(1933-08-15)[1] կամ օգոստոսի 14, 1933(1933-08-14)[2]
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 20, 1984(1984-12-20)[3][1] (51 տարեկան)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսոցիալական հոգեբան, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և հոգեբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Եյլի համալսարան
Գործունեության ոլորտՍոցիալական հոգեբանություն[4] և Փորձարարական հոգեբանություն[4]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Քուինս քոլեջ, Բրուքլինի քոլեջ և Ջեյմս Մոնրոյի ավագ դպրոց
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][4][5]
Պարգևներ
 Stanley Milgram Վիքիպահեստում

Սթենլի Միլգրեմ կամ Սթենլի Միլգրամ (անգլ.՝ Stanley Milgram, օգոստոսի 15, 1933(1933-08-15)[1] կամ օգոստոսի 14, 1933(1933-08-14)[2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 20, 1984(1984-12-20)[3][1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սոցիալական հոգեբան, հայտնի է հեղինակությանը հնազանդվելու մասին կատարած գիտափորձով (1961) և «Աշխարհը փոքր է»[7] ֆենոմենի հետազոտությամբ, որը 1969 թվականին կոլումբիացի գիտնականների կատարած Վեց ձեռքսեղմումների տեսություն[8][9] փորձարարական հիմնավորումն է։

20-րդ դարի ազդեցիկ հոգեբանների ցանկում հաճախ հիշատակվում է Միլգրեմի անունը։ Նա 2002 թվականի տվյալներով 20-րդ դարի հոգեբաններից ամենաշատ հղվող հոգեբանների շարքում 46-րդն է[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլի Միլգրեմը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 15-ին Նյու Յորքի հետամնաց Հարավային Բրոնքսում[11], որը մեծ մասամբ բնակեցված էր Արևելյան Եվրոպայի աղքատ գաղթականներով։ Ծնվել է հրեաների ընտանիքում, որոնք Ամերիկա էին գաղթել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[12]։ Հայրը՝ Սամուելը (1902-1953) ծնվել էր Հունգարիայում, մայրը՝ Ադելը, Ռումինիայում[13]։ Նրանք ծանոթացել և ամուսնացել են ԱՄՆ-ում և ունեցել են երեք երեխաներ՝ Մարջորայը, Սթենլին և Ջոելը։ Սամուելը հացթուխ էր և հրուշակագործ, իսկ Ադելը օգնում էր նրան հացաբուլկեղենի գործում՝ հոգալով ընտանիքի հոգսերը[14]։

Միջնակարգ կրթությունը ստացել է Ջեյմս Մոնրոյի դպրոցում (Նյու Յորք սիթի)։ Քոլեջում ուսանել է երեք տարի՝ ցուցաբերելով գերազանց առաջադիմություն։ Նրա հետ է ուսանել ապագայում նույնպես հայտնի հոգեբան դարձած իտալացի գաղթականների որդի Ֆիլիպ Զիմբարդոն։ Հետաքրքրական է, որ Միլգրեմի և Զիմբարդոյի որոշ գիտափորձերը ձևով և բովանդակությամբ համընկնում են իրար հետ։ Հատկապես համահունչ են Զիմբարդոյի Սթենֆորդի բանտային գիտափորձը և Միլգրեմի՝ հեղինակությանը հնազանդվելուն նվիրված գիտափորձը։

Միլգրեմի հայրը մինչև կյանքի վերջը (1953) իր համեստ եկամուտով ապահովում էր ընտանքի կարիքները։ Սթենլի Միլգրմի քոլեջում ուսանելու ընթացքում ընտանիքը տեղափոխվում է Քուինս։ 1954 թվականին Միլգրեմը ստանում է բակալավրի աստիճան և ընդունվում է հայտնի Նյու Յորքի թագավորական քոլեջ (Queens College, New York), որտեղ նպատակ ուներ մասնագիտանալ քաղաքագիտության բնագավառում, սակայն քաղաքագիտության մասին հիմնական պատրաստությունը ստանալով՝ Միլգրեմն արագ հիասթափվում է, քանի որ նրա կարծիքով հասարակական-քաղաքական գործընթացները վերլուծելիս մարդկային մղումներն ըստ հարկի նշանակության չեն արժանանում։ Հենց հոգեբանությունն էլ գրավում է նրա ուշադրությունը և որոշում է ասպիրանտական կրթությունը ստանալ Հարվարդի համալսարանում և մասնագիտանալ սոցիալական հոգեբանության բնագավառում։ Հարվարդի համալսարանի ասպիրանտուրա ընդունվելու առաջին փորձը մերժվում է Միլգրեմի մասնակցած դասընթացների մեջ հոգեբանություն առարկայի բացակայության պատճառաբանությամբ։ Միլգրեմը, համառություն ցուցաբերելով, ամռան ընթացքում Նյու Յորքի երեք բուհերում յուրացնում է հոգեբանության վեց դասընթացներ և 1954 թվականի աշնանը Հարվարդում ընդունվում է ասպիրանտուրա։ 1960 թվականին պաշտպանում է ատենախոսությունը[15]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլգրեմի գործունեության վրա ազդել են հոգեբաններ Սոլոմոն Աշը և Գորդոն Օլպորտը։ 1955–1956 թվականներին Աշը դասավանդում էր Հարվարդում, որպես հրավիրված դասախոս, իսկ Միլգրեմը նրա ինչպես կրթական, այնպես էլ հետազոտական գործունեության ասիստենտն էր։ Նրա ատենախոսության ղեկավարը Օլպորտն էր, սակայն Աշի ազդեցությունը մեծ էր։

Միլգրեմը, Աշի հարմարվողականության մեթոդաբանությունը կիրառելով, կատարել է ֆրանսիացիների և նորվեգացիների հարմարվելու աստիճանի համեմատական վերլուծություն։ Նպատակն էր պարզել, թե մեծամասնության մոլորեցնող կարծիքի հետ համաձայնվելու, համակերպվելու ընդունակությունը ինչպիսին է տարբեր ազգերի մոտ։ Փորձարկվողը անընդհատ լսում էր մեծամասնության սխալ, բայց միահամուռ տեսակետը և պետք է որոշում կայացներ. կամ միանալ մեծամասնությանը, ցուցաբերել կոնֆորմիզմ, կամ պնդել իր տեսակետը։ Այս ուսումնասիրությունը իրականացվել է Հարվարդում (1957 թվական, ամառ), Օսլոյի սոցիալական հետազոտության ինստիտուտում (1957-1958 ուսումնական տարի), Սորբոնում (1958-1959 ուսումնական տարի)։ Միլգրամը իրականացրել է ընդհանուր առմամբ 14 գիտափորձեր, որոնք ներառում էին 390 մասնակիցներ[16]։ Նորվեգացիների ընտրանքում գրանցվել է համակերպման առավել բարձր մակարդակ։ Հավանաբար կոմպակտ և միատարր նորվեգական հասարակությունը ավելի է հակված համակերպման, քան ֆրանսիականը՝ իր ավանդական տարակարծությամբ։ Այս կամ այն կերպ այդ հետազոտությունը շատ կարևոր էր, քանի որ նրանում առաջին անգամ ազգային վարքի տարբերությունների հարցը կենցաղային հիպոթեզներից և ավանդապատումներից տեղափոխվեց համակարգված և հսկվող դիտարկումների ոլորտ[17]։

1959 թվականի գարնանը Միլգրամը վերադառնում է ԱՄՆ՝ շարունակելով աշխատել Աշի հետ։ Չնայած խիստ ծանրաբեռնվածությանը, իր դիսերտացիայի վրա աշխատելով միայն հանգստյան օրերին և գիշերները, նա ավարտին է հասցնում այն և 1960 թվականի հունիսին ստանում է սոցիալական հոգեբանի PhD կոչում։ Չնայած Միլգրեմն արդեն ուներ Հարվարդում կոգնիտիվ ուսումնասիրությունների գիտաշխատողի աշխատանքի առաջարկ, սակայն մեծ դժվարությամբ որոշում է կայացնում ընդունել Եյլի համալսարանի հոգեբանության բաժնում աշնանից ասիստենտի աշխատանքի անցնելու առաջարկը։ Եյլի առաջարկը ընդունելու երեք հիմնական պատճառներ կային.

  1. ինքնուրույն զբաղվել հնազանդության ուսումնասիրությամբ
  2. կատարել Հոլոքոստի ուսումնասիրություն
  3. իրականացնել իր վաղեմի երազանքը. սոցիալական հոգեբանության մեջ խորանալ, հոգեբանության ֆակուլտետում պաշտոն ստանալ, դասավանդել և գիտափորձեր կատարել։

Հայտնի գիտափորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլգրեմի կատարած գիտափորձերի վերաբերյալ նրա կենսագիր պրոֆեսոր Թոմաս Բլասը գրում է, որ Հոլոքոստի նկատմամբ Միլգրեմի հետաքրքրված էր, քանի որ իր «ողջ կյանքը նույնականացնում էր հրեա ժողովրդի հետ»[16]։

Միլգրամը որպես հասուն մարդ անձնական հակամարտություն ուներ որպես հրեա մարդ, որն իրեն ընկալում էր որպես օտար, որպես նացիստական ոչնչացման զոհ, ինչպես նաև ինսայդեր՝ որպես գիտնական[18]։
- Կրիստեն Ֆերմախտ

Նրա կինը՝ Ալեքսանդրա Միլգրեմը հայտարարել է, որ Միլգրեմի հրեական ինքնությունը հանգեցրել է Հոլոքոստի վրա նրա ուշադրության կենտրոնանալուն և Հեղինակության հնազանդություն հետազոտությանը։

Տարիքի հետ երջանկություն գտա միանալով իսրայելցիների շարքերին, իմացա, որ իմ հավատակիցների ողբերգական տառապանքները պատերազմից բզկտված Եվրոպայում հանդիսավորությամբ նշվում է և անդրադարձա իմ ժողովրդի ժառանգությանը։
- Սթենլի Միլգրեմ

«Հնազանդություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիտափորձը մեծ ճանաչում է բերել Միլգրեմին և ստացել է Միլգրեմի գիտափորձ անունը։ Այն իրականացվել է Եյլի համալսարանում 1961 թվականի օգոստոսի 7-ին։ Նպատակն էր հասկանալ Հոլոքոստ իրականացնողների մարդկային տեսակը, սակայն անսպասելի բացահայտում եղավ և մեծ աղմուկ առաջացրեց, քանի որ պարզվեց, որ ցանկացած բարեկիրթ քաղաքացի ընդունակ է դառնալ սադիստ և դահիճ։

Գիտափորձը մասնակիցներին ներկայացված էր որպես հիշողության վրա ցավի ազդեցության ուսումնասիրություն։ Փորձին մասնակցում էին փորձարարը, փորձարկվողը («ուսուցիչ») և մեկ այլ փորձարկվողի դերակատարը («աշակերտ»)։ Փորձարարի հրահանգով աշակերտը պետք է սովորեր և զույգ-զույգ հիշեր տրված բառերի երկար ցանկը, իսկ «ուսուցիչը» պետք է աշակերտի հիշողությունը ստուգեր և պատժեր հոսանքահարելով՝ յուրաքանչյուր սխալի համար ավելի ու ավելի ուժեղ էլեկտրական լիցք հաղորդելով (նվազագույնը 15 Վ - առավելագույնը 450 Վ)[19]։

Մասնակից «ուսուցիչները» տեղյակ չէին, որ պատժվող «աշակերտը» դերասան է։ Այնուամենայնիվ, գիտափորձի մասնակիցներից 2/3-ը հասան վահանակի վերջին սեղմակին։

«Հերթի խախտում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը հերթերում կարգուկանոնը խստորեն պահպանում են։ Իր ուսումնասիրություններից մեկում Միլգրեմը փորձել է հասկանալ, թե ինչ կկատարվի կարգը խախտելու դեպքում։

«Նա խցկվում է առանց հերթի» սցենարը ենթադրում էր, որ հերթի մեջ կանգնած մարդը պետք է թույլ չտա իրենից առաջ կանգնել։ Միլգրեմի ուսանողները երկաթուղային դրամարկղերում կանգնած հերթի սկզբնամասին մոտենալով անբռնազբոս ձևով ասում էին. «Կներեք, ես ուզում եմ այստեղ կանգնել»։ Որպես կանոն դրան հետևում էին դժգոհ խոսքեր կամ գոնե հայացքներ։ Երբ «լկտիները» երկուսն էին, ապա դժգոհում էին 90%-ից ավելին։

Գիտափորձի պայմանները մի փոքր փոփոխելուց հետո, երբ մասնակիցներից մեկը կամ երկուսը նախապես կանգնած էին լինում հերթի սկզբում, իսկ խցկվող մասնակիցը փորձում էր նրանից առաջ կանգնել և որևէ դիմադրության չէր արժանանում (միտումնավոր), ապա դժգոհության մակարդակը գրեթե 20 անգամ նվազում էր, հասնելով 5%-ի[20]։

«Բարև ձեզ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի փողոցներով քայլում էին հոգեբանական ֆակուլտետի ուսանողները և փորձում էին ձեռքսեղմումով բարևել անցորդներին։ Նույնը արվում էր ավելի փոքր բնակավայրերում։ Խոշոր քաղաքներում ձեռքսեղմումների 38,5% գրանցվեց, իսկ ոչ մեծ քաղաքներում՝ 66,7%:

«Կորած նամակներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգներին և հոգեբաններին անվերջ տանջում է, թե ինչպես պարզել, թե իրականում մարդիկ ինչ կարծիք ունեն այս կամ այն հարցի վերաբերյալ, քանի որ բազմաթիվ հարցումները հաստատում են, որ մարդիկ հայտնում են իրենց դատողությունները և միայն այն ինչ պետք է պատասխանել։ Միլգրեմն այդ կապակցությամբ առաջարկել է մի գիտափորձ. հետազոտողը փողոցներում, զբոսայգիներում և այլուր աննկատ թողնում է չուղարկված նամակների մեծ քանակություն (հասցեն և նամականիշը փակցված)։ Նամակները գտնողը պետք է որոշեր ինչպես վարվել. նամակներն ուղարկել փոստով, անտեսել, ոչնչացնել։

Պարզվեց, որ որոշումը մեծ մասամբ կախված է նրանից, թե ում է հասցեագրված նամակը։ Հասցեների տարբերակները չորսն էին. «Կոմունիստերի ընկերների միություն», «Նացիստների ընկերների միություն», «Բժշկական հետազոտությունների կենտրոն» և Ուոլթր Կառնալ անունով ազնիվ մի մարդ։ Հետագայում Միլգրեմը հիշում է.

Մեր գիտափորձի մասին ես հայտնեցի Հետաքննությունների դաշնային բյուրո[21], որպեսզի կառավարությունը գումարներ չծախսի գոյություն չունեցող դավադրությունը բացահայտելու համար։
- Սթենլի Միլգրեմ

Որպեսզի ընտրանքը մեծ և հավասարաչափ լինի գիտնականները նամակները սկզբում որոշեցին ցրել ինքնաթիռից, սակայն դա այդքան էլ արդյունավետ տարբերակ չէր (շատ նամակներ ընկնում էին տանիքներին, ջրամբարների մեջ, ճանապարհների վրա) և նույնիսկ ինքնաթիռի անձնակազմի համար վտանգավոր (որոշ դեպքերում նամակները ինքնաթիռի էլեռոնի տակ էին մտնում)։

Գիտափորձի արդյունքները այսպիսին էին. հասցեատիրոջը հասան բժշկական հատազոտությունների կենտրոնին և անհատ անձին հասցեագրված նամակների 70%-ը, նացիստներին և կոմունիստներին հասցեագրվածների՝ 25%-ը։

Հետագայում այս մեթոդաբանությունը կիրառվել է Հոնկոնգում, Սինգապուրում և Բանգկոկում, որպեսզի պարզեն, թե ապրողներից որքանն են աջակցում Չինաստանի կոմունիստական կառավարությանը[22]։

«Հինգ ու կես ձեռքսեղմումներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայտնի է, երկիրը փոքր է։ Սակայն հենց Սթենլի Միլգրեմը միտք հղացավ ստուգել այդ արտահայտությունը փորձնականորեն։ Ընտրվեց ոչնչով աչքի չընկնող ինչ-որ մի քաղաքացի, օրինակ, բորսային միջնորդ Բոստոնից, որին պետք է գտնել։ Որից հետո ամբողջ Ամերիկայում ամենատարբեր մարդկանց, որոնք չէին ճանաչում այդ միջնորդին, հանձնարարություն տրվեց որոշակի ուղերձ փոխանցել մեկ ուրիշին, որը ամենայն հավանականությամբ հնարավոր է ճանաչում էր փնտրվողին։ Նրա ընկերը պետք է նույնը կրկներ, և այդպես շարունակ, մինչև ուղերձը հասներ փնտրվողին։ Պարզվեց, որ երկու կամայականորեն ընտրված մարդկանց միջև միջին շղթան հինգ ու կեսի կամ վեցի է հավասար[23][24][25]։

Հակասական վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդում աշխատելիս Միլգրեմի հեղինակությունը աստիճանաբար աճում էր, առավել հայտնի էր դառնում ակադեմիական շրջանակներում և լայն հասարակությանը նաև շնորհիվ ամսագրերում ու թերթերում իր հրապարակումների։ Նա երբեք չէր խորշում ճանաչվելուց։ Նրա անվան շուրջ բուռն քննարկումներ էին լինում։

Մեծ քանակությամբ սեմինարների և կոլոքվիումների հրավերներ էր ստանում, նրա ամսագրային հոդվածները վերատպվում էին, իսկ հոգևորականները բարոյական քարոզներում օրինակներ էին բերում Միլգրեմի աշխատանքներից։

Տարիներ շարունակ Միլգրեմը ստանում էր նամակներ ամենատարբեր մարդկանցից, որոնք հարցեր էին տալիս գիտափորձերի մասին, երբեմն էլ իրենց սեփական փորձով կիսվում էին։ Սոցիոլոգը հաճույքով պատասխանում էր նամակներին, սակայն այդ նամակագրությունը դեռևս չի հրատարակվել։

Միլգրեմը Հարվարդում իր կյանքի ամենախորը հիասթափությունն է ապրել։ Ճանաչում ստանալով՝ նա ակնկալում էր վերջապես մշտական պաշտոն ստանալ։ Այդ հնարավորությունն իրականում դիտարկվում էր համալսարանի ղեկավարության կողմից։ Սակայն նրա թեկնածությունը մերժվեց։ Միլգրեմի կերպարն անմիջականորեն նույնականացվում էր նրա գիտափորձերի հետ, և նրան առանց հիմնավորման համարում էին խելագար սադիստ գիտնական, ումից ավելի լավ է հեռու մնալ։

Նման վերաբերմունքից վիրավորված՝ Միլգրեմը հեռանում է Հարվարդից։ Կոռնելի համալսարանից և Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանից ստացված նոր հրավերներ եղան, սակայն նա գերադասեց ոչ համբավաբեր առաջարկը և պայմանագիր կնքեց Նյու Յորքի քաղաքային համալսարանի (CUNY) հետ։ Նա մտադրություն ուներ հետագայում առավել հեղինակավոր կազմակերպությունում աշխատանքի անցնել, սակայն այնտեղ աշխատեց 17 տարի, մինչև կյանքի վերջը[26]։

Կոչումներ, մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եյլի համալսարանի և Հարվադի համալսարանի դասախոս
  • Նյու Յորքի քաղաքային համալսարանի ասպիրանտուրայի վաստակավոր պրոֆեսոր
  • Ֆորդի հիմնադրամի կրթաթոշակ
  • Գիտության զարգացման ամերիկյան ասոցիաիցիայի Սոցիալ-հոգեբանության մրցանակ
  • Գուգենհայմի կրթաթոշակ։

Վախճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլգրամը վախճանվել է Նյու Յորքում, սրտի կաթվածից 1984 թվականի դեկտեմբերի 20-ին, 51 տարեկանում։ Դա նրա սրտի հինգերորդ կաթվածն էր։ Նա ուներ կին՝ Ալեքսանդրա «Սաշա» Միլգրամը, դուստր՝ Միշել Սառան, և որդի՝ Մարկ Դանիելը[27]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Թոմ Բլասը հրատարակել է «Մարդ, որը ցնցեց աշխարհը. Սթենլի Միլգրեմի կյանքն ու գործունեությունը» կենսագրական գիրքը (անգլ.՝ The Man Who Shocked the World: The Life and Legacy of Stanley Milgram[28]

2009 թվականին գերմանական Long Distance Calling[29] փոստ-ռոք խումբը իր Avoid The Light ալբոմում թողարկել է «I Know you Stanley Milgram»[30] («Ես ճանաչում եմ քեզ, Սթենլի Միլգրեմ») երգը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 թվականին Հնազանդություն. վարքագծային ուսումնասիրություն («Behavioral Study of Obedience») հոդված
  • 1974 թվականին Հեղինակությանը հնազանդվել. փորձարարական ուսումնասիրություն («Obedience to Authority: An Experimental View»)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 թվականին վավերագրական ֆիլմ «Քաղաքը և անհատը» (The City and the Self )
  • 2015 թվականին էկրաններ բարձրացավ «Փորձարարը» ֆիլմը։ Ֆիլմում ներկայացվել են Սթենլի Միլգրեմի 1961 թվականին կատարած մի շարք վարքագծային գիտափորձեր, որոնց ընթացքում ստուգվում էր շարքային քաղաքացիների իշխանությանը ենթարկվելու պատրաստակամությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. CONOR.Sl
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. Milgram S. The Small World Problem Արխիվացված 2013-04-18 Wayback Machine Psychology Today. — 1967, էջ 61-67
  8. It’s a Small World After E-mail Columbia Magazine ամսագրում կոլումբիացի գիտնականների ուսումնասիրության մասին
  9. Վեց ձեռքսեղմումների տեսություն Արխիվացված 2019-04-07 Wayback Machine life.panorama.am
  10. The 100 most eminent psychologists of the 20th century. Review of General Psychology 6 (2). doi:10.1037/1089-2680.6.2.139.
  11. Blass, Thomas (1998). The roots of Stanley Milgram's obedience experiments and their relevance to the Holocaust Արխիվացված 2013-11-05 Wayback Machine (PDF). Analyse & Kritik (Wiesbaden: Westdeutscher Verlag) 20 (1): 49. ISSN 0171-5860. OCLC 66542890.
  12. Thomas Blass (November 2000). Obedience to Authority: Current Perspectives on the Milgram Paradigm. Psychology Press. p. 1. ISBN 0-8058-3934-8
  13. Jackson, Kenneth T.; Markoe, Karen; Markoe, Arnie (August 1, 1998).The Scribner Encyclopedia of American Lives. New York, NY, USA: Charles Scribner's Sons. ISBN 0684804921. OCLC 755235271.
  14. 1 Alexandra Milgram, interviews with T. Blass, Riverdale, New York, April 25, 1993, and June 13, 1993.
  15. Milgram Stanley
  16. 16,0 16,1 Thomas Blass From New Haven to Santa Clara A Historical Perspective on the Milgram Obedience Experiments Արխիվացված 2017-03-22 Wayback Machine University of Maryland Baltimore County
  17. М.А. Степанова С. Милгрэм Студопедия. Очерк
  18. "stanley+milgram"+jewish&hl=en&sa=X&redir_esc=y#v=onepage&q=%22stanley%20milgram%22%20jewish&f=false
  19. Obedience to Authority
  20. «Социальная психология. Стенли Милгрэм и исследования конформизма».
  21. FBI
  22. Самые известные эксперименты Стэнли Милгрэма Эксперт online, Москва, 24 apr, sunday
  23. Travers J., Milgrem. S An Experimental Study of the Small World Problem // Sociometry, Vol. 32, No. 4. — 1969.
  24. «Could It Be A Big World After All?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
  25. «Социальная психология. Стенли Милгрэм и эксперименты с письмами».
  26. Стенли Милгрэм Биография
  27. DANIEL GOLEMAN December 22, 1984 DR. STANLEY MILGRAM, 51, IS DEAD; STUDIED OBEDIENCE TO AUTHORITY Նյու Յորք Թայմս, Obituaries
  28. Blass, T. (2004). The Man Who Shocked the World: The Life and Legacy of Stanley Milgram. ISBN 0-7382-0399-8
  29. Long Distance Calling
  30. I Know you Stanley Milgram

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Միլգրեմ» հոդվածին։