Ոջիլներ (լատին․՝ Anoplura կամ Siphunculata, հին հունարեն՝ φθείρ —ոջիլ և ἄπτερος - թևազուրկ), արյունածուծ միջատների կարգ։ Մարդու և կաթնասունների մակաբույծներ են։ Հանդիպում են ամենուրեք։
Մարմինը՝ ձվաձև, տափակ, 1-5 մմ երկարությամբ։ Անթև են։ Կուրծքը և փորիկը միաձույլ են և քիչ շարժուն։ Աչքերը փոքր են, որոշ տեսակներ՝ կույր։ Բերանային ապարատը ծակող-ծծող տիպի է։ Վերջավորություններն ունեն հարմարանքներ ամրանալու հագուստին, մազերին։ Արուներն էգերից փոքր են։ Արյուն ծծելիս թուքը ներարկում են տիրոջ մարմնի մեջ և ուժեղ քոր առաջացնում։ Զվերը (անիծ) էգի սեռական հավելյալ գեղձերի արտազատուկով ամրացվում են տիրոջ մազերին (կամ հագուստի թելերին)։ Զարգանում են թերի կերպարանափոխությամբ։ Թրթուրները տարբերվում են հասուններից միայն փոքր չափերով։
Մշտական մակաբույծներ են, հյուծում են տիրոջը և վարակիչ հիվանդություններ փոխանցում։ Հայտնի է ոջիլի մոտ 200 (ԽՍՀՄ-ում՝ 40) տեսակ։ Մարդու ոջիլը (Pediculus humanus) հայտնի է 2 ձևի՝ գլխի և հագուստի։ Բացի անմիջական վնասից փոխանցում են մի շարք վարակիչ հիվանդություններ։ Մարդու մակաբույծ է նաև ցայլքի ոջիը (Phthirus pubis), խոցի ոջիլը (Haema topinus suis)։ Սիբիրյան խոցի, ժանտախտի փոխանցողն է։ Կան առանձին տեսակներ՝ ձկների, էշերի, խոշոր եղջերավոր անասունների և մկնանման կրծողների մակաբույծներ։ Կենդանիների ոջիլները առանձնահատուկ մակաբույծներ են և մարդու վրա չեն անցնում։
Մարդու գլխի և հագուստի ոջիլները, լինելով մշտական էկտոպարազիտներ, առաջացնում են ախտաբանակ վիճակ, որին անվանում են պեդիկուլյոզ։ Ոջիլի թուքը առաջացնում է սաստիկ քոր։ Գլխի պեդիկուլյոզի ժամանակ հատկապես ախտահարվում են ծոծրակի, ականջի, հետևի և քունքի մասերը։ Էպիդերմիսի վնասմանը կարող է գումարվել երկրորդային ինֆեկցիան։
Ցայլքային ոջլոտությամբ՝ ֆթիրիազով, մարդը վարակվում է կենցաղային ինչպես նաև սեռական ճանապարհով։
Բացի տեղային ազդեցությունից, հագուստի և գլխի ոջիլները ոջիլային բծավոր և ոջիլային հետադարձ տիֆերի հարուցիչների փոխանցողներն են։ Բծավոր տիֆի հարուցիչները՝ ռիկետսիաները, բազմանում են ոջիլի մարսողական համակարգում և դուրս գալիս արտաթորանքի հետ։ Հարուցիչը մարդու օրգանիզմ կարող է ընկել ոջիլի արտաթորանքով՝ քորելու ժամանակ մաշկի ամբողջակնությունը խախտելիս։
Հագուստի և գլխի ոջիլները նաև հետադարձ տիֆի հարուցիչի փոխանցողներն են, որը զարգանում է ոջիլի մարմնի խռոչում։ Մարդը վարակում է ոջիլ ճզմելուց։ Ոջիլի մարմնի խոռոչի պարունակությունը ՝ հեմոլիմֆան, մաշկի ամբողջականությունը խախտված մասերից ընկնում է մարդու օրգանիզմ։
Ցայլքի ոջիլի միջոցով որևէ հիվանդության հարուցիչի փոխանցմում հաստատված չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 622)։