Արյան վրեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արյան վրեժ (նաև՝ վենդետա, իտալ.՝ vendetta՝ «վրիժառություն» բառից), տոհմային հասարակարգին բնորոշ հնագույն սկզբունք, ըստ որի սպանություն կատարած անձը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը (տոհմ, ցեղ, կլան, խմբավորումներ) անպայման ենթակա է մահվան՝ հատուցման կարգով։ Արյան վրեժը իրականացվում է տուժած ընտանիքի, տոհմի, ցեղի կլան, խմբավորման անդամներից որևէ մեկի կողմից: «Արյունն արյունով լվանալու» սովորույթը հաճախ տարածվում էր ոչ միայն հանցավորի, այլև նրա տոհմակիցների վրա։ Այստեղ մարդը ընկալվում է որպես տոհմի («արյան») միավորման մաս, և անձնական պատվի գաղափարը զուգորդվում է ամբողջ արյունակցական միության պատվի ընկալման հետ:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան վրեժի սովորույթը իրավական համակարգերի մի տարր է, որի մեջ պետությունը կա՛մ գոյություն չունի, կա՛մ ի վիճակի չէ ապահովել օրենքի գերակայություն (պետության կողմից բռնության մենաշնորհի իրավունքի բացակայություն): Նման իրավիճակում տուժողի ընտանիքը պատժում է հանցագործի ընտանիքին՝ ընտանեկան պատիվը վերականգնելու համար: Ոչ միայն կենսաբանական հարազատները, այլև ամբողջ կլանը կամ խումբը կարող են հանդես գալ որպես ընտանիք: Արյան վրեժը ի հայտ է եկել պարզունակ հասարակության մեջ, որտեղ իրավական կարգավորման այլ միջոցներ չեն եղել: Արյան վրեժի սովորույթի հիմքում եղել է տնտեսական (տոհմի անդամի սպանությունը նյութապես վնաս է հասցրել տոհմին, այդ պատճառով նա պետք է սպաներ վնաս հասցնողին կամ դրա փոխարեն ստանար փոխհատուցում) և կրոնական (իբր հանդերձյալ աշխարհում սպանվողը հանգիստ չի գտնի, քանի դեռ նրա տոհմակիցները վրեժխնդիր չեն եղել) գործոններ։

Արյան վրեժը արտացոլում է հանցագործության համար հավասար պատիժ կրելու սկզբունքը, որը Հին Կտակարանում ձևակերպված է որպես «աչք աչքի համար, ատամը ատամի համար»։ Հանցագործները պատասխանատու են գույքի, առողջությանը պատճառված վնասի համար՝ համապատասխան նյութական փոխհատուցման կամ մահվան ձևով, ինչը համապատասխանում է մարդու կողմից արդարության ամենապարզ ընկալմանը: Ընտանիքի (ցեղի) վրա պատասխանատվություն դնելը մի կողմից վրեժը ավելի իրագործելի է դարձնում, մյուս կողմից՝ մարդասպանը իր ընտանիքի համար պատասխանատու է դառնում, քանի որ, եթե նա խուսափի վրեժխնդրությունից, ապա դա նրա փոխարեն ընտաիքի մյուս անդամը կիրականացնի։

Արյան վրեժը հղի է վտանգավոր հետևանքներով։ Արյան վրեժը հաճախ ավելի դաժան է դառնում, քան դրան նախորդած հանցագործությունը, որը հանգեցնում է պատասխան վրեժխնդրության, և, ի վերջո, այն վերածվում է երկար արյունալի հակամարտությունների, որոնք հաճախ հանգեցնում են երկու հակամարտող խմբերի հուսալքմանը կամ դրանցից մեկի լիակատար ոչնչացմանը: Մի կողմից այս հանգամանքը ծառայում է որպես զսպման որոշակի գործոն (դրա հետ են կապում, օրինակ, քոչվոր արաբների մոտ եղած թալանչիական հարձակումների սովորույթը հարևանների վրա, որոնց դեպքում գործողությունների լավագույն ձևը համարվում էր արժեքավոր իրեր գողանալը՝ առանց որևէ մեկին սպանելու, որպեսզի դա չհանգեցնի վրեժխնդրության)[1]։ Մյուս կողմից, ինչպես վաղուց պարզ դարձավ, բացասական հետևանքները չափազանց զգալի են։ Կան դեպքեր, երբ ամբողջ կլանները վրեժ են լուծում տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար, ինչի արդյունքում միմյանց ամբողջությամբ ոչնչացնում են[2]։ Այս ամենի արդյունքում հին ժողովուրդներն արդեն մշակել և ունեին հստակ սովորույթներ, որոնք թույլ էին տալիս դադարեցնել կամ կանխել արյան վրեժը[3]։ Այսպես, նույն քոչվոր արաբների մոտ չկանխամտածված սպանության համար տոհմը կարող էր բավական մեծ փրկագին ստանալ[1]։

Կումիկների շրջանում արյան վրեժի ադաթը կոչվում էր «Դուշման կավլավ» (թշնամու հետապնդում), «къангъа къан» (արյուն՝ արյան համար): Թուխմանի (ընդհանուր) համերաշխությունն ընդհանուր առմամբ արտահայտվում էր տոհմի բոլոր անդամների կողմից արտաքին ոտնձգությունների դեմ ընդհանուր շահերի պաշտպանությամբ։ Գերդաստանի ինքնապաշտպանության միջոցը արյունալի վրեժն էր։ «Որոշ ընտանիքների միջև արյունահեղությունը, գրել է Ալեքսանդր Կոմարովը, սերունդից սերունդ փոխանցվեց, երբեմն արյունահեղությունը կապվում էր գյուղերի հետ և շարունակվում դարեր շարունակ: Որոշ գյուղերի բնակիչներ, վախենալով արյունահեղությունից, տեղափոխվել են այլ վայրեր և նոր գյուղեր հիմնել օտար վայրերում։ «Չնայած դատական կարային, հարավի կումիկների մասին նշել է Սվիդերսկին, սպանվածի հարազատները իրենց սրբազան պարտքն են համարում մարդասպանի կամ նրա հարազատների արյունը թափելը, տեղի է ունենում նոր սպանություն, որը հակառակ կողմից կրկին հանգեցնում է արյան վրեժի, ասում են, որ թշնամանքը սերնդեսերունդ շարունակվում է»[4]։ Աստիճանաբար արյան վրեժի սովորույթը վերածվեց իրավական նորմի։ Սահմանվին տոնական և շաբաթվա օրեր, ընտրվեցին վայրեր՝ քաղաքներ, տաճարներ, երբ և որտեղ արգելվեց արյան վրեժը։

Պատմաաշխարհագրական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորույթը լայն տարածում ուներ միջնադարյան Եվրոպայում։

Այսպես, արյան վրեժը լավ հայտնի էր Հին Ռուսիայում։ Դրա մասին հիշատակվում է Ռուսական Օրենսգրքում (XI֊XII դար), որտեղ, մասնավորապես, նշվում էր, թե ով իրավունք ունի վրեժխնդիր լինել ազգականի սպանության համար։ Սպանության առկայության դեպքում վրեժ են լուծել եղբայրը եղբոր, որդին՝ հոր, հայրը՝ որդու, եղբորորդին՝ հորեղբոր համար։ Մյուս դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ վրիժառուն չի գտնվել, մարդասպանը պարտավորվել է վճարել վիրա՝ տուգանք իշխանի օգտին[5]։ 11-րդ դարի երրորդ քառորդում արյան վրեժն օրենսդրորեն արգելված էր Յարոսլավ Իմաստունի որդիների կողմից[6][7]։

Արյան վրեժը տարածված էր նաև միջնադարյան Իտալիայում, սկանդինավյան երկրներում, գերմանական ժողովուրդների շրջանում և այդ մշակույթների ներկայացուցիչներով բնակեցված երկրներում։ Որոշ երկրներում (Կորսիկա, Ալբանիա, Սերբիա, Սարդինիա, Ճապոնիա) արյան վրեժը պահպանվել է ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հայերի մոտ այն գոյատևել է մինչև զարգացած ֆեոդալիզմը։ ՍՍՀՄ–ում այն պատժվում էր օրենքով, որպես քրեական հանցագործություն։

Այսօր արյան վրեժի սկզբունքը կիրառվում է Մերձավոր Արևելքի երկրներում, որոշ կովկասյան ժողովուրդների մոտ, Ալբանիայում, ինչպես նաև Հարավային Իտալիայում։

Արյան վրեժը գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 В. Ф. Панова, Ю. Б. Бахтин. Жизнь Мухаммеда
  2. М. Мартемьянов. Мафия израильских бедуинов.
  3. Род у кельтов и германцев. По теме кровной мести примечательно упоминание «вергельда» — платы за убийство или нанесение ущерба, предотвращающей кровную месть.
  4. Кумыкский мир | Адат кровной мести у кумыков
  5. Русская Правда (Краткая редакция) / Подготовка текста, перевод и комментарии М. Б. Свердлова // Библиотека литературы Древней Руси. [Электронное издание] / Институт русской литературы (Пушкинский Дом) РАН. Т. 4: XII век.
  6. Русская Правда (Пространная редакция) / Подготовка текста, перевод и комментарии М. Б. Свердлова // Библиотека литературы Древней Руси. [Электронное издание] / Институт русской литературы (Пушкинский Дом) РАН. Т. 4: XII век.
  7. Зимин А. А. Правда русская. М. : Древлехранилище, 1999.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]