Հայ ժողովրդական ռազմի երգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ժողովրդական ռազմի երգեր, հայ ժողովրդի կյանքում նշանակալի ռազմական գործին և իրադարձություններին առնչվող երգեր։ Աչքի են ընկել թեմատիկ ընդգրկման որոշակիությամբ, գեղարվեստաարտահայտչական յուրահատկությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսից ստեղծվել և տարածվել են բազմաթիվ երգեր, որոնք ներկայացրել և ընդգրկել են մի շարք պատմական և ռազմաքաղաքակական իրադարձությ ուններ։ Միջնադարյան Հայաստանի ռազմական իրադարձությունների հպանցիկ հիշատակումներից հետո առավել ուշագրավ են Անդրկովկասում տեղի ունեցած ռուս- թուրքական, ռուս- պարսկական պատերազմները, որոնցում հայերը անմիջական մասնակից և սատարող ուժ են եղել։ Այս երգատեսակի մեջ մեծ տեղ ունի հայ ժողովրդի պայքարը թուրքական բռնապետության դեմ։ Մատենգրությունից հայտնի հայոց հին բանահյուսության նմուշները վկայել են, որ այս երգերը գալիս են դարերի խորքից։ Դրանց գոյության վաղեմությունը հաստատվել է միջնադարից մեզ հասած ռազմի երգերի եզակի նմուշներով, պատմական զրույցներով ու վկայություններով։ Այդպիսի օրինակներ են

  • «Լևոնի երգը»[1],
  • «Տաղ քաջ Լիպարիտի»[2] երգը,
  • «Ազատ -խանի Ըգուլաց չափմիշ արիլը»[3] երգը։

Ռազմի և զինվորի երգերը պատմական երգեր են։ Դրանք արտացոլել են իրականությունը, քանի որ կապված են եղել պատմական անցքերի ու նշանավոր անհատների գործունեության հետ։ Երգերի մեծ մասը հորինվել են համազգային նշանակություն ունեցող իրադարձությունների ու գործիչների անվան շուրջ՝ ստանալով լայն ճանաչողական արժեք և նշանակություն, մի մասն էլ շոշափել է համեմատաբար նեղ, տեղական դեպքեր և իրադարձություններ․ դրանք էլ տեղական- պատմական երգեր են, որոնք մատչելի և հասկանալի են աշխարհագրական սահմանափակ շրջանակներում։ Սակայն ռազմկան գործն ու զբաղմունքը ռազմի երգերում ոչ միանշանակ է իմաստավորվել ու արժևորվել։ Մի երևույթը մի դեպքում ընկալվել է դրականորեն, ստեղծել ոգևորիչ տրամադրություններ, մյուս դեպքում՝ հուսահատություն ու տխրություն։ Առաջին յուրահատկությունը տեսանելի է ազատագրական պայքարի երգերում, իսկ երկրորդը՝ պարտադիր զինվորական ծառայության շուրջ հորինված երգերում։ Այս երևույթը դիտվել է տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ ևս։ Զինվորագրության մասին ռուսական ժողովրդական ողբերգերըը համեմատելով կազակային երգերի հետ, Վ․Ի․Լենինը գրել է․« Նույն ժողովուրդն է, բայց բոլորովին տարբեր երգեր են, լի քաջությամբ ու խիզախությամբ, խիզախ գործողություններ, խիզախ մտքեր[4]

Ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմի երգերը իբրև երգատեսակ պատկանում են քնարական բանահյուսական ժանրին։ Սակայն ժանրային հատկանիշները դրանցում արտահայտվում են տարբեր մակարդակներով։ Ռուս-պարսակական, ռուս-թուրքական պատերազմների ու ազատագրական կռիվների մասին երգերում գերակշռող է վիպականությունը։ Անդրադարձ է արվել իրադարձությունների արտաքին կողմին, ռազմական գործիչների, հրամանատարների կատարած գործերին, հայրենիքի ազատագրությանը նրանց մատուցած ծառայություններին։ Այս խմբում բազմաթիվ են գովքերը, քայլերգերը։ Իսկ բուն զինվորի երգերում ավելի ակնհայտ է քնարականությունը։ Այստեղ ռազմական գործը դիտվել է մարդու հուզաշխարհի ու ճակատագրի վրա գործած ազդեցության տեսանկյունից։ Այս երգերը հորինվել են առաջին դեմքով, ինչն ավելի է ուժեղացրել երգի ողբերգականությունը։ Նոր շրջանի ռազմի երգերում այս երկու հատկանիշները զուգորդվել են։ Այս երգերն աչքի են ընկել իրենց հորինման և գոյատևման յուրահատկությամբ։ Երբ հին, գրեթե մոռացված երևույթներին փոխարինել են նույնանման նորերը, երգերն էլ նորոգվել են ըստ հանգամանքների։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմի երգերը հորինվել ու ձևավորվել են հայ ժողովրդական բանահյուսության հունի մեջ, ավանդական երգարվեստի մյուս տեսակների հետ փոխազդեցությամբ։ Դրանք կրել են վիպական երգերի, սիրո, պանդխտության , հարսանեկան երգերի ազդեցությունը։ Ազատագրական պայքարի երգերում մեծ է գրական քնարերգության, աշուղական երգի դերը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական երգերը բաժանվել են երեք հիմնական խմբի՝ ելնելով դրանց թեմատիկ ու ժանրային հատկություններից

  • Ռազմի երգեր
  • զինվորի երգեր
  • սովետական շրջանի ռազմի ու զինվորի երգեր

Պատերազմների շուրջ ստեղծված երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-թուրքական, ռուս- պարսկական պատերազմների թեմաներով ստեղծված ռազմի երգերի մեջ առանձնանում է «Տաղ ի Ռոստոմ բեգ» երգը[5] Երգի առաջին հրատարակիչներից է «Բազմավեպ» ամսագիրը։

1826-1828 թվականների ռուս-պարսկական իրադարձությունների շուրջ ստեղծված երգերից մեզ է հասել երկու նմուշ՝

  • «Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան»[6] սկզբնատողով
  • «Հայ աշուղ Սեֆի-Յուսուֆի ասած երգը Երևանի առման մասին» (թուրքերեն)[7]

Երգերում հիշատակվել են Երևանի, Ղարաբաղի ու Սարդարապատի համար մղված մարտերը, հայազգի զորավարներ Վ․Մադաթովը, Ներսես Աշտարակեցին, Եփրեմ կաթողիկոսը, Երևանի սարդար Հուսեին-խանի եղբայր Հասան-խանը, Պարսից թագաժառանգ բաս-Միրզան, ռուս ռազմաքաղաքական գործիչներ Ա․Կրասովսկին, Ի․Պասկևիչը, Կ․Բենկենդորֆը։

1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի շրջանի ռազմի երգերից պահպանվել են մի շարք նմուշներ․

19-րդ դարի այս իրադարձություններից մեզ են հասել նաև «Այ հավար, Բայազիտ վառեցին»[12] և «Հասան-Ղալա»[13] ժողովրդական երգերը։ Երկուսն էլ վիպական- քնարական ընդհանուր շնչով պատմում են Բայազետի և կարնո բերդ-ամրոցներից Հասան-Ղալայի գրավման դեպքերի մասին։

Ազատագրական պայքարի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմի երգերի մի մեծ բաժին են կազմում ազգային պայքարի երգերը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության թեման 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին կլանել է ողջ հայության ուշադրությունը։ Հայ հասարակական, մշակությաին կյանքը տոգորվել է արևմտահայության ազատագրության գաղափարներով։ Երգերը պատմական բնույթի են, ստեղծվել են տարբեր գեղարվեստական ու ոճական հենքերով՝

Այս երգերը կրել են նաև հայ գրողների (Ղ․Ալիշան, Մ․Նալբանդյան, Րաֆֆի, Ավ․Իսահակյան, Ռ․Պատկանյան,Մ․Պեշիկթաշլյան և այլք) քնարերգության ազդեցությունը։

Ըստ պատմական հենքի, տեղի ու ժամանակի բաժանել են 4 խմբի՝

  • Զեյթունի երգեր,
  • Կամավորներին ու հայրենասիրական կազմակերպություններին նվիրված երգեր,
  • Մուշ-Սասունի և Վասպուրական-Շատախի երգեր,
  • Հայդուկային(ֆիդայիների) երգեր։

Զեյթունի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունի երգերը ստեղծվել և տարածվել են Զեյթունում և մերձակա գյուղերում։ Հորինվել են տեղական աշուղ- երգիչների կողմից՝ թուրքերեն կամ էլ Զեյթունի բարբառով։ Այս երգերը՝ ավաչները( էվեչ), վիպական բնույթի դաստաններ են՝ հորինված աշուղական երգի օրինաչափություններով։ Ավաչներ են հորինվել Պապիկ և Եղիա Ենիտունյանների, Փանոս Չոլագյանի, հայտնի Քացախ -Պինպաշի մականունով և մի շարք այլ քաջ մարտիկների, զինվորականների սխրանքների մասին[14]։ Երգերի հիմնական խումբը հայտնի է հետևյալ վերնագրերով․

  • «Երգ Զեյթունի»(«Արևն ելավ, զեյթունցիներ»),
  • «Երգ զեյթունցվոց»(«Զեյթունցի ենք, ժայռի ձագ ենք»)
  • «Զեյթունցիք» («Զեյթունցի ենք մենք քաջազունք»)

Այս երգերը հավանաբար սերում են վերոնշյալ սկզբնատողերով սկսվող երգերից, որոնց հեղինակը զեյթունցի Հարություն Չագրյանն է՝ Չոլագ-վարժապետ մականունով։

Կամավորներին և հայրենասիրական կազմակերպություններին նվիրված երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն»[15]երգը նվիրված է Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության գործունեությանը։ Էականը երգում համախբվելու կոչն է և զինված պայքարի ելնելու հորդորը։

*«Չուխ-Կյատուկ» երգի բնագիրը վերագրվել է վանեցի Տ․Տերոյանին։ Հորինվել է Վանի բարբառով։ Նվիրված է 1889թվականին Պարսկաստանից Մշո դաշտ անցնելիս Չուխ-Կյատուկ լեռնանցքում կռվի ժամանակ զոհված Ա Գոլոշյանին ու Հ․ Ագրիպպասյանին։

*«Մնաք բարյավ,սուր-հրացան», «Երբ ալեկոծ ծովի վրա»(հեղինակ՝ Քրիստաֆոր Թադևոսյան[16]), «Կուկունյանի երգը»- նվիրված են Սարգիս Կուկունյանին։

Մուշ-Սասունի և Վասպուրական-Շատախի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավոր խմբերի գործունեության հիմնական շրջանները Մշո դաշտը, Սասունն ու Վասպուրականն էին։ Հայտնի են՝

  • «Մուշ, ախ, իմ հայրենիք»
  • «Ես Կարապետն եմ Մշեցի»
  • «Ողբ»
  • «Քամին էկավ էրան-էրան» սկզբնատողերով երգերը։

Սասունում ռազմական երգերը կոչել են շեր, իսկ հորինելը՝ շեր կապել։ Նման ստեղծագործությունների նմուշներ հայտնի են գրավոր աղբյուրներից[17]։

Սասնո երգերից մեզ հասած նմուշներ են[18]՝

  • «Ազու երգը»
  • Տալվորիկցի կտրիճ»
  • «Ձէն օր գլուխն հողու հավսար էր դրուկ»
  • «Խիանցիք, ընկավ հավար»
  • «Կտրիճ սասունցիք»
  • «Սասունցոց գանգատը»
  • «Սասունի պատերազմը»
  • «Սասունցոց երգը»

Վասպուրական-Շատախի երգերից[19] հայտնի են՝

  • «Չռա-Կյատուկ»
  • «Վարագա սար բացվե սուսուն»
  • «Շատախու սարեր անուշ զոզան»
  • «Վանեցոց երգ»
  • «Խաբար տարեք հարին,մարին»
  • «Կռվեցեք տղերք, կռվեցեք քաջ-քաջ»
  • «Խանասոր»

Հայդուկային երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրական պայքարի երգերի մի մեծ բաժին են կազմել հայ ժողովրդի բանահյուսական կենցաղում հայտնի ֆիդայիների երգերը։ Երգերի նպատակն է եղել ոտքի հանել, պայքարի կոչել ժողովրդին՝թոթափելու բռնակալների լուծը։ Սրանք հերոսական հայրենասիրական երգեր են։ Ուշագրավ են՝

  • «Արաբոյի երգը»
  • «Աղբյուր ջան»
  • «Սերոբ-փաշայի հիշատակին»
  • «Աղբյուր»
  • «Սոսեի երգը»
  • «Գևորգ Չավուշի երգը»
  • «Անդրանիկին»

Հայդուկային երգերի մի բաժին էլ[20] հորինվել է հայդուկի մոր, քրոջ, կնոջ, սիրած աղջկա անունից։ Այս խումբն ունի քնարական բնույթ, օրինակ՝

  • «Մշեցի մոր աղաչանքը»
  • «Զինվորի մոր խոսքը»
  • «Պարզիր, աղբյուր»
  • «Ալ ու ալվան ես կապել»
  • «Մայրն իր որդուն»
  • «Նահատակներու հիշատակին»
  • «Այրիին ողբը»

Առաջին աշխարհամարտի տարիների երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծվել են բազմաթիվ ռազմի երգեր։ Այս դեպքում էլ հայերը մեծ ու գործուն մասնակցություն են ունեցել պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում։ Կովկասյան բանակի շարքերում հազարավոր հայորդիներ են կռվել։ Հայ ժողովրդին առաջնորդել է Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Երգերի մեծ մասը գրառվել են հենց պատերազմի օրերին, մի մասն էլ ժողովրդի հիշողության մեջ մնալով՝ հասել են մեր օրեր։ Այդպիսի երգերից են՝

  • «Հազար ինը հարյուր տասներկու թվին»
  • «Վաղարշակի երգը»
  • «Ալաշկերտցիք բարձան գացին»
  • «Սիփանա չորս կողմ սար էր»
  • «Բայբուրդ»
  • «Ղարաբաղա մեջ ինքս ծնվեցի»

Հիշատակության է արժանի 1918-1919 թվականներին ֆրանսիական բանակի կազմում գործող կամավորների միջավայրում կենցաղավարող «Կամավորներուն երգը»[21] Պահպանվել են ժողովրդի սիրելի հերոսների սպանության կապակցությամբ հյուսված երգեր, ինչպես ՝ Ա․Սուճյանի, Քեռու հիշատակին նվիրված։ Ուշագրավ է Մազմանովին նվիրված երգը։ Գնդապետ Մազմանովը Կարսի հանձնման օրը ինքնասպան է եղել, ահա այս ողբերգական դեպքի շուրջ ստեղծվել է երգ։

Խորհրդային տարիների և Հայրենական պատերազմի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հորինվել են ռազմի ու զինվորի նոր երգեր։ Այս երգերի պատմական հենքը խորհրդային իշխանության համար մղվող կռիվներն են, Հայրենական պատերազմի իրադարձությունները։ Ռազմի նոր երգերը պատմական երգեր են։ Մեզ հասած երգերի մեջ առանձնացվել է երեք փունջ․

  • քաղաքացիական կռիվների ու խորհրդային կարգերի հաստատում
  • կարմիր բանակ ու զինվորական ծառայություն,
  • Հայրենական մեծ պատերազմ։

Այդպիսի օրինակներ են՝

  • «Պուլեմոտները կրակեցին»,
  • «Ղուկաս Ղուկասյան»,
  • « Աղստաֆայից բերեցին լուր»,
  • «Չախմախլվից անցավ զորքը»,
  • «Օրդուն Էկավ սարի փեշեն»,
  • «Ռուբենի երգը»։
  • «Լենինական»
  • «Կարմիր բանակ յարս»

Կան երգեր, որոնցում արտացոլվել է Լենինի ռազմաքաղաաքական գործունեությունը, օրինակ՝ «Լենինի խաղը»[22] երգը։

Հայրենական պատերազմի շրջանում ստեղծված ռազմի երգերը բաժանվել են երկու խմբի՝ «Կերչի երգը»(«Կերչի հողը քար ու քրա» սկզբնատողով) և «Սև ծովի ափին» սկզբնատողով։ Այս վերնագրերի ներքո խմբավորվել են երկու տասնյակի հասնող երգեր՝ տարածված Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում և Անդրկովկասի հայաբնական վայրերում։ Այս երգերում ևս հիմնականը հրաժեշտի, սիրո, կարոտի, մայրապաշտական ու խաղաղասիրական մոտիվներն են։ Պահպանվել են այսպիսի նմուշներ՝

  • «Օրհնիր ճանապարհս»
  • «Դու պինդ մնա»
  • «Պատմիր , նամակ, վիրավոր եմ»
  • «Գիշերով անցա Դոն քեզի»
  • «Սամբեկի դերան»
  • «Աղվանի երգը»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր- աշխատասիրությամբ Ա․Ս․ Ղազինյանի, ՀԽՍՀ ԳԱ, Երևան,1989, էջ 5-12։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղ․Ալիշան, Հայոց երգք ռամկականք, Վենետիկ, 1852, էջ 5-7
  2. Ն․Ակինյան, Քաջն Լիպարիտ պատմության, տաղերու և զրույցներու մեջ, «Հանդես ամենօրյա», 1933, էջ 129-138։
  3. Ս․ Սարգսյանց, Ագուլեցոց բարբառը, Մոսկվա, 1883, մ․ 2, էջ 37-39
  4. В.Д.Бонч -Бруевич, В.И.Ленин об устном народном творчестве(«Советская этнография»,1954,N4,стр. 120)
  5. Բազմավեպ, 1847, N3,էջ 39-40։
  6. Խ․Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ․3,Երևան, 1948, էջ 177
  7. Ե․ Ծահազիզ, Դիվան Խ․Աբովյանի,հ․1,Երևան, 1940,էջ 327-329
  8. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվ(ՀԱԻԲԱ), II, 8323:
  9. ՀԱԻԲԱ, Տ․Նավասարդյանի ֆոնդ, գործ I,տ․3, էջ 75
  10. «Նոր քնար հայկական», Վառնա, 1897, էջ 151
  11. Ա․Բրուտյան, Ռամկական մրմունջներ, Ալեքսանդրապոլ, 1901, էջ 182։
  12. Տ․Նավասարդյան, Հայ ժողովրդական հեքիաթներ, գ․6, Թիֆլիս, 1890, էջ 75։
  13. ՀԱԻԲԱ, FA V, 3211:
  14. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, ՀԽՍՀ ԳԱ, Երևան,1989, էջ 18-19։
  15. «Սոխակ» լիակատար երգարան, Մոսկվա, 1980, էջ 220։
  16. Քր․ Թադևոսյանի բանաստեղծությունները, Մոսկվա, 1899, էջ 45
  17. «Մուրճ», 1895, N2, էջ 247։
  18. Ա․Բրուտյան, նշվ․աշխ․, 1898, էջ 85-89
  19. «Վազգեն » երգարան, Պոստըն, 1901, էջ 484-574
  20. Վազգեն երգարան, էջ 390,476-477
  21. Տ․Պոյաճյան, Հայկական լեգեոն, Ուսթրթաուն, 1965,էջ 116-126։
  22. «Լենինը հայ ֆոլկլորի մեջ», Երևան, 1936, էջ 107։