Կարնո դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարնո դաշտ, Էրզրումի դաշտ, գտնվում է Հայկական բարձրավանդակում, Արևմտյան Եփրատի վերին հոսանքում։ Հարավից եզերված է Այծպտկունք լեռնաշղթայով, արևելքից՝ Դևեբոյնու, հս–ից՝ Ծաղկանց լեռներով։ Երկարությունը մոտ 40 կմ է, լայնությունը՝ 23–30 կմ, բարձրությունը՝ 1800–2000 մ։ Երիտասարդ գրաբեն է՝ եզրավորված տեկտոնական խախտումներով, որոնք շրջապատող լեռնալանջերին տալիս են աստիճանակերպ բնույթ։ Հիմքում օլիգոցենի և միոցենի հրաբխածին և նստվածքային ապարներ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային նստվածքներով։ Էրզրումի դաշտով է անցնում Հյուսիս–Անատոլական բեկվածքների գոտին, որը և պայմանավորում է վերջինիս ակտիվ սեյսմիկությունը։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր, գորշ ածուխ, նավթի երևակումներ։ Հարուստ է ջերմուկներով։ Կլիման ցամաքային է՝ չափավոր տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 16°C–ից 20°C է, հունվարինը – 8°C-ից – 16°C, տարեկան տեղումները՝ 300– 500 մմ։ Խոշոր գետը Արևմտյան Եփրատն է։ Տարածված են լեռնատափաստանային սևահողերն ու լեռնամարգագետնային դարչնագույն հողերը։ Լանդշաֆտը մարգագետնատափաստանային է։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում կան թփուտներ։ Էրզրում քաղաքից հս. զգալի տարածություններ են գրավում եղեգնուտային ճահճուտները (օրինակ, հնագույն լճի մնացորդ Կարնո շամբը)։ Էրզրումի դաշտը հիմնականում համընկնում է պատմական Կարնո (Էրզրում) գավառին։ Այստեղով է անցնում Կարս–Անկարա երկաթուղին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 94 CC-BY-SA-icon-80x15.png