Աշուղական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշուղական երաժշտություն, ժոդովրդական երգ ու նվագի դարավոր նվաճումների վրա հիմնված, կայուն ավանդույթներ ունեցող պրոֆեսիոնալ երաժշտություն։ Նրան հատուկ մեղեդիները, գյուղական և քաղաքային ժողովրդական երգերի եղանակների համեմատությամբ, ավելի ծավալուն են, ընդունակ կրելու հուզական, գաղափարական ավելի մեծ բեռնվածություն և աչքի են ընկնում չափածո տարբեր խոսքերի հետ կապված նպատակամետ շեշտադրությամբ ու կոմպոզիցիայի ակնառու գծերով։ Աշուղական երաժշտության մեջ լայնորեն օգտագործվում են երգի քառյակային ձևերը (կրկնակով, առանց կրկնակի, ըստ որում՝ խորացնելով մեղեդին տնից տուն տարբերակելու սկզբունքը), միաժամանակ մշակվում են ավելի բարդ ձևեր (օրինակ՝ բալլադին մոտեցող ձևը)։ Աշուղական երաժշտության մեջ կիրառվում են մեղեդու ծավալման երեք սկզբունքներ՝ ասերգային, երգային և պարերգային (առանձին-առանձին կամ հարակցված կերպով)։ Հայ աշուղական երաժշտության մեջ մեղեդիների ելևէջային հիմքը կազմում են շուրջ 20 ձայնեղանակներ, որոնք հանդիպում են նաև հայկական գյուղական, քաղաքային-ժողովրդական ու հոգևոր երգարվեստում։ Առավել գործածական են ալտերացված հնչյունաշարով եղանակները։ Հայ աշուղների երգերում ռիթմական բազմազան գծագրերն ընդհանրապես հիմնված են մետրական որոշակի ցանցի վրա, որը գոյանում է պարզ, բարդ և խառը տարբեր չափերից։ Հայ աշուղական երգ-նվագը կատարողական առումով ևս ուրույն դպրոց է ներկայացնում. ի տարբերություն ժողովրդականի՝ բնույթով համերգային է։ Պահանջում է ունկնդիր հասարակայնության առկայություն և ունի նրա վրա ներգործելու միտում։ Աշուղական կատարողական արվեստի անքակտելի հատկանիշներից է հանկարծաբանությունը (իմպրովիզացիան), որը կատարվող երգն ու նվագը երբեմն զգալիորեն մոտեցնում է տեղն ու տեղը հորինված ստեղծագործությանը։ Երգեցողությունը նվագի ընկերակցությամբ մատուցելու նպատակով հայ աշուղները տարբեր վայրերում և ժամանակներում օգտագործել են երաժշտական գործիքներ՝ սանթուր, քանոն, քյամանչա, սազ, թամբուր, թառ, չոնգուր, քյամանի, ջութակ։ Աշուղի նվագը, բացի երգեցողությանը ընկերակցելուց, ամեն մի երգի, երբեմն նրա յուրաքանչյուր տան սկզբում և վերջում կատարում է նաև ներածության ու եզրափակման ինքնուրույն պաշտոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 494