Հովհաննես Մազմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Оване́с Мазманя́н
Հովհաննես Մազմանյան
1890/92 - հոկտեմբերի 30, 1920
ԾննդավայրԿարս, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԿարս, Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ծառայության տարիներ1914-1920
Կոչումգնդապետ
Զորամաս1-ին գունդ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Կովկասյան արշավանք, Թուրք-հայկական պատերազմ (1920) և Սարիղամիշի ճակատամարտ

Հովհաննես Մազմանյան (ռուս.՝ Ованес Мазманян, Мазманов, 1890/92, Կարս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1920, Կարս, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ ռազմական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության Զինված ուժերի գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Հովհաննես Մազմանյանը ծնվել է 1892 թվականին (որոշ հետազոտողներ պնդում են 1890 թվականը) Կարս քաղաքում։ Առաջին Համաշխարհային պատերազմի առաջին օրերին զորակոչվել է ցարական բանակ։ Մասնակցել Սարիղամիշի ճակատամարտին[1]։

Կարսի հանձնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

թուրքական զորքերի կողմից օկուպացիայից հետո Կարսի բնակիչները փախչում են

Անդրկովկասյան նոր կառավարությունը կովկասյան (հայկական) զորքերին ուղարկում է դիրքեր զբաղեցնել Կարսի շրջանում, հրադադարի կնքման հրամանով։ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը 2-րդ դիվիզիայի հրամանատար Մովսես Սիլիկյանին և Կարսի բերդի պարետ գեներալ Դեեվին հրամայում է դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ թուրքերի հետ սահմանային դեմարկացիայի ստեղծման համար։ Թուրքական զորքերի հրամանատարը ի պատասխան հայկական կողմի խանդրանքի՝ հրադադարի, պահանջում է, որ մինչ բանակցությունները, հայկական զորքերը դուրս բերվեն Կարսի բերդից նկատելի հեռավորության վրա և թույլ տան թուրքական զորքերին առանց խոչընդոտների մտնել քաղաք։ Թիֆլիսից հայկական կողմին հրաման է գալիս, որ դադարեցնեն ռազմական գործողությունները և ընդունեն թուրքական կողմի պայմանները։

1920 թվականի հոկտեմբերի 29-ի երեկոյան ռազմական բերդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի ռազմական խորհուրդը որոշում է ընդունում Կարսը հանձնել թշնամուն առանց կռվի[2]։ 30-ին հայկական զորքերը լքում են Կարսը տեղի 20,000 բնակիչների հետ միասին։ Ճակատի ամբողջ հրամանատարությունը հանձնվում է թուրքերին, բացառությամբ մի քանի հոգու, ովքեր նախընտրում են մահը քաղաքի հանձնման դիմաց։

Կարսում անձնասպան են եղել հետևյալ հայ սպաները՝ բերդի պարետ, գնդապետ Մելիք-Հովսեփյանը, Սեպուհի բրիգադի հազարապետ Չիլինգարյանը, մարտկոցի հրամանատար գլխապետ Բագրատունին և առաջին գնդի հրամանատար գնդապետ Հովհաննես Մազմանյանը։ Չնայած դրան, առավել հայտնի և խորհրդանշական դարձավ վերջինիս մահը։ Երեկոյան ժամը 9-ին Կարս մուտք գործեց թուրքական 11-րդ դիվիզիան։

Ըստ ականատեսների վկայության, գնդապետ Մազմանյանի վերջին բառերն են եղել՝

Մի կյանք ունեմ, Հայրենիք, Քեզ եմ տալիս[1]

Մազմանյանի ինքնասպանության հաղորդագրության պահի մասին Հայաստանի Առաջին Հանրապետության Ազգային ժողովում հայտնել է Կոստան Զարյանը

«Լռության մեջ նախարարներից մեկը խոսեց, - Պարոնայք պատգամավորներ։ Այսօր կեսօրից հետո լուր ստացվեց Կարսի անկման մասին։ Ցավով իմացանք, որ թուրքի ասկյարները քաղաք են մտել գրեթե առանց կրակ արձակելու… Պարտք եմ համարում այստեղ հիշել մի սրտառուչ դեպք։ Քաջ գնդապետ Մազմանյանը հուսահատությունից մղված տեղնուտեղը ինքնասպան է եղել…

Այդ վայրկյանին ամենքը տեսան, թե ինչպես գնդապետ Մազմանյանի ստվերը համր քայլերով ծածկված, արնաշաղախ գլխով անցավ նստարանների միջից, կանգ առավ դահլիճի խորքում։ Հետո բոլորը տեսան՝ գլուխը հակված գնդապետ Մազմանյանը երերաց և մարմնի ամբողջ ծանրությամբ վայր ընկավ։ Բոլոր ներկաները սփրթնեցին»։[փա՞ստ]

Ըստ մեկ այլ վարկածի, որը ներկայացրել է առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը՝ հոկտեմբերի 30-ի առավոտյան Մազմանյանի գունդը պետք է հակահարձակման անցներ, սակայն նրա զինվորները հրաժարվում են իրենց հրամանները կատարելուց, որից հետո գնդապետ Մազմանյանը ինքնասպան է լինում (այսինքն՝ Կարս բերդի անկումից առաջ)[3][4]։

Մազմանյանի դիակը տեղափոխվել է Կարսի կայարան և այնտեղ մնացել։ Մի վկայության համաձայն՝ գնդապետի դիակը նաև պղծվել է թուրքերի կողմից[2]։

Հովհաննես Մազմանյանը դարձավ Հայ մարտիկի աշխարհընկալման, հոգեբանության ու վարմունքի իրական խորհրդանիշը[1]։

Մազմանովյան հայրենասիրություն արտահայտությունը գործածվել է որպես հայրենիքի հանդեպ ամենաուժեղ սիրո խորհրդանիշ, ինչպես նաև մազմանովյան սինդրոմ-ը, որը համարվում էր ինքնամոռացություն կամ ինքնասպանություն, դավաճանական գործողությունների դեմ անզորության դեպքում[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վերջին հայ սամուրայը Արխիվացված 2014-01-06 Wayback Machine (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 Գնդապետ Մազմանյանը ժողովրդական երգերում Արխիվացված 2018-08-03 Wayback Machine (հայ.)
  3. Hovannisian, Richard G. (1996). The Republic of Armenia, Vol. IV: Between Crescent and Sickle, Partition and Sovietization. Berkeley: University of California Press. էջեր 245–261. ISBN 0-520-08804-2.
  4. Վրացեան, Սիմոն (1958). Հայաստանի Հանրապետութիւն (PDF) (2-րդ ed.). Բէյրութ: Տպարան Մշակ. էջ 480. «Հոկտ․ 30-ի առաւօտեան, մեր զօրքերը պիտի անցնէին հակայարձակման Վեզենքոյը գրաւելու նպատակով։ Սակայն առաջին գունդը մերժեց կատարել հրամանը եւ տեղից չշարժւեց։ Յուսահատ եւ անզօր՝ գնդ․ Մազմանեանը ամենքի աչքի առջեւ մաւզերի երկու գնդակից ինքնասպանութիւն գործեց»
  5. «Մաստարայում տեղի ունեցավ Հովհաննես Մազմանյանի կիսանդրու բացման արարողությունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]