Jump to content

Լեռնային այծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային այծեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Տրիբա Caprini
Ցեղ Լեռնային այծեր (Capra)
Linnaeus, 1758
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լեռնային այծեր (լատին․՝ Capra), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկսմբակավոր կաթնասուններ, որոճող կենդանիներ։ Որոշ տեսակներին անվանում են նաև այծեղջյուրներ ու քարայծեր։

Լեռնային այծերն ապրում են լեռնային շրջաններում։ Արագաշարժ և ճկուն կենդանիները, որոնք հեշտությամբ տեղաշարժվում են լեռներով ու ժայռերով` հաղթահարելով տարատեսակ բարձրություններ, կարողանում են ապրել նոսր բուսականությամբ միջավայրում։ Կենդանաբանական հատկանիշներով նման են խոյերին (խոյերը ընտանի ոչխարի նախահայրերն են), սակայն ի տարբերություն խոյերի, չունեն արցունքային փոս, միջկճղակային գեղձ, եղջյուրները հիմքում իրար ավելի մոտ են, նոխազների (արուների) պոչի հիմքում կան մաշկային գեղձեր[1]։

Ընտանի այծ (Capra hircus)

Ընտանի այծը (լատին․՝ Capra hircus) այս ցեղի ընտանի ներկայացուցիչն է, որն առաջացել է վայրի բեզոարյան այծից (լատին․՝ Capra aegagrus)[2]: ներկայումս այն առանձնանում է որպես անկախ կենսաբանական տեսակ։ Ապացուցված է, որ ընտելացվել է ավելի քան 8500 տարի առաջ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորֆոլոգիական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիբիրյան այծեղջյուր (Capra sibirica)

Միջին չափերի կենդանիներ են, ունեն ճկուն մարմին, պարանոցը հաստ է, գլուխը՝ համեմատաբար կարճ, ճակատը՝ ուռուցիկ և լայն։ Արուների եղջյուրները խոշոր են, տարբեր տեսակների մոտ դրանք ձևով և կառուցվածքով տարբեր են, իսկ էգերի մոտ փոքր են ու գրեթե միատեսակ:Պոչը կարճ է, եռանկյունաձև, ստորին մակերևույթը զուրկ է մազերից։ Ականջները բավականին մեծ են, շատ շարժուն։

Արուների պոչի հիմքում կան մաշկային հատուկ գեղձեր՝ արտազատուկի տհաճ ու սուր հոտով։ Այն հատկապես ուժեղ է էստրուսի ժամանակ։ Մազածածկույթը բաղկացած է երկար և կոշտ մազերից ու խիտ աղվամազից։ Մազերը պարանոցի և կրծքի վրա ավելի երկար են, իսկ կզակի մասում կազմում են մորուք։ Էգերն ունեն 2–ական պտուկ, որոնց ներսում կա ընդհանուր արտատար ծորան։

Բնական միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր այծերը, որպես կանոն, լեռնային կենդանիներ են։ Նրանք խուսափում են հսկայական բաց և հարթ տարածություններից՝ նախընտրելով բնակվել լեռնաշղթաների կտրուկ լանջերին, կիրճերում և դժվարանցանելի լեռներում՝ ծովի մակարդակից 5,5 հազ. մետր բարձրության վրա։ Լիովին հարմարվել են լեռնային կյանքին. բացառիկ արագությամբ և ճարպկությամբ մագլցում են անհասանելի ժայռերի վրայով։

Տարածված են Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական և Հարավային Ասիայի լեռներում։

Մեծահասակ արուները տարվա մեծ մասը առանձին են ապրում՝ միանալով էգերին միայն զուգավորման համար։ Այծերն ապրում են ընտանիքներում՝ կազմելով փոքր նախիրներ, հազվադեպ են միանում մեծ նախիրներին։ Սովորաբար նախիրները մեծանում են ձմռան ամիսներին։ Այն վայրերում, որտեղ այծերը բազմաթիվ են, նրանց նախիրները կարող են բաղկացած լինել մի քանի հարյուր գլխից։

Ամռանը նրանք ապրում են բարձր լեռներում, իսկ ձմռանը, խուսափելով ձյան խոր շերտից, ինչը խանգարում է տեղաշարժմանն ու սնունդ հայթայթելուն, իջնում են ներքև։ Հիմնականում արածում են առավոտյան և երեկոյան ժամերին։

Այնտեղ, որտեղ ինտենսիվորեն իրականացվում է այծի որս, այծերը գիշերն են արոտավայրեր դուրս գալիս՝ ցերեկը թաքնվելով անհասանելի վայրերում։

Այծերը հեշտությամբ հարմարվում են վայրի բնությանը։ Այդպիսի վայրի այծերը տարածված են Միջերկրական ծովի որոշ կղզիներում, Հարավային Ասիայում, Խուան Ֆեռնանդես կղզում և այլն։ Ընտանի այծերն այժմ տարածված են ամբողջ Երկրի վրա, հատկապես մշակության համար ոչ պիտանի լեռնային շրջաններում։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են բազմազան խոտաբույսերով, ծառերի և թփերի տերևներով, մամուռներով, քարաքոսերով։

Կեղևը կչծելով՝ այծերը վնասում են երիտասարդ ծառերը՝ ծառահատումներից հետո մեծապես խոչընդոտելով անտառների վերականգնումը։

Զուգավորումը տեղի է ունենում ձմռան սկզբին։ Այս ժամանակահատվածում կատաղի կռիվներ են նկատվում արուների շրջանում էգերի համար։ Հղիությունը տևում է մոտ 5-6 ամիս, մայիս-հունիս ամիսներին էգերը (վայրի տեսակներ) ծնում են 1-2 ձագ, ընտանի այծերը՝ երբեմն 4, որոնք արագ մեծանում և ուժեղանում են ու շուտով կարող են հետևել իրենց մորը։ Նրանք հասնում են սեռական հասունության կյանքի երկրորդ տարում։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսի արժեքավոր տեսակներն ունեն արդյունագործական նշանակություն (օգտագործում են կաթը, միսը, մորթին, եղջյուրները։

Տեսակներ և ենթատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկեր Գիտական անուն Ընդհանուր անուն Տեղաբաշխում
Capra caucasica Արևմտակովկասյան քարայծ Կովկասի լեռներ
Capra cylindricornis Արևելակովկասյան քարայծ Մեծ Կովկասի լեռներ
Capra falconeri Մարխուր Կենտրոնական Ասիա, Քարաքորամ և Հիմալայներ
Capra aegagrus Վայրի այծ Թուրքմենստան, Աֆղանստան և Պակիստան
Capra (aegagrus) hircus Ընտանի այծ Հարավարևմտյան Ասիա և Արևելյան Եվրոպա
Capra sibirica Սիբիրյան այծ Կենտրոնական և Հյուսիսային Ասիա, Աֆղանստան, Արևմտյան և Հյուսիսային Չինաստան, Հյուսիսարևմտյան Հնդկաստան, Հարավարևելյան Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Արևելյան Ուզբեկստան, Մոնղոլիա, Հյուսիսային Պակիստան, Կենտրոնական Ռուսաստան
Capra pyrenaica Իսպանական այծ Իբերի լեռներ
Capra walie Այծեղջյուր (Վալիա) Եթովպիա
Capra ibex Ալպյան այծ Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Բավարիա, Ավստրիա և Սլովենիա
Capra nubiana Նուբյան այծ Ալժիր, Եգիպտոս, Էրիթրեա, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Օման, Սաուդյան Արաբիա, Սուդան

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վ. Ցիմերման, «Հասարակ, քաշմիրյան, տիբեթյան և անգորական այծեր բուծելու խրատ» (հրատ 2, 1860)։
  • Ն. Կ. Զեյդլից, «Անգորական այծերի և Կովկասում դրանց բուծման կարևորության մասին» (1863)։
  • Վիլյամ Լյոբե, «Այծեր և նապաստակներ» (1880)։
  • «Այծ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  2. armeniangeographic (2019 թ․ փետրվարի 27). «Բեզոարյան այծ - Հայկական լեռնաշխարհ - Armenian Geographic». Armenian Geographic - ArmGeo.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային այծեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային այծեր» հոդվածին։