Բյուզանդիան Կոմնենոսների օրոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Βασιλεία Ῥωμαίων
Հռոմեական կայսրություն
 Բյուզանդիան Հայկական հարստության օրոք Ապրիլի 4, 1081 - Օգոստոսի 31, 1185 Բյուզանդիան Անգելոսների օրոք 
Byzantine Palaiologos Eagle.svg
(Դրոշ)
Քարտեզ

Byzantium in 1170(3).PNG
(Կայսրությունը 1170 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կոստանդնուպոլիս
Լեզու Հունարեն
Հայերեն
Սլավոնական լեզուներ
Ազգություն Հույներ
Հայեր
Սլավոնական ժողովուրդներ
Թյուրքեր
Ֆրանկներ
Կրոն Ուղղափառություն
Հայ Առաքելական Եկեղեցի
Կաթոլիկություն
Արժույթ Հիպերպիրոն
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Դինաստիա Կոմնենոսներ
Պետության գլուխ Կայսր
Պատմություն
- Ալեքսիոս Ա Կոմնենոսի թագադրում Ապրիլի 4, 1081
- Առաջին խաչակրաց արշավանքի հայտարարում Նոյեմբերի 27, 1095
- Միրիոկեֆալոնի ճակատամարտ Սեպտեմբերի 17, 1176
- Անդրոնիկոս Ա Կոմնենոսի գահազրկում 1185

Բյուզանդական կայսրություն կամ Բյուզանդիա, պատմաբանների կողմից պայմանականորեն օգտագործվող եզրույթ է, որը նկարագրում է միջնադարյան հունախոս Հռոմեական կայսրությունը: Վերջինս 395 թվականին բաժանվել էր արևմտյան և արևելյան հատվածների։ Ի տարբերություն Արևմտյան Հռոմեական կայսրության, որը կործանվեց 476 թվականին, Բյուզանդական կայսրությունը գոյատևեց մինչև 1453 թվականը, երբ այն նվաճեցին թուրք-օսմանները։

Բյուզանդական կայսրության պատմության 1081-1185 թվականների միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է «Կոմնենոսյան դարաշրջան», քանի որ այդ մեկ դարվա ընթացքում այն կառավարվել է Կոմնենոսների հարստության կողմից։ Հարստությունն ունեցավ 5 ներակայացուցիչ (Ալեքսիոս Ա, Հովհաննես Բ, Մանուիլ Ա, Ալեքսիոս Բ և Անդրոնիկոս Ա), որոնց օրոք կայսրությունն ունեցավ նշանակալից, բայց վերջիվերջո անավարտ ռազմական, տարածքային, տնտեսական և քաղաքական դիրքի վերականգնում։

Այս դարաշրջանում Բյուզանդիան խաղաց կարևորագույն դեր խաչակրաց արշավանքներում և ունեցավ ահռելի մշակութային և քաղաքական ազդեցություն Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի ավազանի երկրներում։ Ալեքսիոս Ա-ն ունեցավ կարևորագույն դեր խաչակրաց արշավանքների կազմակերպման գործում, իսկ Հովհաննես և Մանուիլ Կոմնենոսներն ունեցան մեծ ազդեցություն նոր ստեղծված խաչակրաց պետությունների նկատմամբ։

Այս դարաշրջանը Բյուզանդիայի և Արևմտյան Եվրոպայի միջև կապերի զարգացման կարևորագույն փուլն է։ Վենետիկցի և այլ իտալացի վաճառականները դարձան մայրաքաղաք Կոստանդնուպոլսի բնակիչներ (մոտ 60-80,000), և նրանց ու բազմաթիվ լատին վարձկանների առկայության շնորհիվ բյուզանդական գիտական և արդյունաբերական նվաճումները, մշակույթը և գրականությունը տարածվեցին Արևմտյան Եվրոպայով։ Այս ամենն ունեցավ նշանակալից և երկարատև ազդեցություն լատինական Արևմուտքի վրա։

Կոմնենոսները մեծ դեր խաղացին նաև Փոքր Ասիայի կյանքում։ Վերանվաճելով թերակղզու մեծ մասը՝ նրանք երկու դարով հետաձգեցին թուրքերի առաջխաղացումը։ Այս ժամանակաշրջանում կառուցված ամրությունները մեծ ազդեցություն ունեցան Փոքր Ասիայի ռելիեֆի կերտման գործում, որի հետևանքները կարելի է տեսնել և մեր օրերում[2]:

Ճգնաժամ և մասնատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմնենոսյան դարաշրջանը սկիզբ էր առել կայսրության համար ծանր և դաժան ժամանակներից։ Հայկական հարստության գերիշխանության ժամանակ (մոտ. 867-մոտ. 1054 թվականներ) Բյուզանդիան վերականգնել էր իր նախկին հզորությունը և ետ գրավել բազմաթիվ տարածքներ։ Սակայն սկսած 11-րդ դարի կեսերից՝ կայսրությունը սկսեց անկում ապրել բոլոր բնագավառներում։ 1081 թվականին՝ Ալեքսիոս Կոմնենոսի գահ բարձրանալու ժամանակ, կայսրության զինված ուժերը, տնտեսությունը քայքայված էին, իսկ տարածքների մի մասը կորցված էին։

Կայսրության խնդիրների մի մասը պայմանավորված էր ազնվականության աճող ազդեցությամբ և հզորությամբ, որի հետևանքն այն էր, որ զինվորների մարզող և համակարգող թեմային համակարգը անկում էր ապրում։ Սկսած զինվոր-կայսր Բարսեղ Բ Բուլղարասպանի մահվանից 1025 թվականին, մի շարք թույլ կայսրերի օրոք կայսրության արևելյան սահմանները պաշտպանող մեծ բանակի մի մասը զորացրվել էր, իսկ խնայված ոսկին օգտագործվում էր հիմնականում թանկարժեք վարձկան զինվորների վարձելու համար[3]: Իր հերթին գանձարանը դատարկվել էր կայսերական ընտանիքի շռայլ ապրելակերպի պատճառով[4]:

Միևնույն ժամանակ երբեմնի հզոր զինվաժ ուժերը մատնվել էին անուշադրության և հասել էին այն աստիճանի, որ այլլևս չէին կարող գործել որպես բանակ։ Վերջինս կամզված էր տարեց և վատ պահպանված զենքերով զինված մարդկանցից և նորակոչիկներից, ովքեր երբեք չէին մասնակցել զինավարժությունների[3]:

Կայսր Նիկեփոր III Բոտանիատեսը, ով իշխել է 1078-1081 թվականներին:

Իրադրությունն էլ ավելի էր ծանրանում, քանի որ միաժամանակ կայսրության երկու կողմում ի հայտ եկան նոր և ռազմատենչ ժողովուրդներ՝ սելջուկ-թուրքերը ` արևելքում և նորմաններն` արևմուտքում։ 1040 թվականին անհող նորման վարձկանները սկսեցին հարձակումներ գործել Իտալիայում Բյուզանդիայի տիրույթների վրա։ Նրանց դեմ 1042 թվականին ուղարկվեց ժամանակի լավագույն զորավարներից Գեորգի Մանիակեսը, ում տրվեց նաև վարյագյան գնդի մի մասը[4]: Մանիակեսը ջախջախեց նորմաններին, բայց չհասցրեց ավարտին հասցնել նրանց դուրս մղումը, քանի որ ետ կանչվեց Կոստանդնուպոլիս։ Կայսրն իր արարքներվ իր դեմ հանեց զորավարին, ով ապստամբեց և հաղթանակ տոնեց կայսրին հավատարիմ ուժերի նկատմամբ։ Սակայն Մանիակեսը շուտով մահացավ ստացված վնասվածքներից։ Նորմանները, այլևս չհանդիպելով լուրջ դիմադրության, 1071 թվականին վերջնականապես դուրս մղեցին բյուզանդացիներին Ապենինյան թերակղզուց[4]:

Չնայած այս կորստին, կայսրությանը հզորագույն հարված հասցրեց Փոքր Ասիայի կորուստը։ Սելջուկ-թուրքերը, ովքեր հիմնականում զբաղված էին Եգիպտոսի Ֆաթիմյանների դեմ պատերազմելով, երբեմն արշավում էին նաև կայսրություն։ Նրանք ասպատակում էին Հայկական լեռնաշխարհն ու արևելյան Փոքր Ասիան, որտեղից հիմնակում տեղի էր ունենում զորակոչը։ Կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը փորձեց վերականգնել բանակի նախկին հզորությունը և հակահարված տալ թուրքերին։ Սակայն 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում նա կրեց անսպասելի պարտություն։ Կայսրը գերի ընկավ, և չնայած թուրքերը կայսրության նկատմամբ դրեցին համեմատաբար ոչ ծանր պահանջներ, ճակատամարտն ունեցավ երկարաժամկետ հետևանքներ կայսրության համար[3]:

Ազատվելով գերությունից՝ Ռոմանոսը հայտնաբերեց, որ նրա թշնամիները գահազրկել են նրան։ Նրանցից կրած երկու պարտությունից հետո Ռոմանոսը հանձնվեց և մահացավ դաժան կտտանքների պատճառով։ Նոր կայսր Միքայել Դուկասը հրաժարվեց ընդունել թուրքերի հետ կնված պայմանագիրը, որին ի պատասխան՝ թուրքերը սկսեցին շարժվել առաջ։ Իսկ քանի որ նախկին պաշտպանական համակարգերը աղետալի վիճակում էին, սելջուկները շարժվում էին՝ առանց հանդիպելու որևէ լուրջ դիմադրության։ Այս ամենին գումարած՝ շուտով կայսրությունում սկսվեցին քաղաքացիական պատերազմներ, որոնք էլ ավելի վատթարացրին վերջինիս վիճակը։ Այս ընթացքում հազարավոր թուրքմենական ցեղեր գաղթեցին Փոքր Ասիա։ Արդեն 1080 թվականին կայսրությունը կորցրել էր մոտ 80,000 կմ2[4]:

Ալեքսիոս Ա Կոմնենոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական կայսրությունը Ալեքսիոս Ա-ի գահակալման սկզբում, 1081 թվական:

Մանազկերտի պարտությունից հետո Կոմնենոսները փորձեցին վերականգնել կայսրությունը։ Նրանց այդ փորձերը երբեմն կոչվում են «Կոմնենոսյան վերականգնում»[3]: Այս հարստության առաջին ներկայացուցիչը Ալեքսիոս Ա Կոմնենոսն էր, ում կյանքն ու գործունեությունը նկարագրվել են նրա դուստր Աննա Կոմնենեի կողմից։ Ալեքսիոսը կառավարեց մոտ 37 տարի, որի ընթացքում նա անընդմեջ գտնվում էր պատերազմների մեջ[5]:

Գահակալման հենց սկզբում Ալեքսիոսը ստիպված էր ետ մղել նորմանների հարձակումը, որոնց ղեկավարում էին Ռոբերտ Գվիսկարդն ու նրա տղան՝ Բոհեմունդ Անտիոքցին։ Վերջիններս գրավել էին Բալկաններում գտնվող Դիռհախիումն ու Կորֆուն և պաշարում էին Լառիսա քաղաքը։ Ալեքսիոսն անձամբ ղեկավարեց զորքն ընդդեմ նորմանների արշավելիս, սակայն չնայած նրա բոլոր գործողություններին, բյուզանդական բանակը պարտվեց և ոչնչացվեց։ Միայն 1085 թվականին Ռոբերտ Գվիսկարդի մահը որոշ չափով նվազեցրեց նորմանական վտանգը[3]:

Սակայն Ալեքսիոսի խնդիրները միայն սկսվում էին։ Այն ժամանակ, երբ կայսրությանը պետք էր լիքը գանձարան, հարկահավաքությունն ու տնտեսությունը գտնվում էին աղետալի վիճակում։ Արժեզրկումը դուրս էր երկել հսկողությունից, իսկ դրամանական միավորները չունեին հստակ դասակարգում։ Նորմանների դեմ արշավելիս կայսրը ստպված էր օգտագործել պատրիարքի կողմից իրեն հանձնված Ուղղափառ եկեղեցու հարստությունը[6]:

«Հիստամեոն» մետղադրամը, որը հատվում էր նորմանական պատերազմի ժամանակ:

1087 թվականին կայսրություն ներխուժեց մեկ այլ ժողովուրդ՝ պեչենենգները: Դանուբ գետն անցել էին 80,000 պեչենենգ, ովքեր շարժվում էին Կոստանդնուպոլսի վրա։ Ձեռքի տակ չունենալով բավականաչափ զորք՝ Ալեքսիոսը դիմեց դիվանագիտության։ Նա կաշառեց մեկ այլ բարբարոսների՝ կումանների, ովքեր, միանալով Ալեքսիոսի բյուզանդական բանակին, 1091 թվականի ապրիլի 28-ին Լեվունյոնի ճակատամարտում ոչնչացրին պեչենենգներին[3]:

Վերջապես շատ թե քիչ ապահովելով արևմտյան սահմանները՝ Ալեքսիոսը կարող էր զբաղվել տնտեսության վերականգնմամբ և պաշտպանական ամրությունների վերակառուցմամբ։ Բանակը վերաշինելու առաջին քայլը ֆեոդալական հիմունքներով զինվորների զորակոչումն էր, որը ստացավ «պրոնիայա» անվանումը։ Ալեքսիոսը պատրաստվում էր արշավել սելջուկ-թուրքերի դեմ, ում մայրաքաղաքն էր Կոստանդնուպոլսին ընդհուպ մոտ գտնվող Նիկեա քաղաքը[7]:

Չնայած բարելավումներին, Ալեքսիոսն ուներ զինուժի պակաս և չէր կարող ետ գրավել Փոքր Ասիան: Տեսնելով նորմանական ծանր հեծելազորի հիանալի կարողությունները՝ նա դեսպաններ ուղարկեց Եվրոպա և խնդրեց օգնություն վարձկանների տեսքով։ Դեսպանությունը կատարեց իր առաքելությունը։ 1095 թվականին Ուրբանոս II Պապը հայտարարեց խաչակրաց արշավանք։ Այս պայմանավորված էր նրանով, որ Հռոմի Պապը ցանկանում էր տարածել իր իշխանությունը արևելքի քրիստոնյաների նկատմամբ և ուղղել Եվրոպայից դուրս անգործ մնացած ռազմատենչ ազնվականությանը[8]: Սակայն վարձկանների փոխարեն Ալեքսիոսին սպասում էր անկառավարելի ահռելի բազմություն։

Առաջին խաչակրաց արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի նվաճումը խաչակիրների կողմից:

1095 թվականին ֆրանսիական Կլերմոն քաղաքում Հռոմի Պապի ճառն ունեցավ ահռելի ազդեցություն, և բազմաթիվ կամավորներ որոշեցին մասնակցել արշավանքին դեպի Սուրբ Երկիր[8]:

Առաջին խումբը, որ հասավ կայսրություն, գյուղացիներն էին, ում կայսրը արագորեն տեղափոխեց Փոքր Ասիա և հրամայեց մնալ ծովափին մոտ ու սպասել օգնական ուժերի։ Սակայն կամակոր խաչակիրները հրաժարվեցին լսել նրան և սկսեցին թալանել տեղի քրիստոնյա բնակիչներին։ 1096 թվականին Նիկեայի ճանապարհին նրանք ջախջախվեցին և ոչնչացվեցին թուրքերի կողմից[6]:

Երկրորդ և «պաշտոնական» խումբը, որը կազմված էր ասպետներից և ղեկավարվում էր Գոդֆրիդ Բուլյոնացու կողմից շուտով հասավ Բյուզանդական կայսրություն և պարենի մատակարարման դիմաց հավատարմության երդում տվեց կայսրին։ Նրանք նույնպես տեղափոխվեցին Փոքր Ասիա, որտեղ նրանց աջակցում էր բյուզանդացի զորավար Տակիտոսը։ Խաչակիրների հաղթանակի շնորհիվ Ալեքսիոսն ազատագրեց Նիկեան, Քիոս և Հռոդոս կդզիները, Զմյուռնիան, Եփեսոսը, Ֆիլադելֆիան, Սարդիսը և ընդհանրապես արևմտյան Փոքր Ասիայի մեծագույն մասը։ Սակայն խաչակիրների հետ լավ հարաբերությունները շուտով փչացան։ Այդ տեղի ունեցավ այն պատաճառով, որ Անտիոքի պաշարման ժամանակ խաչակիրներին օգնության եկող Ալեքսիոսին խաչակիր իշխաններից մեկը հորդորեց ետ վերադառնալ, հայտնելով, որ պաշարումն ու արշավանքը դատապարտված են պարտության։ Անտիոքը շուտով գրավվեց խաչակիրների կողմից, և վերջիններս դիտարկեցին Ալեքսիոսի այս քայլը որպես դավաճանություն և, հրաժարվելով իրենց երդումներից, ետ չվերադարձրին նախկին բյուզանդական տարածքները։ Անտիոքի նոր իշխան խաչակիր և նորման Բոհեմունդը նույնիսկ կարճատև պատերազմ սկսեց Ալեքսիոսի դեմ, սակայն պարտվեց և 1108 թվականի Դևոլի պայմանագրով իրեն ճանաչեց Բյուզանդական կայսրության վասսալ[8]:

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այս բոլոր հաջողություններին, գահակալման վերջին 20 տարում Ալեքսիոսը կորցրեց իր հեղինակության մեծ մասը։ Այն հիմնականում կապված էր ծանր իրավիճակից կայսրության վերականգման համար կատարվող քայլերով։ Վերացվեցին նաև եկեղեցու որոշ արտոնությունները։ Ալեքսիոսը շրջանառության մեջ մտցրեց նոր մետաղադրամ՝ ոսկե հիպերպիրոնը, որի շնորհիվ արդեն 1109 թվականին Ալեքսիոսին հաջողվեց հաստատել մետաղադրամների փոխանակման կայուն փոխարժեք։ Հիպերպիրոնը մնաց կայսրության հիմնական մետաղադրամ եկող երկու դարերի ընթացքում[5]:

Գահակալման վերջին տարիներին Ալեքսիոսը հիմնականում զբաղված էր պավլիկյան և բոգոմիլ աղանդավորական շարժումների հալածանքներով։ Իր վերջին հրամաններից մեկը բոգոմիլների առաջնորդի այրումն էր խարույկի վրա։ Ալեքսիոսի ժառանգն էր լինելու նրա տղան՝ Հովհաննեսը, սակայն նրա կինը ցանկանում էր, որ գահը ժառանգի դստեր ամուսինը՝ զորավար և պատմիչ Նիկեփոր Բրիենոս Կրտսերը։ Վերջինս սակայն հրաժարվեց դավադրություն կազմակերպել օրինական ժառանգի դեմ և լավ հարաբերությունների մեջ մնաց ապագա կայսր Հովհաննես Կոմնենոսի հետ[5]:

Չնայած իր որոշ քայլերի առաջացրած դժգոհությանը, Ալեքսիոսը, կարելի է ասել, փրկեց կայսրությունը։ Նա ժառանգեց տնտեսապես և ռազմական առումով քայքայված, մեկը մյուսի հետևից արշավող թշնամիներով լի կայսրություն։ Սակայն իր անդադար ջանքերի շնորհիվ նա թողեց կայուն պետություն, որն ուներ հզոր տնտեսություն և բանակ, և որը հնարավոր էր հետագայում ավելի ընդարձակել[4]:

Հովհաննես Բ Կոմնենոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Հովհաննես Բ Կոմնենոսը: Իր գահակալման ժամանակ (1118–1143 թթ.) նա իր բարոյականության և նվիրվածության համար հարգված էր գրեթե բոլորի կողմից, այդ թվում խաչակիրների:

Հովհաննես Բ Կոմնենոսը գահ բարձրացավ 1118 թվականին և կառավարեց մինչև 1143 թվականը։ Իր մեղմ և արդար գահակալման շնորհիվ նրան անվանում էին «բյուզանդացի Մարկոս Ավրելիանոս»: Հովհաննեսը նման չէր իր ժամանակների մյուս կառավարիչներին իր դաժանության բացակայության պատճառով. իր երկար կառավարման ընթացքում նա չսպանեց կամ չկուրացրեց և ոչ մեկի։ Իր հպատակների կողմից նրան տրվեց «Բարի» մականունը։ Հովհաննեսը նաև գործունյա կայսր էր և անցկացնում էր ժամանակի մեծ մասը ռազմաճամբարներում ու անձամբ ղեկավարում էր պաշարումները[7]:

Հովհաննեսի օրոք Բյուզանդիան բոլոր կողմերից շրջապատված էր թշնամիներով։ Բալկաններում դարձյալ հարձակում էին գործում քոչվոր հեծյալները, իսկ թուրքերն անընդհատ ասպատակում էին Փոքր Ասիան։ Սակայն շուտով Հովհաննեսը սկսեց ետ մղել թշնամիներին։ Բերոյայի ճակատամարտում նա անձամբ ջախջախեց պեչենեգներին։ Հաղթանակում մեծ դեր խաղաց ընտրյալ ստորաբաժանում վայրագյան գունդը։ Հաղթնական այնքան վճռական էր, որ պեչենեգները շուտով վերանում են որպես առանձին ժողովուրդ[7]:

Հովհաննեսի ամուսնությունը հունգարուհի արքայադստեր հետ, ներքաշեց նրան Հունգարիայի թագավորության ներքին գահակալական կռիվներին, որի հետևանքով 1127-29 թվականներին տեղի ունեցավ հույն-բյուզանդական պատերազմ[9]: Հունգարական բանակը հարձակվեց Բելգրադ, Նիշ և Սոֆիա քաղաքների վրա. Հովհաննես հակահարձակում գործեց Ֆիլիպպոլիսից և, օգտագործելով դանուբյան նավատորմը, ջախջախեց հունգարներին[10][11]: Հետագայում հունգարները ևս մի քանի անգամ հարձակվեցին, սակայն ամեն անգամ դուրս էին շպրտվում բյուզանդացիների կողմից. դանուբյան սահմանն արդեն ապահով էր[9][12]:

Հետագա ողջ գահակալման ընթացքում Հովհաննեսը ուշադրությունը սևեռեց Փոքր Ասիայի վերանվաճման վրա։ Ի շնորհիվ կայսեր արշավանքների, թուրքերի առաջխաղացումը կանգեցվեց։ Հովհաննեսը որոշեց ինքը հարձակվել սելջուկ-թուրքերի վրա։ Հաջող արշավանքների հետևանքներից էր Կոմնենոսների ծննդավայր Կաստամոնու քաղաքի ազատագրումը։ Հովհաննեսը նվաճեց տաղանդավոր հրամանատարի համբավ, ով հեշտությամբ գրավում էր բերդերը մեկը մյուսի հետևից։ Բազմաթիվ տարածքներ ազատագրվեցին, որոնք նվաճված էին թուրքերի կողմից 1071 թվականից ի վեր։ Սակայն ամենուր նա հանդիպում էր կատաղի դիմադրության. հատկապես հզոր էին թերակղզու հյուսիս-արևելքում գտնվող Դանիշմեդները: Այս ամենի վառ ապացույցը Կաստամոնու քաղաքի գրավումն էր թուրքերի կողմից, երբ Հովհաննեսը մայրաքաղաքում նշում էր վերջինիս ազատագրումը։ Սակայն կայսրը ևս մեկ անգամ ետ գրավեց քաղաքը և շարժվեց հյուսիսարևելյան Փոքր Ասիա, որտեղ նա դրդեց թուրքերին հարձակվել նրա վրա։ Սակայն ի տարբերություն Ռոմանոս Դիոգենեսի զորքի, նրա զորքը դիմակայեց հարձակման և խափանվեց թուրքերի երկրորդ Մանազկերտ իրագործելու ծրագիրը։ Թուրք սուլթանը, խայտառակված ետ վերադառնալով, սպանվեց իր հպատակների կողմից[7]:

Հովհաննեսը, ինչպես և Բարսեղ Բուլղարասպանը, շարժվում էր դանդաղ, բայց հաստատուն։ Նրա ուժերը առաջանում էին զգուշորեն և հազվադեպ էին գնում անիմաստ վտանգների, սակայն նրանք մշտապես շարժվում էին դեպի իրենց նպատակը։ Թուրքերը շատ լավ գիտեին, որ կայսրը չի կարող երկար մնալ մեկ թատերաբեմում, քանի որ այլ վայրերում մշտապես ի հայտ էին գալի նոր խնդիրներ։ Այս պատճառով նրանք երբեք մարտի չէին ելնում իրենց բոլոր ուժերով՝ այդպիսով խուսափելով կրել վճռական և ջախջախիչ պարտություն[7]:

Հովհաննեսը նոր նվաճված տարածքներում կառուցեց բազմաթիվ ամրություններ։ Պատմաբան Պողոս Մագդալինոն իր գրքում բացատրում է, որ ամրությունների շինումը մաս էր կազմում Կոմնենոսների ընդհանուր մարտավարության. Հովհաննեսի հայրը կառուցում էր պաշտպանական կառույցներ Փոքր Ասիայի ծովափին, իսկ Հովհաննեսն արդեն կառուցում էր Փոքր Ասիայի խորքում՝ պաշտպանելով թերակղզու հարթավայրերն ու դաշտերը։ Այս քայլերի շնորհիվ Փոքր Ասիայի տնտեսությունն ու գյուղատնտեսությունը սկսեցին աստիճանաբար վերականգնվել, և թերակղզին դարձյալ դարձավ կայսրության կարևորագույն շրջաններից մեկը[13]:

Գահակալման վերջում Հովհաննեսը փորձում էր ետ գրավել Անտիոքը: Այնտեղ արշավելիս նրան հաջողվեց գրավել Փոքր Ասիայի հարավային ծովեզերքը և ժամանակավորապես վերացնել Կիլիկիայի հայկական իշխանությունը: Այնուհետև նա ամբողջ կյանքն արշավանքներում անցկացրած բանակի հետ շարժվեց Սիրիա: Չնայած Հովհաննեսի բոլոր ջանքերին, նրա մյուս դաշնակիցներն այդքան ոգևորված էին։ Այս ապացուցում է մի հայտնի դեպք. քանի դեռ կայսրը ղեկավարում էր Շայիզար քաղաքի պաշարումը, նրա խաչակիր դաշնակիցներ Անտիոքի դուքսն ու Եդեսիայի կոմսը զառ էին խաղում։ Խաչակիրները չէին ցանկանում օգնել բյուզանդացիներին, քանի որ այդ դեպքում նրանք պարտավորվելու էին ետ վերադարձնել կայսերը Անտիոք քաղաքը[14]: Վերջիվերջո խաչակիրները կազմակակերպեցին դավադրություն, որպեսզի հեռու պահեն Հովհաննեսին Անտիոքից։ Սակայն դրա անհրաժեշտությունը չեղավ. դեպի Երուսաղեմ ուխտագնացության պատրաստվելիս Հովհաննեսը պատահաբար խոցվեց թունավոր նետով և մահացավ որոշ ժամանակ անց[8]:

Պատմաբան Ջ. Բիրկենմայերը վերջերս հայտնեց այն կարծիքը, որ Հովհաննեսի իշխանությունն ամենահաջողվածն էր Կոմնենոսյան դարաշրջանում։ Իր «Կոմնենոսյան բանակի զարգացումը 1081–1180 թվականներին» գրքում նա նշում է Հովհաննեսի ռազմական մարտավարության խելամտությունը. փոխանակ նա կենտրոնանար ռիսկային ճակատամարտեր տալու վրա, նա հիմնականում զբաղված էր առավել անվտանգ գործով՝ հենակետերի գրավմամբ։ Ըստ պատմաբանի՝ Հովհաննեսի փոքր և առավել հասանելի նպատակներն ավելի իմաստուն էին, քան նրա տղայինը։ Նրա տեսակետի համաձայն՝ Հովհաննեսի նվաճումներն ապահովեցին կայսրության կենտրոնի անվտանգությունը։ Հովհաննեսի արշավանքների շնորհիվ թուրքերն անցան պաշտպանության։ Հետաքրքիր էր նաև Հովհաննեսի արտաքին քաղաքականությունը, որը հիմնականում բավականին պարզ էր. նրա հիմնական դաշնակիցը Սրբազան Հռոմեական կայսրությունն էր, որի հետ նա ուներ ընդհանուր թշնամի ի դեմս Սիցիլիայի նորմանների[7]:

Ընդհանուր առմամբ Հովհաննեսը թողեց կայսրությունը շատ ավելի լավ վիճակում քան նա ժառանգել էր այն։ Բավականին մեծ տարածքների ետ գրավումը գումարվեց պեչենենգների, հունգարների, թուրքերի ջախջախմամբ։ Այս ամենի հետ միասին նրա փորձերը տարածելու իշխանությունը Անտիոքի դքսության և Եդեսիայի կոմսության նկատմամբ մեծացրին կայսրության հեղինակությունը։ Նրա զգույշ, աստիճանական մոտեցումը պատերազմներին պաշտպանեցին կայսրությունը հանկարծակի պարտություն կրելուց։ Իր մահվան ժամանակ նա արժանացել էր տիեզերական հարգանքի նույնիսկ խաչակիրների կողմից։ Նրա վաղաժամկետ մահը նշանակում էր, որ նրա գործը մնաց անավարտ։ Պատմաբան Զոյի Օլդենբուրգի կարծիքով, Հովհաննեսի վերջին արշավանքը գուցեև և բերեր ահռելի օգուտ ոչ միայն կայսրությանը, այլև ողջ քրիստոնյա աշխարհին[14]:

Մանուիլ Ա Կոմնենոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրությունը 1170 թվականին: Այս ժամանակ կայսրությունը դարձյալ Միջերկրական ծովի հզորագույն պետությունն էր, ումից կախվածության մեջ էին գտնվում տարբեր երկրներ սկսած Հունգարիայից և վերջացրած Երուսաղեմի թագավորությամբ: Իսկ նրա դաշնակիցներից էին Արագոնը, Ֆրանսիան, Գերմանական ազգի Սրբազան հռոմեական կայսրությունը, Պիզան, Ճենովան, Հռոմը, Անտիոքը, Երուսաղեմը, Իկոնիայի սուլթանությունը և Դամասկոսի իշխանությունը:

Համաձայն իր ցանկության Հովհաննեսին հաջորդեց 4-րդ տղան՝ Մանուիլ Կոմնենոսը։ Ըստ Նիկետաս Խոնիատեսի Մանուիլի ընտրությունը պայմանավորված էր խորհուրդներին լսելու նրա ընդունակության հետ։ Մանուիլը հայտնի էի որպես ակտիվ և եվրոպոֆիլ անձնավորություն։ Օրինակ Մանուիլը կազմակերպում և մասնակցում էր ասպետական մրցաշարեր, որոնք փոխ էին առվել Արևմտյան Եվրոպայից։ Մանուիլը համարվում է կոմնենոսյան 4 կայսրերից ամենահանճարեղը և նրա համբավը, հատկապես մահից հետո, շատ բարձր էր կաթոլիկների շրջանում։ Լատինական պատմիչ Վիլհելմ Տյուրոսցու վկայությամբ Մանուիլը «...մեծ հոգով մարդ էր անհամեմատելի էներգիայով», (ում) «հիշողությունը ընդմիշտ կպահպանվի օրհնությամբ»: Իսկ մեկ այլ պատմիչ նրան անվանում է «առատաձեռն և արժանի մարդ»[8]:

Մանուիլն իր առջև նպատակ էր դրել վերականգնել կայսրության նախկին փառքն ու ևս մեկ անգամ դարձնել այն գերիշխող ուժ տարածաշրջանում։ Նրա արտաքին քաղաքականությունը հավակնոտ էր և հասնում էր Միջերկրական ծովի բոլոր անկյունները։ Նա կնքեց մի քանի դաշինքներ Հռոմի Պապի և արևմտյան մի շարք պետությունների հետ, հաջողությամբ անցկացրեց իր տարածքով անհաջող ավարտվող երկրորդ խաչակրաց արշավանքը և հաստատեց իր գերիշխանությունը Մերձավոր Արևելքի խաչակրաց պետությունների նկատմամբ[13]:

Մանուիլն իրականացրեց մի շարք հարձակվողական արշավանքներ իր արևմտյան և արևելյան թշնամիների դեմ. մուսուլմանների դեմ Պաղեստինում և Ֆաթիմյան Եգիպտոսում, որտեղ դաշնակցում էր Երուսաղեմի թագավորությանը, 1155 թվականին, դաշնակցելով Հռոմի Պապի հետ, ներխուժեց հարավային Իտալիա։ Չնայած Իտալիայում գրանցած սկզբնական հաջողությունների, դաշնակիցների միջև եղած տարաձայնությունների պատճառով արշավանքն ավարտվեց անհաջողությամբ։ Սակայն այս պարտությունից Մանուիլը չհուսահատվեց և 1167 թվականին նա ներխուժեց Հունգարիա և ջախջախեց նրանց Սիրմիումի ճակատամարտում։ Նա բավականին հաջող քաղաքականություն էր վարում Բալկաններում և Հունգարիայում։ Ըստ որոշ պատմաբանների ոչ մի կայսր այսքան լավ չի գերիշխել Բալկաններում սկսած ու անտիկ դարաշրջանից[13]:

Արևելքում, սակայն, Մանուիլի ձեռքբերումներն այդքան էլ նշանակալից չէին։ 1176 թվականի Միրոկեֆալոնի ճակատամարտում թուրքերը ջախջախեցին նրան. Մանուիլն արշավում էր թուրքերի մայրաքաղաք Իկոնիա, երբ կիրճում ընկավ թկարդի մեջ։ Այս պարտությունը երբեմն համարվում է Բյուզանդիայի հզորության ավարտի սկզիբը և ռազմական աղետ։ Սակայն ներկայումս պատմաբանները համարում են, որ չնայած այս պարտությունը նվաստացուցիչ էր Մանուիլի համար, այն այդ աստիճանի ազդեցություն չունեցավ։ Իրականում բանակի մեծ մասը կենդանի մնաց և անվնաս նահանջեց[7]: Այդ նույն ուժերը հաջորդ տարի մասնակցում էին մեկ այլ արշավանքի[3]: Մանուիլի գահակալման մնացած տարիներին սահմանները մնացին անփոփոխ, որը ցույց է տալիս, որ պարտությունը ծայրահեղորեն չփոխեց ուժերի հարաբերակցությունը[3]: Իսկ 1177 թվականին իրենք բյուզանդացիները ջարդեցին թուրքական հարձակվող ուժերը[7]:

Թուրքական առաջին ներխուժման և գաղթի օրոք վնասված բնակավայրերը:

Մանուիլը շարունակեց պաշտպանական ամրությունների շինումը Փոքր Ասիայում, վերակառուցեց բազմաթիվ քաղաքների պարիսպները։ Նա հարկ էր պահանջում կայսրության տարածքում ձմեռող թուրքեմնական քոչվորներից։ Ըստ պատմաբան Մագդալինոյի Մանվելի գահակալման ավարտին, բյուզանդացիների իշխանության տակ էր գտնվում թերակղզու հարուստ, գյուղատնտեսական հարթավայրերը, իսկ լեռնային և ավելի քիչ պետքական շրջանները թողնվել էին թուրքերին[13]:

Չնայած Մանուիլի եվրոպամետության, կրոնական տարաձայնությունները խանգարում էին նրանց ավելի մոտ մերձեցման։ Սակայն նա այն կայսրն էր, ով ավելի մոտ էր վերացնելու այդ տարաձայնությունները։ Օրինակ Հռոմի Պապ Ինոկենտիոս III-ը գրելով կայսր Ալեքսիոս III Անգելոսին ասում է «հայտնի հիշողությամբ քո հիանալի նախորդ Մանուիլ կայսրը... նվիվածությամբ առաքելական նստավայրին իր խոսքով և գործով»[13]:

Մանուիլին հաջողվեց բավական տարածել իր ազդեցությունը խաչակրաց պետությունների նկատմամբ։ Նրա օգնությամբ վերանարոգվեցին Սուրբ Երկրի բյուզանդական բազմաթիվ վանքեր և եկեղեցիներ[8] Նրա օրոք Երուսաղեմի թագավորությունն ու Անտիոքի իշխանությունը գտնվում վասալական կախման մեջ[8]: Արևմուտքում այսպիսի համբավ և ազդեցություն ձեռք բերելը համարվում է Մանուիլի մեծագույն հաջողություններից մեկը։

Անդրոնիկոս I և Կոմնենոսների անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1180 թվականի սեպտեմբերի 24-ը Բյուզանդական կայսրության համար շրջադարձային եղավ։ Այդ օրը մահացավ Մանուիլը և նրան հաջորդեց նրա մանկահասակ տղա Ալեքսիոս II Կոմնենոսը, ում խնամակալն էր Մարիա Անտիոքցին։ Սակայն վերջինիս լատինական ծագումն առաջացրեց դժգոհություն, որից օգտվեց Մանուիլի զարմիկ Անդրոնիկոս I Կոմնենոսը (մոտ. 1183–1185)։ 1182 թվականին նա արշավեց Կոստանդնուպոլիս. ըստ ոչ բյուզանդական աղբյուրների նրա զորքում կային նաև մուսուլմաններ[15]: Նրա ժամանումն ուղեկցվեց լատին բնակիչների կոտորածով, որից հատկապես տուժեցին մեծաքանակ վենետիկցի առևտրականները։ Անդրոնիկոսը մահապատժի ենթարկեց Մարիային և մանկահասակ Ալեքսիոսին և սկսեց միանձնյա իշխել[16]: 1183 թվականին Անդրոնիկոսն ամուսնացավ Ֆրանսիայի արքայադուստր Ագնեսի հետ։

Անդրոնիկոսը հակասություններով լի մարդ էր[17]: Չնայած իր դուրեկան արտաքինին նա հայտնի էր իր սանձարձակ արարքներով[18]: Որպես ակտիվ, ունակ և վճռական մարդ, Անդրոնիկոսն իրական Կոմնենոս էր[19]: Միևնույն ժամանակ նա ընդունակ էր անմարդկային դաժանության[17]:

Անդրոնիկոսը սկսեց իր գահակալումը բավական հաջող, հատկապես նրա բարեփոխումները կառավարությունում արժանացել են պատմաբանների գովասանքին։ Նահանգներում նրա բարեփոխումները միանգամից բարելավեցին իրավիճակը[17]: Անդրոնիկոսը համառորեն փորձում էր արմատախիլ անել կաշառակերությունը. նրա օրոք պաշտոնների վաճառքը դադարեցվեց, պաշտոնյաներն ընտրվում էին ըստ իրենց արժանիքների։ Նրա քայլերից մեկը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն էր, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն[17]:

Անդրոնիկոսի մահը

Նույնիսկ նրանք, ովքեր համարում էին, որ նրա օրենքները դաժան էին, ընդունում էին, որ նրաք պաշտպանված են զգում բարձրաստիճան պաշտոնյաների ոտնձգություններից[17]: Նրա օրենքների շնորհիվ բավականին թեթևացավ գյուղացիության վիճակը։ Սակայն նրա հարաբերությունները ազնվականության հետ գնալով լարվում էին։ Դրան գումարած Անդրոնիկոսը գնալով ավելի ու ավելի էր խելագարվում. դաժանությունն ու մահապատիժները դարձել էին սովորական երևույթ և շուտով նրա գահակալումը վերածվեց ահաբեկչական իշխանության[20]: Մի պահ Անդրոնիկոսը նույնիսկ որոշել էր ոչնչացնել ողջ ազնվականությունը։ Այս ամենը նրա դեմ հանեց հզոր ազնվականներին[17]:

Տեղի ունեցան մի քանի ապստամբություններ, իսկ 1185 թվականի սեպտեմբերի 11-ին ներխուժեց նորման Ուիլյամ Սիցիլիացին։ Կայսեր բացակայության ժամանակ պետք է ձերբակալվեր Իսահակ Անգելոսը, ում հավատարմությունը կասկածի տակ էր առնվում։ Վերջինս ապաստանեց Սուրբ Սոֆիայի տաճարում և օգնության դիմեց ժողովրդին, ովքեր միանգամից արձագանքեցին նրա կոչին[21]:

Երբ Անդրոնիկոսը ետ վերադարձավ, նա պարզեց, որ Իսահակը հռչակվել է կայսր։ Անդրոնիկոսը փորձեց փախչել կնոջ հետ նավակով, սակայն բռնվեց[21]: Իսահակը հանձնեց նրան քաղաքի բնակչությանը, ովքեր իրենց կատաղությունը թափեցին նրա վրա երեք օրվա ընթացքում։ Նրա աջ ձեռքը կտրվեց, ատամներն ու մազերը պոկվեցին, մի աչքը դուրս էր եկել տեղից և նրա դեմքին եռացած ջուր էին լցրել[22]: Վերջապես նրան տարան Հիպոդրոմ, կախեցին երկու սյան միջև և երկու լատին զինվոր մրցում էին, թե ում թուրն ավելի խորը կխոցի նրան։ Անդրոնիկոսը մահացավ 1185 թվականի սեպտեմբերի 12-ին։

Անդրոնիկոսը վերջին Կոմնենոսն էր, ով իշխեց Կոստանդնուպոլսում, չնայած նրա թոռները հիմնեցին Տրապիզոնի կայսրությունը 1204 թվականին։ Անդրոնիկոսի դերը կայսրության փլուզման մեջ մնում է վիճելի։ Սակայն հեղաշրջումը անկասկած թուլացրեց պետությունը[23], իսկ հակալատինական քաղաքականություն փչացրեց արևմուտքի հետ ունեցած հարաբերությունները[17]: Հատկապես դատապարտվում է նրա անկարողությունը կանխելու լատինների կոտորածը 1182 թվականին, որի հետևանքով Բյուզանդական կայսրությունը արևմուտքում սկսեց ընկալվել որպես թշնամական պետություն[24]: Նաև դատապարտվում է նրա հակամարտությունը ազնվականության հետ, որն անփոխարինելի էր դարձել պետության պաշտպանության համար[25]: Մյուս կողմից նրա բարեփոխումները իմաստուն և օգտակար էին պետության ներքին վիճակի բարելավման համար[26]:

Կոմնենոսներին հաջորդեցին Անգելոսները, ում ժամանակ տեղի ունեցավ պետության անկման կարևորագույն փուլը[13]: Հաջորդող քառորդ դարի ընթացքում Կոստանդնուպոլիսն առաջին անգամ կընկնի թշնամիների ձեռքը և Բյուզանդիան կկորցնի իր գերպետության դիրքը։ Անդրոնիկոսի մահվամբ ավարտվեց կայսրության 104 տարի տված մի դարաշրջան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ու, Թրեդգոլդ, Բյուզանդական պետականության և հասարակության պատմություն, 700
  2. Ս. Ֆոս և Դ. Ուինֆիլդ, Բյուզանդական ամրություններ, նախաբան
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հալդոն Ջոն, Բյուզանդիան պատերազմում մ.թ. 600-1453 (անգլ.՝ Byzantium at war AD 600-1453)։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Նորվիչ, Ջոն, Բյուզանդիայի կարճ պատմություն, (անգլ.՝ A short history of Byzantium)
  5. 5,0 5,1 5,2 Կայեն, Ռոջեր, Մոռացված ուժ-Բյուզանդիա-քրիստոնեության հենակետ (անգլ.՝ Forgotten Power - Byzantium - Bulwark of Christianity)
  6. 6,0 6,1 Անգոլդ, Միքայել, Բյուզանդական կայսրությունը 1025–1204 թվականներին
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Բիրկենմայեր, Ջ, Կոմնենոսյան բանակի զարգացումը, 1081–1180
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Հարիս, Ջոնաթոն, Բյուզանդիան և խաչակիրները
  9. 9,0 9,1 Անգոլդ, էջ. 154
  10. Խոնիատես, էջ. 11
  11. Կինամոս, էջ. 18
  12. Խոնիատես, էջեր. 11-12
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Մագդալինո, Պողոս, Մանուիլ I Կոմնենոսի կայսրությունը 1143–1180
  14. 14,0 14,1 Օլդենբուրգ, Զոյի, Խաչակրաց արշավանքներ
  15. Իբն Ջուբայր, էջ. 355; Վիլհելմ Տյուրոսցի, լատ.՝ Historia Transmarina; Ուոլթեր Մափ, լատ.՝ De Nugis Curialium
  16. Նիկետաս Խոնիատես, Պատմություններ, էջեր 260–274
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Օստրոգորսկի, Բյուզանդական պետության պատմությունը, 396
  18. Ջ. Հարիս, Բյուզանդիան և խաչակիրները, 117
  19. Ջ. Ջ. Նորվիչ, Բյուզանդիայի կարճ պատմություն, 291
  20. Ջ. Հարիս, Բյուզանդիան և խաչակիրները, 118
  21. 21,0 21,1 Ջ., Հարիս, Բյուզանդիան և խաչակիրները, 124
  22. Ջ. Ջ. Նորվիչ, Բյուզանդիայի կարճ պատմություն, 294
  23. Պ. Մագդալինո, Միջնադարյան Եվրոպա, 194
  24. Ջ. Հարիս, Բյուզանդիան և խաչակիրները, 112
  25. Օստրոգորսկի, Բյուզանդական պետության պատմություն, 398
  26. Մ. Անգոլդ, Բյուզանդիան 1025–1204 թվականներին, 298