Ադըղեայի Հանրապետություն կամ Ադըղեա (Ադիգեա), հանրապետություն Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։ Գտնվում է Կուբան և Լաբա գետերի ձախափնյակում։ Տարածքի մեծ մասը գրավում են Մեծ Կովկասի նախալեռներն ու լեռները (բարձրությունը մինչև 3238 մ, Չուգուշ լեռը)։ Տարածքը՝ 7,6 հազար կմ քառակուսի։ Կենտրոնը՝ Մայկոպ։
Անվանում ստացել է ադըղե ժողովրդի անունից։ 1922 թվականի հուլիսի 27-ին կազմավորվել է Չերքեզական (Ադըղեական) ինքնավար մարզը։ 1922 թվականի օգոստոսի 24-ին վերանվանվել է Ադըղեական (Չերքեզական) ինքնավար մարզ, իսկ 1928 թվականի օգոստոսի 13-ին՝ Ադըղեական ինքնավար մարզ[2]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարզի հարյուրավոր հայեր կռվել են գերմանական ֆաշիզմի դեմ, իսկ Սերգեյ Սիվիկյանը (1925-71) դարձել է Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ։
1979-ի մարդահամարի տվյալներով՝ Ադըղեայում ապրում էր 6400 հայ, 1989-ի տվյալներով՝ 10460 հայ, հիմնականում՝ Մայկոպում, Տուլիսկ ավանում, Շահումյան (ունի շուրջ 1600 հայ բնակիչ, տեղի դպրոցում դասավանդվում է հայոց լեզու), Պերվոմայսկ, Դաղստան, Սևեռնի, Կրասնի, Տաուչեխաբլ, Գալուկայ, Ադիգեյսկ, Պրոլետարսկի, Կրասնի Օկտյաբր գյուղերում։ Մայկոպում երկար տարիներ գործել է Շահումյանի անվան հայկական ակումբը, որտեղ բեմադրվել են հայկական պիեսներ։
2003 թվականի տվյալներով Ադըղեայի Հանրապետությունում բնակվում է շուրջ 25 հազար հայ[23]։