Մտավորականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Էնգելսը

Մտավորականություն, ինտելիգենցիա, մասնագիտորեն զուտ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց հասարակական խավ։ Մտավորականությունը առանձին դասակարգ չէ, այն ծագում և համալրվում է տարբեր դասակարգերից։ Գործունեությունը որոշվում է այն դասակարգերի շահերով, որոնց նա ծառայում է։ Մտավորականության առաջացման նախադրյալը աշխատանքի բաժանումն է ֆիզիկականի և մտավորի, որի հետևանքով հասարակությունը տրոհվել է գերազանցապես ֆիզիկական աշխատանք կատարող ստրուկների և անմիջական արտադրական գործունեությունից ազատ, հասարակական, տնտեսական, պետաիրավական ղեկավարությամբ, գիտությամբ, արվեստով զբաղվող ստրկատերերի։ Հակամարտ հասարակարգերում մտավոր աշխատանքի մենաշնորհը շահագործող դասակարգերի ձեռքում է, թեպետ մտավորականությունը համալրվել է նաև այլ դասակարգերի ու խավերի հաշվին։ Որպես առանձին հասարակական խավ, որի հիմնական գոյամիջոցը մտավոր աշխատանքն է, մտավորականությունը զարգացել է կապիտալիզմի օրոք, երբ ծայրահեղորեն սրվել է հակադրությունը մտավոր ն․ ֆիզիկական աշխատանքի միջև։ Արտադրողական ուժերի վերելքի շնորհիվ աճում է ինժեներա-տեխնիկական աշխատողների տեսակարար կշիռը։ Տեխնիկական մտավորականությունը ոչ միայն ղեկավարում է արտադրությունը, այլև վերահսկում է բանվորներին։ Պետական֊վարչական մարմիններում ներգրավված մտավորականություն անուղղակիորեն մասնակցում է աշխատավորների ճնշմանն ու կեղեքմանը։ Տեղի է ունենում մտավորականության շերտավորում։ Մտավորականության որոշ մասը անցնում է վարձու աշխատանքի, մի մասը (բժիշկներ, իրավաբաններ)՝ մասնավոր ձեռնարկատիրական գործունեության (օրինակ, ԱՄՆ-ում 37,9%, 1870 թվականին), մնացածներն առաջ են քաշվում բուրժուազիայի շարքերը, ձեռք բերում արտոնյալ դիրք։ Ընդհանուր առմամբ, կապված մտավոր աշխատանքի նկատմամբ եղած մեծ պահանջարկի հետ, կապիտալիզմի նախնական փուլում մտավորականությունը բուրժուականանում է։ Բանվորների հետ թույլ կապը, ձեռնարկատերերին մերձ լինելը, բարձր եկամուտը, բուրժուական ապրելակերպը մտավորականության մեծ մասին հանգեցրել է բուրժուական և մանրբուրժուական սոցիալական և աշխարհայացքային դիրքորոշման։

Հեղափոխական դեմոկրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Մարքսը

Միաժամանակ, մտավորականության միջավայրից են ելել հեղափոխական դեմոկրատները, որոնք հրաժարվել են բուրժուական գաղափարախոսությունից և հանդես եկել աշխատավորների շահերի պաշտպանությամբ։ Այդ մտավորականներից առավել առաջադիմականները մշակել են սոցիալիստական գաղափարախոսություն և այն տարածել բանվորների շրջանում։ Նման ուղի են անցել Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ էնգելսը, Վլադիմիր Իլյիչ Լենինը և բանվորական ու սոցիալիստական շարժման շատ գործիչներ։ Իմպերիալիզմի փուլում, գիտատեխնիկական հեղափոխության հետևանքով, մտավորականության թվաքանակը կտրուկ աճել է։ Նկատվում է մտավորականության բյուրոկրատացում, առաջացել են նոր մասնագիտություններ՝ մենեջերներ, «մարդկային հարաբերությունների» մասնագետներ (տես «Մարդկային հարաբերությունների տեսություն»), սոցիալական ինժեներներ և այլն։ Վերացել է հասարակության մեջ մտավորականների արտոնյալ վիճակը, մեծացել է ստանդարտ, մասսայականացած աշխատանքի մտավորականության թիվը, նվազել մտավորականության որոշ խմբերի կազմը (դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ, կրոնավորներ և այլն)։ Տեղի է ունեցել մտավորականության պրոլետարականացում։ Նրա գերակշռող մասը (80—90%) անցել է վարձու աշխատանքի, անհատական աշխատանքից փոխադրվել կոլեկտիվ աշխատանքի։ Շատ ինժեներներ ու տեխնիկներ ներգրավվել են արտադրության ոլորտ՝ կատարելով բարձրորակ բանվորի պարտականություններ։ Մտավորականության ստորին շերտերը մոտեցել են բանվոր դասակարգին նաև եկամուտի չափով, նույնիսկ որոշ խմբեր վարձատրվում են բանվորից ցածր։ Սրվել է հակասությունը դեմոկրատական և բուրժուական տեխնոկրատական մտավորականության միջև։ Շատ առաջադեմ մտավորականներ հրաժարվել են համագործակցել սպառազինությունների մրցավազքին, հանդես են եկել խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի պաշտպանությամբ։ Նրանց առավել գիտակից մասը ընդունել է կոմունիստական գաղափարներ և իր ճակատագիրը կապել պրոլետարիատի ազատագրական պայքարի հետ (Ա․ Ֆրանս, Մ․ Անդերսեն-Նեքսյո, Թ․ Դրայզեր, Թ․ Ման, Պ․ Էլյուար, Ֆ․ և Խ․ Ժոլիո-Կյուրիներ, Պ․ Պիկասո, Ռ․ Դուտտուզո)։ Կապիտալիստական երկրների կոմունիստական կուսակցությունները պայքարում են հակամոնոպոլիստական լայն ճակատի ստեղծման, մտավորականության և բանվոր դասակարգի դաշինքի հաստատման և ամրապնդման համար։ «Բանվոր դասակարգի դաշնակիցն են դառնում ծառայողների լայն խավերը, ինչպես նաև ինտելիգենցիայի զգալի մասը, որոնց կապիտալիզմը իջեցրել է պրոլետարների վիճակին և որոնք գիտակցում են հասարակական կյանքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը» (ԽՄԿԿ ծրագիրը, 1974, էջ 57-58)։

Սոցիալիստական փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական հասարակությունը արմատապես փոխում է մտավորականության հասարակական դիրքը։ Հին մտավորականության լայն զանգվածներ ներգրավվել են սոցիալիստական շինարարության մեջ, որովհետև առանց «․․․գիտության, տեխնիկայի, փորձի զանազան ճյուղերի մասանագետների ղեկավարության, անկարելի է սոցիալիզմին անցնել․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 27, էջ 295)։ Սոցիալիզմի պայմաններում մտավորականության թվաքանակը զարգանում է առաջանցիկ տեմպերով, այն համալրվում է բանվոր դասակարգի և գյուղացիության հաշվին և համեմատաբար քիչ՝ ինքնավերարտադրման ճանապարհով։ Մտավորականության զարգացման նախադրյալը ժողովրդի կենսամակարդակի և կրթության անընդհատ աճն է, հատկապես անցումը ընդհանուր միջնակարգ կրթության։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալիստական հասարակարգում մտավոր աշխատանքի հիմնական դրդապատճառը կողմնորոշումն է դեպի ստեղծագործությունը և դրա հասարակական օգտակարությունը, իսկ նյութական շահագրգռվածությունը, ի տարբերություն կապիտալիզմի, երկրորդական նշանակություն է ստանում։ Զարգացած սոցիալիստական հասարակությանը բնորոշ դասակարգերի և հասարակական խմբերի մերձեցումը, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև էական աարբերությունների հաղթահարումը դրսևորվում է բանվորական և գյուղացիական զանգվածների մշակութային և կրթական մակարդակների բարձրացմամբ, նվազագույնը միջնակարգ կրթություն պահանջող մասնագիտությունների դերի աճով, ֆիզիկական և մտավոր աշխատանքը զուգակցող բանվորական տեղերի ավելացումով, պետական և հասարակական կառավարմանն աշխատավորների հարաճուն մասնակցությամբ։ Սոցիալիստական մտավորականության և հասարակության մնացած մասի միջև չկան հակամարտ հակասություններ, այն զերծ է սոցիալական մեկուսացվածությունից, ակտիվորեն մասնակցում է համընդհանուր ստեղծագործական աշխատանքին, կանգնած է սոցիալիզմի գաղափարական դիրքերում։ ԽՍՀՄ սահմանադրությունը արձանագրեց, որ «ԽՍՀՄ սոցիալական հիմքը կազմում է բանվորների, գյուղացիների և մտավորականության անխախտ դաշինքը» (հոդված 19)։ Կոմունիզմի ժամանակ մտավորականություն «․․․կդադարի սոցիալական առանձին խավ լինելուց, ֆիզիկական աշխատանք կատարողները իրենց կուլտուր-տեխնիկական մակարդակով կբարձրանան մտավոր աշխատանքի մարդկանց մակարդակին»։ Մտավորականությունը նախասովետական Հայաստանում և ՀԽՍՀ-ում։ Մտավորականության սկզբնական խումբը քրմերի դասն էր, որի ձեռքում էին կենտրոնացված դպրությունը, քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորումը և ընդհանրապես ողջ հոգևոր կյանքը։ Դասակարգային հարաբերությունների զարգացմանը զուգընթաց մտավորականությունը համալրվել է ի հաշիվ արքունի տան մերձավորների, զինվորական առաջնորդների, քաղաքների վերնախավի և այլն։

Հելլենիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիզմի տարածումը խթանել է մտավորականության աճը, ստվարացել են պետական պաշտոնյաների, ճարտարապետների, քանդակագործների, բժիշկների, փիլիսոփաների, գրողների, պատմիչների, դերասանների, ուսուցիչ- դաստիարակների շարքերը։ Հայկական պետությունը հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, հրավիրել, ինչպես նաև ապաստան տվել այլ երկրներում հալածված մտավորականների (հույն մտածողներ Մետրոդորոս Սկեփսացի, Ամփիկրատես Աթենացի, սիրիացի գրող և հռետոր Ցամբլիքոս և ուրիշներ)։ Մայրաքաղաքները (Արտաշատ, Տիգրանակերտ և այլն) դարձել են մշակութային և կրոնական կենտրոններ (գործել են թատրոններ, կազմակերպվել են հռետորների, բանաստեղծների մրցույթներ, բանավեճեր և այլն), որտեղ կենտրոնացել է մտավորականության հիմնական զանգվածը։ Մեծ քանակությամբ հայ երիտասարդներ սովորելու են ուղարկվել ժամանակի ուսումնական և գիտական կենտրոններ (Ալեքսանդրիա, Աթենք, Անտիոք, Եդեսիա և այլն)։ Նրանց մի մասը հաստատվում էր այդ քաղաքներում, մյուս մասը՝ վերադառնալով նվիրվում հայրենի մշակույթի առաջընթացին։ Հոգևոր կյանքի, բնականաբար նաև մտավորականության, զարգացման համար աննախադեպ նշանակություն ունեցավ Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտը։ Հայաստանի տարբեր վայրերում հիմնվում են դպրոցներ, որոնք նպաստում են նոր մտավորականության ձևավորմանը։ Մտավորականությունը ձեռնամուխ է լինում պատմագրության (Ագաթանգեղոս, Կորյուն, Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի), փիլիսոփայության (Դավիթ Քերական, Դավիթ Անհաղթ), քրիստոնեական շատագովության և պատրիստիկայի (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Եղիշե) ստեղծմանը, սկզբնավորվում է թարգմանչաց շարժումը։ Մտավորականության պատրաստումը կենտրոնանում է բուն երկրում գործող վարժանոցներում, համալսարաններում, վարդապետարաններում, ճեմարաններում, բժշկանոցներում։ Անկախությունից զրկված և երկատված Հայաստանում արհավիրքներին ու ժամանակավոր կայունացումներին համընթաց անկում և վերելք են ապրել արտադրողական ուժերը, որից կախված խամրել կամ աշխուժացել է մտավորականությունյան գործունեությունը։ Գերազանցապես նախարարական և հոգևոր դասի ներկայացուցիչներից բաղկացած մտավորականությունը արտահայտել է ազգային-ազատագրական գաղափարներ և ղեկավարել անկախության համար հայ ժողովրդի պայքարը, որը, համապատասխանելով շահագործող դասակարգի շահերին, ներդաշնակել է ողշ հասարակության ձգտումներին։

Միջնադարյան մտավորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան մտավորականության շարքերից է ելել մտածողների մի ամբողջ համաստեղություն, որը հսկայական ավանդ է ներդրել ռազմ, արվեստի, ճարտարապետության, գրչության, մանրանկարչության, երաժշտության, մանկավարժության, փիլիսոփայության, գրականության, բնագիտության և բազմաթիվ այլ բնագավառների զարգացման գործում։ Հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկությունները (արմ․ ու արլ․ հատվածների և գաղթավայրերի գոյացումը) իրենց կնիքն են դրել մտավորականության գործունեության վրա։ Աշխարհի զանազան երկրներում սփռված հայերը մասնակցել են այդ երկրների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին, միաժամանակ հոգ տարել ազգային մշակույթի զարգացման համար՝ հիմնվել են դպրոցներ, եկեղեցիներ, տպարաններ, հրատարակել են թերթեր։ Շատ վայրերում (հատկապես Կ․ Պոլսում, Մադրասում, Կալկաթայում, Վենետիկում, Նոր Ջուղայում, Թավրիզում) բարենպաստ պայմաններ են ստեղծվում նոր ազգային մտավորականության ձևավորման համար։ XVII—XVIII դդ․ մտավորականության առաջադեմ ներկայացուցիչները հիմք են դրել հայ ժողովրդի ռուսական քաղաքական կողմնորոշման ձևավորմանը, Կապիտալիզմի ներթափանցմամբ կազմավորվել է հայ բուրժ․ մտավորականությունը ի դեմս խոշոր և մանր բուրժուազիայի ներկայացուցիչների։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո արևելահայ մտավորականությունը ներգրավվել է Ռուսաստանի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղ․ հարաբերությունների ոլորտ, հայ կյանքի կենտրոններ են դարձել Թիֆլիսը, Պետերբուրգը, Մոսկվան, Բաքուն, Նոր Նախիջևանը և այլն, որտեղ էլ կենտրոնացել է մտավորականությունը։ XIX դ․ կեսին արևելահայ և արմնտահայ իրականության մեջ ձևավորված հասարակական-քաղ․ հոսանքների (կղերաֆեոդալական, լիբերալ բուրժ․, հեղափոխական-դեմոկրատական) հիմնական տարրը մտավորականությունը էր։ Հայ դեմոկրատական ներկայացուցիչները հարել են նաև շարժմանը։ XIX դ․ մտավորականությանը մասնակցել են արմենական, հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծմանը։ Մարքսիստական գաղափարների տարածումով և Արևելյան Հայաստանում բանվորական շարժման սկզբնավորմամբ հայ շատ ներկայացուցիչներ մասնակցեցին համառուսաստանյան հեղափոխական շարժմանը՝ ինքնակալության տապալման և սոցիալիստական հեղափոխության հաղթանակի մեջ տեսնելով սոցիալական և ազգային ազատագրության հիմնական գրավականը։ Նրանցից շատերը առաջ են քաշվել հեղափոխական շարժման ակտիվ գործիչների շարքը, դարձել Վ․ Ի․ Լենինի զինակիցները (Ի․ Լալայանց, Բ․ Կնունյանց, Ս․ Շահումյան, Ս․ Սպանդարյան և այլն)։ Այլ է եղել արևմտահայ մտավորականության ճակատագիրը, նրա առաջադեմ թևը կազմել է սահմանադրական շարժման կորիզը, գործունեության հիմնական նպատակը համարել Հայկական հարցի առաջ քաշումը և գլխավորել ազատագրական պայքարը թուրք, բռնապետության դեմ։ Չնայած գոյության ծանր պայմաններին, ազգային և կրոնական խտրականությանը, արևմաահայ մտավորականությունը, որը կենտրոնացված էր հիմնականում Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Վանում, էրզրումում, տվել է տաղանդավոր գրողներ, արվեստագետներ, ճարտարապետներ, հայագետներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։ Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականության գլխ․ նշանակետը արևմտահայ մտավորականություն էր, որը դարձավ Մեծ եղեռնի առաջին զոհը։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումով սկսել է ձևավորվել հայ սովետական ժողովրդական մտավորականությունը։ Հայաստանի հեղկոմը, այնուհետև նաև հանրապետության կառավարությունը ՀԿԿ ղեկավարությամբ մշակել են միջոցառումներ հին սոցիալիստական շինարարության մեջ ներգրավելու ուղղությամբ։ Մտավորականության գերակշռող մասը (ուսուցիչներ, բժիշկներ ևն) ներքաշվեց նոր կյանքի ստեղծմանը։ Միաժամանակ միջոցառումներ մշակվեցին միութենական մյուս հանրապետություններից և արտասահմանից Հայաստան տեղափոխելու մշակույթի, գիտության նշանավոր գործիչներին (Մ․ Սարյան, Ա․ Թամանյան, Հ․ Աճառյան, Ա․ Սպենդիարյան, Ա․ Իսահակյան, Ա․ Շիրվանզադե, Հ․ Գյուրջյան, բազմաթիվ ինժեներներ, գյուղատնտեսներ, դերասաններ)։ Սակայն կոմունիստական կուսակցությունը և սովետական իշխանությունը մտավորականության ստեղծման հիմնական ուղին համարում էին սեփական մասնագիտական կադրերի պատրաստումը բարձրագույն և մասնագիտական տիպի դպրոցների միջոցով։ ՀԽՍՀ-ում կուլտուրական հեղափոխության ընթացքում հիմնականում ձևավորվում է հայ սովետական մտավորականությունը։ 1981 թվականին ՀԽՍՀ-ում ժողտնտեսության մեջ զբաղված յուրաքանչյուր հազար մարդուց 233-ը ունեին բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթություն։ ՀԽՍՀ-ում մտավորականությունն ազգաբնակչության բոլոր սոցիալական խմբերի մեջ բացարձակ թվով գրավում է երկրորդ, իսկ աճման տեմպերով՝ առաջին տեղը։

Զարգացած սոցիալիզմի պայմաններում, պայմանավորված գիտատեխնիկական հեղաշրջման զարգացումով, զգալիորեն աճել է գիտական և ինժեներատեխնիկական մտավորականության տեսակարար կշիռը։ ՀԽՍՀ-ում գիտական աշխատողների թիվը ավելի քան 19,5 հազար է, գիտությունների դոկտոր են 704-ը, գիտության թեկնածու՝ 5826-ը (1981)։ Մտավորականության առավել առաջադիմական մասին կուսակցությունը ընդունում է իր շարքերը։ Հանրապետության կուսակցական կազմակերպության ավելի քան 30% (1981) ունի բարձրագույն կրթություն։ Մտավորականությունը բանվոր դասակարգի և գյուղացիության հետ մեկտեղ մասնակցում է կոմունիստական շինարարությանը։ Մեծ է նրա ներդրումը կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման, հոգևոր մշակույթի ծաղկման, գիտության և տեխնիկայի զարգացման, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարի, սովետական մարդկանց մարքսիզմ- լենինիզմի ոգով դաստիարակելու գործում։ Կոմունիստական կուսակցությունը և սովետական պետությունն ամրապնդում են մտավորականության ստեղծագործական միություններն ու կազմակերպությունները, հոգ տանում նրա գաղափարական կոփվածության, աշխատանքային և քաղաքական ակտիվության, կոմունիստական շինարարության խնդիրների լուծման հարցում նրա դերի բարձրացման համար։ Հայկական ազգային մշակույթի ստեղծման մեջ իր մասն ունի սփյուռքահայ մտավորականությունը, որը գաղթավայրերում հայապահպանման ջատագովն ու կազմակերպողն է։ Նրա առաջադեմ և հեռատես մեծամասնությունը աշխարհի հայությանը կոչ է անում համախմբվել Խորհրդային Հայաստանի շուրջը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 63