Մուհամմեդ Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Ալի
Muhammad
Ali
Muhammad Ali NYWTS.jpg
Ալին 1967 թ.
Ծնվել է հունվարի 17, 1942 (1942-01-17) (72 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լուիսվիլ, Կենթակի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոն Կաթոլիկություն (1942-1962)
Իսլամ (1962-այժմ)
Աշխատանք Բռնցքամարտիկ, հասարակական գործիչ
Ծնողներ Կասիոս Մարսելուս Քլեյ ավագ (հայր)
Օդեսսա Օ՛Գրեյդի Քլեյ (մայր)
Կայք Ali.com

Մուհամմեդ Ալի (անգլ.՝ Muhammad Ali), (հունվարի 17, 1942, Լուիսվիլ, ԱՄՆ), ծնված որպես՝ Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր (անգլ.՝ Cassius Marcellus Clay, Jr.), աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ։

Ալին 1960 թվականի 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն` թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964—1966, 1974—1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամասագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը: 1974 թվականին, մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»։ Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990)։ Վառ բանախոս է[1]։

Ծնվելով որպես Կասիուս Քլեյ 1964 թվականի փետրվարի 25-ին մրցամարտում հաղթելուց հետո՝ միանում է Դետրոյթում ստեղծված «Իսլամի ազգ» կրոնական շարժմանը, 1975 թվականին դառնում է սուննի մահմեդական և փոխում է անունը Կասիուս Իքս (անգլ.՝ Cassius X), այնուհետև՝ Մուհամմեդ Ալի և հետագայում հանդես գալիս այդպես։ 1967 թվականին՝ երեք տարի անց իր՝ աշխարհի ծանրքաշային չեմպիոն հռչակվելուց հետո, Ալին հրաժարվում է միանալ ԱՄՆ զինված ուժերին, որն այդ ժամանակ մասնակցում էր Վիետնամի պատերազմին, ինչի պատճառով որակազրկվում է 3 տարով, ինչպես նաև զրկվում հաղթանակած տիտղոսներից։ Եվ Ալին էր դեմ պատերազմին, և իր կրոնական համոզմունքները։ Այդ ժամանակ նա նշում է. «Ես էդ Վիետ Կոնգի հետ կռիվ չունեմ․․․ դրանցից ոչ մեկն ինձ երբևէ նեգր չի անվանել» (անգլ.՝ "I ain't got no quarrel with them Viet Cong․․․ No Viet Cong ever called me nigger")։ Վերադառնալով մարզաշխարհ՝ նա ետ է գրավում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ պայքարելով «բռնցքամարտի ոսկե դարաշրջանի» լավագույն բռնցքամարտիկների դեմ։

Այդ խոսքերով Ալին մեծ բողոքի ալիք է բարձրացնում երիտասարդ ամերիկացիների շրջանում, ովքեր դեմ էին Վիետնամի դեմ մղվող պատերազմին։ Ալիի խոսքերն իրենց հերթին ներշնչանքի աղբյուր էին հանդիսանում սևամորթների իրավունքների նշանավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգի համար։

Ալիի անունը կապվում է բռնցքամարտի պատմության մի շարք մեծագույն մարտերի հետ։ Այդպիսի պատմական հանդիպումներից առանձնանում են նրա և Ջո Ֆրեյզերի միջև տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպես նաև նրա ու Ջորջ Ֆորմանի մարտը, որտեղ նա 7 տարի անց ի վերջո հետ է նվաճում կորցրած տիտղոսները։

Մարզական գործունեությունը վերջացնելուց հետո զբաղվել է հասարակական և բարեգործական գործունեությամբ, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008

1999 թվականին «Sports Illustrated» հանդեսի կողմից Ալին ճանաչվում է «Դարի մարզիկ», իսկ BBC-ի կողմից՝ «Դարի սպորտային անձ»[2][3]։

Կենսագրություն[խմբագրել]

Կասիուս Մարցելուս Կլեյ-կրտսերը ծնվել է 1942 թվականի հունվարի 17-ին Լուիսվիլում` Կենտուկի նահանգում, տնային տնտեսուհի` Օդեսա Կլեյի և Կասիուս Կլեյի ցուցանկարների և պաստառների նկարչի ընտանիքում։ Երկու տարի անց ծնվեց նրա միակ հարազատ եղբայրը` Ռուդոլֆը, ով հետագայում իր անունը փոխեց Ռահման Ալիի։ Կասիուս ավագը կարծում էր, որ հանդիսանում է հայտնի լիբերալիստ, քաղաքական գործիչ` Հենրի Կլեյի հետնորդը, ով ներկայացնում էր Կենտուկի նահանգը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Կասիուսի ընտանիքը եղել է սևամորթ միջին դասի ներկայացուցիչ. Կլեյները ապրում էին ավելի աղքատ, քան սպիտակամորթ դասի միջին ներկայացուցիչները, բայց միաժամանակ, նրանք կարիքավորներ չէին։

Կասիուս Ավագը պաստառներ էր նկարում, փորձում էր պրոֆեսիոնալ նկարիչ դառնալ, իսկ նրա կինը ժամանակ առ ժամանակ պատրաստում և մաքրություն էր անում սպիտակամորթ ապահովված ընտանիքների տներում։ Որոշ ժամանակ իրենց խնայողություններով գնեցին 4500 դոլարանոց տնակ՝ նորմալ «սևամորթ թաղամասում»։ Ի տարբերություն իր շատ հասակակից սևամորթների, ովքեր ստիպված էին փոքր տարիքից հոգալ ընտանիքի մասին, Կասիուսը մանկության ընթացքում չի աշխատել։ Միայն հազվադեպ աշխատում էր Լուիսվիլլսյան համալսարանում (լվանում էր դասարանային սեղանները և գրատախտակները), որպեսզի գրպանի մշտական գումար ունենար։ Ըստ մոր հիշողությունների, զբոսանքների ժամանակ անցորդները հաճախ էին ասում, որ իր տղան կարող է դառնալ հաջորդ Ջո Լուիսը[4]։

1950 թվականի սկզբին Լուիսվիլում տարածված էր ռասայական անհավասարությունը, որը մեծ ազդեցություն թողեց տաս տարեկան Կասիուսի անձի ձևավորման վրա։ Հետագայում նա հիշում էր, որ շատ անգամներ քնելուց առաջ լաց է եղել նրա համար, որ չէր հասկանում, թե ինչու էին հասարակության մեջ սևամորթներին երկրորդական տեսակի մարդիկ համարում։

Մի առիթով Կասիուս Ավագը երեխաներին ցույց տվեց Թիլլայի աղճատված մարմնի լուսանկարները, որպեսզի բացատրի նրանց, թե ինչ է «սպիտակների արդարությունը»։ Կասիուսի մայրը հետազոտեց իր տոհմածառը մինչև իր իռլանդացի պապը ` Էյբա Գրեյդին: Այն փաստը, որ նրա երակներում սպիտակամորթի արյուն էր հոսում հատուկ հպարտության առիթ էր Օդեսայի համար, բայց տհաճ էր նրա տղայի համար, ով ամբողջ կյանքում կտրականապես դեմ էր վերաբերվում ռասային անհավասարությանը ԱՄՆ-ում: Հասարակական ելույթների ժամանակ նա պնդում էր, որ իր երակներով հոսող սպիտակ արյունը, «բռնավոր-ստրկատերերի» արյունն է, այն ինչ, իրականում նրա իռլանդացի նախնին օրինական ամուսնացել էր իր սևամորթ կնոջ հետ[5]։

Aquote1.png «Երբ ես նայում էի ինձ հայելու մեջ, ես հպարտ էի նրանով ինչ տեսնում էի, բայց կային շատ սևամորթ մարդիկ, ովքեր չէին ուզում լինել այն, ինչ կային: Փոքրիկ սևամորթ երեխաները ինչ-որ մեկին նմանվելու օրինակ չունեին: Մենք չունեինք ոչ մի հերոս, ով մեզ նման լիներ: Նույնիսկ Հիսուսը միշտ սպիտակամորթ էր նկարների մեջ… Այնուհետև ես նկատեցի, որ բոլոր նկարներում հրեշտակներն էլ սպիտակամորթ էին: Եվ ես մի օր հարցրեցի մայրիկիս,— «Ի՞նչ է լինելու երբ մենք մահանանք, արդյո՞ք մենք կհայտնվենք դրախտում»:
— Մուհամեդ Ալի
Aquote2.png


Կլեյը բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանում, այն բանից հետո, երբ նրանից գողացան իր կարմիր հեծանիվը՝ Schwinn Bicycle Company մակնիշի, որը նա գնել էր իր իսկ աշխատած գումարով։ Գնումից մեկ օր հետո Կասսիուսը ընկերոջ հետ գնաց շուկա, որտեղ երեխաներին անվճար պաղպաղակ էին հյուրասիրում։ Երբ պատրաստվում էր տուն գնալ շուկայից՝ պարզեց, որ նրանից գողացել են հեծանիվը։ Կլեյը շատ էր տխրել և հենց այդ պահին էլ հանդիպեց սպիտակամաշկ ոստիկան Ջո Մարտին, ասելով նրան, որ կծեծի գողին, իսկ դրան ի պատասխան Մարտինը ասեց․ «Մինչև ինչ-որ մեկին ծեծելը, նախ և առաջ ծեծել սովորիր»։ Նա հրավիրեց Կասսիուսին մարզադահլիճ, որտեղ մարզում էր երիտասարդ բռնցքամարտիկներին, որոնցից շատերը մասնակցում էին «Ոսկե ձեռնոցներ» սիրողական մրցաշարերին։

Կլեյը չգնաց, սակայն երկու շաբաթ անց հեռուստացույցով «Ապագա չեմպիոնները» (անգլ.՝ Future Champions) հեռուստահաղորդումով տեսավ Մարտինին և նրա բռնցքամարտիկներին։ Նրան գրավեց այն միտքը, որ եթե նա սկսի պարապել, ընկերները նրան կտեսնեն հեռուստացույցով, և հենց հաջորդ օրը եղբոր՝ Կասսիուսի հետ գնաց մարզադահլիճ։ Հենց ամենասկզբից նրան շատ դժվար էր պարապել, Կլեյը մշտապես գրգռում էր մյուս տղաներին՝ ամբողջ դալիճով մեկ հայտարարելով, թե ամենալավ բռնցքամարտիկն է և աշխարհի չեմպիոն է դառնալու։ Այդ պատճառով Մարտինը ստիպված էր որոշ ժամանակով նրան վռնդել դահլիճից։ Մարզիչները՝ բացի Ֆրեդ Սթոուներից, ով նրան սովորեցրեց ճիշտ կատարել ջեբը, Կասսիուսի մեջ առանձնակի ներուժ չէին տեսնում։

Դահլիճ այցելելու վեց ամիսը լրանալուն պես տեղի ունեցավ Կասսիուսի սիրողական առաջնելույթը։ Ինչպես և Կլեյը կարծում էր մարտը հեռարձակվեց «Ապագա չեմպիոնները» հաղորդման ընթացքում։ Նրա մրցակիցը դեռահաս Ռոննի Օ'Կիֆն էր։ Երկու բռնցքամարտիկներն էլ ելույթ էին ունենում 89 ֆունտ քաշային կարգում (40, 389 կգ)։ Կասսիուսը ավելի երիտասարդ և անփորձ էր, չնայած դրան նա ժյուրիի որոշմամբ հաղթեց։ Արդյունքների ամփոփումից հետո Կլեյը տեսախցիկի մեջ սկսեց գոռալ, որ աշխարհահռչակ բռնցքամարտիկ է դառնալու։ Այդ պահից սկսած նա ամեն օր աշխատում էր բռնցքամարտային տեխնիկայի և դիմացկունության վրա։ Հաճախ վազքով էր գնում դպրոց՝ ավտոբուսով գնալու փոխարեն։ Նա չէր խմում, չէր ծխում և թմրանյութ չէր օգտագործում՝ դառնալով առողջ սնման կողմնակից։ [6][7]

Հաջորդ երկու տարիների ընթացքում Կլեյը երեք ամիսը մեկ անցկացնում էր մեկ մարտ՝ հաղթելով մեկը մյուսի ետևից։ 1956 թվականին նա իր կարիերայի մեջ առաջին անգամ հաղթեց «Ոսկե ձեռնոց» մրցաշարում։ 1957 թվականին, երբ բժիշկները սրտում հայտնաբերեցին աղմուկներ (հետագայում պարզվեց, որ սիրտը լիովին առողջ է) նա ստիպված չորս ամիս դադարեցրեց մարզումները։ 15 տարեկանում Կլեյը տեղափոխվեց Լուիսվիլլի Կենտրոնական բարձրագույն դպրոց՝ քաղաքում աֆրոամերիկացիների խոշորագույն դպրոցը։ Կասսիուսի առաջադիմությունն այնքան վատ էր, որ նա ստիպված էր մնալ նույն դասարանում, սակայն դպրոցի տնօրեն Էդվուդ Ուիլսոնի աջակցության շնորհիվ նա կարողացավ ավարտել ուսումնական հաստատությունը։

Կլեյի նպատակասլացությունը և համառ մարզումները Ուիլսոնի վրա տպավորություն գործեցին և նա ցանկացավ, որպեսզի հեռանկարային մարզիկը ավարտի ուսումը և դպրոցին բերի համբավ։ 1960 թվականի հունիսին Կասսիուսն ավարտեց կրթական հաստատությունը՝ ստանալով ոչ թե դիպլոմ, որը տրվում էր ուցումը հաջող ավարտելուց, այլ այցելության վկայական։ Նրա մոտ ընդմիշտ ընթերցանության խնդիրներ մնացին․ շրջապատի մարդիկ հաճախ էին կարդում նրա համար։ Դպրոցն ավարտելիս Կլեյը սիրողական ռինգում ունեցել էր 100 հաղթանակ և միայն 8 պարտություն։ Նրա գլխավոր հաջողություններն էին համարվում «Ոսկե ձեռնոց» և Մարմնամարզության սիրողական միության 1959, 1960 թվականների երկու մրցաշարի հաղթանակները։ Այդ ժամանակ Կասիուսն սկսեց ստեղծել իր սեփական պայքարի անկրկնելի ոճը։ Նա ոտնաթաթերով, կախ գցած ձեռքերով պարում էր մրցակցի շուրջը՝ հրահրելով հակառակորդին կատարել հուժկու հարված, որից հմտորեն խուսափում էր։ Այդ ձևը մարզիչների և վետերան բռնցքամարտիկների շրջանում առաջացնում էր բացասական կարծիքներ։ [8]

Կասսիուսը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բայց մարզիչը համոզեց սպասել և մասնակցել 1960 թվականի օլիմպիական խաղերին։ 1960 թվականի Մարմնամարզիկների սիրողական միության մրցաշարի հաղթանակի շնորհիվ Կլեյը ստացավ Օլիմպիական խաղերի ընտրական փուլի հրավեր, որը տեղի էր ունենում Սան Ֆրանցիսկոյում։ Կասիուսը վախենում էր թռիչքներից և մրցույթի ճանապարհը դարձավ նրա համար փորձություն։ 18 տարեկան հասակում գերքաշայիններից նա առաջին ամենակրտսեր մասնակիցն էր։ Մրցաշարից առաջ տեղական մամուլը Կլեյի մասին գրել էր մի քանի աղմկահարույց հոդվածներ, հիմնականում նրա շփվելու, մեծամիտ պահվածքի մասին, ինչի համար հանդիսատեսը նրա երկրորդ մարտի ժամանակ սուլում էր։ Չնայած դրան՝ Կասսիուսը վստահորեն հաղթեց իր բոլոր մրցակիցներին, մինչ եզրափակչում հանդիպեց ԱՄՆ-ի բանակը ներկայացնող անզիջող բռնցքամարտիկ Ալան Հադսոնին։ Առաջին մրցափուլի ընթացքում Կլեյը դիպուկ հարված ստացավ և ընկավ ռինգի հատակին, սակայն կարողացավ կանգնել և շարունակել պայքարը։ Հավասար երկրորդ ռաունդից հետո Կասսիուսը երրորդ երեք րոպեում խիստ արագացրեց տեմպը և հարվածեց հակառակորդի գլխին ուղիղ հարվածով, որից հետո մրցավարը դադարեցրեց մարտը։ Մրցաշարի ավարտից հետո Կլեյը դեն նետեց ինքնաթիռի հետադարձ տոմսը, մրցավարներից մեկից պարտքով գումար վերցրեց և Լուիսվիլլ վերադարձավ գնացքով։ [9]

Օլիմպիական խաղեր[խմբագրել]

Օլիմպիական 17-րդ խաղերի բացումը Հռոմում, օգոստոսի 25, 1960

Օլիմպիադային մասնակցելու համար Կասիուսին անհրաժեշտ էր կրկին մեկնել ինքնաթիռով։ Երբ պարզվեց, որ անհնար է նավով գնալ, նա ասաց իր մարզիչին, որ հրաժարվում է մասնակցել Օլիմպիական խաղերին։ Երկու ժամ շարունակ Կլեյի ուսուցիչը համոզում էր նրան, որ եթե նա չթռչի, կձախողի իր կարերան։ Արդյունքում, Կասիուսը համաձայնվեց թռչել, բայց անվտանգության միջոցներ ձեռք առնելով՝ զինվորական խանութից ձեռք բերեց պարաշյուտ և թռավ պատրաստ պահած վիճակում։ Հռոմ հասնելուն պես Կլեյը տեղավորվեց Օլիմպիական ավանում և իսկույն դարձավ մարզիկների շրջանում կարևոր անձ։ Նա ծանոթանում էր արտասահմանցիների հետ, անխտիր բոլորին պատմում էր, որ ոսկե մեդալ է ձեռք բերելու, կրծքանշաններ էր փոխանակում մյուս մասնակիցների հետ։ Շատերն էին կատակում, որ եթե հարկ լիներ օլիմպիական ավանի քաղաքագլուխ ընտրել, անպայման կընտրվեր Կլեյը։[10]

Լավ տրամադրությունը չէր լքում Կասիուսին մրցումների ժամանակ, նա հեշտությամբ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց օլիմպիական մրցաշարի իր առաջին մրցակից բելգիացի Իվոն Բեկոյին։ Քառորդ եզրափակչում Կլեյը մրցեց խորհրդային բռնցքամարտիկ Գենադի Շատկովի հետ։ Մարտը թելադրում էր Կասիուսը, և մրցավարները միաձայն նրան հաղթող ճանաչեցին։ Կիսաեզրափակիչ փուլում Կլեյի դիմաց ծանոթ հակառակորդ էր՝ ավստարալիացի Տոնի Մեդիգանը (Կասիուսը հաղթել էր նրան 1959 թվականին)։ Լարված մենամարտից Մեդիգանի սպասումներին հակառակ՝ մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Կլեին։ Եզրափակչում նրան սպասում էր լեհ փորձառու բռնցքամարտիկ Զգիբնեո Պետշիկովսկին, ով ինը տարով մեծ էր Կասիուսից և իր հաշվին ուներ գրանցած 230 մարտ։ Պետշիկովսկին մարտն սկսեց հարձակողական գործելաոճով, փորձելով արագ կերպով վերջացնել մարտը։ Երկրորդ ռաունդում Կլեյը ստիպված էր հրաժարվել իրեն հատուկ «թեթև» գործելաոճից և մի քանի ուժգին հարված հասցնել իր լեհ մրցակցին։ Նա չդանդաղեցրեց թափը նաև վերջին ռաունդում՝ հակառակորդին հասցնելով արագ հարվածների շարք։ Մարտի վերջում Զբիգնյովը հենված էր պարաններին և մոտ էր ժամկետից շուտ պարտությանը, բայց դիմացավ մինչև եզրափակիչ կոչնազանգը։ Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Կասիուս Կլեյը. մի քանի րոպե անց նրան շնորհվեց օլիմպիական ոսկե մեդալ։[11]

Մինչ ԱՄՆ մեկնելը Կասիուսը ամեն տեղ գնում էր մեդալով, որից չէր բաժանվում նույնիսկ քնելու ժամանակ։ Լուիսվիլի քաղաքապետ Բրյուս Հոմբլիցելը, չիրլիդերներն ու հարյուրավոր երկրպագուներ դիմավորեցին նրան օդանավակայանում։ Կասիուսը տոնական ավտոշարասյունով մոտեցավ իր դպրոցին, որտեղ նրան դիմավորեցին ավելի շատ երկրպագուներ՝ «Բարի գալուստ տուն, չեմպիոն» գրությամբ բաններով։ Քաղաքապետը հանդես եկավ ճառով, որտեղ Կլեյին քաղաքի երիտասարդության համար որպես օրինակ ներկայացրեց։ Երբ Կլեյը տուն հասավ, տեսավ, որ հայրը մուտքի աստիճանները ներկել է ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ և սպիտակ։ Ավագ Կասիուսը գրկեց որդուն և ասաց՝ «Աստված, պահպանի՛ր Ամերիկան»։ Կլեյը շարունակեց հպարտորեն կրել իր մեդալը։ Բայց մի անգամ նա Լուիսվիլում մտավ մի ռեստորան, որտեղ չէին սպասարկում «գունավորներին»։ Նա խնդրեց ճաշացանկը, բայց նրան մերժեցին և խնդրեցին հեռանալ։ Ի պատասխան՝ Կասսիուսը մատնացույց արեց իր մեդալն ու ասաց, որ ինքն օլիմպիական չեմպիոն է, բայց նրան նորից մերժեցին։ Նրա եղբայր Ռահմանի խոսքերով, Կլեյն այնպես վրդովվեց, որ շարժվեց դեպի Օհայո գետի վրա գտնվող կամուրջը և իր մեդալը ջուրը շպրտեց։ 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը ԱՄՆ-ի և Հարավսլավիայի բասկետբոլի հավաքականների խաղի ընդմիջման ժամանակ անցկացրեց պարգևատրման կրկնակի արարողություն և չեմպիոնին հանձնեց կորցրած մեդալի կրկնօրինակը։[11][12]

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել]

Aquote1.png «Ես մարտի էի դուրս գալիս, որպեսզի արժանանամ աշխարհի չեմպիոնի կոչման, որպեսզի կարողանամ դուրս գալ փողոց և ասեմ այն, ինչ գալիս է մտքիս: Ես ուզում էի գնալ գործազուրկ մարդկանց մոտ, որոնց համար թմրանյութն ու աղքատությունը իրենց առօրյա կյանքի անբաժան մասն էին: Ես ուզում էի չեմպիոն դառնալ, ով հասանելի էր բոլորի համար: Ես հույս ունեի ոգևորել ուրիշներին, որպեսզի նրանք սկսեին տնօրինել իրենց ճակատագիրը և ապրեին հպարտ ու նպատակասլաց[13]»-
— Մուհամեդ Ալի
Aquote2.png


Պրոֆեսիոնալ կարիերայի սկզբում Կասիուսին պետք էր կողմնորոշվել իր մենեջերի հարցում: Նա ուզում էր, որ դա լիներ իր կուռքերից մեկը՝ Շուգար Ռեյ Ռոբինսոնը կամ Ջո Լուիսը, բայց նրանք հրաժարվեցին: Ռոբինսոնի համար ուղղակի հետաքրքիր չէր, իսկ Լուիսը՝ որպես համեստ ու հանգիստ բնավորությամբ անձնավորություն, չէր ուզում աշխատել Կլեյի հետ: Արդյունքում Կասիուսի մենեջերները դարձան 11 գործընկերներ՝ յուրաքանչյուրը ներդնելով 2800 դոլար: Կլեյն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո ստացավ 10 000 դոլար, մենեջերները իրենց վրա վերցրեցին նաև մարզիկի մարզման և թռիչքների բոլոր ծախսերը[14]:

Կլեյի դեբյուտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում տեղի ունեցավ 1960 թվականի հոկտեմբերի 29-ին, նրա մրցակիցը Տաննի Հանսեքերն էր: Մարտից առաջ Կասիուսը նրան «անբան» անվանեց և ասաց, որ «նրան հեշտությամբ կխժռի»: Կլեյը պատրաստվել էր այդ մենամարտին՝ ամեն առավոտ վազելով երկու մղոն և սպարինգներ անցկացնելով իր եղբայր Ռուդոլֆի հետ: Այդ մարզումներն օգնեցին նրան համոզիչ հաղթանակ տանել, բայց նա այդպես էլ չկարողացավ ժամանակից շուտ ավարտել 6 ռաունդանոց մենամարտը: Մարտից հետո Տաննին ասաց, որ Կլեյը կդառնա աշխարհի չեմպիոն և, որ պատիվ էր նրա հետ մարտի բռնվել ռինգում: Այդ մենամարտից հետո Կասիուսը մասնակցություն ցուցաբերեց Արչի Մուրի մարզական ճամբարին: Հռչակավոր չեմպիոնը մարզվում էր «Արյան դույլ» անունը կրող սրահում, որին կից մարգագետնում կային մի քանի գլաքարեր՝ յուրաքանչյուրի վրա գրված անցյալի մեծ չեմպիոնների անուններ՝ Ջեկ Ջոնսոն, Ջո Լուիս, Ռեյ Ռոբինսոն և այլն: Մուրը չկարողացավ ճիշտ մոտեցում ցուցաբերել երիտասարդ մարզիկին, իսկ Կլեյը խորհուրդները չէր լսում և հաճախ զայրացնում էր նրան՝ սպարինգի հրավիրելով ծանր քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնին: Արդյունքում Կասիուսը հետ վերադարձավ Լուիսվիլ՝ չսպասելով ճամբարի ավարտին: Այդ ժամանակ նրա թիմը փնտրում էր փորձառու մարզիչ, և նրանց ընտրությունը կանգնեց Անջելո Դանդիի վրա: Նա ուներ լավ մասնագետի համբավ և մարտերի ժամանակ ստացված վնասվածքների լավագույն մշակողներից մեկն էր: Դանդին համաձայնվեց լինել Կլեյի ուսուցիչը, նրա աշխատավարձը կազմում էր շաբաթը 125 դոլար՝ գումարած տարբեր բոնուսներ: Նոր մարզչի հետ մարզումների համար Կասիուսը տեղափոխվեց Մայամի: Անջելոն շատ լավ գիտեր ինչպես վարվել Կլեյի հետ. նա հարգում և փորձում էր չվերահսկել նրան, այլ միայն ճիշտ ուղղություն էր ցույց տալիս: Նա նաև չէր փորձում Կասիուսին զսպել արտահայտվել, հասկանալով, որ դա շոուի մի մասն է, որը գրավում է տրիբունաների հանդիսատեսին[15]:

Կլեյի Մայամի տեղափոխվելուց ընդամենը ութ օր անց կայացավ նրա առաջին մարտը Դանդիի ղեկավարությամբ: Նա հաղթեց ոչ այնքան հայտնի բռնցքամարտիկ Գերբ Սիլերին. մենամարտն ավարտվեց չորրորդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուդով: Իր հաջորդ հակառակորդ տոնի Էքսպերտին հաղթելուց հետո Կասիուսը հայտարարեց, որ պատրաստվում է նոկաուտի ենթարկել Ինգեմար Յուհանսոնին: Շվեդացի չեմպիոնն այդ ժամանակ գտնվում էր Մայամիում, որտեղ պետք է տեղի ունենար նրա մարտը Ֆլոյդ Պետերսոնի հետ: Կլեյի մենեջերները Յուհասսոնի հետ սպարինգ կազմակերպեցին, որի ընթացքում Կասիուսը լիովին գերազանցեց աշխարհի գործող չեմպիոնին: Ինգեմարը չկարողացավ դիպչել 19-ամյա ամերիկացուն, և երկրորդ ռաունդից հետո շվեդի մարզիչը կանգնեցրեց մարտը: Հաջորդ օրը Կլեյը նոկաուտի ենթարկեց իր պրոֆեսիոնալ կարիերայում չորրորդ մրցակցին՝ Ջիմի Ռոբինսոնին[16]:

1959 թվականին Չիկագոյում Կլեյը առաջին անգամ լսեց «Իսլամական ազգի» առաջնորդ Էլայջի Մուհամմեդին: Իսկ 1961 թվականին Մայամի տեղափոխվելուց ոչ շատ անց, Կլեյը հանդիպեց Մուհամմադի պատգամաբերի՝ Աբդուլ Ռահմանի հետ: Նրանք միասին շարժվեցին դեպի տեղական մզկիթ: Այդ էքսկուրսիան ուժեղ ազդեցություն ունեցավ երիտասարդի վրա, նա ասաց. «Մայամիի այդ մուսուլմանական տաճարը մտնելուց հետո ես իմ կյանքում առաջին անգամ զգացի հոգևորը»: Կլեյը սկսեց պարբերաբար ընթերցել «Մուհամեդը խոսում է» թերթը, հանդիպում էր «Իսլամական ազգի» անդամների հետ և ավելի հաճախ էր մտածում իր հոգևոր կյանքի մասին: 1961 թվականի վերջերին Ռահամանն սկսեց աշխատել Կլեյի թիմում, իսկ 1962 թվականի սկզբին Կլեյն ուղևորվեց Դեյտրոյդ, որտեղ հանդիպեց Էլայջի Մուհամմեդի և Մալքոլմ Իքսի հետ: «Իսլամական ազգի» առաջնորդները դարձան Կլեյի հոգևոր ուսուցիչները և մեծ ներգործություն ունեցան նրա կյանքի վրա[17]:

Կասիուսի հինգրորդ հակառակորդը Դոնի Ֆլիմանն էր, ով իր հաշվին ուներ 22 նոկաուտ, այդ թվում նաև՝ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էզարդ Չարլզի նկատմամբ: Մենամարտի ընթացքում բացվեցին Ֆլիմանի աչքերի տակ գտնվող վերքերը, բայց ռինգի մրցավարը թույլ տվեց շարունակել մարտը մինչև յոթերորդ ռաունդի ավարտը: Դրանից հետո Կլեյը վերադարձավ հայրենի Լուիսվիլ՝ Լամար Կլարկի հետ մենամարտելու համար: Կասիուսը կանխորոշեց իր հաղթանակը երկրորդ ռաունդում, ինչը և իրականացավ. մարտը կանգնեցրեցին Կլարկի քթի ջարդվածքի պատճառով: Կլեյի հաջորդ հակառակորդը բարձրահասակ հավայացի Դյուկ Սաբենդոկն էր (հասակը՝ 2,01մ): Մենամարտը անց էր կացվում Լաս Վեգասում, Կասիուսը առավելություն ուներ տասը ռաունդների ընթացքում, բայց չկարողացավ նոկաուտի ենթարկել հակառակորդին՝ մենամարտը տանելով միավորներով: Կլեյը վերադարձավ Լուիսվիլ, որտեղ 1961 թվականի հուլիսի 22-ին անցկացրեց 10-ռաունդանոց մարտ ընդդեմ Ալոնսո Ջոնսոնի: Նրա մրցակիցը զգույշ էր և աշխատում էր տարածություն պահպանել Կասիուսից՝ կարողանալով կանգուն մնալ մինչ մենամարտի ավարտը, որի ավարտից հետո մրցավարները Կլեյին հաղթող ճանաչեցին: Կլեյի հաջորդ մարտից առաջ խառնաշփոթ տեղի ունեցավ. ռինգ դուրս գալուց անմիջապես առաջ պարզվեց, որ նրա թիմից ինչ-որ մեկը մոռացել է վերցնել մարտի ձեռնոցները: Շտապ գտնվեցին նրա հին մաշված ձեռնոցները, որոնցով Կասիուսը վեցերորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել Ալեքս Միտեֆին: Մեկ ամիս անց Կլեյը նոկաուտի ենթարկեց ևս մեկ հայտնի ծանրքաշայինի՝ Վիլի Բեսմանոֆին[18]:

1962 թվականի մարտին Լուիսվիլի հավաքագրող հանձնաժողովի որոշմամբ Կլեյին տրվեց «1-A» (պիտանի է ծառայության) կարգավիճակ: Նա զորակոչային բուժհանձնաժողով ներկայացավ 1964 թվականի հունվարին՝ Լիստոնի հետ մարտից անմիջապես առաջ, և, բնականաբար, հեշտությամբ անցավ բոլոր ֆիզիկական թեստերը: Բայց մտավոր կարողությունների թեստը նրա համար ծանր փորձություն էր: Կասիուսը չկարողացավ պատասխանել «Քանի՞ ժամ է աշխատում մարդը առավոտյան ժամը 6-ից մինչև ցերեկվա ժամը 3-ը, եթե նա ունի մեկ ժամ ընդմիջման համար» հարցին: Նրա IQ-ն 78 էր, ինչը շատ ավելի ցածր էր ծառայության անցնելու համար սահմանված մինիմալ մակարդակից: 1964 թվականի մարտին նա, արդեն երեք հեգեբանների հսկողությամբ, նորից տապալեց թեսթերը. նրան տրվեց «1-Y» (պիտանի չէ ծառայության) կարգավիճակ: Ալին կատակում էր, «Ես ասում էի, որ մեծագույնն եմ, ոչ թե՝ ամենախելացին»: Այդ իրադարձությանը հասարակական արձագանքը բացասական էր, շատ քաղաքական գործիչներ բացահայտ դժգոհում էին Մուհամմեդի ոչ պիտանիության համար, ոմանք էլ նույնիսկ կասկածում էին, թե արդյո՞ք նա չի ձևացրել: Կարճ ժամանակում աղմուկը հանդարտվեց, բայց մամուլը դեռ երկար ժամանակ ուռճացնում էր Ալիի թերզարգացած ինտելեկտի թեման[19]:

1962 թվականի փետրվար-հուլիս ամիսներին Կլեյը տարավ հինգ հաղթանակ, բոլոր մարտերն ավարտվեցին նոկաուտով՝ մինչ վեցերորդ ռաունդը: Սեպտեմբերին նա այցելեց ծանր քաշայինների աշխարհի չեմպիոնի կոչման համար տարվող՝ Սոնի Լիսթոն-Ֆլոյդ Պատերսոն մենամարտին: Պատերսոնի հետ չեմպիոնի կոչման համար մենամարտելը Կասիուսի մանկության երազանքն էր, սակայն Լիսթոնը նոկաուտի ենթարկեց իր հակառակորդին հենց առաջին ռաունդում: Մենամարտից հետո Սոնին նկատեց Կլեյին և բացկանչեց՝ «Դու հաջո՛րդն ես, դատարկաբա՛ն»: Կասիուսի հերթական մրցակիցը Արչի Մուրն էր՝ իր նախկին ուսուցիչը: Մամուլն ու մասնագետները Մուրի հաղթանակի հնարավորություն չէին տեսնում, ինքն իսկ խոստովանում էր, որ համաձայնվել է մարտին փողի սակավության պատճառով: Բռնցքամարտի երեկոյի տոմսերը վատ էին վաճառվում, և որոշեցին այն տեղափոխել երեք շաբաթ հետո: Կասիուսը կանխորոշեց իր հաղթանակը չորրորդ ռաունդում և ամեն ինչ արեց, որ իր կանխատեսումն իրականանա. Մուրն ընկավ «ճիշտ» ռաունդում՝ մի քանի հարված ստանալով գլխին: Մարտից հետո Արչին ասաց. «Կլեյը կհաղթեր Ջո Լուիսին հինգ մարտերից չորսում»[17]:

Կլեյը հեշտությամբ հաղթեց իր հաջորդ հակառակորդին՝ Չարլի Պաուելին՝ նոկաուտի ենթարկելով նրան երրորդ ռաունդում, Լուսվիլի տնային ռինգում: Սակայն Նյու Յորքում կայացած Դագա Ջոնսի հետ հաջորդ մարտը Կասիուսի համար դարձավ անսպասելի փորձություն: Առաջին անգամ «Մեդիսոն-Սկվեր-Գարդեն»-ի պատմության մեջ հանդիսատեսը գնել էր բոլոր տոմսերը դեռ մարտից երկու օր առաջ: Ջոնսը լավ մարտ անցկացրեց՝ խուսափելով Կլեյի հարվածներից և հակահարձակումների անցնելով: Հավասար մարտը ձգվեց նախատեսված բոլոր տասը ռաունդներում, երեկոյի հանդիսավարը հայտարարեց, որ Կասիուսն հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Արդյունքների հայտարարումից հետո հասարակությունն սկսեց վանկարկել՝ «խաբեություն» (անգլ.՝ Fix, fix!): Մամուլո ասուլիսի ժամանակ Կլեյը նշեց, որ ինքը սուպերմեն չէ, իսկ The Ring ամսագիրը այդ մենամարտն անվանեց 1963 թվականի տարվա մարտ: Նյու Յորքում գտնվելու ժամանակ Կասիուսը ծանոթացավ Դրյուն Բանդանի Բրաունի հետ, ով հետագայում դարձավ նրա ամենամոտ ընկերն ու Կլեյի ողջ կարիերայի ընթացքում գտնվում էր նրա կողքին: Կլեյի հաջորդ մարտը ընդդեմ բրիտանացի Հենրի Կուպերի հավաքեց տպավորիչ թվով՝ 55 000 մարդ, մենամարտը տեղի ունեցավ «Ուեմբլի» ստադիոնում: Չորրորդ ռաունդում՝ գոնգից մի քանի րոպե առաջ Կուպերը Կլեյին ծանր նոկդաունի ենթարկեց: Վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ ունենալու համար, Կլեյի սեկունդանտները խորամանկության դիմեցին. ռաունդների միջև ընկած ընդմիջմանը նրանք պատռեցին Կլեյի ձեռնոցը: Քանի որ պահեստային ձեռնոցներ նրանք չունեին, սեկունդանտներից մեկը ձեռնոցների համար գնաց հանդերձարան: Այդպիսով Կասիուսը կարողացավ վերականգնվելու համար ավել ժամանակ շահել: Հինգերորդ ռաունդում Կուպերի մոտ մեծ պատռվածք առաջացավ, և ռինգի մրցավարը կանգնեցրեց մարտը: Մենամարտի ավարտից հետո Կլեյի մոտ հանդերձարան եկավ Սոնի Լիստոնի մենեջերը՝ Ջեկ Նիլոնը և ասաց, «Ես թռել եմ 3000 մղոն, որ ասեմ՝ մենք պատրաստ ենք»[20]:

Մարտ՝ աշխարհի չեմպիոնի համար[խմբագրել]

Ոչ այնքան վստահ հաղթանակը Դագ Ջոնսի նկատմամբ և Հենրի Կուպերի հետ մարտի ժամանակ ստացած նոկդաունը մասնագետներին մտածելու տեղիք տվեցին՝ պատրա՞ստ է արդյոք Կլեյը աշխարհի չեմպիոնի հետ մարտին: Լիսթոնի թիմը համոզված էր իր ենթակայի հաղթանակում. նրանք ուզում էին օգտագործել Կասիուսի վառ անհատականությունը, որպեսզի ամբողջ դահլիճը լցնեին հանդիսատեսներով, որոնց առաջ չեմպիոնը նրան նոկաուտի կենթարկեր: Կլեյն սկսեց Սոննիի վրա հոգեբանական ճնշումներ գործադրել մարտի պաշտոնապես հայտարարումից անմիջապես հետո: Նա ձգտում էր ստորացնել Լիսթոնին յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ, որը նրանից վերցնում էին լրագրողները:

Մարտից առաջ կշռման արարողության ժամանակ Կասսիուսը իրեն անվայելուչ պահեց, որի համար հետագայում տուգանվեց: Նա բացականչում էր սպառնալիքներ ու կանխատեսումներ: Բռնցքամարտիկների բուժզննում անցկացնող բժիշկներն ասում էին, որ Կլեյը գտնվում էր բանականության ժամանակավոր կորստի վիճակում: Մենամարտն սկսելուց հետո Կասիուսը պտույտներ էր կատարում Լիսթոնի շուրջ՝ խուսափելով նրա հզոր հարվածներից և հակահարձակումների անցնելով: Երրորդ ռաունդում խաղի ընթացքում բեկում մտավ. Կլեյը սկսեց բացահայտ հաղթել չեմպիոնին: Նրա հաջող կոմբինացիաներից մեկից հետո Լիսթոնի ոտքերն սկսեցին փաթ ընկնել, և նա քիչ մնաց ընկներ: Լիովին պարտված ռաունդում Սոնիի ձախ աչքի տակ պտռվածք առաջացավ, կապտուկ՝ աջ աչքի տակ: Անսպասելիորեն, չորրորդ ռաունդի ընթացքում Կլեյի մոտ տեսողության հետ խնիրներ սկսվեցին, նա աչքերում սուր ցավ էր զգում: Կասիուսը գործնականում ոչինչ չէր տեսնում և մարզիչին խնդրեց հանել ձեռնոցները: Դժվար պահին Անջելո Դանդին սառնասրտություն ցուցաբերեց. իր մարտիկին բաց թողնելով ռինգ, նա հանձնարարեց Կլեյին հաջորդ ռաունդում շարժվել ռինգում՝ խուսափելով Լիսթոնի հարձակումներից: Կլեյը կարողացավ չեմպիոնից հարվածներ բաց չթողնել, իսկ հինգերորդ ռաունդում նրա տեսողությունը վերականգնվեց: Կասիուսը կրկին գերիշխեց ռինգում, և Սոնիին բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո, ռաունդների միջև ընդմիջման ժամանակ, Լիսթոնը հրաժարվեց շարունակել մարտը: 22 տարեկանում Կլեյը դարձավ աշխարհի չեմպիոն ծանր քաշային կարգում[21]:

«Իսլամի ազգ»-ի հետ կապը[խմբագրել]

Մուհամմեդ Ալին (ձախից երկրորդը վերևի շարքում) լսում է Էլայջա Մուհամմեդի ելույթը, 1964

Լիսթոնի հետ մարտից հետո Կլեյը պաշտոնապես հայտարարեց իր «Իսլամի ազգ» մտնելու մասին: Դրանից հետո բոլորը նրան պետք է անվանեին Կասիուս Իքս (կազմակերպության անդամները հրաժարվում էին իրենց ազգանուններից, որովհետև համարում էին, որ դրանք իրենց տրվել են սպիտակամորթ ստրկատերերից): Մալքոլմ Իքսը հայտարարեց, որ Կասիուսը կդառնա ամենակարևոր մարզիկը սևամորթ ամերիկացիների համար: Էլայջա Մուհամմեդը, ով «Իսլամի ազգ»-ի հետ պրոֆեսիոնալ մարզիկների կապի հանդեպ հակասական վերաբերմունք ուներ, Չիկագոյում կայացած հանդիպման ժամանակ ուրախությամբ ընդունեց երիտասարդ չեմպիոնին: Իր ելույթից երկու շաբաթ անց Կասիուս Իքսը նոր անուն ստացավ. Էլայջան չեմպիոնին շնորհեց լիարժեք մուսուլմանական անուն, որը տրվում էր կազմակերպության մշտական անդամներին: Մուհամմեդն ընդունեց մարզիկին՝ նրան անվանելով Մուհամմեդ Ալի:

Հասարակայնության արձագանքը այդ նորությանը մեծ մասամբ բացասական էր: Կասիուս-ավագը հայտարարեց, որ «Իսլամի ազգ»-ի ներկայացուցիչները «լվացել են» իր որդու ուղեղը և որ ինքը շարունակելու է հպարտությամբ կրել իր անունը: Էդ Լասմանը՝ WBA-ի նախագահն ասաց.- «Կլեյը վնաս պատճառեց բռնցքամարտի աշխարհին․․․ և վատ օրինակ է երիտասարդության համար»: Նա փորձեց զրկել Ալիին կոչումից, բայց չկարողացավ, որովհետև նահանգների բռնցքամարտի հանձնաժողովներն արհամարհեցին նրա որոշումը: Երբ Մուհամմեդն այցելեց Նյու Յորքի բռնցքամարտիկների երեկոներից մեկը, Հարի Մարքսոնը՝ «Մեդիսոն-սկվեր-գարդեն»-ի նախագահը հրաժարվեց արտասանել չեմպիոնի նոր անունը՝ բարձրախոսով հայտարարելով,- «Դահլիճում ներկա է աշխարհի չեմպիոն Կասիուս Կլեյը»: Սևամորթ բռնցքամարտիկները ևս բացասական վերաբերվեցին Ալիի որոշմանը: Ջո Լուիսն ասում էր, որ նա խաբեց իր երկրպագուներին, իսկ Ֆլոյդ Պատերսոնը չեմպիոնին մարտի հրավիրող գրություն գրեց: Ինչպես և Լուիսը, Պատերսոնը «Իսլամի ազգ»-ը համարում էր հակաամերիկյան կազմակերպություն: Ալին արձագանքեց իրեն հատուկ պահվածքով. Լուիսին նա անվանեց «կաթնակեր», իսկ Պատերսոնին պատասխանեց,- «Ես քեզ հետ 10 ռաունդ կկռվեմ: Դու խոսել ես իմ կրոնի մասին: Ես կխաղամ քեզ հետ: Հետո ես կծեծեմ քեզ, ես դարձի կբերեմ քեզ»:[22]

Սոնի Լիսթոնի հետ երկրորդ մարտից առաջ, որը տեղի ունեցավ 1965 թվականի մարտին, Ալին ստիպված էր դժվար ընտրություն կատարել: Մալքոլմ Իքսը Աֆրիկայով և Մերձավոր Արևելքով ճանապարհորդելուց հետո փոխեց իր վերաբերմունքը սպիտակամորթների հանդեպ, ինչն առաջ բերեց կոնֆլիկտ նրա և Էլայջա Մուհամմեդի միջև: Արդյունքում Ալին ստիպված էր ընտրություն կատարել իր երկու ուսուցիչների միջև: Նա ընտրեց Էլայջա Մուհամմեդին՝ բացահայտորեն օժանդակելով նրան Լիսթոնի հետ երկրորդ մարտից հետո: Խզումը տեղի ունեցավ, երբ Ալին հանդիպեց Մալքոլմի հետ Գանայի օդանավակայանում: Մալքոլմը ողջունեց, ինչպես իրեն թվում էր, մոտիկ ընկերոջը, բայց Ալին ձեռքը չպարզեց և սառնորեն պատասխանեց,- «(Նա) իմ ընկերն էր… Մինչ այն պահը, քանի դեռ նա մնում էր «Իսլամի ազգի» անդամ»:[23]

Սկզբից Լիսթոնի և Ալիի միջև ռևանշային մարտը պետք է տեղի ունենար 1964 թվականի նոյեմբերին և անցներ «Բոստոն-գարդեն»-ում: Բայց մենամարտից երեք օր առաջ Մուհամմեդի մոտ սկսվեց աղիքային ճողվածքի սրացում, և նա վիրահատության ենթարկվեց: Մարտը տեղափոխեցին 1965 թվականի մայիսի 25, բայց այս անգամ էլ միջամտեց Մասաչուսեթսի բռնցքամարտի հանձնաժողովը, որը հրաժարվեց վավերացնել մենամարտը՝ նկատի ունենալով հանցագործների հնարավոր ազդեցությունը մարտի արդյունքների վրա:

Գործնականորեն անմիջապես Մեն նահանգի Լյուսթոնի երիտասարդ քաղաքապետն առաջարկեց մենամարտն անցկացնել իրենց ոչ մեծ քաղաքում:

Մարտի երեկոյան ոչ մեծ արենան լցված չէր. 4800 տեղանոց դահլիճում ներկա էր 4200 հանդիսատես: Բուքմեյքերների խաղադրույքները 9։5-ի հարաբերությամբ էին՝ Լիսթոնի օգտին: Բայց հակառակ նրանց կանխատեսումներին՝ Ալին նոկաուտի ենթարկեց հակառակորդին մարտի սկզբից երկու րոպե չանցած: Լիսթոնը տապալվեց ռինգի փռվածքին աննկատ հարվածից հետո: Բարկացած Մուհամմեդը հրաժարվեց գնալ չեզոք անկյուն. կռանալով մրցակցի վրա նա բացականչեց,- «Վեր կաց և կռվիր, դու՝ տականք: Չէ որ բոլորը քեզ այնքան վատն են համարում: Ոչ ոք չի հավատա դրան»:

Ռինգի մրցավարը՝ աշխարհի նախկին չեմպիոն Ջերսի Ջո Ուոլքոթը, փորձում էր Ալիին ստիպել անցնել չեզոք անկյուն, դրա փոխարեն չեմպիոնը պարում էր ռինգում՝ բարձրացրած ձեռքերով: Հետո խառնաշփոթ առաջացավ, Ուոլքոթը վերջապես կարողացավ Մուհամմեդին ստիպել անցնել չեզոք անկյուն: Այս ամբողջ ժամանակամիջոցում մրցավարները հաշիվ չբացեցեին: Լիսթոնը դժվարությամբ վեր կացավ, և մարտը շարունակվեց: Բայց հետո Նեթ Ֆլեյշները՝ The Ring ամսագրի խմբագիրը, մրցավարին մոտ կանչեց և ասաց, որ Լիսթոնը ռինգի փռվածքին գտնվում էր 17 վայրկյան: Ուոլքոթը բաժանեց բռնցքամարտիկներին դեպի ռինգի անկյուններ, և մենամարտը պաշտոնապես ավարտվեց:

Լիսթոնն այնքան վատ էր զգում իրեն, որ հոտավետ աղ խնդրեց, որպեսզի ուշքի գա: Սոննիին աջակցելու համար նրա մոտ հանդերձարան ուղևորվեց Ֆլոյդ Պատերսոնը՝ մարդ, ով նրա կողմից երկու անգամ նոկաուտի էր ենթարկվել: Այդ ընթացքում Ալին հարցազրույց էր տալիս ռինգում. նա կասկածում էր՝ արդյոք Լիսթոնը դիտավորյալ չէր ընկել, բայց տեսագրության կրկնությունից հետո եկավ եզրակացության, որ դա լավ հարված էր: Ավելի ուշ Սոնին ասաց, որ հարվածը ցնցեց իրեն, բայց նա այդքան երկար ժամանակ ոտքի չէր կանգնում, որովհետև մտածում էր, որ Ալին նրան վերջ կտար բարձրանալու պահին: Մուհամեդը կոչումի առաջին պահպանությունից հետո ձեռք բերեց համաշխարհային բռնցքամարտի աստղի կարգավիճակ, և նա պարզապես չուներ լուրջ մրցակիցներ: Ոչ ոք չէր ուզում երրորդ մարտ Լիսթոնի հետ, իսկ երկու հավանական թեկնածուները՝ Քլիվլենդ Ուիլյամսը և Էդդի Մաչենը, վերջերս էին պարտվել հենց նույն Սոնիի կողմից: Քանի որ Ալին ռեալ մրցակիցներ չուներ, որոշեց արձակուրդ վերցնել և ուղևորվել համաշխարհային շրջագայության, որի ընթացքում նա այցելեց Պուերտո Ռիկո, Շվեդիա, Լոնդոն և Բելիզ:[24]

Պատերսոնի հետ մենամարտը[խմբագրել]

Ալին ճանապարհորդությունից վերադարձավ աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Պատերսոնին հաղթելու նպատակով: Մուհամմեդի մանկության կուռքը մշտապես քննադատում էր նրան մամուլում «Իսլամի ազգ»-ի հետ կապի համար և համառորեն շարունակում էր նրան անվանել Կլեյ: Ալին հետ չէր մնում և հանգիստ չէր տալիս Պետերսոնին բռնցքամարտիկների մարտերին պատրաստվելու ժամանակաշրջանում: Նա քննադատում էր նրա կենսակերպը, ակնարկում էր այն մասին, որ Ֆլոյդի համար հարմարավետ է սպիտակամորթ մարդկանց շրջապատում ապրել: Կշռման արարողությունների ժամանակ Մուհամմեդը շատ ավելի հանգիստ էր, քան այդ արարողությունների ժամանակ Լիսթոնի հետ մարտերում: Մենամարտից առաջ Պատերսոնին աջակցում էին շատ հանրահայտ դեմքեր, այդ թվում՝ հանրահայտ երգիչ Ֆրենկ Սենատրան. մարտի օրը, առավոտյան Ֆլոյդը հյուրընկալվել էր նրան: Երեկոյան Լաս Վեգասում հորդ անձրև սկսվեց, ինչի հետ էլ կապում էին հանդիսատեսների սակավաթիվ լինելը (մոտավորապես 8000 մարդ): Ռինգ դուրս գալուց առաջ Ալին կիսվեց մամուլի հետ մարտի հետ կապված իր պլաններով. նա ասաց, որ չի պատրաստվում արագ նոկաուտի ենթարկել հակառակորդին, այլ երկար ժամանակ «ապադասակարգայնացնելու է» Պատերսոնին հանրության առաջ: Առաջին ռաունդում Ալին սկսեց պտտվել մրցակցի շուրջ, հասցնելով դիպուկ ջեմբեր և հեշտությամբ խույս տալով հակառակորդի մեծաթափ հարձակումներից: Հաջորդ տասնմեկ ռաունդները Մուհամմեդը անցկացրեց նույն գործելաոճով՝ թույլ չտալով գործել Պատտերսոնին, բայց և չհասցրեց վճռական հարվածներ: Տասներկուերորդ ռաունդում չեմպիոնը, վերջապես, սկսեց հարվածել ամբողջ ուժով. նա հասցրեց մի քանի դիպուկ ուժեղ հարվածներ, և ռինգի մրցավարը կանգնեցրեց մարտը: Մենամարտի ավարտից հետո Պատերսոնին դեռ երկար ժամանակ չէին կարողանում ուշքի բերել, իսկ Ալին ասաց, որ զարմացած է, որ իր մրցակիցը դիմացել է դիպուկ հարվածների այդ քանակին[25]:

Ալիի ավանդական բանավոր հարձակումը ուղղված էր հաջորդ մրցակցին՝ սպիտակամորթ թեկնածու Ջորջ Չուվալոյին, որի հետ մարտը կայացավ 1966 թվականի մարտ ամսին: Մուհամեդը անվանեց նրան «ամանեղեն լվացող» և բողոքեց, որ նրա հետ մենամարտը կլինի չափազանց պարզ: Չուվալոն հակադարձում էր նրանով, որ ինքն իրեն ավելի հզոր մարզիկ է համարում և գրոհելու է չեմպիոնին մոտ տարածությունից: Գործնականում Ալին գերիշխում էր ամբողջ մարտի ընթացքում, թեկնածուն բաց թողեց ահռելի քանակությամբ դիպուկ հարվածներ և կարողացավ առավելության հասնել միայն մեկ ռաունդում: Մենամարտի ավարտից հետո Չուվալոն ասաց, որ Ալին չափազանց արագաշարժ էր իր համար: Նույն տարում մայիսին Կասսիուսը ուղևորվեց Լոնդոն, որպեսզի ռևանշային խաղ անցկացնի ընդդեմ Հենրի Կուպերի: Չնայած մենամարտը նորից կանգնեցվեց Կուպերի մոտ առաջացած պատռվածքների պատճառով, այս անգամ Ալիի հաղթանակը կասկածների տեղիք չտվեց: Կուպերի պրոմոութերը խաղից հետո ասաց, որ իր կյանքում ավելի սարսափելի պատռվածք չէր տեսել: Իր հաջորդ մենամարտը Ալին նորից անցկացրեց Լոնդոնում. օգոստոսի 6-ին նա պահպանեց կոչումը՝ երեք ռաունդներում հաղթելով Բրայն Լոնդոնին: Մուհամեդը մարտն ավարտեց հարվածների արդյունավետ կոմբինացիայով՝ Լոնդոնին սեղմելով ռինգի պարաններին: 1966 թվականի սեպտեմբերի 10-ին Ալին անցկացրեց կոչումի 6-րդ պաշտպանությունը. մարտը տեղի ունեցավ Ֆրանկֆուրտում, ԳՖՀ-ում: Մրցակիցը տեղացի չեմպիոն Կարլ Միլդենբերգերն էր: Մուհամեդը հաղթեց տեխնիկական նոկաուտով տասներկուերորդ ռաունդում[26]:

1966 թվականի օգոստոսին «Իսլամի ազգի» կողմից փաստաբան վարձվեց, որը պետք է զբաղվեր Ալիին զինվորական ծառայությունից ազատելու հարցերով: Իրավիճակն այնպիսին էր, որ եթե նույնիսկ բանակը Մուհամեդին ճանաճեր մարտական գործողությունների մասնակցելու համար ոչ պիտանի, նրան կարող էին այլ կերպ օգտագործել, օրինակ՝ օժանդակ աշխատանքների համար, ինչը Ալին չէր ուզում: Հավաքագրող հանձնաժողովին ուղղված նամակում նա խոսում էր հավատքի մասին, այն մասին, որ ինքը չի կարող ոչ մի դերով մասնակցել պատերազմի: Սակայն այդ դիմումը ոչ մի արդյունք չտվեց, և հավաքագրող հանձնաժողովի որոշումը մնաց ուժի մեջ: Հակազինվորական արտահայտությունների համար տարբեր նահանգների ավելի ու ավելի մարզական հանձնաժողովներ էին հրաժարվում վավերացնել Ալիի մասնակցությամբ մարտերը: Այդ պատճառով նա ստիպված էր իր մենամարտերն անցկացնել արտասահմանում: 1966 թվականի Մուհամեդը անցկացրեց երկու մարտ Մեծ Բրիտանիայում և մեկական մարտեր Կանադայում և ԳՖՀ-ում[27][28]:

1966 թվականի նոյեմբերի 14-ին Ալին պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը յոթերորդ անգամ՝ Կլիվլենդ Ուիլյամսի հետ մարտում: Մենամարտը տեղի ունեցավ Հյուսթոնում, Տեխաս նահանգում, ոչ վաղ անցյալում կառուցված, աշխարհում առաջին ծածկապատ,մարզական «Աստրոդրոմ» կառույցում: Այն ժամանակ արենայում տեղավորվում էին 46 000 հանդիսատես: Ուիլյամսը հայտնի էր իր հզոր հարվածով, մենամարտի անցկացման պահին նա ուներ 51 վաղաժամ հաղթանակ: Մարտին ներկա գտնվող Ջո Լուիսն ասում էր, որ ինքը վստահ է Կլիվլենդի հաղթանակին:

Իր հաջորդ մենամարտը Ալին անցկացրեց «Մեդիսոն-սքվեր-գարդեն»-ում ընդդեմ Զորա Ֆոլեյի: Չեմպիոնը հեշտությամբ առավելության հասավ Ֆոլեյի նկատմամբ, որը ծանր դիվիզիոնի էլիտայում չէր: Նյու Յորքի բնակիչների աչքի առաջ Մուհամեդը նոկաուտի ենթարկեց հավակնորդին յոթերորդ ռաունդում: Այդ մարտը վերջինը դարձավ Ալիի համար՝ մինչ նրա բռնցքամարտից հեռանալը: Հաջորդ անգամ նա ռինգ դուրս եկավ ավելի քան երեք տարի անց[29][30]:

Բանակում ծառայելուց հրաժարվելը[խմբագրել]

Մուհամեդ Ալի, 1967

1967 թվականի ապրիլին Ալին պաշտոնապես հրաժարվեց զինվորական ծառայությունից: Ընդամենը մեկ ժամ հետո Նյու Յորք նահանգի Մարզական հանձնաժողովը զրկեց նրան բռնցքամարտիկի արտոնագրից և հրաժարվեց նրան աշխարհի չեմպիոն ճանաչել. դա տեղի ունեցավ մինչ պաշտոնապես մեղադրանք ներկայացնելը: Կալիֆորնիայի և Տեխասի մարզական հանձնաժողովները հետևեցին Նյու Յորքի հանձնաժողովի օրինակին, ավելի ուշ նրանց միացավ նաև WBA-ն: 1967 թվականի հունիսի 19-ին Ալիի գործով դատական նիստ կայացավ: Իրավաբանները նշում էին, որ պաշտպանական կողմը օրինական հիմքեր չունի առ այն, որ Մուհամմեդը ծառայություն չանցնի: Պլանավորվում էր, որ «Իսլամի ազգ»-ի հազարավոր անդամներ կժամանեն Հյուսթոն, որտեղ անց էր կացվում գործընթացը, որպեսզի զանգվածային ցույցեր կազմակերպեն, բայց Ալին հանդես եկավ ելույթով և խնդրեց նրանց հրաժարվել այդ մտքից: Հուլիսի 20-ին որոշվեց երդվյալների կազմը՝ վեց կին և նույնքան էլ տղամարդ, բոլորը՝ սպիտակամորթ: Լսումներից ինը ժամ անց երդվյալները հեռացան քննարկման համար, ընդամենը 21 րոպե անց վերադարձան դահլիճ և հրապարակեցին «մեղավոր է» վճիռը: Ալիի թիմը բողոքարկում ներկայացրեց, որի դատը կայացավ Նոր Օռլեանում: Այն հետաձգվեց, և Մուհամմեդը ստիպված էր լսումները շարունակել ԱՄՆ-ի Գերագույն դատարանում: [31][32][33]

Բռնցքամարտից հեռացած ժամանակ Ալին աշխատեց 3 մլն դոլար: Այդ փողերի մեծ մասը ծախսվում էր նրա շրջապատի կարիքների համար, որը մշտապես բավականաչափ մեծ էր: Մոտավորապես 100 000 դոլար Ալին ներդրեց կենսաթոշակային ֆոնդ, ինչպես նաև «Իսլամի ազգ»-ի խորհրդով՝ փոքր մուսուլմանական ընկերություններում: Այդ ներդրումների եկամուտներն օգնեցին Ալիին, բայց նրա ծախսերը լիովին չփակեցին: 1969 թվականին նա խաղաց բրոդվեյան Big Time White Buck մյուզիքլում: Չնայած այն բանին, որ ներկայացումը շուտափույթ փակվեց, Ալին քննադատներից դրական արձագանքներ ստացավ: Ավելի ուշ նա նկարահանվեց A/K/A Cassius Clay վավերագրական ֆիլմում՝ ստանալով 7000 դոլար հոնորար: Նույն տարում 900 000 դոլարով Մուհամմեդը վաճառեց իր անունը համբուրգերի գովազդում օգտագործելու իրավունքը: Ալին նաև 200 000 դոլար ստացավ իր «Հրաշալին» (անգլ.՝ The Greatest) անվանումով ինքնակենսագրության վաճառքից: Հաշիվներին ունենալով տպավորիչ գումար՝ նա, չհավատալով բողոքարկման հաջողությանը, սկսեց խոսել բռնցքամարտից հեռանալու մասին: Esquire ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա ասել էր, որ պատրաստվում է վերջ դնել կարիերային և իր կյանքը նվիրաբերել աղքատներին օգնելուն:

Հարկադրված ընդմիջման ժամանակ Մուհամմեդը հաջողությամբ սկսեց հռետորի կարիերան. երկրի շատ համալսարաններ հրավիրում էին նրան վճարովի հիմունքներով դասախոսություններ կարդալու: Այդ ելույթների ժամանակ Ալին զարմանքով պարզեց, որ չնայած իր վերաբերմունքին Վիետնամում ընթացող պատերազմին` ինքը երիտասարդության կուռքն է: Մուհամմեդն աջակցություն գտավ քոլեջներում, բազմաթիվ ուսանողներ նույնպես դեմ էին պատերազմին, նրան ծափահարում էին հոտնկայս: Դա մեծ տպավորություն գործեց Ալիի վրա, նույնիսկ բացարձակապես համոզված լինելով երկրի ռասսայական պառակտումներին՝ նա սկսեց մտածել, որ երբևէ այդ սոցիալական խնդիրը կհաղթահարվի: 1967 թվականին Ալին տաս օր անցկացրեց Ֆլորիդայի նահանգի բանտում՝ տրանսպորտային միջոցը ոչ ճիշտ կատեգորիայի վարորդական վկայականով վարելու համար:[34][35]

Aquote1.png Բանտը վատ վայր է: Ես այնտեղ անցկացրի մեկ շաբաթ, քանի դեռ մեզ չարձակեցին Ծննդյան տոներին, և դա սարսափելի էր: Դու փակված ես, դու չես կարող դուրս գալ: Վատ սնունդ և ոչ մի զբաղմունք: Դու նայում ես պատուհանից մարդկանց և մեքենաներին, և բոլորն այնպես ազատ են թվում: Փողոցում զբոսնելու կամ կուշտ քնելու նման մանրուքները անհասանելի են դառնում: Մարդը պետք է լուրջ լինի իր մտադրություններում, որպեսզի դիմանա այդ ամենին հինգ տարվա ընթացքում, ես հենց այդպիսի մարդ եմ:[36]
— Մուհամմեդ Ալի
Aquote2.png


1969 թվականի ապրիլին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ալին ասաց, որ ուրախությամբ նորից ռինգ կբարձրանա, եթե նրան լավ վճարեն: Էլայջա Մուհամեդը բարկացավ լսելով Մուհամմեդի խոսքերը, նա հեռացրեց Ալիին «Իսլամի ազգ»-ից մեկ տարով, ասելով , որ Ալիին ավելի շատ հետաքրքրում է սպիտակների փողերը քան ծառայությունը Ալլահին: Մուհամեդը շատ վհատված էր և ուժեղ անհանգստացած, բայց կատարվածն ընդունեց որպես Ալլահից ուղարկված փորձություն և շարունակուկում էր փառաբանել Էլայջային իր խոսքերում:[37]

Ալլի բացակայության ժամանակ WBC-ը և WBA-ն սկսեցին աշխարհի նոր չեմպիոն ընտրելու գործընթացը: Այն դարձավ Ջո Ֆրեյզերը՝ 1964 թվականի Օլիմպիական չեմպիոնը Ֆիլադելֆիայից: Իր կարիերայի սկզբում նա չէր համարվում բռնցքամարտի ծագող աստղ, այդ պատճառով էլ դժվարությամբ հասավ ծանր դիվիզիոնի վեիրն շրջանակներ: 1970 թվականի փետրվարի 16-ին նա հաղթեց Ջիմի Էլիսին և միավորիչ մարտում դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն:

Այդ ընթացքում Մուհամմեդի շրջապատում մարդիկ կային, ովքեր զբաղված էին Ալիի համար մենամարտ անցկացնելու տեղի փնտրտուքներով: Աչքի տակ էին առնվում նույնիսկ հնդկացիական արգելաբնակավայրերը, որոնց վրա չէին տարածվում մարզական հանձնաժողովների սանկցիաները: Սակայն այդ փորձերը հաջողությամբ չպսակվեցին. ԱՄՆ-ի հնաբնակները մերժեցին Ալիի առաջարկը, որովհետև չէին ցանկանում, որ իրենց սրբազան հողը պղծվեր դաժան սպորտով: Բանակցություններ էին ընթանում նաև Թիխուանայում (Մեքսիկա) մարտ անցկացնելու համար, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը թույլ չտվեց Ալիին լքել երկիրը:[38][34]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հուբարդ, Ալան. (15.01.2012)։ «Բռնցքամարտ: Ինչու է Մուհամմեդ Ալին իրապես հզորագույնը բոլորից»։ The Independent։ Արխիվացված օրիգինալից 2013-10-01-ին։ http://www.webcitation.org/6E2ZHkDeJ։ Վերցված է 2013-01-24։ 
  2. «CNN/SI – SI օնլայն – Sports Illustrated-ի այս շաբաթվա համարը - Ալին` «դարի մարզիկ»»։ Sports Illustrated։ http://sportsillustrated.cnn.com/features/cover/news/1999/12/02/awards։ Վերցված է Սեպտեմբերի 5, 2011։ 
  3. «Ալին թագադրվում է որպես դարի սպորտսմեն». BBC News. Դեկտեմբերի 13, 1999. http://news.bbc.co.uk/2/hi/sport/561352.stm. 
  4. Edmonds, 2006, pp. 13—14, 16
  5. Edmonds, 2006, pp. 13—14
  6. Yasmeen, 2004, p. 18
  7. Edmonds, 2006, pp. 18—19
  8. Edmonds, 2006, pp. 21—22
  9. Edmonds, 2006, p. 23—24
  10. Edmonds, 2006, p. 24—25
  11. 11,0 11,1 Edmonds, 2006, p. 25—27
  12. Կաղապար:Cite episode
  13. Yasmeen, 2004, p. 69
  14. Edmonds, 2006, pp. 28—29
  15. Edmonds, 2006, pp. 30—32
  16. Edmonds, 2006, p. 32
  17. 17,0 17,1 Edmonds, 2006, pp. 37—38
  18. Edmonds, 2006, pp. 34—35
  19. Edmonds, 2006, pp. 55—56
  20. Edmonds, 2006, p. 39
  21. Edmonds, 2006, pp. 49—52
  22. Edmonds, 2006, pp. 53—54
  23. Edmonds, 2006, pp. 56—57
  24. Edmonds, 2006, p. 57—58, 63
  25. Edmonds, 2006, pp. 64—65
  26. Edmonds, 2006, pp. 70—71
  27. Rummel, 2005, p. 49
  28. Edmonds, 2006, p. 71
  29. Կաղապար:Cite episode
  30. Rummel, 2005, p. 51
  31. Rummel, 2005, pp. 53—54
  32. Edmonds, 2006, p. 81
  33. Edmonds, 2006, p. 84
  34. 34,0 34,1 Edmonds, 2006, p. 92
  35. Rummel, 2005, pp. 54—56
  36. Rummel, 2005, p. 57
  37. Edmonds, 2006, p. 91
  38. Rummel, 2005, pp. 57—58

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝