Բլանշ Թեբոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլանշ Թեբոմ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1915(1915-09-19)[1]
ԾննդավայրMonessen, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Մահացել էմարտի 23, 2010(2010-03-23)[3][1] (94 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCanton McKinley High School?
Մասնագիտությունօպերային երգչուհի, օպերային ռեժիսոր, ուսուցչուհի, քարտուղար, դերասանուհի և թոք շոու վարող
ԱշխատավայրՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Արկանզասի համալսարան և University of Arkansas at Little Rock?[5]
Պարգևներ և
մրցանակներ
 Blanche Thebom Վիքիպահեստում

Բլանշ Թեբոմ (սեպտեմբերի 19, 1915(1915-09-19)[1], Monessen, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] - մարտի 23, 2010(2010-03-23)[3][1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի օպերային մեցցո-սոպրանո, վոկալի ուսուցիչ, օպերային ռեժիսոր։ Հանդիսանում էր ամերիկյան օպերային երգչուհիների առաջին սերնդի ներկայացուցիչներից, որոնք ունեցել են խիստ հաջողակ միջազգային կարիերա[6]։ Իր հայրենի երկրում սերտ կապ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի հետ, որը տևել է 22 տարի։ «Opera News» ամսագրում գրել էին․ «Լինելով հավակնոտ գեղեցկուհի թավշյա, դրամատիկ մեցցոյով, Թեբոմն այնքան բնական է դիտվում օպերայում․ նա բեմը լցնում է հին դպրոցը ներկայացնող դիվայի նրբագեղ հպարտությամբ, հաճուքով օգտագործելով femmes du monde դերեր կատարելու հնարավորությունը, ինչպիսիք են Մարինան «Բորիս Գոդունով» օպերայից, Սալոմեն ու Դալիլան»[7]։

Թեև հանդես է եկել լայն երգացանկով, որտեղ ընդգրկված էին ստեղծագործություններ Հենդելից ու Մոցարտից մինչև Վերդի ու Դեբյուսի, առավելապես հայտնի է եղել Ռիխարդ Վագների օպերաների կատարմամբ։ Նրա կատարմամբ վագներյան երկու ամենահայտնի դերերգերն էին Ֆրիկան «Վալկիրիա» օպերայից և Բրանգենան «Տրիստան և Իզոլդա» օպերայից[8]։ Վերջին դերերգը նա կատարել է Լոնդոնում 1952 թվականին կատարված ձայնագրության համար Կիրսթեն Ֆլագսթադի, Լյուդվիգ Զուտհաուսի և դիրիժոր Վիլհելմ Ֆուրտվենգլերի հետ։ Բացի մի քանի այլ ձայնագրություններից, կարիերայի ընթացքում նաև նկարահանվել է «Իռլանդացու աչքերը ժպտում են» (1944) և «Մեծ Կարուզո» (1951)[9] երկու խաղարկային ֆիլմերում։

1967 թվականին բեմին հրաժեշտ տալուց հետո որպես օպերային ռեժիսոր 6 տարի աշխատել է Ատլանտայում, որից հետո երգեցողություն դասավանդել ինչպես մասնավոր, այնպես էլ Արկանզասի և Սան Ֆրանցիսկոյի համալսարանների երաժշտական ֆակուլտետներում։ Նաև համահիմնադրել է Opera Arts Training Program ծրագիրը Սան Ֆրանցիսկոյի աղջիկների երգչախմբի համար և մոտավորապես չորս տասնամյակ աշխատել Մետրոպոլիտեն օպերայի վարչությունում[7]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1915 թվականին Փենսիլվանիա նահանգի Մոնեսեն քաղաքում՝ ԱՄՆ տեղափոխված շվեդ ներգաղթյալների ընտանիքում[9]։ Հասակ է առել Օհայո նահանգի Կանտոն քաղաքում, որտեղ զբաղվել է բալետով ու երգել եկեղեցու երգչախմբում։ Ավարտել է բիզնես քոլեջն ու որպես քարտուղարուհի աշխատանքի անցել Կանտոնի արդյունաբերական ֆիրմաներից մեկում[10]։

1938 թվականին, որբ դեռ աշխատում էր որպես քարտուղարուհի, ծնողների հետ ճանապարհորդել է դեպի Շվեդիա։ Ամերիկայից դեպի Եվրոպա նավանցման ժամանակ նրան նավի հյուրասենյակում երգելիս լսել է դաշնակահար Կոստի Վեհանենը, որը Մարիան Անդերսոնի մշտական նվագակցողն էր ու վոկալի ուսուցիչը։ Խիստ տպավորվելով նրա տաղանդով՝ Վեհանենն զբաղվել է այն հարցով, որ Թեբոմը Նյու Յորքում դասեր առնի Անդերսոնի վոկալի ուսուցիչ Ջուզեպպե Բոգետիի մոտ։ 1941 թվականի հուլիսին վերջինիս մահից հետո ուսումնառությունը շարունակել է Մետրոպոլիտեն օպերայի մեցցո-սոպրանո Էդիթ Ուոլկերի ու Մարգարետ Մաթցենաուերի մոտ[11][12]։

Կարիերայի սկիզբ և Մետրոպոլիտեն օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի նոյեմբերին որպես մեներգչուհի հանդես է եկել Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ տեղի Academy of Music օպերային թատրոնում[13], որտեղ 1944 թվականի նոյեմբերի 28-ին նաև ներկայացել է պրոֆեսիոնալ օպերային դեբյուտով՝ կատարելով «Տրիստան և Իզոլդա» օպերայից Բրանգենայի դերերգը․ նույն դերով հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում դեկտեմբերի 14-ին[12]։

Մետրոպոլիտեն օպերայում երգել է հաջորդ 22 համերգաշրջաններում՝ կարիերայի ընթացքում տալով 357 ներկայացում։ Մետրոպոլիտենում ամենահաճախ երգած դերերից էր Ամներիսը Վերդիի «Աիդա» օպերայից․ մի դեր, որը նա կատարել է 80 բեմադրություններում այնպիսի Աիդաների առկայությամբ, ինչպիսիք էին՝ Գլորիա Դեյվին, Ֆլորենս Կիրկը, Զինկա Միլանովան, Հերվա Նելլին, Դելիա Ռիգալը, Անտոնիետտա Ստելլան, Ռենատա Տեբալդին և Լյուբա Վելիչը ի թիվս այլոց[7][14]։ Գերազաց կատարել է Վագների օպերաները Մետրոպոլիտենում՝ կերտելով այնպիսի դերերգեր, ինչպիսիք են՝ Էրդան «Հռենոսի ոսկին» օպերայից, Մագդալենան «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայից, Օրտրուդը «Լոհենգրին» օպերայից, Վեներան «Տանհոյզեր» օպերայից, Վալտրաուտեն «Աստվածների մայրամուտը» օպերայից և Ֆրիկան «Վալկիրիա» օպերայից[7]։

1951 թվականին Մետրոպոլիտեն օպերայում երգել է Դորաբելլայի դերը Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերայի՝ Ալֆրեդ Լանտի անգլիալեզու բեմադրության պրեմիերայի ժամանակ։ Մետրոպոլիտենում հանդես է եկել ևս երկու պրեմիերայով՝ կատարելով Բաբա թուրքի դերը Իգոր Ստրավինսկու «The Rake's Progress» (1953) օպերայում և Ադելաիդի դերը Ռիխարդ Շտրաուսի «Արաբելլա» (1955) օպերայում[7]։ Մետրոպոլիտենում կատարած նրա դերերի թվում են՝ Ադալգասիան «Նորմա» օպերայից, Ասուսենան «Տրուբադուր» օպերայից, Դալիլան «Սամսոն և Դալիլա» օպերայից, Էբոլին «Դոն Կարլոս» օպերայից, Գվինևրան «Պելեաս և Մելիսանդե» օպերայից, Ջուլիետան «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Հերոդիսաը «Սալոմե» օպերայից, Կլիտեմնեստրան «Էլեկտրա» օպերայից, Լաուրա Ադորնոն «Ջոկոնդա» օպերայից, Մարֆան «Խովանշչինա» օպերայից, Մարինան «Բորիս Գոդունով» օպերայից (1956)[15], ծեր բարոնուհին «Վանեսսա» օպերայից, Օրլովսկին «Չղջիկ» օպերետից և «Կարմեն» ու «Մինյոն» օպերաների գլխավոր դերերը։ Մետրոպոլիտենում երգած նրա վերջին դերը եղել է կոմսուհին Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայից, որը նա կատարել է 1967 թվականի մարտի 6-ին, այն ժամանակ Լինկոլնի կենտրոնում դեռ նոր բացված Մետրոպոլիտեն օպերային թատրոնում[14]։

Այլ կատարողական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Մետրոպոլիտեն օպերայից, որպես հրավիրյալ դերասան հանդես է եկել ԱՄՆ-ի և արտասահմանյան օպերային ընկերությունների հետ, այդ թվում՝ Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայի Գրանդ օպերայում[16]։

Եվրոպայում դեբյուտը կատարել է 1950 թվականին՝ Ստոկհոլմի Թագավորական օպերայում հանդես գալով Դալիլայի դերերգով։ Միացյալ Թագավորությունում առաջին անգամ ելույթ է ունեցել 1950 թվականի ամռանը Գլայնդբորնյան փառատոնի ընթացքում Դորաբելլայի դերերգով[12]։ 1957 թվականին ժամանել է Լոնդոն՝ Կովենտ գարդեն արքունական թատրոնում կատարելու Դիդոյի դերերգը Էկտոր Բեռլիոզի «Տրոյացիներ» օպերայում։

1957 թվականին, Սառը պատերազմի գագաթնակետին, Թեբոմը եղել է Մոսկվայի Մեծ թատրոնում հանդես եկած առաջին ամերիկուհին, որը երեքշաբաթյա համերգաշրջանի ընթացքում կատարել է Կարմենի դերեգը[17]։ Շուտով համերգային շրջագայությամբ շրջել է Ռուսաստանում։ Ներկայացումներ է տվել նաև Հունաստանում, այդ թվում՝ Պարթենոնի առջև[17]։ 1960 թվականին Դալլասի օպերայում կատարել է Ռուգիերոյի դերերգը, 1964 թվականին՝ Բոստոնում մարմնավորել Ալբան Բերգի «Լուլու» օպերայից կոմսուհի Գեշվիցին։ Ֆիլադելֆիայի Գրանդ օպերայում հանդես է եկել նաև արքայազն Օրլովսկու (1965 և 1967) և Բրանգենայի (1967) դերերգերով[18]։

Հետ-օպերային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Մետրոպոլիտեն օպերայից հեռանալուց հետո Թեբոմն այլևս հանդես չի եկել օպերային բեմերում, սակայն պարբերաբար երգել է համերգներում և մենահամերգներում։ 1967 թվականի հունիսին նշանակվել է Ատլանտայի քաղաքային թատրոնի օպերային բաժնի ռեժիսոր[19]։ 1969 թվականին այդ կազմակերպության սնանկացումից հետո հիմնադրել է իր սեփական՝ Ատլանտայի հարավային տարածաշրջանային օպերան[20]։ Այդ ընկերության գլխավոր տնօրենն է եղել մինչև 1973 թվականը, երբ այն դադարել է գործել[7]։

Ատլանտայում աշխատելու տարիներին ակտիվորեն զբաղվել է նաև վոկալի դասեր տալով։ 1973 թվականին տեղափոխվել է Լիթլ Ռոք ու անդամագրվել Արկանզասի համալսարանի երաժշտության ֆակուլտետին։ 1980 թվականին նշանակվել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի օպերային բաժնի ղեկավար։

1980-ականների վերջին Էլիզաբեթ Էփլինգի հետ համահիմնադրել է Opera Arts Training Program ծրագիրը Սան Ֆրանցիսկոյի աղջիկների երգչախմբի համար և շարունակել ղեկավարել այդ կազմակերպությունը մինչև 2000-ականների սկիզբը։ Այդ ծրագրի մի քանի շրջանավարտներ հետագայում դարձել են պրոֆեսիոնալ օպերային երգչուհիներ[9]։ 1970-2008 թվականների ընթացքում եղել է Մետրոպոլիտեն օպերայի վարչության անդամ[7], ինչպես նաև «Միսս Ամերիկա» մրցույթի ժյուրիի կազմում[17]։

Վախճանվել է սրտի անբավարարությունից 94 տարեկանում Սան Ֆրանցիսկոյի իր տանը 2010 թվականի մարտի 23-ի երեքշաբթի օրը[21]։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blanche Thebom, mezzo-soprano: Arias from Don Carlos, La Gioconda, Tristan und Isolde, Das Rheingold, Die Walküre, Götterdämmerung and Samson et Dalila; songs of Hugo Wolf, and Gustav Mahler's Songs of a Wayfarer. Preiser 89559 CD[22]
  • Samson et Dalila (Camille Saint-Saëns), 1956, Set Svanholm, Blanche Thebom, Sigurd Björling, Herbert Sandberg, Royal Swedish Opera Orchestra and Chorus, Caprice; CAT: CAP 22054

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Օպերա Վիվրա
  2. 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134538056 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Encyclopedia of Arkansas — 2006.
  6. «Blanche Thebom; was Met Opera star». The Boston Globe. 2010 թ․ մարտի 29.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Obituaries:Met mezzo Blanche Thebom». Opera News. 74 (12). June 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Blanche Thebom: Opera Singer». The Washington Post. 2010 թ․ ապրիլի 5.
  9. 9,0 9,1 9,2 «Blanche Thebom: mezzo-soprano». The Times. 2010 թ․ ապրիլի 3.
  10. Serinus, Jason Victor (2010 թ․ մարտի 24). «In Memoriam: Blanche Thebom». San Francisco Classical Voice. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
  11. Anne McKeever (1941 թ․ հոկտեմբերի 19). «Moss Thebom Scores With Local Audience». The Telegraph-Herald.
  12. 12,0 12,1 12,2 Elizabeth Forbes (2010 թ․ ապրիլի 30). «Blanche Thebom: Mezzo-soprano lauded for her interpretations of Wagner». The Independent.
  13. «Former Secretary Scores Hit During Vocal Debut In Phila». Reading Eagle. 1941 թ․ նոյեմբերի 8.
  14. 14,0 14,1 Կաղապար:Cite
  15. Opera News, Volume XX: Number 18: March 5, 1956
  16. New York Public Library for the Performing Arts: Folder: Philadelphia Civic Grand Opera Company
  17. 17,0 17,1 17,2 «Music Obituaries: Blanche Thebom». The Daily Telegraph. 2010 թ․ մայիսի 13.
  18. Free Library of Philadelphia: Bound: Philadelphia Grand Opera Company 1955-1974
  19. «Opera Star Gets Position». The Windsor Star. 1967 թ․ հունիսի 21.
  20. «Opera Not Dead In Atlanta, Blanche Thebom Declares». Waycross Journal-Herald. 1969 թ․ մարտի 6.
  21. «Blanche Thebom dies at 94; operatic mezzo-soprano». Los Angeles Times. 2010 թ․ մարտի 30.
  22. Classical CD review of Preiser 89559, accessed 2010-03-21 Արխիվացված Դեկտեմբեր 7, 2010 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանշ Թեբոմ» հոդվածին։