Քշիշտոֆ Պենդերեցկի
Քշիշտոֆ Պենդերեցկի | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Krzysztof Penderecki |
Ի ծնե անուն | լեհ.՝ Krzysztof Eugeniusz Penderecki |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1933[1][2][3][…] Դեմբիցա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] |
Երկիր | Լեհաստան |
Մահացել է | մարտի 29, 2020[4][5][6][…] (86 տարեկան) Կրակով, Լեհաստան[7] |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ և դաշնամուր |
Աշխատավայր | Եյլի համալսարան |
Լեյբլ | EMI Classics |
Կրթություն | Կրակովի երաժշտական ակադեմիա (1958)[8] և Կրակովի համալսարան |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Union of Polish Composers? |
Ամուսին | Elżbieta Penderecka? |
Պարգևներ | |
Կայք | krzysztofpenderecki.eu |
Ստորագրություն | |
Krzysztof Penderecki Վիքիպահեստում |
Քշիշտոֆ Պենդերեցկի (լեհ.՝ Krzysztof Eugeniusz Penderecki, նոյեմբերի 23, 1933[1][2][3][…], Դեմբիցա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - մարտի 29, 2020[4][5][6][…], Կրակով, Լեհաստան[7]), լեհ կոմպոզիտոր, դիրիժոր։ The Guardian-ը նրան անվանել է լեհ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր[15]։ Նրա ամենահայտնի գործերից են Հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին, Սբ․ Ղուկասի չարչարանքները, Լեհական ռեքվիեմ, Անակլասիս ստեղծագործությունները։ Նա հեղինակել է չորս օպերա, ութ սիմֆոնիա և այլ նվագախմբային պիեսներ, բազում գործիքային կոնցերտներ, երգչախմբային ստեղծագործություններ՝ հիմնականում կրոնական տեքստերով, ինչպես նաև կամերային և գործիքային ստեղծագործություններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին, Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի[16], որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։
Կոմպոզիցիա է ուսանել Կրակովի կոնսերվատորիայում՝ Արթուր Մալավսկու և Ստանիսլավ Վիեխովիչի մոտ, ուսումն ավարտել է 1958 թ.։ Այնուհետև նշանակվել է նույն կոնսերվատորիայի դասախոս։ 1966–1968 թթ. Պենդերեցկին դասավանդել է Էսսենի (Գերմանիա) երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1968-ին դրամաշնորհ է ստացել Գերմանական ակադեմիական փոխանակման կազմակերպությունից։
1972 թ. նշանակվել է Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ Միջազգային մակարդակով Պենդերեցկու առաջին հրապարակային ելույթը կայացել է 1959 թ. Վարշավայի Աշնանային փառատոնում, որտեղ կատարել է Strophen-ը՝ երեք ստեղծագործություններից մեկը, որի համար ազգային երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի (մյուս երկու աշխատանքներն են Դավթի սաղմոսները և Ճառագայթումը)։ 1959 թ. գրել է հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին։ Այս երկի համար, որը նրա ամենից հայտնի և առավել հաճախ կատարվող գործերից է, նա արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի մրցանակին։ 1966 թ. գրել է իր առաջին խոշոր աշխատանքը Չարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասին՝ ի նշանավորումն Մյունսթերի Մայր տաճարի 700-ամյակի։ Պրեմիերան բեկումնային է դարձել Պենդերեցկու կարիերայում՝ նրան դարձնելով ամենից ականավոր կոմպոզիտորը Ստրավինսկիից հետո։ Հաջորդ տարի գրել է մեկ այլ խոշոր երգչախմբային աշխատանք՝ Dies Irae-ն։
1968-1969 թթ. Պենդերեցկին գրել է իր առաջին օպերան՝ Լուդունի դևերը, Համբուրգի պետական օպերայի պատվերով։ Պենդերեցկու հաջորդ խոշոր աշխատանքն էր Ուտրենյան։ 1970 թ. ՄԱԿ-ի համար գրել է մեկ այլ օրատորիա՝ Կոսմոգոնիա կանտատը։ Նրա պրեմիերան նշանավորվել է նախագահների, թագավորական ընտանիքների անդամների և վարչապետների ներկայությամբ։ Կոսմոգոնիան գնահատվել է որպես փայլուն ու չափազանց ինքնատիպ աշխատանք։ 1971 թ. գրել է Natura sonoris թիվ 2 ստեղծագործությունը դիրիժոր Զյուբին Մեհթայի համար։ 1972 թ. Պենդերեցկին սկսել է իր դիրիժորական կարիերան։ Այդ թվականից նա հանդես է գալիս աշխարհի կարևորագույն նվագախմբերի հետ։ 1972–1978 թթ. Քշիշտոֆ Պենդերեցկին եղել է Յեյլի համալսարանի երաժշտության պրոֆեսոր։ 1973 թ. ավարտել է իր Սիմֆոնիա թիվ 1 և Canticum Canticorum Salomonis ստեղծագործությունները։ Գրել է Magnificat-ը՝ ի նշանավորումն Զալցբուրգի Մայր տաճարի 1200-ամյակի, որը Պենդերեցկին ինքն է ղեկավարել 1974 թ. Զալցբուրգի փառատոնում։
Պենդերեցկու երկրորդ բեմական աշխատանքը Կորուսյալ դրախտն էր, որի պրեմիերան կայացել է Չիկագոյում, 1978 թ.։ Հաջորդ տարի նույն օպերան Պենդերեցկին ղեկավարել է Միլանի Լա Սկալա թատրոնում, ապա Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի հրավերով համերգ ղեկավարել Վատիկանում։ Պենդերեցկու թիվ 1 ջութակի և նվագախմբի կոնցերտի Համաշխարհային պրեմիերան կայացել է 1977 թ. Բազելում (Շվեյցարիա), մենակատար՝ Իսահակ Սթերն։ 1980 թ. Զյուբին Մեհթան ղեկավարել է թիվ 2 սիմֆոնիայի առաջին կատարումը Նյու Յորքում։ 1979–1980 թթ. գրված Te Deum գործը կատարվել է Նյու Յորքում, Բեռլինում, Վարշավայում, և Փարիզում։ 1983 թ. հունվարի 11-ին Պենդերեցկին ղեկավարել է իր Թավջութակի և նվագախմբի թիվ 2 կոնցերտի կատարումը Բեռլինի ֆիլհարմոնիայի հետ (մենակատար՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ)։ Վյուրտեմբերգի ռադիոյի և պետական թատրոնի պատվերով գրել է Լեհական ռեքվիեմը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի քառասնամյա տարելիցին։
Պենդերեցկու երրորդ օպերայի՝ Սև դիմակի համաշխարհային պրեմիերան, տեղի է ունեցել 1986 թ. Զալցբուրգի փառատոնում։ 1987 թ. արժանացել է Իսրայելի Կառլ-Վոլֆ հիմնադրամի մրցանակին։
1988 Պենդերեցկին ստացել է Գրեմի մրցանակ իր Թիվ 2 թավջութակի կոնցերտի (մենակատար՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ) համար, որ ձայնագրել է Էրատո ստուդիան։ 1989 թ. նոյեմբերին Լորին Մաազելը ղեկավարել է Պենդերեցկու Թիվ 4 սիմֆոնիան՝ գրված Ֆրանսիայի կառավարության պատվերով, ֆրանսիական հեղափոխության 200-ամյակի առթիվ։ Նույն ստեղծագործությունը 1992 թ. արժանացել է Լուիսվիլի համալսարանի Գրոմայեր երաժշտական կոմպոզիցիայի մրցանակին։
Պենդերեցկու չորրորդ օպերայի պրեմիերան՝ Ուբու արքան, տեղի է ունեցել 1991 թ. Մյունխենի պետական օպերայում։ 1992 թ. Լոզանում Ժան-Պիեռ Ռամպալն առաջին անգամ կատարել է Ֆլեյտայի կոնցերտը՝ նվիրված Պենդերեցկուն։ 1992 թ. օգոստոսին Պենդերեցկին ավարտել է իր Benedictus-ը երգչախմբի համար՝ մաեստրո Լորին Մաազելի համար, իսկ նոյեմբերին Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացրել է նրա Sanctus-ի պրեմիերան։ 1995 թ. Լայպցիգում Միջին Գերմանիայի ռադիոյի նվագախմբի հետ (դիրիժոր՝ Մարիս Յանսոն) ջութակահարուհի Անն Սոֆի Մութերն առաջին անգամ կատարել է իրեն նվիրված Պենդերեցկու Թիվ 2 ջութակի կոնցերտը։
1996 թ. դեկտեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին ավարտել է իր նոր աշխատանքը՝ Երուսաղեմի յոթ դարպասները, որով նախատեսվել է եզրափակել Երուսաղեմի 3000-ամյակի տոնակատարությունները։ Պրեմիերան կայացել է 1997-ին, Երուսաղեմում։ Նույն թվականին կոմպոզիտորն արժանացել է Բյուրեղյա մրցանակի Դավոսում (Շվեյցարիա)։ 1997-ին Մոսկվայում կայացել է Օրհներգ Սուրբ Դանիիլին ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, պատվիրված Մոսկվայի Հեռուստատեսության վեցերորդ ալիքի կողմից, ի նշանավորումն Մոսկվայի հիմնադրման 850-ամյակի։ Հաջորդ տարվա հուլիսի կայացել է նրա Credo ստեղծագործության համաշխարհային պրեմիերան Յուջինում (Օրեգոն, ԱՄՆ) կայացած Բախի փառատոնում։ 1999 Քշիշտոֆ Պենդերեցկին ստացել է երկու Գրեմի մրցանակ Լավագույն ժամանակակից դասական կոմպոզիցիայի համար (Ջութակի կոնցերտ թիվ 2 - Metamorphosen, մենակատար՝ Անն-Սոֆի Մութեր)։ 2000-ին Պենդերեցկին ստացել է «Լավագույն ապրող կոմպոզիտոր» մրցանակը Կաննի ձայնասկավառակների և երաժշտական հրատարակությունների միջազգային շուկայում։ Պենդերեցկու Ջութակի և դաշնամուրի սոնատի պրեմիերան իրականացրել են Անն-Սոֆի Մութերը և Լամբերթ Օրքիսը Բարբիքանում (Լոնդոն, 2000)։ Վիեննայի երաժշտական ընկերակցության համերգասրահի պատվերով գրված Սեքստետա առաջին անգամ կատարվել է նույն թվականին, Վիեննայում (կատարողներ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ, Յուրի Բաշմետ, Յուլիան Ռախլին, Դմիտրի Ալեքսեև, Ռադովան Վլատկովիչ և Փոլ Մեյեր)։
2001 թ. հունվարին Պենդերեցկին ավարտել է իր Concerto grosso-ն երեք թավջութակի համար, որի պրեմիերան կայացել է հունիսին, Տոկիոյում (դիրիժոր՝ Շառլ Դյուտուա, կատարողներ՝ Բորիս Պերգամենշչիկով, Հան-Նա Չան և Թրուլս Մյորք)։ 2001 թ. Պենդերեցկին ստացել է հեղինակավոր Աստուրիայի արքայազնի արվեստի մրցանակը։ Նյու Յորքի Քարնեգի հոլի պատվերով գրված Դաշնամուրի կոնցերտի առաջին կատարումը կայացել է 2002-ի մայիսին՝ Էմանուել Աքսի և Ֆիլադելֆիայի նվագախմբի կողմից (դիրիժոր՝ Վոլֆգանգ Սավալիշ)։ Պենդերեցկին եղել է Համբուրգի Հյուսիս-գերմանական և Լայպցիգի Միջին-գերմանական ռադիո-հեռուստատեսության նվագախմբերի գլխավոր դիրիժորը։ 1987–1990 թթ. եղել է Կրակովի ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 1992–2002 թթ.՝ Սան Խուանի (Պուերտո Ռիկո) Կազալսի անվան փառատոնի գեղարվեստական տնօրենը։ 1997-ին Պենդերեցկին եղել է Վարշավայի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը։ 1998-ից Պեկինի երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդականն է, իսկ 2000 թ. հոկտեմբերից՝ Չինաստանի նորաստեղծ ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրը դիրիժորը։
2005-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սեիծի Օձավայի ղեկավարությամբ իրականացրել է Պենդերեցկու՝ թավջութակի և նվագախմբի գրված Largo-ի պրեմիերան (մենակատար՝ Մստիսլավ Ռոտրոպովիչ), գրված Վիեննայի երաժշտական ընկերակցության պատվերով։ Նույն տարում Լյուքսեմբուրգում կայացել է Սիմֆոնիա թիվ 8-ի պրեմիերան, որ պատվիրել է Լյուքսեմբուրգի կառավարությունը՝ ի նշանավորումն նոր Ժոզեֆին Շառլոտ ֆիլհարմոնիկ համերգասրահի բացման։ 2005 թ. Պենդերեցկի պարգևատրվել է «Արծաթե արծիվ» շքանշանով (Լեհաստանի բարձրագույն պարգևը), իսկ 2006-ին՝ Լատվիայի Երեք աստղ շքանշանով։
2007-ին կոմպոզիտորը դարձել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի, իսկ 2008-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր։ 2008 թվականին Քշիշտոֆ Պենդերեցկին ստացել է «Արծիվներ 2008» մրցանակը Անջեյ Վայդայի «Կատինյ» ֆիլմի երաժշտության համար։ 2009-ին Պենդերեցկին ստացել է ընդունել է Լյուքսեմբուրգի մեծ դքսի Արժանյաց շքանշանը և Պատվո շքանշան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։
2010 Վիեննայի երաժշտական ընկերակցության պատվերով գրել է Ջութակի և ալտի կրնկակ կոնցերտը ի նշանավորումն ընկերակցության 200-ամյակի։ Պրեմիերան կայացել է 2012-ն հոկտեմբեր 22-ին, Վիեննայում, Բավարիայի ռադիոյի նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Մարիս Յանսոնս, մենակատարներ՝ Յանին Յանսեն (ջութակ) և Յուլիան Ռախլին (ալտ)։ Քշիշտոֆ Պենդերեցկին արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, որոնց թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արժանյաց շքանշանի մեծ խաչը բացառիկ ծառայությունների համար, Սուրբ Գևորգի ասպետական կարգը, Praemium Imperiale-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտական խորհրդի մրցանակը, Մոնակոյի իշխանության մշակութային Արժանյաց շքանշանը։ 1995 և 1996 թթ. նա արժանացել է հեռուստատեսության ակադեմիայի արվեստի և գիտության Էմմի մրցանակին։ Պենդերեցկու կյանքի և ստեղծագործության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական կինոնկարներ։
2008 և 2014 թվականներին հյուրընկալվել է Հայաստանում, որտեղ կատարվել են նրա ստեղծագործությունները։
2009 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[17]։
2013 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пендерецкий Кшиштоф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.krakow.pl/aktualnosci/238631,33,komunikat,nie_zyje_krzysztof_penderecki.html
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.sueddeutsche.de/kultur/krzysztof-penderecki-tot-1.4860594
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.radiokrakow.pl/kultura/nie-zyje-krzysztof-penderecki/
- ↑ Komponisten-Porträts (գերմ.): Bilder und Daten — 1 — Reclam-Verlag, 2003. — 400 p. — ISBN 978-3-15-018268-0
- ↑ http://isap.sejm.gov.pl/DetailsServlet?id=WMP20060020020
- ↑ http://www.e-teatr.pl/en/artykuly/16039.html
- ↑ 35. 2002 // կայք — 1990.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ http://grawemeyer.org/1992-krzysztof-penderecki/
- ↑ https://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/les-docteurs-honoris-causa.html
- ↑ Michaels, Sean (2012 թ․ հունվարի 23). «Jonny Greenwood reveals details of Krzysztof Penderecki collaboration». The Guardian.
- ↑ (www.dw.com), Deutsche Welle. «Penderecki on 'aiming for the unreachable' | Music | DW | 29.11.2013». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Ք. Պենդերեցկուն Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ Ք. ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քշիշտոֆ Պենդերեցկի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Մարտի 29 մահեր
- 2020 մահեր
- Կրակով քաղաքում մահացածներ
- Եյլի համալսարանի դասախոսներ
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Լեհ կոմպոզիտորներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Լեհ դիրիժորներ
- Լեհ մանկավարժներ
- Լեհ ջութակահարներ