Երեք աստղի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեք աստղի շքանշան
Order of three stars-of latvia.jpg
Բնագիր անվանում լատիշ․՝ Triju Zvaigžņu ordenis
Նշանաբան Per aspera ad astra
Երկիր Լատվիա Լատվիա
Տիպ
Կարգավիճակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ մարտի 24, 1924
Առաջին պարգևատրում փետրվարի 24, 1925
Պարգևատրման քանակը 8810 (1924-1940)
2166 (1994-մեր օրեր)

Երեք աստղի շքանշան (լատիշ․՝ Triju Zvaigžņu ordenis), Լատվիայի Հանրապետության պետական բարձրագույն պարգև, երկրի քաղաքացիական առաջին շքանշանը: Առաջին անգամ հաստատվել է 1924 թվականի մարտի 24-ին՝ ի նշանավորումն Լատվիայի Հանրապետության հիմնադրման: Երկրորդ անգամ հաստատվել է 1994 թվականի հոկտեմբերի 25-ին նախագահ Գունտիս Ուլմանիսի հրամանգրով: Երեք աստղի շքանշանով պարգևատրվում են մշակույթի, գիտության, մարզական, տնտեսական ոլորտներում գործունեության համար, ինչպես նաև դիվանագիտական արարողակարգի շրջանակներում:

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանի նկարագրությունը տրված է «Պետական պարգևների մասին» օրենքում: Դրա համաձայն՝ շքանշանը պետական բարձրագույն պարգև է, որի նշանաբանն է «Per aspera ad astra» («Փշերի միջով դեպի աստղեր»): Շքանշանը տրվում է հայրենիքի համար քաղաքական կառավարման, մշակութային, լուսավորական, գիտական, մարզական, տնտեսական գործունեության ոլորտներում ձեռքբերումների համար: Շքանշանով կարող են պարգևատրվել ֆիզիկական անձինք, ինչպես նաև զինվորականները և օտերերկրացիները՝ այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք[1]:

Շքանշանն ունի աստիճաններ՝ (I, II, III, IV, V) և պատվո նշանի երեք աստիճաններ (ոսկեջրած, արծաթե, բրոնզե): Շքանշանի բարձրագույն, 1-ին և 2-րդ աստիճանները կարող են նվիրվել նաև շղթայով՝ որպես լրացուցիչ պարգևատրում: Շքանշանի 1-ին աստիճանով պարգևատրվողը կոչվում է Մեծ խաչի կոմանդոր, 2-րդ աստիճանով պարգևատրվողը՝ օրդենի ավագ սպա, 3-րդ աստիճանով պարգևատրվողը՝ կոմանդոր, 4-րդ աստիճանով պարգևատրվողը՝ ասպետ[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանը ութաթև մալթական խաչ է՝ պատված սպիտակ էմալով: Ծայրերին ոսկյա գնդեր են, իսկ նրանց միջև՝ ճառագայթաձև հատվածներ: Կենտրոնում մեդալիոնն է, որի վրա պատկերված են եռանկյունաձև դասավորված ոսկյա հնգաթև երեք աստղեր: Ոսկյա շրջանակը զարդարված է երկրաչափական նախշով:

Շքանշանի դարձերեսը նման է դիմերեսին՝ բացառությամբ կենտրոնի մեդալիոնի: Այստեղ կենտրոնում գրություն է՝ «LATVIJAS REPUBLIKA 1918. G. 18. NOVEMBRIS» («Լատվիայի Հանրապետություն, նոյեմբերի 18, 1918»), իսկ ներքևում հնգաթև աստղիկ է:

Օրդենի խաչը տասաթև արծաթե խաչ է, որտեղ հինգ ճառագայներ մեծ են մնացյալից: Կենտրոնում մեդալիոնն է՝ երկնագույն էմալով ու ոսկյա հնգաթև երեք աստղերով, որոնք դասավորված են եռանկյունաձև: Ոսկյա շրջանակի վրա գրություն է՝ «PAR TĒVIJU» («Հայրենիքի համար»), որն իր հերթին պսակված է կաղնու պսակով:

Շքանշանի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին աստիճանի շքանշան շղթայով 1-ին աստիճանի շքանշան 1-ին աստիճանի շքանշան՝ կանանց պարգևատրելու համար
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
Triju Zvaigžņu ordenis.JPG
Triju Zvaigžņu ordenis I class.JPG
Triju Zvaigžņu ordenis I class D.JPG
2-րդ աստիճանի շքանշան 2-րդ աստիճանի շքանշան կանանց պարգևատրելու համար 3-րդ աստիճանի շքանշան
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
Triju Zvaigžņu ordenis II class.JPG
Triju Zvaigžņu ordenis II class D.JPG
Triju Zvaigžņu ordenis III class.JPG
3-րդ աստիճանի շքանշան կանանց պարգևատրելու համար 4-րդ աստիճանի շքանշան 5-րդ աստիճանի շքանշան
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
LVA Order of the Three Stars - Commander BAR.png
Triju Zvaigžņu ordenis III class D.JPG
Triju Zvaigžņu ordenis IV class.JPG
Triju Zvaigžņu ordenis V class.JPG

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարգև սահմանելու անհրաժեշտության մասին Օրենսդիր հավաքում սկսել են քննարկել դեռևս 1921 թվականից: Մշակվել են կարգավիճակն ու շքանշանի կաղնու պսակի դիզայնը, սակայն Օրենսդիր հավաքը հետաձգել է քննարկումը, քանի որ մինչև օրենսդրության մշակումը պարզ չէր, թե կարող է արդյոք ժողովրդավարական երկիրը պարգևներ տրամադրել ընդհանրապես[2]:

1924 թվականի մարտի 24-ին երկրի առաջին նախագահ Յանիս Չակստեն ստորագրել է շքանշան սահմանելու մասին օրենք: Էսքիզի հեղինակը եղել է նկարիչ Գուստավ Շկիլտերը: 1-ին աստիճանի առաջին ասպետներ են դարձել Յանիս Չակստեն և Զիգֆրիդ Մեյերովիցը: Պարգևատրումը կայացել է 1925 թվականի փետրվարի 24-ին: Երեք օր անց պարգևատրվել են նաև Կարլիս Ուլմանիսը և Յան Ռայնիսը[2]:

Սահմանվել է, որ պարգևատրվողներն իրենք են վճարելու շքանշանի պատրաստման ծախսերը: Սահմանվել են հետևյալ գները՝ 1-ին աստիճանի շքանշան - 150 լատ, 2-րդ աստիճանի շքանշան - 85 լատ, 3-րդ աստիճանի շքանշան - 35 լատ, 4-րդ աստիճանի շքանշան - 22 լատ, 5-րդ աստիճանի շքանշան - 20 լատ: Համեմատության համար 1930-ական թվականներին գործարանում աշխատող բանվորի ամսական միջին աշխատավարձը կազմել է մոտ 100 լատ[3]: Շքանշանը պետք է ստանային նրանով պարգևատրվելուց հետո երկու տարվա ընթացքում, այլապես այն կզրոյացվեր[2]:

1940 թվականի մայիսին կայացել է նախապատերազմյան շրջանի վերջին պարգևատրումը: 1940 թվականի հունիսի 17-ին Լատվիա են մտել խորհրդային զորքերը, և շքանշանի հանձնումը կասեցվել է մոտ 50 տարի[2]:

Լատվիայի անկախության վերականգնումից հետո նախագահ Գունտիս Ուլմանիսի հրամանագրով (հոկտեմբերի 25, 1994) վերականգնվել է շքանշանի հանձնումը: Առաջին պարգևատրումն արդեն կայացել է նոյեմբերի 7-ին. 4-րդ և 5-րդ կարգի մի քանի շքանշաններ են հանձնվել մշակույթի աշխատակիցների: Անկախության վերականգնումից հետո 1-ին աստիճանի շքանշանով առաջին պարգևատրվողը եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը (դեկտեմբեր, 1995)[2]:

1994-2016 թվականներին ընդհանուր առմամբ հանձնվել է ավելի քան 2.000 շքանշան[4]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924-1940 թվականներին շքանշանը հանձնվել է 8810 անգամ[2]:

  • I աստիճանի շքանշան — 285 անգամ
  • II աստիճանի շքանշան — 391 անգամ
  • III աստիճանի շքանշան — 1323 անգամ
  • IV աստիճանի շքանշան — 2194 անգամ
  • V աստիճանի շքանշան — 4617 անգամ

Բացի այդ՝ հանձնվել են բազմաթիվ պատվո նշաններ: Այսպես, դրանցով պարգևատրվել է քաղծառայողների մոտ 1 % -ը[2][5]:

  • I աստիճան (ոսկեջրած) — 2834 նշան
  • II աստիճան (արծաթե) — 3624 նշան
  • III աստիճան (բրոնզե) — 1515 նշան

1994 թվականից (2016 թվականի վերջի դրությամբ) շքանշանը հանձնվել է 2166 անգամ[4]:

  • I աստիճանի շքանշան — 92 անգամ
  • II աստիճանի շքանշան — 143 անգամ
  • III աստիճանի շքանշան — 512 անգամ
  • IV աստիճանի շքանշան — 843 անգամ
  • V աստիճանի շքանշան — 576 անգամ

Բացի այդ՝ հանձնվել է 575 պատվո նշան[4]:

  • I աստիճան (ոսկեջրած) — 425 անգամ
  • II աստիճան (արծաթե) — 129 անգամ
  • III աստիճան (բրոնզե) — 21 անգամ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինբուրգի դատախազի տեղակալ Վ. Կուրյակովայի որոշումը Երեք աստղի շքանշանում նացիստական սվաստիկայի սիմվոլիկայի բացակայության մասին

Շքանշանի շղթային կա նշան, որը նման է սվաստիկային: 2019 թվականի մարտի 7-ին Եկատերինբուրգ քաղաքի դատախազը ստուգել է Երեք աստղի շքանշանը, որը ցուցադրված է եղել Ելցինի կենտրոնում (պարգևը ստացել էր Բորիս Ելցինը)` պարզելու, թե արդյոք այն նմանություններ նացիստական սիմվոլիկայի հետ: Եկատերինբուրգի դատախազի տեղակալ Վ. Կուրյակովայի բնորոշմամբ (մարտի 7, 2019) շքանշանի նշանները կրկնակի կրակի խաչեր են (ուգունսկրուստե)՝ լատվիական ավանդական նշաններ, ուստի վարչական իրավախախտման վերաբերյալ գործ չի հարուցվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 www.likumi.lv — Закон «О государственных наградах» (лат.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Latvijas Valsts prezidenta kanceleja։ «Triju Zvaigžņu ordenis — Vēsture» (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին։ Վերցված է 2016-11-01 
  3. Tautsaimniecība un monetārās norises Latvijā 2. pasaules kara gados
  4. 4,0 4,1 4,2 Latvijas Valsts prezidenta kanceleja։ «Triju Zvaigžņu ordenis - Apbalvotie» (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-27-ին։ Վերցված է 2016-11-01 
  5. Latvijas Valsts prezidenta kanceleja։ «Triju Zvaigžņu ordenis - Statistika» (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-19-ին։ Վերցված է 2016-11-01