Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկ կինը
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1938
բարձրություն66 սանտիմետր
լայնություն55 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Մերկ կինը (Մտորումների մեջ)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական առաջին շրջանին պատկանող նկարների բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գրեթե մեծ մասամբ կտավներում դառնում է գերիշխող։ Չնայած գեղանկարչական այդ պայմանականությանը, այդ շրջանի գործերը իրենց ամուր կառուցվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն, ինչպես «Մտորումների մեջ» կտավը։

Երիտասարդ կիսամերկ աղջկա կերպարում Արփենիկ Նալբանդյանը հասել է խոհուն տրամադրության, գեղեցկության և երիտասարդության հմայքի տպավորիչ պատկերման։ Իր խնդրի հաջող լուծմանը նպաստել է այն, որ այդ շրջանում արդեն նկարչուհին տիրապետել է կտավի կոմպոզիցիոն կառուցվածքին, մարդկային մարմնի պատկերման պլաստիկ ձևերին, թանձրաներկ գեղանկարչության արտահայտչականությանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորինվածքային ճիշտ կառուցում ունեցող կտավն առանձնանում է գեղանկարչական ճաշակով, գունային ներդաշնակությամբ և հյութեղությամբ։ Մուգ կանաչ, շագանակագույն, ոսկերանգ օխրա, կարմիր ու վարդագույն գույներով, արտահայտիչ գեղանկարչական ֆակտուրայով, ուժեղ վրձնահարվածների միջոցով կտավը խոսուն է և գեղանկարչորեն արտահայտիչ[1]։

Բացի ակադեմիական խնդիրների կատարումից, նկարչուհին արտահայտել է նաև բնորդի հոգեկան ապրումները։ Դեմքը տեխնիկապես կատարյալ է նկարված, և նրա լուսավորվածությունը առաջացրել է լույսի և ստվերի որոշակի հակադրումներ։ Դեռատի աղջկա նուրբ դիմագծերը, կրծքի ու թևերի կաթնագույնը, զգեստի բաց վարդագույնի մեջ ամփոփված սպիտակությունը, անփույթ վրձնահարված ֆոնը, գլխի և կրծքի գողտրիկ ձևերը գունային ընդհանուր ներդաշնակություն են ստեղծում[2]։

Անկաշկանդ մի մտորում և բարությամբ լցված մի անբացատրելի ջերմություն կա այս կտավում։

Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ (Նախաբան` Ե. Մարտիկյան, խմբագիր` Ե. Կուրդոյան) – Ե., 1948
  • Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մերկ կինը (1938), Տեղագրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահ(չաշխատող հղում)
  2. «Մերկ կինը (Մտորումների մեջ)»
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». gallery.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]