Jump to content

Ժայռոտ լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժայռոտ լեռներ
Տեսակլեռնահամակարգ
Երկիր Կանադա և  ԱՄՆ
Վարչատարածքային միավորԲրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Այդահո, Մոնտանա, Վայոմինգ, Յուտա, Կոլորադո և Նյու Մեքսիկո
Նյութփոխակերպված ապար, մագմատիկ ապարներ և նստվածքային ապար
ԼեռնաշղթաԿորդիլերներ
Բարձրություն (ԲԾՄ)4401 մետր
Երկարություն3000 կմ
Մեծագույն գագաթԷլբերտ
Քարտեզ
Քարտեզ
Ժայռոտ լեռները Հյուսիսային Ամերիկայի քարտեզում

Ժայռոտ լեռներ (անգլ.՝ Rocky Mountains), լեռներ Հյուսիսային Ամերիկայի Կորդիլերների համակարգում, ԱՄՆ֊ի և Կանադայի արևմուտքում՝ հյուսիսային լայնության 60 և 32օ աստիճանների միջև։ Սկիզբ առնելով Բրիտանական Կոլումբիայից (արևմտյան Կանադա)՝ Ժայռոտ Լեռները ձգվում են 4800կմ՝ հասնելով մինչև Միացյալ Նահանգների հարավ-արևելք՝ Նյու Մեքսիկո[1]։ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ավազանների ջրբաժան է։ Գտնվելով հյուսիսամերիկյան Կորդիլերների համակարգում ժայռոտ Լեռները ինչ-որ կերպ տարբերվում են նույն համակարգում գտնվող խաղաղօվկիանոսյան ափամերձ Կասկադյան և Սիեռա Նևադա լեռնաշղթաներից, որոնք գտնվում են դեպի ավելի արևմտյան մասում։ Բարձրությունը մինչև 4399 մ է (Էլբերտ լեռը՝ հարավում)։ Ժայռոտ լեռները կազմավորվել են 80-55 միլիոն տարի առաջ՝ Լարամիդյան օրոգենեզի ժամանակաշրջանում, երբ մի շարք սալեր սկսեցին սահել Հյուսիս-ամերիկյան պլատֆորմի ներքևից։ Ստորգետնյա գոտիների սահքի անկյունը մակերեսային էր և դա հանգեցրեց Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում լեռների լայն գոտու ձևավորմանը։ Այդ ժամանակվանից սկսած հետագա տեկտոնական ակտիվությունը և սառցադաշտային էրոզիան Ժայռոտ լեռներում ձևավորել են տպավորիչ գագաթներ ու հովիտներ։ Վերջին սառցե դարաշրջանի ավարտին մարդիկ սկսեցին բնակություն հաստատել լեռնաշղթայի տարածքում։ Եվրոպացի Ալեքսանդր Մաքենզիի և ամերիկացի Լուիսի և Քլարկի հետազոտություններից հետո հայտնաբերվեցին հանքանյութեր և նստվածքներ, որոնք վկայում էին վաղնջական ժամանակներում լեռնաշղթայի տնտեսական շահագործման մասին, թեև այնտեղ երբևէ խիտ բնակչություն չի ապրել։ Լեռնաշղթայի տարածքում կազմակերպվել են ազգային պարկեր, հանրային պուրակներ և անտառներ, որոնք դարձել են զբոսաշրջիկների սիրելի գրավչավայրերը, հատկապես արշավների, վրանային հանգստի, լեռնագնացության, ձկնորսության, որսորդության, լեռնային հեծանվավազքի, դահուկասահքի և սնոուբորդի սիրահարների համար։

Հայտնագործել են ֆրանկոկանադացի Ֆրանսուա և Լուի Ժոզեֆ դը Վարեն դը Լա Վերանդրի եղբայրները 1743 թվականին՝ «Արևմտյան ծով» (Խաղաղ օվկիանոսի ենթադրվող ընդարձակ ծով) տանող ճանապարհը որոնելիս, և անվանել Montanges Rocheuses[2][3] (ֆրանսերեն բառացի՝ «Ժայռոտ լեռներ»)։ Բառապատճենմամբ անգլերեն կոչվում են Rocky Mountains[4]:

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հաճախ արվող սահմանումների Ժայռոտ լեռները ձգվում են Բրիտանական Կոլումբիայի Լիարդ գետից[5] մինչև Ռիո Գրանդե (Նյու Մեքսիկո)։ Լեռնաշղթայի լայնությունը տարածվում է 110-480 կմ։ Ժայռոտ լեռները նշանավոր են նրանով, որ այնտեղ են գտնվում Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասի ամենաբարձր գագաթները։ Բարձրագույն գագաթը Էլբերտ լեռն է Կոլորադոյում (4401 մ)։ Կանադական ժայռոտ լեռների բարձրագույն գագաթը Ռոբսոն լեռն է Բրիտանական Կոլումբիայում (3954 մ)։

Ռոբսոն լեռը Բրիտանական Կոլումբիայում

Ժայռոտ լեռների արևելյան ծայրը վեր է խոյանում է կենտրոնական Հյուսիսային Ամերիկայի Մեծ հարթավայրերի վերին մասի վրա՝ ներառյալ Նյու Մեքսիկոյի Սանրե դե Քրիստո լեռնաշղթան և Կոլորադոն, Կոլորադոյի Ճակատային, Քամու գետ, Վայոմինգի Մեծ եղջյուր, Աբսարոկա, Արջի ատամ լեռնաշղթաները և Մոնտանայի Ժայռոտ լեռներն ու Ալբերտայի Քլարկ ռեյնջը։ Ժայռոտ լեռների արևմտյան մասը ներառում է այնպիսի լեռնաշղթաներ, ինչպես Սոլթ Լեյք Սիթիի մոտակա Ուոսաչ և Այդահոյի և Մոնտանայի սահմանի երկայնքով ձգվող Բիթեռութս լեռնաշղթաները։ Արևմտյան մասում այս ենթալեռնաշղթաները անջատվում են այլլեռնաշղթաներից Մեծ ավազանով և Կոլումբիական սարավանդով։ Կանադայում ժայռոտ լեռների արևմտյան ծայրամասը ձևավորում է այսպես կոչված «հազար լեռնագագաթների հովիտը», որը ձգվում է Բրիտանական Կոլումբիայի երկարությամբ՝ արևմտյան Մոնտանայի Ֆլաթհեդ գետի ակունքամերձ հովտից մինչև Լիարդ գետի հարավային ափը[6]։ Աշխարհագրագետները Կանադական ժայռոտ լեռները բաժանում են երեք մասի՝ Կոնտինենտալ, Հարթ և Մուսկվա լեռնաշղթաներ։ Ժայռոտ լեռները չեն տարածվում մինչև Յուկոն, Ալյասկա կամ կենտրոնական Բրիտանական Կոլումբիա։ Այստեղ, Լիարդ գետից այն կողմ, ձգվում են ուրիշ լեռնաշղթաներ՝ Սելվին լեռները Յուկոնում և Բրուքսը Ալյասկայում, որոնք, սակայն, Ժայռոտ լեռների մաս չեն կազմում, թեև դրանք Կորդիլերների մաս են կազմում։ Երկու Ամերիկաների մայրցամաքային բաժանման գիծը ձգվում է Ժայռոտ լեռներում և նշում է այն սահմանագիծը, որից ջուրը հոսում է կամ դեպի Խաղաղ կամ՝ Ատլանտյան օվկիանոս։ Մոնտանայի Սառցադաշտային ազգային պարկում գտնվող Եռաբաժան լեռնագագաթը այդպես է կոչվում, քանի որ այստեղից ջրերը հոսում են ոչ միայն Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներ, այլ նաև՝ Հուդզոնի ծոց։ Դեպի հյուսիս՝ Ալբերտայում, Աթաբասկան և այլ գետեր սնուցում են Մակենզի գետի ավազանը, որը հոսում է դեպի Բոֆորտի ծով՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Ժայռոտ լեռներում շատ խիտ չէ բնակչությունը, կազմելով մեկ կիլոմետրի վրա միջինը չորս մարդ։ Այստեղ քիչ են նաև քաղաքները, որոնց բնակչությունը հասնում է ընդամենը 50.000-ի։ Այնուամենայնիվ, 1950-90 թվականներին Ժայռոտ լեռների նահանգներում կտրուկ աճել է բնակչության թիվը։ Քառասուն տարվա ընթացքում Մոնտանայում բնակչությունն ավելացել է 35%-ով, Յուտայում և Կոլորադոյում՝ 150%-ով։ Վերջին քառասուն տարիների ընթացքում մի շարք լեռնային քաղաքների ու ավանների բնակչությունը կրկնապատկվել է։ Վայոմինգի Ջեքսոն քաղաքի բնակչությունը 40 տարում աճել է 260%-ով՝ 1.244 բնակչից դառնալով 4.472: Ժայռոտ լեռների ճակատային լեռնաշղթան Դենվերի մոտակայքում

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռոտ լեռների ապարներն առաջացել են նախքան տեկտոնիկ ուժերի ազդեցությամբ լեռների բարձրանալը։ Ամենահին ապարները մինչքեմբրյան փոխակերպված ապարներն են, որոնք կազմում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հիմքը։ Այդ ապարների մեջ կան նաև 1.7 միլիարդ տարեկան մինչքեմբրյան ծծմբային արգիլիթներ։ Պալեոզոյան դարաշրջանի ընթացքում Հյուսիսայի Ամերիկայի արևմտյան մասը ծածկված էր ծանծաղ ծովով, որտեղ կային մեծ քանակությամբ կրաքարի ու դոլոմիտի պաշարներ[7]։ Հարավային Ժայռոտ լեռներում, ներկայիս Կոլորադոյի մոտակայքում, այս հնագույն ապարները մոտավորապես 300 միլիոն տարի ենթարկվել են լեռնակազմական փոփոխությունների։ Այս փոփոխությունների հետևանքով առաջացան հնագույն Ժայռոտ լեռները։ Դրանք մեծ մասամբ բաղկացած էին մինչքեմբրյան փոխակերպված ապարներից, որոնք հարկադրաբար վեր էին խոյացել ծանծաղ ծովի կրաքարային շերտերից[8]։ Այդ լեռները քայքայվեցին ուշ պալեոզոյի և վաղ մեզոզոյի ընթացքում՝ թողնելով նստվածքային ապարների խոշոր պաշարներ։ Մոտավորապես 350 միլիոն տարի առաջ՝ Միսիսիպյան դարաշրջանում խզումային խախտումներով սահմանափակված տերեյնները սկսեցին բախվել Հյուսիսային Ամերիկայի արևմտյան հատվածին՝ առաջացնելով օրոգենի երկրաբանական գործընթացը[9]։ Շուրջ 270 միլիոն տարի սալերի բախումների ազդեցությունը կենտրոնացած էր Հյուսիսամերիկյան ափերի սահմանների մոտ՝ Ժայռոտ լեռների շրջանից դեպի արևմուտք[9]։ Ոչ ավելի վաղ, քան 80 միլիոն տարի առաջ, այդ ազդեցությունները հասան Ժայռոտ լեռներ[10]։ Ներկայիս Ժայռոտ լեռները բարձրացել են լարամիդյան օրոգենեզի ժամանակաշրջանում՝ 80-55 միլիոն տարի առաջ[10]։ Կանադական Ժայռոտ լեռների դեպքում լեռնակազմական գործընթացը նման է փայտե հատակին գորգը քաշելուն[7]՝ գորգը կծկվում է և առաջացնում ծալքեր՝ լեռներ։ Կանադայում տերեյնները և սուբդուկցիան գորգը հրող ոտքն է, հնագույն լեռները գորգն են, իսկ մայրցամաքի կենտրոնական մասը կազմող կանադական վահանը՝ փայտե հատակը[7]։ Հարավում, որտեղ Ֆարալոնյան պլատֆորմը մակերեսային անկյան տակ անցել է Հյուսիսամերիկյան պլատֆորմի տակ, մի անսովոր սուբդուկցիա հավանաբար հանգեցրել է Միացյալ Նահանգների Ժայռոտ լեռների առաջացմանը։ Այս ցածր անկյունը արագացրել է հալման և լեռնագոյացման ազդեցությունը։ Գիտնականները մի վարկած են առաջարկում, ըստ որի սուբդուկցիոն սալի ծանծաղ անկյունը, իր վրա ունենալով մայրցամաքային ստվար զանգված, մեծացրել է բախումը և այլ ներգործություններ։ Հսկայական խզումները իրար վրա են դասավորել երկրակեղևի շերտերը՝ կազմավորելով Ժայռոտ լեռների վերին գագաթները։ Լարամիդյան օրոգենեզից անմիջապես հետո Ժայռոտ լեռները նման էին Տիբեթին՝ ծովի մակարդակից 6000 մ բարձրությամբ։ Հետագա 60 միլիոն տարվա ընթացքում էրոզիան մերկացրել է բարձր ժայռերը՝ բացելով նրանց տակ գտվող հնագույն շերտերը։ Այսպիսով կազմավորվել են ներկայիս լեռները[7]։

Սառցադաշտերը, ինչպիսին է Ջեքսոնի սառցադաշտը Մոնտանա նահանգի Գլեյսիեր ազգային պարկում, ինչպես ցույց է տրված այստեղ, կտրուկ ձևավորել են Ժայռոտ լեռները:

Պարբերական սառցակալումները տեղի են ունեցել Պլեիստոցեն դարաշրջանից (1,8 միլիոն – 70,000 տարի առաջ) մինչև Հոլոցենի դարաշրջանը (ավելի քիչ, քան 11,000 տարի առաջ): Այս սառցե դարաշրջանները թողել են իրենց հետքը Ժայռերի վրա՝ ձևավորելով ընդարձակ սառցադաշտային ձևեր, ինչպիսիք են Ս-աձև հովիտները և կարերը։ Վերջին սառցադաշտային գործընթացները ներառում էին Բուլ լճի սառցադաշտը, որը սկսվել է մոտ 150,000 տարի առաջ, և Փայնդեյլի սառցադաշտը, որը, հավանաբար, ամբողջ սառցադաշտում մնացել էր մինչև 15,000–20,000 տարի առաջ[11]։ Այս բոլոր երկրաբանական պրոցեսները մակերեսին ձևավորել են ժայռերի բարդ կույտեր: Օրինակ, պալեոգենի և նեոգենի ժամանակաշրջանների հրաբխային ապարները (66 միլիոն – 2,6 միլիոն տարի առաջ) հանդիպում են Սան Խուան լեռներում և այլ տարածքներում: Վայոմինգի ավազանում տեղի ունեցած ծանր էրոզիայի հազարամյակները միջլեռնային ավազանները վերածեցին համեմատաբար հարթ տեղանքի: Տետոնները և հյուսիս-կենտրոնական այլ լեռնաշղթաները պարունակում են պալեոզոյան և մեզոզոյան տարիքի ծալքավոր և խզված ժայռեր, որոնք փաթաթված են պրոտերոզոյան և արխեյան հրեղեն և մետամորֆ ապարների միջուկների վերևում, որոնց տարիքը տատանվում է 1,2 միլիարդից (օրինակ՝ տետոններ) մինչև 3,3 միլիարդ տարի (Արջի ատամ լեռներ)[12]։

Էկոլոգիա և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռոտ լեռներում շրջակա միջավայրի գործոնների լայն շրջանակ կա: Ժայռոտ լեռների լայնությունը տատանվում է Բրիտանական Կոլումբիայի Լիարդ գետի (59° հյուսիսային) և Նյու Մեքսիկոյի Ռիո Գրանդեի միջև (35° հյուսիսային)։ Պրերիան հանդիպում է 550 մետրի վրա կամ դրանից ցածր, մինչդեռ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Էլբերտ լեռն է՝ 4400 մետր: Տեղումները տատանվում են տարեկան 250 միլիմետրից (հարավային հովիտներ)[13] մինչև տարեկան 1500 միլիմետր (տեղական հյուսիսային գագաթներ)[14]։ Հունվարի միջին ջերմաստիճանը կարող է տատանվել −7°-ից՝ Փրինս Ջորջում, Բրիտանական Կոլումբիա, մինչև 6° Տրինիդադում, Կոլորադո նահանգ[15]։ Հետևաբար, ամբողջ Ժայռոտ լեռնաշղթայի համար չկա մեկ մոնոլիտ էկոհամակարգ:

Տունդրան Կոլորադոյի ժայռոտ լեռներում

Փոխարենը, էկոլոգները Ժայռոտ լեռները բաժանում են մի շարք կենսաբանական գոտիների։ Յուրաքանչյուր գոտի սահմանվում է այնտեղ աճող ծառերի և մեկ կամ մի քանի ցուցչային տեսակների առկայությամբ: Երկու գոտի, որտեղ ծառեր չեն աճում, հարթավայրերն են և ալպյան տունդրան: Մեծ հարթավայրերը գտնվում են Ժայռոտ լեռների արևելքում և բնութագրվում են տափաստանային խոտաբույսերով (մոտավորապես 550 մետրից ցածր): Ալպյան տունդրան սկսվում է Ժայռոտ լեռների 3700 մետրից (Նյու Մեքսիկոյում) մինչև 760 մետր (ժայռերի հյուսիսային ծայրում, Յուքոնի մոտ)[15]։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը սահմանում է տասը անտառային գոտիներ Ժայռոտ լեռներում: Ավելի հարավային, տաք կամ չոր տարածքներում գոտիները որոշվում են գիհիների, դեղին սոճիների կամ սովորական սոճիների հետ խառնված կաղնիների առկայությամբ: Ավելի հյուսիսային, ավելի ցուրտ կամ ավելի խոնավ տարածքներում գոտիները սահմանվում են Դուգլասի եղևնիներով, Կասկադյան տեսակներով (օրինակ՝ արևմտյան հեմլոկ), կաղամախիներով կամ եղևիններով խառնված եղևնիներով: Ծառագծի մոտ գոտիներում կարող են աճել սպիտակ սոճիներ (օրինակ՝ սպիտակ կեղևով սոճին կամ բշտիկային սոճին), կամ խառը կարող են աճել սպիտակ սոճի, եղևին և եղևնի, որոնք վերածվում են թփերի նմանվող գաճաճ ծառերի: Վերջապես, լեռնաշղթայի ավելի չոր հատվածներում գետերն ու ձորերը կարող են ստեղծել յուրահատուկ անտառային գոտի[12]։

Մեծեղջյուր ոչխարները (օրինակ՝ այս գառը Ալբերտայում) կտրուկ նվազել են լեռների եվրո-ամերիկյան բնակեցումից հետո։

Ժայռոտ լեռները կարևոր բնական միջավայր են հայտնի վայրի բնության մեծ մասի համար, ինչպիսիք են գայլը, Ժայռոտ լեռների վապիտին, արևմտյան որմզդեղնը, մուլ եղնիկը, սպիտակապոչ եղջերուն, անտիլոպը, լեռնային այծը, մեծեղջյուր ոչխարը, ամերիկյան գորշուկը, ամերիկյան սև արջը, գրիզլին, կոյոտը, կանադական լուսանը, պուման և կուղխը[12][16]։ Հյուսիսային Ամերիկայի որմզդեղնի ամենամեծաթիվ երամակները գտնվում են Ալբերտա-Բրիտանական Կոլումբիա նախալեռնային անտառներում: Ժայռոտ լեռներում տեսակների մեծ մասի կարգավիճակն անհայտ է՝ թերի տեղեկատվության պատճառով: Լեռների եվրո-ամերիկյան բնակեցումը բացասաբար է ազդել բնիկ տեսակների վրա: Որոշ տեսակների օրինակներ, որոնք անկում են ապրել, ներառում են արևմտյան դոդոշները, կանաչավուն կարմրախայտը, սպիտակ թառափը, ճերմակապոչ թառափը, շեփորահար կարապը և մեծեղջյուր ոչխարը: Լեռնաշղթայի ԱՄՆ հատվածում գերիշխող գիշատիչները, ինչպիսիք են գորշ արջերը և գորշ գայլերը, ոչնչացվել կամ հետ են մղվել իրենց սկզբնական շրջաններից, սակայն հետագայում մասամբ վերականգնվել են պահպանության միջոցառումների և վերարտադրման շնորհիվ: Վերականգնվող այլ տեսակների թվում են սապսանը և սպիտակագլուխ ծովարծիվը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Marston, Richard A.; Eardley, Armand J. «Rocky Mountains». Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  2. Akrigg, G. P. V.; Akrigg, Helen B. (1997). British Columbia Place Names (3rd ed.). Vancouver, BC: UBC Press. էջ 229. ISBN 978-0774806367. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. Mardon, Ernest G.; Mardon, Austin A. (2010). Community Place Names of Alberta (3rd ed.). Edmonton, AB: Golden Meteorite Press. էջ 283. ISBN 9781897472170. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. Gadd, Ben (1986). Handbook of the Canadian Rockies. Corax Press. էջ 1.
  6. Cannings, Richard (2007). The Rockies: A Natural History. Greystone/David Suzuki Foundation. էջ 5. ISBN 978-1-55365-285-4.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Gadd, Ben (2008). «Geology of the Rocky Mountains and Columbias» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  8. Chronic, Halka (1980). Roadside Geology of Colorado. ISBN 978-0-87842-105-3.
  9. 9,0 9,1 Blakely, Ron. «Geologic History of Western US». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին.
  10. 10,0 10,1 English, Joseph M.; Johnston, Stephen T. (2004). «The Laramide Orogeny: What Were the Driving Forces?» (PDF). International Geology Review. 46 (9): 833 838. Bibcode:2004IGRv...46..833E. doi:10.2747/0020-6814.46.9.833. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին.
  11. Pierce, K.L. (1979). History and dynamics of glaciation in the northern Yellowstone National Park area. Washington, DC: U.S. Geological Survey. էջեր 1 90. Professional Paper 729-F.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Կաղապար:USGS
  13. «Southern Rocky Mountains». Forest Encyclopedia Network. Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին. Վերցված է 2010-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Northern Rocky Mountains». Forest Encyclopedia Network. Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին. Վերցված է 2010-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. 15,0 15,1 Sheridan, Scott. «US & Canada: Rocky Mountains (Chapter 14)» (PDF). Geography of the United States and Canada course notes. Kent State University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Rocky Mountains | mountains, North America». Encyclopædia Britannica (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-08-12-ին. Վերցված է 2017-08-12-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 277