Էրիխ Մարիա Ռեմարկ
Էրիխ Մարիա Ռեմարկ գերմ.՝ Erich Maria Remarque | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Erich Paul Remark |
Ծնվել է | հունիսի 22, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Օսնաբրյուկ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1970[4][1][2][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Լոկարնո, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Ronco sopra Ascona Cemetery |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ և սցենարիստ |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է, Shadows in Paradise?, Վերադարձ, Կյանքի կայծ և Երազանքների կացարանը |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Փոլեթ Գոդար, Ilse Jutta Zambona?[5] և Ilse Jutta Zambona? |
Համատեղ ապրող | Մառլեն Դիտրիխ |
Էրիխ Մարիա Ռեմարկ Վիքիքաղվածքում | |
Erich Maria Remarque Վիքիպահեստում |
Էրիխ Մարիա Ռեմարկ (գերմ.՝ Erich Maria Remarque, հունիսի 22, 1898[1][2][3][…], Օսնաբրյուկ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 25, 1970[4][1][2][…], Լոկարնո, Շվեյցարիա[4]), գերմանացի ականավոր գրող։ 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից։ Նրա լավագույն ստեղծագործություններից են «Արևմտյան ճակատում նորություն չկա» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) վեպերը և այլ երկեր։ Առաջ է քաշել «կորուսյալ սերունդ» գրական հասկացությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիխ Մարիա Ռեմարկը ծնվել է 1898 թվականի հունիսի 22-ին Օսնաբրյուկ քաղաքում։ Ծնողները եղել են Պիտեր Ֆրանց[6] Ռեմարկը (1867-1954) և Աննա Մարիա Ռեմարկը (1871-1917)[7]։ 1904 թվականին ընդունվել է եկեղեցական դպրոց, իսկ 1912 թվականին շարունակել է ուսումը կաթոլիկ մանկավարժական սեմինարում՝ ուսուցիչ դառնալու նպատակով։ 1915 թվականին շարունակել է կրթությունը Օսնաբրյուկի արքայական սեմինարում, որտեղ ծանոթացել է Ֆրից Խյորսեմայերի հետ, ով ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ռեմարկի գրական գործունեության առաջացման և ծավալման համար։
Ռեմարկի մանկության և կյանքի ընկեր Հանս-Գերդ Րեյբի կողմից կատարված հետազոտությունը հաստատել է այն փաստը, որ Ռեմարկն ունեցել է ֆրանսիական արմատներ։ Նրա նախապապը՝ Յոհան Ադամ Ռեմարկը (1789 թվական) ծնվել է ֆրանսիական Աախեն քաղաքում[8]։
Սահմանին
[խմբագրել | խմբագրել կոդը]Է. Մ. Ռեմարկը 1916 թվականի նոյեմբերին զորակոչվել է բանակ, իսկ 1917 թվականի հունիսի 12-ին տեղափոխվել է արևմտյան սահմանի 2-րդ գումարտակի պահեստային դիվիզիա, որը գտնվում էր Հեմ-Լենգլեթում։ 1917 թվականի հունիսի 26-ին տեղափոխվել է 15-րդ պահեստային գունդ, որտեղ մասնակցել է Տորհոութ և Հոութուլսթ քաղաքների միջակայքում տեղի ունեցած մարտերին։ 1917 թվականի հուլիսի 31-ին վիրավորվել է նրա ձախ ոտքը, աջ ձեռքը և պարանոցը, ինչի հետևանքով պատերազմի մնացած տարիներն անցկացրել է Գերմանիայի զինվորական հոսպիտալում։
Պատերազմից հետո Ռեմարկը աշխատել է նախակրթարանում՝ Լոհն քաղաքում (նախկին Լինգեն, այժմ Բենթհեյմ տարածաշրջանում)։ 1920 թվականի մայիսից սկսել է աշխատանքը Կլեյն Բերսենում (նախկին Հյումլինգ, այժմ Էմսլանդի տարածաշրջանում), իսկ 1920 թվականի օգոստոսից աշխատել է Նահնում, որը սկսած 1972 թվականից համարվում է Օսնաբրյուկի մի մասը։ Հիասթափվելով մանկավարժի աշխատանքից, 1920 թվականի նոյեմբերի 20-ին, սեփական ցանկությամբ թողել է մանկավարժությունը և սկսել աշխատել տարբեր մասնագիտություններով (գրադարանավար, հաշվապահություն, առևտուր, գերեզմանաքարերի վաճառք, դաշնամուրի ուսուցիչ և այլն)։ Առաջին անգամ վարձատրվող աշխատանքի է անցել Continental Rubber (գերմանական անվադողերի արտադրող) ընկերությունում՝ որպես գրագիր/տեխնիկական գրող[9]։ Այս տարիներից կուտակված տպավորություններն արտացոլվել են «Սև կոթող» (Der schwarze Obelisk, 1956) վեպում։ 1921 թվականին սկսել է աշխատել Echo Continental ամսագրում որպես խմբագիր։ 1922 թվականին տեղափոխվել է Հաննովեր, իսկ 1925 թվականին՝ Բեռլին և հոկտեմբերի 14-ին ամուսնանել Իլզե Յուտտա (Ժաննա) Զամբոնայի հետ։ Իլզեն տառապում էր թոքախտով և հանդիսացել է մի քանի վեպերի գլխավոր հերոսուհիների նախատիպը։ Այս ամուսնությունը տևել է մի քանի տարի, և 4 տարի անց Իլզեն պահանջել է ապահարզան։
Գրական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Է. Մ. Ռեմարկը ի պատիվ քաղցկեղից մահացած մոր՝ Աննա Մարիայի (1917թ. սեպտեմբերի 9) պատվին Ռեմարկը տարիներ անց անվանափոխվել է՝ դառնալով Էրիխ Մարիա Ռեմարկ (իրական անունը եղել է Էրիխ Պաուլ Ռեմարկ)[10] : Ռեմարկն արել է իր առաջին գրական փորձերը դեռ 16 տարեկանում՝ գրելով փոքր էսսեներ, և պոեմներ։ Այդ
ժամանակաշրջանում գրվել է նաև «Երազների դասականը» (Die Traummbude) վեպի սկիզբը, որը հետագայում հասցվել է ավարտին և հրատարակվել 1920թ.-ին։ 1927թ.-ին հրապարակել է «Կայարան հորիզոնի վրա» (Station am Horizont) վեպը, որը տպագրվել է «Sport im Bild» սպորտային ամսագրում, որտեղ նա աշխատում էր։ Առաջին անգամ որպես գիրք հրատարակվել է 1998թ.-ին։ 1929թ.-ին հրատարակվել է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (Im westen nichts Neues) վեպը, որը նկարագրում էր պատերազմը 20-ամյա երիտասարդի տեսանկյունից։ Դառնալով 20-րդ դարի ամենանշանավոր գործերից մեկը, այն խրախուսել է մի շարք վետերանների գրի առնել պատերազմի մասին իրենց հուշերը, ինչպես նաև ստեղծվել են մեծ քանակությամբ ներկայացումներ և ֆիլմեր։ Դրանք ցուցադրվել են Գերմանիայում, ինչպես նաև Գերմանիայի դեմ կռված երկրներում, հատկապես Անգլիայում և ԱՄՆ-ում։ Վեպը անմիջապես դարձավ բեսթսելլեր՝ գերազանցելով 1.5մլն վաճառքը։ Հետագայում այն թարգմանվել է 36 լեզուներով, իսկ մեկ տարի անց նկարահանվել համանուն ֆիլմը, որն արժանացել է 2 Օսկար մրցանակի։ 1931թ.-ին Ռեմարկը «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպի համար առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի, սակայն չի ստացել այն, քանի որ որոշ պաշտոնյաների կարծիքով վեպը անպատվել է գերմանական բանակը և ժողովրդին։ 1931թ.-ին հրատարակվել է «Վերադարձ» (Der Weg zurück) վեպը։ Հրատարակված վերջին երկու վեպերը Հիտլերը համարել է հակապատերազմական։ 1931թ.-ին, «Վերադարձ» վեպը հրատարակելուց հետո, Ռեմարկը գնել է Պորտո Ռոնկոյում (Շվեյցարիա) գտնվող մի ամառանոց՝ օգտագործելով հրատարակված գործերից ստացված կարողությունը։
Վերջին վեպերը հավանության չեն արժանացել նաև Ռեմարկի գրական կուռքեր Թոմաս Մանի և Ստեֆան Ցվայգի կողմից։ Ոմանք պնդել են, որ Ռեմարկը ստեղծագործությունը գողացել է զոհված մարտական ընկերոջից։
1933թ. մարտին երկրում ավարտվել է զինվորական հեղափոխությունը և հաստատվել նացիստական դիկտատուրա։ Աստիճանաբար, Ռեմարկին ավելի հաճախ են անվանել ազգի դավաճան և վաճառված հեղինակ։ Դեռ ավելին, Նացիստական պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի նախաձեռնությամբ Ռեմարկի գրքերը հայտարարվել են հակաազգային, արգելվել են ամբողջ Գերմանիայում, իսկ գրքերի բոլոր օրինակները հեռացվել գրադարաններից և արգելել դրանց վաճառքն ամբողջ երկրում։ Երբ Գերմանիայում սկսել է արագանալ տոտալիտար հասարակարգի տարածումը, երկրի կառավարութան կողմից ձեռնարկվել են բնակչության մասսայական ձերբակալություններ, իսկ Ռեմարկը լքել է Գերմանիան՝ մշտական բնակություն հաստատելով Շվեյցարիայում։ Հետագայում գերմանական իշխանությունը կասկածի տակ է դրել Ռեմարկի գերմանական ծագումը՝ հայտարարելով, որ նրա ազգանունը ունի ֆրանսիական ծագում և նրան կոչել «ֆրանսիական հրեա Կրամեռ»՝ պնդելով որ Ռեմարկը նրա գրական կեղծանունն է (Կրամեռ-Ռեմարկ բառի հակառակ տարբերակը)։ Եղել է նաև պնդում, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեմարկի ծառայությունը չափազանցված է և իրականում նա այնքան ակտիվ չի եղել, ինչպես ներկայացվել է։ Հետագայում այս պնդումները հերքվել են։ 1938թ.-ին 3-րդ Ռայխը Ռեմարկին զրկել է գերմանական քաղաքացիությունից, իսկ 1939թ.-ին Ռեմարկը և իր նախկին կինը նորից ամուսնացել են, որպեսզի խուսափեն նրա արտաքսումից Գերմանիա։ Այնուհետև նրանք Պորտո Ռոնկոյից մեկնել են ԱՄՆ։ 1947թ.-ին Ռեմարկը և նրա կինը դարձել են ԱՄՆ-ի քաղաքացիներ[11]։ Նրանց ԱՄՆ տեղափոխվելուց անմիջապես հետո Եվրոայում սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը[12]։
Ռեմարկը շարունակել է գրել պատերազմի դաշտում իր փորձառության մասին, իր մտքերն ամփոփելով «Երեք ընկեր» (1936, Drei Kameraden) վեպում։ Հաջորդ վեպը եղել է «Սիրիր մերձավորիդ» (1939թ., Liebe denien Nachsten/Love Thy Neighbour), որն առաջին անգամ հրատարակվել է Collier's ամսագրում։ Հրատարակված վեպը մեկ տարվա ընթացքում վերանայվել է Ռեմարկի կողմից, որից հետո նոր տարբերակը անգլերեն և գերմաներեն լեզուներով հրատարակվել է 1941թ.-ին։ Հաջորդ նշանավոր վեպը եղել է «Հաղթական կամար» (1945, Arc de Triomphe), որի անգլերեն տարբերակը հրատարակվել է 1945թ.-ին, իսկ մեկ տարի անց հրատարակվել է նաև գերմաներեն օրինակը։ Վեպը շուտով դարձել է բեսթսելլեր և վաճառված օրինակների թիվը գերազանցել է 5մլն։ Ռեմարկի վերջին վեպը՝ «Ստվերներ դրախտում» (հրատարակված է հետմահու՝ 1971թ.-ին, Schatten im Paradies) գրվել է Նյու-Յորքում ապրելու տարիներին։ Նրա բնակարանը և այդ շենքը մեծ ազդեցություն են ունեցել վեպում[13]։
1943թ.-ին նացիստական կառավարության կողմից ձերբակալվել է Ռեմարկի քույր՝ Էլֆրիդ Շոլզը, ով մնացել էր Գերմանիայում իր ամուսնու և երկու երեխաների հետ։ Նրան մեղադրել են հակահայրենասիրական մտքեր ունենալու մեջ, քանի որ ըստ նրա, Գերմանիան պատերազմում կրել էր պարտություն։ Դատարանի նախագահ Ռոլանդ Ֆրեիսլերը ասել է նրան, - «Քո եղբորը մենք չենք կարող հասնել, սակայն դու չես կարող փախչել մեզանից։» ("Ihr Bruder ist uns leider entwischt—Sie aber werden uns nicht entwischen"): 1943թ.-ի դեկտեմբերի 16-ին Շոլզը գլխատվել է[14]։
Մինչև պատերազմի ավարտը Ռեմարկը տեղյակ չի եղել քրոջ մահվան մասին, և իր «Կյանքի կայծ» (1952թ., Der Funke Leben) վեպը նվիրել է քրոջը, սակայն գերմանական տարբերակում սա բաց է թողնվել, քանի որ Ռեմարկը շատերի կողմից դեռ համարվել է ազգի դավաճան[15]։
Ռեմարկի կանայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է նաև իր բազում հարաբերություններով տարբեր կանանց հետ, որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր։
1918 թվականին Էրիխ Փաուլ Ռեմարկը հանդիպում ու ծանոթանում է Էրիկա Հաազեի հետ, Արևմտյան ռազմաճակատում, որտեղ ապագա գրողը մասնակցում էր մարտերի (Առաջին համաշխարհային պատերազմ)։ Էրիկայի հետ Ռեմարկը զգում է առաջին սիրո ազդեցությունը, սակայն նրանց հարաբերություններին բախտ չէր վիճակվել երկար շարունակվել։ Պատերազմն ավարտվեց, և Ռեմարկը վերադարձավ հայրենի տուն, իսկ Էրիկան մնաց անցյալում։
1921-ին Ռեմարկը սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Իդա-Լոտտա (Լոլոտտ) Փրոյսի հետ։ Այս հարաբերությունները նույնպես երկար չեն տևում, քանի որ 1922-ին Ռեմարկը տեղափոխվում է Հաննովեր, և սերը մնում է անցյալում։
Հաննովերում Ռեմարկը վարում է անպատասխանատու սիրային կյանք՝ հարաբերություններ ունենալով տարբեր կանանց հետ։ Այստեղ 1924 թվականի հոկտեմբերին հանդիպում է Էդիթ Դյորիին՝ Կուրտ Դյորիի աղջկան։ Էդիթի հայրը Հաննովերում հայտնի «Շփորթ իմ Բիլդ»-ի խմբագրության հիմնադիրն էր։ Էդիթի շնորհիվ Ռեմարկը տեղափոխվում է Բեռլին, որտեղ աշխատանքի է անցնում Էդիթի հոր ամսագրում՝ որպես խմբագիր։ Սակայն հետագայում Էդիթի ծնողները համաձայնություն չեն տալիս նրանց հարաբերություններին։
1925 թվականի հոկտեմբերի 14-ին, Ռեմարկն ամուսնանում է Իլզե Յուտտա (Ժաննա) Զամբոնայի հետ։ Վերջինս տառապում էր թոքախտով և նախատիպ հանդիսացավ հետագայում Ռեմարկի ստեղծած կերպարների համար, օրինակ՝ «Պատի», «Երեք ընկեր» վեպից 1936։ Չնայած Յուտտայի հետ ամուսնական կապերով կապված լինելուն՝ Ռեմարկը 1929-ին Բրիգիտա Նոյների հետ մտնում է սիրային հարաբերությունների մեջ, որոնք տևում են մինչև 1931 թվականը։ 1930-ին սիրային կապ է ունենում նաև Ռուտ Ալբույի հետ, ում շնորհիվ գրողը գնում է տարբեր կտավներ և արվեստի ուրիշ նմուշներ։ Այս բազմազան դավաճանությունները ստիպում են Յուտտային ապահարզան պահանջել։ 1930 թվականի հունվարի 4-ին նրանք ամուսնալուծվում են, սակայն շարունակում են ընկերական ջերմ հարաբերություններ պահպանել։ 1938 թվականի հունվարի 22-ին, Ռեմարկը դարձյալ ամուսնանում է Յուտտայի հետ, որպեսզի հնարավորություն տա նրան տեղափոխվելու Շվեյցարիա։ Հետագայում Յուտտային զրկում են քաղաքացիությունից, և նա մեկնում է Նյու-Յորք ու հաստատվում Էլլիս Այլնդ կղզում։ Ռեմարկը մինչև մահը նախկին կնոջը թոշակ է վճարում։
1936-ին Ռեմարկը ծանոթացել էր Մարգոթ ֆոն Օպելի հետ։ Նրանք ուղիղ մեկ տարի անցկացնում են իրար հետ՝ ճանապարհորդելով ամբողջ Եվրոպայով։
1937-ին գրողը սիրային հարաբերություններ է սկսում հանրահայտ դերասանուհի Մառլեն Դիտրիխի հետ։
1938-ին հանդիպում էր Ռութ Մարթոնին, որը արդյունքում նրա մասին գիրք է գրում։
1940 թվականը Ռեմարկի համար դառնում է առավելապես բուռն սիրային հարաբերությունների, նոր հետաքրքիր ծանոթությունների տարի, քան գրական ժառանգության։ Նա առաջին անգամ հանդիպում է հանրահայտ դերասանուհիներ Փոլեթ Գոդարին և Գրետա Գարբոյին, որից հետո վերջնականապես խզվում են գրողի և Մառլեն Դիտրիխի հարաբերությունները, ինչից հետո ծանոթանում է Ֆրենսիս Քեյնի հետ։
1942-ին Ռեմարկը մտերմիկ հարաբերություններ է ծավալում Վերա Զորինայի և Նատալի Փալեյ Վիլսոնի հետ։
Ռեմարկի վերջին սերը դառնում է դերասանուհի Փոլեթ Գոդարը, որը մի ժամանակ դերասան Չառլի Չապլինի կինն էր, ում հետ նա խաղացել էր Չապլինի «Նոր ժամանակներ» (1936) և «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմերում։ Ռեմարկին Գոդարը խնամում է մինչև գրողի մահը։
Կյանքի և ստեղծագործելու վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական հեղափոխությունից և 3-րդ Ռայխի գաղափարախոսության վերացումից հետո, 1948թ.-ին Ռեմարկը Ամերիկայից վերադարձել է Շվեյցարիա, որտեղ էլ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ «Հաղթական կամարը» և «Կյանքի կայծ» (Der Funke Leben) վեպերի միջև ընկած ժամանակահատվածը անվանել են Ռեմարկի երկար լռության
տարիներ, որը տևել է 7 տարի։ «Կյանքի կայծ» (Der Funke Leben) վեպը գերմաներեն և անգլերեն տարբերակներով հրատարակվել է 1952թ.-ին։ «Կյանքի կայծ» վեպին զուգահեռ նա մշակել է նաև «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը (1954թ., Zeit zu leben and zeit zu sterben): Անգլերեն տարբերակն առաջին անգամ հրատարակվել է 1954թ.-ին և ունեցել է երկրորդ, ոչ պաշտոնական անվանում- «Սիրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»։ 1958թ.-ին Դուգլաս Սիրկը բեմադրել է «Սիրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» ֆիլմը, որը հիմնված էր Ռեմարկի վեպի վրա։
1955թ.-ին Ռեմարկը գրել է «Վերջին գործողությունը» (The Last Act, Der Letzte Akt) ավստրիական ֆիլմի սցենարը։ Այն ներկայացրել է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին օրերը, որոնք նա անցկացրել է Բեռլինի Ռայխի գրասենյակի բունկերում։ Ֆիլմը հիմնված է եղել Միքայել Մուսմաննոյի «Տասը օր մեռնելու համար» (1950թ.) գրքի վրա։ 1956թ.-ին Ռեմարկը գրել է «Ամբողջական շրջանը» (Full Circle, Die Letzte Station) դրաման, իսկ անգլերեն թարգմանությունը հրատարակվել է 1974թ.-ին։ Այն ցուցադրվել է Գերմանիայում, ինչպես նաև Բրոդվեյում (Broadway): «Վարկով կյանք» (Der Himmel kennt keine Günstlinge) վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ (1959թ.), իսկ գիրքը հրատարակվել է 1961թ.-ին։ 1977թ.-ին Բոբի Դիրֆիլդը «Վարկով կյանք» վեպի հիման վրա նկարահանել է այլ ֆիլմ։ « Գիշեր Լիսաբոնում» (Die Nacht von Lissabon) վեպը հրատարակվել է 1962թ.-ին և Գերմանիայում վաճառված օրինակների քանակը գերազանցել է 900,000-ը։
Ներկայումս Ռեմարկի ձեռագրերը պահվում են Նյու Յորքի համալսարանի (New York University) Ֆեյլս գրադարանում (Fales Library)[16]: Նյու Յորքի համալսարանը, ի պատիվ Ռեմարկի կրում է նրա անունը։ Ռեմարկի անվան համալսարանի առաջին տնօրենը եղել է պրոֆեսոր Տոնի Ջուդթը[17]։
2010թ.-ի նոյեմբերին փորձ է ձեռնարկվել հավաքելու $7մլն՝ Է. Մ. Ռեմարկի և Փոլեթ Գոդարի ամառանոցը գնելու նպատակով։ Նախատեսվում է «Casa Monte Tabor»-ը դարձնել Ռեմարկի տուն-թանգարան[18]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեմարկը մահացել է սրտի կանգից 72 տարեկան հասակում, 1970թ. սեպտեմբերի 25-ին Լոկառնոյում, թաղվել է Ռոնկոյում, Տիչինո (Ticino), Շվեյցարիա[19][20]։ Գոդարը մահացել է 1990թ.-ին և թաղվել ամուսնու կողքին։ Որպես նվիրատվություն նա կտակել է $20մլն ԱՄՆ դոլլար Նյու Յորքի համալսարանին (New York University- NYU) որպես օգնություն Եվրոպացի ուսանողներին[21]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երազանքների կացարանը» (գերմ.՝ Die Traumbude) (1920)
- «Կայարան հորիզոնի վրա» (գերմ.՝ Station am Horizont) (1928)
- Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (1929)
- «Վերադարձ» (գերմ.՝ Der Weg zurück) (1931)
- «Երեք ընկեր» (գերմ.՝ Drei Kameraden) (1936)
- «Սիրիր մերձավորիդ» (գերմ.՝ Liebe Deinen Nächsten) (1941)
- «Հաղթական կամար» (գերմ.՝ Arc de Triomphe) (1945)
- «Կյանքի կայծ» (գերմ.՝ Der Funke Leben) (1952)
- «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (գերմ.՝ Zeit zu leben und Zeit zu sterben) (1954)
- «Սև կոթող» (գերմ.՝ Der schwarze Obelisk) (1956)
- «Վարկով կյանք» (գերմ.՝ Geborgtes Leben) (1961)
- «Գիշերը Լիսաբոնում» (գերմ.՝ Die Nacht von Lissabon) (1962)
- «Ստվերներ դրախտում» (գերմ.՝ Schatten im Paradies) (հրատարակված է հետմահու՝ 1971-ին)
- «Գեմ» (գերմ.՝ Gam) (հրատարակված է հետմահու՝ 1998-ին)
- «Ավետյաց երկիր» (գերմ.՝ Das gelobte Land) (հրատարակված է հետմահու՝ 1998-ին)
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թշնամի» (գերմ.՝ Der Feind) (1930)
- «Լռություն Վերդենի շուրջ» (գերմ.՝ Schweigen um Verdun) (1930)
- «Կարլ Բրեգեր վո Ֆլերի» (գերմ.՝ Karl Broeger in Fleury) (1931)
- «Յոզեֆի կինը» (գերմ.՝ Josefs Frau) (1931)
- «Յոհան Բարտոկի տարօրինակ ճակատագիրը» (գերմ.՝ Das seltsame Schicksal des Johann Bartok) (1931)
- «Վերջին գործողություն» (գերմ.՝ Der letzte Akt) (1955)
- «Զգո՛՛ն եղեք» (գերմ.՝ Seid wachsam!!) (1956)
- «Վերջին կանգառ» (գերմ.՝ Die letzte Station) (1956)
- «Անետտի սիրո պատմությունը» (գերմ.՝ Der feind ein militanter Pazifist) (1994)
- «Դրվագներ աշխատասեղանից» (գերմ.՝ Das unbekannte werk) (1998)
- «Ասա ինձ որ դու ինձ սիրում ես...» (գերմ.՝ Sag mir, daß du mich liebst...) (2001)
Հայերեն թարգմանված երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է, Յերևան, 1932, 300 էջ։
- Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը, Երևան, 1963, 452 էջ։
- Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը, Երևան, 1970, 500 էջ։
- Երեք ընկեր, Երևան, 1972, 500 էջ։
- Հաղթական կամար, Երևան, 1973, 608 էջ։
- Երեք ընկեր, Երևան, 2018, 504 էջ։
- Հաղթական կամար, Երևան, 2018
- Երկինքն ընտրյալներ չունի, Երևան, 2020
- Լիսաբոնի գիշերը, Երևան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ремарк Эрих Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://web.archive.org/web/20080801173035/http://www.kirjasto.sci.fi/remarque.htm
- ↑ «Erich Maria Remarque Biography - life, family, childhood, children, name, story, death, school, son». www.notablebiographies.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Robertson, William. «Erich Remarque». Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Landová, Jolana: Exil, Krieg und Flucht in Frankreich zwischen 1933 und 1941, dargestellt an ausgewählten Werken deutscher Schriftsteller, Charles University in Prague, 2009, p. 46.
- ↑ «Exactly as it happened... (the story of an encounter in Ticino with Remarque and the coach-built Lancia Dilambda, which following All Quiet on the Western Front, he purchased in 1931 and retained till the late 1960s)». Motor. Vol. 3506. 1969 թ․ օգոստոսի 30. էջեր 26–30.
- ↑ Afterword by Brian Murdoch, translator of 1996 English edition of All Quiet on the Western Front. London: Vintage Books. 1996. էջ 201. ISBN 978-0-09-953281-1.
- ↑ Schneider, Thomas (1991). Erich Maria Remarque: Ein Chronist des 20. Jahrhunderts, Eine Biographie in Bildern und Dokumenten. Germany: Rasch Verlag Bramsche. էջեր 94–95.
- ↑ "Finding Aid for Erich Maria Remarque Papers, 1938–1973", Department of Special Collections and Archives, State University of New York-Albany. 2009; accessed 31 July 2012.
- ↑ Ullmann, Michaela. «Research Guides: Exiled German-speaking intellectuals in Southern California: Erich Maria Remarque». libguides.usc.edu.
- ↑ «Elfriede Scholz Obituary» (German). Osnabrück Cultural Website. 2005 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sauer, Patrick (2015 թ․ հունիսի 16). «The Most Loved and Hated Novel About World War I». Smithsonian.com. Smithsonian Institution. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Taylor, Marvin J. "Introduction", The life and writings of Erich Maria Remarque. New York: Fales Library, New York University, 2011; accessed 29 July 2012.
- ↑ "About Us", Remarque Institute. New York University; accessed 29 July 2012.
- ↑ swissinfo.ch, Gerhard Lob,. «Remarque-Villa im Tessin droht der Abbruch». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Dictionary of Literary Biography, Volume 56: German Fiction Writers, 1914–1945. A Bruccoli Clark Layman Book. Edited by James Hardin, University of South Carolina. The Gale Group, 1987. pp. 222–41
- ↑ Remarque's grave entry in the Findagrave website (2019). https://www.findagrave.com/memorial/9202/erich-maria-remarque
- ↑ Lorch, Donatella. "Paulette Goddard Left N.Y.U. $20 Million", New York Times, 18 May 1990; accessed 29 July 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործությունների հայերեն աուդիոտարբերակները
- Էրիխ Մարիա Ռեմարկը գրապահարանում Արխիվացված 2020-07-01 Wayback Machine
- Հայերեն է թարգմանվել Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Մարիա Ռեմարկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Մարիա Ռեմարկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 630)։ |
- Հունիսի 22 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Սեպտեմբերի 25 մահեր
- 1970 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Գերմանացի սցենարիստներ
- Գերմանացի վիպասաններ