Վերադարձ (վեպ)
Վերադարձ գերմ.՝ Der Weg zurück | |
---|---|
Հեղինակ | Էրիխ Մարիա Ռեմարկ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատերազմական վեպ |
Թեմա | Առաջին համաշխարհային պատերազմ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Little, Brown and Company |
Հրատարակման տարեթիվ | ապրիլ 1931 |
OCLC | 909194 |
Վերադարձ, (գերմ.՝ Der Weg zurück), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը: Գրվել է 1931 թվականին: Գիրքը պատմում է դեռ երեկ դպրոցական սեղանի մոտ նստած հասարակ զինվորների մասին, ովքեր նոր են վերադարձել պատերազմից: Հոգեկան տրավմաների պատճառով նրանք չեն կարողանում իրենց տեղը գտնել խաղաղ կյանքում և ստիպված են նոր կոչում գտնել իրենց համար: Նրանցից ոմանք վերադառնում են բանակ` հույս ունենալով գտնել «ռազմաճակատային համերաշխության» զգացումը, ոմանք միանում են հեղափոխությանը, իսկ որոշներն էլ ավարտում են իրենց կյանքն ինքնասպանությամբ:
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1931 թվականի հունվարի 29-ը «Վերադարձ» վեպր մաս առ մաս տպագրվում էր բեռլինյան "Vossische Zeitung" թերթում[1]: Քիչ ավելի ուշ, 1931 թվականի ապրիլի 30-ին հրատարակվեց «Վերադարձ»-ի գրքային տարբերակը, որը հենց այդ նույն տարվա մեջ թարգմանվեց 25 լեզուներով: Գերմանիայում առաջին շաբաթների ընթացքում վաճառվեց գրքի ավելի քանի 180.000 օրինակ, վաճառքն ուղակցվում էր հսկայական գովազդային արշավով: Միևնույն ժամանակ այս գիրքն ավելի քիչ հաջողություն ունեցավ, քան հեղինակի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» գիրքը: Վեպը տարբեր կերպ մեկնաբանվեց քննադատների կողմից, սակայն ընդհանուր առմամբ գնահատվեց որպես «միանգամայն ճշմարտացի, հետաքրքիր և տեղ-տեղ` հումորային»: Այնուամենայնիվ, քննադատների կարծիքները վեպի մասին բաժանվեցին երկու խմբի: Ոմանք այն ձևական էին համարում, մյուսները, այդ թվում և` Հենրիխ Մաննը` «մեծարում էին այն»: Գերմանացի քննադատների մեծ մասը դրական էին արտահայտվում վեպի մասին. ոմանք նրան մեղադրում էին Գերմանիայում քաղաքական իրավիճակը ոչ բավարար չափով բաց ներկայացնելու համար: Ամերիկյան քննադատները նշում էին, որ վեպը «մարդասիրական ուղերձ» ունի: Վեպի դեմ ակտիվորեն պայքարում էին ազգայնականները, ովքեր համարում էին, որ վեպը նսեմացնում է Առաջին աշխարհամարտին մասնակից զինվորներին:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան ռազմաճակատի գերմանական զորամասերից մեկում իմանում են Բեռլինում տեղի ունեցած հեղափոխության մասին: Սկսում են ստեղծվել Զինվորների պատգամավորների խորհուրդներ, սակայն վեպի գլխավոր հերոսներին` հասարակ զինվորներ Էռնեստ Բիրկհոլցին, Յուպպին, Ֆերդինանդ Կոզոլին, Ադոլֆ Բետկային, Վալենտին Լագերին, Վեդլինգին, Տյադենին, Վիլլին, և անգամ լեյտենանտ Լյուդվիգ Բրայերին խորթ է քաղաքականությունը: Նրանք պարզապես ուզում են վերադառնալ տուն, հարազատների մոտ: Բայց, միևնույն ժամանակ, նրանց համար դժվար է լքել այն խրամատները, որտեղ նրանք անց են կացրել իրենց կյանքի ամենասարսափելի մի քանի տարին: Ի սկզբանե ամեն ինչ չէր հարթ ընթանում: Վերադարձին նրանց վրա հարձակվում են հեղափոխական ծովայինները, ովքեր փորձում են ուժով պոկել վիրավոր Լյուդվիգի ուսադիրները: Իսկ հետո պարզ է դառնում, որ զինվորները ստիպված են նորից նստել աշակերտական սեղանի մոտ, որտեղից նրանք ռազմաճակատ էին գնացել` դպրոցն այդպես էլ չավարտած: Իշխանական ուժերի հետ բախման ժամանակ, որի ղեկավարը նրանց վաշտի նախկին հրամանատար լեյտենանտ Հեյելն էր, զոհվում է նրանց ծառայակից Մաքս Վայլը, ինչը ցնցում է վեպի «ռազմաճակատային եղբայրությանը» սովոր հերոսներին: Սակայն գլխավորն այն է, որ զինակից ընկերներն այլևս չեն կարողանում ապրել նախկին, մինչպատերազմական կյանքով, քանի որ այն նրանց չափազանց մանր ու բուրժուական է թվում: Նրանք հասկանում են, որ իրենց խաբել են և՛ այն ժամանակ, երբ նրանք ռազմաճակատ են մեկնել, և՛ այն ժամանակ, երբ նրանք հեղափոխություն էին անում: «Մեր սերունդը վերացված է: Մենք ընդամենը դրա փրկված մնացորդներն ենք», ասում էր ամենավառ կերպարներից մեկը` Լյուդվիգ Բրայերը: Հերոսներից յուրաքանչյուրը փորձում է նոր իմաստ գտնել իր կյանքի համար: Ռախեն վերադառնում է բանակ, սակայն հիասթափվում է, քանի որ չի գտնում «ռազմաճակատային եղբայրության» զգացումը («այս զանգվածում երկու-երեք իդեալիստ կա և մի խումբ հետաքրքրասեր մանկահասակներ, ովքեր ուղղակի արկածների են կարոտ»): Լյուդվիգն ինքնասպանություն է գործում, իսկ գլխավոր հերոսը` Էրնստը, այնուամենայնիվ գտնում է կյանքի իմաստը մարդկության համար ազնվի աշխատանքի մեջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրիխ Ռեմարկի կյանքի և ստեղծագործության մասին
- «Վերադարձ» վեպը (գերմ.)
- Էրիխ Մարիա Ռեմարկ, «Վերադարձ» վեպը (գերմ.)
- «Վերադարձ» վեպը ռուսերենով E-Lingvo.net գրադարանում
|